41-ամյա սիրիահայ Սարգիս Ղոլոգասյանն արդեն տասը տարի է, ինչ իր ընտանիքի հետ միասին ապրում է Էջմիածին քաղաքում: Ինչպես ինքն է նշում, առաջին տարիներին շատ դժվար է հարմարվել հայաստանյան կենսակերպին, ավանդույթներին: Բացի այդ, աշխատանք էլ մեծ դժվարությամբ է գտել, ինչն էլ, բնական է, շատ խնդիրներ է առաջացրել:
«Կինս Հայաստան գալու պատճառը դարձավ: Նա եկավ, հետո ես եկա, ու մնացինք: Բայց, թերեւս, գալու միակ պատճառը հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտն էր: Մենք դաշնակցական ենք մեծացել, հայրենիքի սիրով ենք մեծացել: Եկանք, որ երեխաներն այստեղ ծնվեն: Հոն ալ աշխատել եմ, հոս էլ կաշխատեմ: Տիկինս էջմիածնեցի է: Այս պատճառով էլ հիմա Էջմիածնում վարձու բնակարանում ենք ապրում՝ զոքանչիս տան հարեւանությամբ: Ես ծնողներ չունեմ, փոքր հասակում եմ նրանց կորցրել: Եվ, քանի որ երեխաների մեծն էի, գիշեր-ցերեկ աշխատում էի, որ քրոջս ու եղբորս պահեի»,- ներկայացրեց Սարգիսը:
Նա 2002 թվականին առաջին անգամ որպես զբոսաշրջիկ է Հայաստան եկել: Կնոջը հանդիպել է մորեղբոր տանը եւ սիրահարվել. «Տեսա, սիրահարվեցա, ու ամուսնացանք»:
Հալեպահայ Սարգիսն առաջին տարիներին դժվար է հարմարվել հայաստանյան կենսակերպին, ավանդույթներին: Աշխատանք էլ մեծ դժվարությամբ է գտել, ինչի պատճառով խնդիրներ է ունեցել. «Սկզբի տարիներին, երբ մշտապես հաստատվեցի այստեղ՝ Էջմիածնում, նկատեցի, որ տղամարդկանց մոտ նախանձ կա: Միաժամանակ երկու աշխատանք ունեի, դրա համար իրենք ասում էին՝ դրսից եկել է, երկու աշխատանք ունի, իսկ մենք ոչ մի գործ չունենք»:
Նրա կարծիքով, Հայաստանում ամեն տեսակի աշխատանք կա, բայց աշխատավարձն է քիչ, այն չի բավարարում անգամ կոմունալ վարձերը վճարելու համար:
«Այն ժամանակ ես պետք է գայի Հայաստան: Ու մտադիր էի, որ Հայաստանում, եթե էլ անելիք չունենամ, պետք է քար ուտեմ, բայց չպիտի հետ երթամ: Մեկ տարի անգործ մնացի, աներոջս ձեռքին էի նայում: Հետո Մխիթար Գոշի անվան համալսարանում մի բուֆետ բացվեց, որտեղ էլ բավական ժամանակ աշխատեցի: Հետո ոսկու շուկայում ոսկերչական գործեր էի վաճառում, միաժամանակ ընկերոջս արհեստանոցում խառատ էի աշխատում»,- իր անցած ուղին նկարագրեց Սարգիսը:
Հիմա նա արդեն երկու տարի է, ինչ Էջմիածին քաղաքում օծանելիքի վաճառքով է զբաղվում: Սարգիսը համեմատություններ է անցկացնում երկու երկրների միջեւ եւ գալիս է այն եզրահանգման, որ Սիրիայում ապրելը հեշտ էր, իսկ Հայաստանում՝ ոչ:
«Այնտեղ մեկ դոլարով հինգ հոգով նախաճաշ էինք անում, բայց այստեղ նման բան չկա: Դե, ինձանից լավ գիտեք այստեղի ծախսերը: Բայց տարիներ անցան, ու համոզվեցի, որ այնտեղ՝ Հալեպում, ամեն ինչ շատ լավ էր, խեր կար, բարաքյաթ կար: Այնտեղ, ճիշտ է, հարուստը շատ լավ է ապրում, բայց աղքատն ալ նորմալ է ապրում»,- նկատեց հալեպահայ Սարգիսը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ գո՞հ է օծանելիքի վաճառքից, կարողանո՞ւմ է ընտանիքին պահել, նա պատասխանեց. «Փառք Աստծո, լավ ասենք, որ լավը լինի: Չեմ դժգոհում, վաճառք կա: Իմ օրվա հացն Աստված ուղարկում է: Պիտի միշտ փառք տանք Աստծուն: Մենք միշտ մեզանից լավին չենք նայում, որ մեզանից վատին նայենք, ուրեմն մեզ համար փառք կուտանք»:
Հալեպահայ վաճառականն օծանելիքի հումքը ներմուծում է Ֆրանսիայից, օծանելիքը տեղում պատրաստում եւ վաճառում: Չի դժգոհում, հաճախորդներ ունի: Բայց մտադիր է նորից վերադառնալ Սիրիա: «Ճիշտ է, հիմա Սիրիայում կռիվ է, պատերազմ, բայց դա կանցնի, ու ամեն ինչ կսկսվի նորից, երկիրը կծաղկի: Պատերազմից հետո գնալու եմ այնտեղ: Այնտեղ կաշխատեմ»,- իր ծրագրերով կիսվեց Սարգիսը:
Նշենք, որ փոքր ու միջին ձեռնարկություններ հիմնելու համար սիրիահայերին արտոնյալ վարկեր են տրամադրում «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից: Սարգիս Ղոլոգասյանն այն ստանալու է սեպտեմբերի վերջին: Ծրագրած շատ անելիքներ ունի, սակայն գումար է պետք դրանք իրականություն դարձնելու համար:
Ծնունդով հալեպցի Սարգիսը մեծ ցավով նկատեց, որ Հայաստանում մարդիկ շատ տխուր են, իսկ Սիրիայում ուրախ էին. «Սոցիալապես վատ պայմաններից է այդպես»:
Ի դեպ, սիրիահայերի համար Աշտարակում կառուցվում է «Նոր Հալեպ» թաղամաս: Աշտարակում հատկացված 4,8 հա տարածքը նախագծվել է որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով եւ կանաչապատ բակային տարածքներով: Բայց, Սարգիսի խոսքով, այդ թաղամասում տուն ձեռք բերելու համար պետք է 30-40 հազար դոլար գումար ունենալ, որը նա չունի:
«Ես էլ առաջարկում եմ իրենց, որ ինձ 18 հազար դոլարով տուն տան, քիչ-քիչ կվերադարձնեմ: Տան գումարի 30 տոկոսը սիրիահայերն են տալիս, իսկ 70-ը՝ պետությունն ու բարերարը»,- հավելեց Սարգիսը:
Տեղեկացնենք, որ 2012թ. ընթացքում Հայաստան է ժամանել 6000 սիրահայ: Նրանց մեծ մասն այս պահին աշխատանք է փնտրում: Միայն փոքր մասն է կարողացել ինչ-որ չափով լուծել զբաղվածության խնդիրը:
«ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՊՐԵԼԸ ՀԵՇՏ ԷՐ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ