«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3D ԱՆԻՄԱՏՈՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող «Սկայլայն» ստուդիան ռուսական ընկերության պատվերով վերջերս ստեղծել է «Կապույտ տրակտոր Գոշան» անիմացիոն զարգացնող մուլտֆիլմը, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է մասսայականություն վայելել. դրա վերջին սերիան Youtube-ում գրանցել է շուրջ 1.9 միլիոն դիտում: Ընկերությունն արդեն ունի հաջորդ սերիաները նկարահանելու պատվեր։ Ստուդիան, որը մեկ տարի է, ինչ սկսել է գործունեությունը, հասցրել է հաջողություններ գրանցել 2D եւ 3D անիմացիայի ոլորտում։ «Ժողովուրդ»-ը ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանի հետ զրուցել է Հայաստանում 3D անիմացիայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների մասին:

-Հայաստանում անիմացիոն ոլորտի զարգացման համար որո՞նք են այն առաջնահերթ ռեսուրսները, որոնք պակասում են:
-3D անիմացիան հիմա Հայաստանում ճիշտ նույն վիճակում է, ինչպես IT ոլորտը` 10-12 տարի առաջ: Այսինքն` կան դաշտում գործող 10-12 փոքր ու մեծ ընկերություններ, ոլորտը նոր է թեւակոխել զարգացման փուլ: Բնականաբար, ամենածանրը մարդկային ռեսուրսի խնդիրն է. մեզ մասնագետներ են պետք: Իսկ նեղ մասնագիտական կրթություն մեզ մոտ ոչ մի տեղ չի տրվում: Ես անմիջական կապ ունեմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ եւ տեղյակ եմ, որ բոլորն էլ կանգնած են այդ խնդրի առջեւ: Եթե մենք ունենանք տասնյակ թվով որակյալ 3D անիմատորներ, նրանք միանգամից կընդունվեն աշխատանքի: Քանի որ մասնագետների պակաս կա, բոլոր ստուդիաները ստիպված են իրենք նախապատրաստել իրենց մարդկային ռեսուրսներին. սա բարդ գործընթաց է, կարող է խլել մինչեւ երկու տարի ժամանակ: Ի դեպ, զարգացած երկրներում այս մասնագետների աշխատավարձը ավագ ծրագրավորողների աշխատավարձից շուրջ 30 տոկոսով բարձր է: Խոսելով անհրաժեշտ ռեսուրսների մասին՝ կարող ենք նշել նաեւ տեխնիկական հագեցվածության խնդիրը. իհարկե, մեզ անհրաժեշտ են էլ ավելի հզոր հնարավորություններով համակարգիչներ, սակայն, հավատացեք, դրանք ավելի հեշտ է ձեռք բերել, քան մարդկային ներուժը: Մյուս հիմնական խնդիրն այն է, որ պրոդուկտի վաճառքով զբաղվում են ստուդիաների տնօրենները: Մենք պետք է ինչ-որ էվոլյուցիայով անցնենք, որպեսզի ի վիճակի լինենք վճարել համապատասխան մասնագետների` այդ աշխատանքը կատարելու համար:
-Տարածաշրջանի երկրների հետ համեմատած` Հայաստանում իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Միանշանակ, մենք առաջատարի դերում ենք: Ես տեսել եմ, օրինակ, պարսկական ֆիլմեր, որոնք այնքան էլ հաջողված չեն: Թուրքերն են փորձում նման ֆիլմեր նկարահանել, եվրոպացիների հետ լավ կապեր ունեն, բայց, մեկ է, համապատասխան ներուժը չունեն: Բանն այն է, որ անիմացիան արվեստի եւ տեխնոլոգիաների միջեւ գտնվող մի ոլորտ է: Հաջողության հասնելու համար բավականաչափ գիտելիքներ են անհրաժեշտ:
-Ձեր պատվիրատուները, փաստորեն, ռուսական ընկերություններ են, Ձեր ծառայություններից հասցրել են օգտվել նաեւ շվեյցարական, ֆրանսիական, ամերիկյան շուկաները: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ պատվիրատուն լինի պետությունը:
-Պետությունը պետք է փորձի ձեռքը ոլորտի զարկերակին պահել: Եթե մենք, օրինակ, բանակցենք բուհերի հետ` կրթական ծրագրեր փոխելու, դրանք մեր պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, դրանցում տիրող բյուրոկրատական վիճակը թույլ չի տա, որ խնդիրը արագ եւ ճկուն կերպով լուծվի: Բացի այդ` մենք գործ ունենք մենթալիտետային խնդրի ածանցյալի հետ. բուհը ավարտած ուսանողները հաճախ, բացի դիպլոմից, ուրիշ բան չեն վերցնում տվյալ հաստատությունից: Մեր ստուդիային, օրինակ, ռեժիսոր էր պետք, մեզ մոտ եկավ համապատասխան դիպլոմով երիտասարդ, որը, սակայն, ոչ մի գիտելիք չուներ: Հենց մենք այս խնդիրը հաղթահարենք, պետությունը, ուզած-չուզած, հաշվի կնստի մեր պահանջների հետ, ինչպես դա եղավ IT ոլորտի պարագայում: Ամեն դեպքում, մեր ոլորտն էլ դինամիկ կերպով զարգանում է, եւ ես կարծում եմ, որ ակնկալվող արդյունքը շուրջ 10 տարի հետո արդեն տեսանելի կլինի:

 

 

 
ԿՆՄԱՆԱԿԵՆ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

Մայիսին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դերասան-հումորիստներ Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը հանդես կգան նոր` «Պլյուս-մինուս» շոու-ներկայացմամբ (ռեժիսոր` Կարապետ Բալյան): Մկրտիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դրա շրջանակում անդրադարձ կկատարվի արդիական համարվող, հանրությանը հուզող քաղաքական, սոցիալական, կենցաղային եւ այլ թեմաների: «Մեր հիմնական նպատակը ժողովրդին առօրյա հոգսերից կտրելն է (դրա կարիքը, կարծում եմ, ունենք բոլորս), ապա, թեմաները շատ չծանրացնելով, հումորով ներկայացվող խնդիրների շուրջ մտածելու տեղիք տալը»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե «Պլյուս-մինուս»-ի ընթացքում անդրադարձ կկատարվի, օրինակ, արտագաղթի, աղքատության եւ այլ կարեւոր խնդիրների, Մկրտիչը տվեց դրական պատասխան:
Մենք նաեւ հարցրինք` ինչպես նախորդ շոուների դեպքում, արդյոք այս անգամ կլինեն քաղաքական գործիչների նմանակման փորձեր. «Այո՛, կլինեն հետաքրքիր նմանակումներ, սակայն այդ առթիվ փակագծերը դեռ չեմ ուզում բացել: Կներկայացվեն ե՛ւ նախկինում սիրված նմանակումներ, ե՛ւ միանգամայն նոր փորձեր»,-տեղեկացրեց դերասանը:
Մկրտիչը նշեց, որ կցանկանար` դահլիճում լինեին քաղաքական գործիչներ, եւ ինքը տեսներ նրանց արձագանքները: Իսկ ինչ վերաբերում է հումորից զուրկ գործիչներին, թերեւս ավելի լավ կլինի նրանց չհրավիրել. «Նրանց համար դա ժամանակի կորուստ կլինի, թող իրենց հետաքրքրող գործով զբաղվեն, մենք էլ մեր գործն անենք»,-նշեց նա:
Տեղեկացնենք, որ ներկայացմանը հատուկ մասնակցություն կունենան նաեւ շոումեն, երգիչ Գրիգոր Աղախանյանը եւ դերասանուհի Էվա Խաչատրյանը. «Մենք փորձել ենք ծրագիրը հագեցնել նաեւ պարային համարներով` այն ավելի հետաքրքիր եւ դինամիկ դարձնելու նպատակով»,-հավելեց Մկրտիչը:
Նրա խոսքով` իրենք մտածում են նաեւ որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո «Պլյուս-մինուս»-ով ներկայանալ մարզերում, ապա, հնարավոր է, նաեւ արտերկրում:
Մկրտիչը, խոսելով իր եւ Հովհաննեսի դուետի մասին, կարծիք հայտնեց, որ այն շարունակական կլինի նաեւ այլ նախագծերի շրջանակում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊՈՒԼԻՏՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանն արժանացել է պոեզիայի բնագավառում ամենահեղինակավոր՝ Պուլիտցերյան մրցանակին (Pulitzer Prize) իր «Օզոնային ամսագիր» (Ozone Journal) բանաստեղծական ժողովածուի համար: Այս մասին տեղեկանում ենք pulitzer.org կայքից: Մրցանակի ադմինիստրատոր Մարկ Փրայդի խոսքով` գրողի ժողովածուն պարունակում է վկայություններ նախկինում ունեցած կորուստների ու ողբերգությունների մասին, որոնք ընկած են վտանգներով ու անորոշությամբ լի այս դարաշրջանի հիմքում:
Նշենք, որ իր ստեղծագործություններում Բալաքյանը հաճախ է անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային: Նրա ստեղծագործություններից մեկն ընթեցողին է ներկայացնում պատմողի հուշերն ու կյանքի իմաստի փնտրտուքները` Հայոց ցեղասպանության համատեքստում:
Հիշեցնենք, որ Պուլիտցերյան մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 100-րդ անգամ։
 

«ՊԱՐՈՂ ԾԱՂԻԿՆԵՐ»
Ապրիլի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ուդահար Ջորջ Գազազյանի (Եգիպտոս) եւ ակորդեոնահար, ֆլեյտահար եւ դաշնակահար Պատրիսիա Դրա¬գերի (Շվեյցարիա) «Պարող ծաղիկներ. Սփյուռքից հայրենիք՝ 100 տարի անց» խորագրով համերգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Համերգի ընթացքում կհնչեն Ջորջ Գազազյանի հեղինակային ստեղծագործությունները ուդի եւ ակորդեոնի համար: Ծրագրում ներառված են նաեւ այլ հեղինակների ստեղծագործություններ, որոնք կկատարվեն իմպրովիզացիոն տարբերակներով:
Երաժիշտները հանդես կգան նաեւ «Նարեկացի» արվեստի միությունում եւ Գաֆէսճյան արվեստի կենտրոնում:
Նախատեսվում են նաեւ վարպետության դասեր:

 

 

ՇԵՔՍՊԻՐՆ ՈՒ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»
Գրող Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցը նշելու պատրաստակամություն են հայտնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները։ The Independent-ի տեղեկացմամբ` այդ նպատակով Եվրոպան ներկայացնող 6 կատարողներ կհամախմբվեն շեքսպիրյան թեմայով մի քանի կարճ ֆիլմերի նկարահանման աշխատանքների շուրջ։
Ընդհանուր առմամբ, եվրոպական հեռարձակողների միության կողմից նկարահանվելու է 7 ֆիլմ` 30 րոպե տեւողությամբ։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։




Լրահոս