Արդեն քսան օր է՝ Հայաստանի մամուլը եւ սոցցանցերը փաստում են, որ երկրում հանրային ընկալումները կտրուկ փոխվել են, եւ մարդիկ այլեւս չեն պատրաստվում հանդուրժել պաշտոնի շնորհիվ հարստացածներին, որոնց կուտակած ամեն մի լուման զինվորից խլված փամփուշտն ու օրապահիկն է: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Հայաստանի պաշտոնյաները այդպես էլ չեն ընկալում, թե Հայաստանի շուրջ եւ բուն երկրում ինչպիսի փոփոխություններ են ընթանում:
Օրինակ՝ երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները նախօրեին հետաքրքրվել են նրա ունեցվածքի եւ այն` բանակի համար զենք գնելու նպատակով վաճառելու մասին, նա ակնհայտ զայրույթով նկատել է. «Ես կարծում եմ՝ ձեր հարցը անտրամաբանական է, անհիմն է, եւ նաեւ կոռեկտ չէ: Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, դիրքից, հարստություն է կուտակել: Դա, իհարկե, չեմ լսել, որ որեւէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կանգնի եւ ասի՝ վարչապետը այս-այս ծրագրերն է իրականացրել, այս մոնոպոլիան ունի եւ հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որեւէ քաղաքացի, քաղաքական ուժ կլինի եւ նման հարցադրում կանի, կհիմնավորի, ես պատրաստ եմ պատասխանել»:
Իրականում պետական միջոցների թալանը չի նշանակում այս կամ այն գերատեսչության աշխատավարձի ֆոնդը վերցնել եւ փախչել: Մասնավորապես, երբ պետական գնումներում միայն կոնկրետ պաշտոնյաների պատկանող ընկերություններ են հաղթում եւ ապրանքը մատակարարում շուկայականից զգալի թանկ գներով, դա եւս պետական միջոցների թալան է: Երբ մարդը շուրջ քսանհինգ տարի միայն պետական պաշտոններ զբաղեցնելով՝ տասնյակ միլիոնավոր դոլարների հարստություն է կուտակում, որից մի քանի միլիոնն էլ հայտարարագրում է, նա եւս պետության հաշվին է հարստանում: Երբ պաշտոնյայի ընտանիքը նրա պաշտոնավարման ընթացքում հարյուրավոր հեկտար հողերի սեփականատեր է դառնում, դա եւս պետության հաշվին է տեղի ունենում:
Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը գիտեն, թե ով ինչպես է հարստացել: Հասկանալի է, որ իշխանություններն իրենք իրենց չեն պատժի, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք պետությունը չեն թալանել:
Վերցնենք ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի օրինակը, երեկ էլ նա լրագրողներին վիրավորել է, քանի որ նրան նույն հարցն են տվել. արդյոք նա պատրաստ է իր ունեցվածքը վաճառել եւ նվիրել բանակին: Հիշեցնենք, որ Այվազյանը 2001-ից մինչեւ 2007 թվականը զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, եւ այդ ընթացքում մի շարք հանքերի շահագործման իրավունքը տրվեց նրա ընտանիքին: Նա եւս իր ունեցվածքը հայտարարագրում է եւ պնդում է, թե պետությանը չի թալանել:
Սակայն սկսված գործընթացներն ավելի խորքային են ու հեռու գնացող բացասական ազդեցություններ կարող են ունենալ: Մեծահարուստ պաշտոնյաների պատճառով հանրության շրջանում սկսել է ընդհանրապես հարուստ հասկացությունը բացասական երանգ ստանալ: Մեծահարուստ գործարարը ցանկացած երկրի համար հարստություն է, որքան շատ կայացած գործարար ունի երկիրն, այնքան այն ուժեղ է, զարգացման մեծ պոտենցիալ ունի եւ իր քաղաքացիների համար ապահով է: Մյուս կողմից էլ պետական պաշտոնի հաշվին հարստացածները եւ հարստացողները չարիք են ցանկացած երկրի համար եւ ուղղակի սպառնում են տվյալ պետության անվտանգությանը:
Պաշտոնի հաշվին հարստացած գործիչները օր առաջ պետք է ինքնակամ հրաժարական ներկայացնեն եւ ասպարեզից հեռանան: Այդ դեպքում նրանք կկարողանան իրենց հետագա կյանքը որպես գործարարներ կազմակերպել: Սակայն որքան նրանք այդ գործընթացը ուշացնեն, ապագան նրանց համար այնքան ցավոտ է լինելու: Այսօր ունենք քառօրյա պատերազմի 100 զոհ, որոնց հարազատները սգում են իրենց կորուստն ու դեռ չեն սկսել հարցեր բարձրացնել: Մյուս կողմից ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկայում պատերազմական գործողությունները չեն վերսկսվի, ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած երիտասարդների թիվն էլ ավելի չի աճի: Այդ դեպքում հրաժարականով հեռանալը կդառնա անհնար, եւ մարդիկ հաստատ հատուցում կպահանջեն ու այն կպարտադրեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ