ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական եւ ադրբեջանական աղբյուրները մեկը մյուսին հաջորդելով՝ հայտարարում են, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ առաջիկայում ակտիվ բանակցությունների փուլ է սկսվելու: Իսկ հայկական կողմն այս առնչությամբ որեւէ հստակ մեկնաբանություններ տալուց հրաժարվում է: Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նախօրեին ռուսական «Ռիանովոստի» գործակալությանն ակտիվ բանակցություններ սկսելու հնարավորության առնչությամբ ընդամենն ասել էր. «Այս փուլում բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը նախօրեից մեկնել է Արցախ, որտեղ ակտիվ քննարկումներ է իրականացնում ԼՂՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում նաեւ գեներալիտետի մասնակցությամբ:
Այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմը Ադրբեջանը նախաձեռնել էր ԼՂՀ խնդրի կարգավորման` հայկական կողմի համար աննպատակահարմար առաջարկ պարտադրելու նպատակով, ի սկզբանե ակնհայտ էր: Սակայն մեր զինվորների անձնազոհության շնորհիվ այդ ծրագիրը տապալվեց եւ հայկական զինուժի հակահարձակումից ընդամենը մեկ ժամ առաջ Ադրբեջանը հասցրեց օգնության համար դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադարի համաձայնություն ձեռք բերվի: Արդյունքում, հայկական զինուժի ապրիլի 5-ի երեկոյան նախատեսված հակահարձակումը կանգնեցվեց:
Սակայն, ակնհայտ էր, որ Հայաստանի եւ Արցախի դեմ սկսված այս ծրագրի տապալումով գործընթացը չի ավարտվել, եւ անմիջապես գործի է դրվելու, այսպես կոչված, պահեստային տարբերակը: Այսինքն՝ ԼՂՀ խնդրի կարգավորման ակտիվ բանակցությունների փուլ սկսելու մասին հայտարարությունները հենց այդ` պահեստային ծրագրի շրջանակներում են արվում:
Սակայն ինչ բանակցությունների մասին է խոսքը, սեղանին ինչ առաջարկներ են դրված, այս մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: Դիվանագիտական խողովակներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանից եւ Արցախից կորզել համաձայնագիր, որը հետեւյալ պատկերը կունենա. Ադրբեջանին են հանձնվում, այսպես կոչված, «գրավյալ» 2 կամ ծայրահեղ դեպքում 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնում է մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ: ԼՂՀ-ն եւս դառնում է ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ: Ի դեպ, տվյալ դեպքում ամենեւին էլ էական չէ, թե ԵՏՄ-ում ԼՂՀ-ի կարգավիճակին ինչ անուն կտրվի, ամենակարեւորն այն է, որ այն չի լինի անկախ պետության եւ հավասարազոր կողմի կարգավիճակ: Փոխարենը այս անցումը հնարավորություն կտա, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ քննարկումները տեղափոխվեն ԵՏՄ տիրույթ:
Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը ձգտում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` որպես խնդրի կարգավորման միջնորդի: Ու կարծես թե գտել է ձեւը:
Հիշեցնենք, որ ներկայումս ԵՏՄ-ն ունի հինգ անդամ երկիր: Հայաստանից բացի՝ ԵՏՄ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Ադրբեջանի անդամակցության դեպքում ԵՏՄ վեց անդամներից առնվազը երեքը կլինեն երկրներ, որոնց շահերը երբեք չեն համընկնի Հայաստանի հետ: Իսկ Արցախի, հետեւաբար նաեւ Հայաստանի ճակատագիրը կախված կլինի մեկ երկրից` Ռուսաստանից:
Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը նման ծանր կացության առաջ երբեւէ չի կանգնել: Ռուսաստանը փաստացի Հայաստանին փորձում է ստիպել, որ մեր երկիրը իբրեւ միակ երաշխավոր իրեն ճանաչի: Բնականաբար նման տարբերակը Հայաստանին ոչ մի լավ հեռանկար չի խոստանում: Պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանը հաջողությունների է հասել միայն, երբ սեփական ուժերին է ապավինել:
Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը փաստացի փակուղու առջեւ է, քանի որ եթե նա հրաժարվի Վլադիմիր Պուտինի առաջարկից, ապա կստացվի, որ ուղղակի անվստահություն է հայտնում Ռուսաստանին: Եթե համաձայնի, ապա Հայաստանը կտանի արկածախնդրության, ինչը կարող է սպառնալ մեր երկրի ոչ միայն անվտանգությանը, այլ նաեւ ընդհանրապես գոյությանը:
Ամենառեալ լուծումը, թերեւս, Սերժ Սարգսյանի իշխանության հեռանալն է, որը կարող է մեզ համար ոչ ձեռնտու այս իրավիճակի պարտադրանքը գոնե առժամանակ հետաձել եւ գործընթացը սկսել նոր, զրո կետից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԶԱՐՄԻԿԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հրայր Սարգսյանը, որը նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, իր դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից, առաջիկայում նոր աշխատանքի կանցնի: Նշենք, որ Հրայր Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրայր Սարգսյանը պատրաստվում է տեղափոխվել Ռուսատան եւ աշխատանքի անցնել իր զարմիկի՝ Տիգրան Սարգսյանի մոտ՝ Մոսկվայում: Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հրայր Սարգսյանը բավականին ստեղծագործական միտք ունի՝ հատկապես պետական միջոցները սեփականի վերածելու հարցում, եւ նրան Մոսկվա տեղափոխելու գաղափարը հենց այդ հանգամանքով է պայմանավորված:

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս եւ 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ: ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար: Նշենք նաեւ, որ Արտյոմ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ: Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ: Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց: Նշենք նաեւ, որ նա ոչ մի տեղ չի աշխատում:

 

 

ԴԵՌ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա խոստովանել է, որ, այսպես կոչված, պանամական գործի հետ կապված է հրաժարական ներկայացրել: Գրել էինք, որ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն երեկվա դրությամբ Սերժ Սարգսյանը դեռ չէր մակագրել Պողոսյանի դիմումը: Այս փաստը կասկածներ է առաջացնում, որ հրաժարական ներկայացնելու խորհուրդը գուցե եւ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության եղած լինի: Այդպես է, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում, երբ Սերժ Սարգսյանն Արցախից վերադառնալուց հետո վերջնականապես կվճռի Միհրան Պողոսյանի ճակատագիրը:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼԱՎՐՈՎԸ ԳԱԼԻՍ Է
Ապրիլի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որին այցի առաջին օրը կընդունի Սերժ Սարգսյանը: Իսկ ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ այցելել է պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ պարգեւատրել ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս արիություն ցուցաբերած զինվորներին: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գեւորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյանը:

 

 

6.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԼՂ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-18-ին փոխանցվել է 3 միլիարդ 140 միլիոն 474 հազար 363 դրամ (շուրջ 6.5 միլիոն դոլար) 3 հազար 935 անձանց կողմից: Այդ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

 

 

ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՐՑՐԵԼ Է
Եվրասիական տնտեսական միությունը ձգտում է առավել խոշոր տնտեսական միությունների, այդ թվում՝ առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մաս դառնալ: Այս մասին East forum Berlin համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ «ուրախ կլիներ, եթե ԵՏՄ-ն առավել խոշոր միությունների մաս դառնար»: Գերմանիայում նախօրեին մեկնարկած համաժողովին մասնակցում են ավելի քան 300 գործարարներ, տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ:

 

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
Ապրիլի 19-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։ Քննարկվել են ՀԱՊԿ հայեցակարգային մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր։ Խորհրդատվությունների շրջանակներում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը։




Լրահոս