Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան և վճարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի հենց առաջին օրվանից սահման մեկնելու պատրաստ կամավորականների բազմամարդությունը հիրավի ոգեւորող երեւույթ էր, սակայն պետությունը միայն ոգեւորություններով չես պահի: Ժամանակն է, որպեսզի այսօր սահմանում կանգնած կամավորականները կոնկրետ կարգավիճակ ստանան եւ վճարվեն:

Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո կամավոր ճակատ մեկնած ջոկատները ներկայումս փաստացի ինքնուրույն, լավագույն դեպքում դիրքեր ուղարկված սննդի միջոցով են լուծում իրենց կացության խնդիրները: Բայց ինչքան պետք է շարունակվի գործընթացը: Հայաստանի բանակը վաղուց կայացած համակարգ է եւ նման «ինքնակազմակերպումները» պետք է բացառվեն: Այսինքն՝ բանակի ողջ նյութական ապահովումը, այդ թվում նաեւ՝ կամավորականների դեպքում, պետք է լուծվի պետական միջոցներով: Բանակին ուղարկված օգնությունը եւս պետք է ներառվի պետական միջոցների մեջ եւ բաշխվի բանակին:

Հաջորդ խնդիրը, որը անհրաժեշտ է անհապաղ լուծել, կամավորականներին օրենսդրությամբ սահմանված կարգով իբրեւ պայմանագրային զինծառայողներ ներգրավվելու եւ նրանց վարձատրելու հարցն է: Ի վերջո, կամավորականներից յուրաքանչյուրը ընտանիքի կերակրողներ են, եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի նրանց՝ սահման մեկնելու արդյունքում իրենց ընտանիքները սովի մատնվեն: Այս խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայողների թիվը անհրաժեշտ է առնվազն 10 հազարով ավելացնել: Բնականաբար այս խնդիրը լուծելու համար ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն: Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողների ներկայիս աշխատավարձը միջինը մոտ 150 հազար դրամ է: Նույնքան ստանում են նաեւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, ոստիկանության զորքերի պայմանագրային ծառայողների շարքային կազմը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամենահեշտ տարբերակը ոստիկանության համակարգի աշխատողների թվաքանակը 10 հազարով կրճատելն ու ազատված միջոցները ՊՆ-ին հատկացնելն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ոստիկանության թվակազմը աշխարհում ընդունված միջին ցուցանիշից գրեթե կրկնակի անգամ ավել է: Կարելի է կարծել, թե Հայաստանում ամեն մի երկրորդ մարդը հանցագործ է: Իրականում ոստիկանության ներկա թվաքանակի մեծությունը, որը գաղտնի է պահվում, բայց մեր տեղեկություններով՝ կազմում է մոտ 30 հազար, պայմանավորված է ընդդիմության հանրահավաքները վերահսկելու ցանկությամբ: Սա է պետության իդեան: Սակայն ներկա իրողությունն այլ է:

Ի դեպ, ոստիկանության թվակազմի կրճատման միջոցով պայմանագրային զինծառայողների շարքերը համալրելու հարցում նախապատվությունը պետք է տրվի հենց նախկին ոստիկաններին: Այլ կերպ ասած՝ եթե մարդիկ կցանկանան ոստիկանության համակարգից տեղափոխվել ՊՆ եւ պայմանագրային զինվորական ծառայության անցնել, ապա առաջնահերթ հենց նրանց պետք է տրվի այդ իրավունքը:
Ավելին՝ եկող տարվանից սկսած Հայաստանի պետական բյուջեից պետք է լրացուցիչ միջոցներ հատկացվեն ՊՆ-ին, որպեսզի պայմանագրային զինծառայողների թիվը մեկ տարվա կտրվածքով 10 հազարով ավելանա: Ավելին՝ պայմանագրային զինծառայողի նվազագույն աշխատավարձը պետք է լինի 200 հազար դրամից ոչ պակաս (մաքուր` առձեռն վճարվող աշխատավարձը): Այս խնդիրը լուծելու համար տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի ՊՆ-ի ֆինանսավորումն ավելացնել 30 մլրդ դրամի չափով:

Առաջին տարում անհրաժեշտ կլինի եւս 10 մլրդ դրամի լրացուցիչ միջոց առկա պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: Պայմանագրային զինծառայողների թվի ավելացման թիրախը պետք է լինի այն, որ չորս տարի անց Հայաստանն ունենա 50 հազար պայմանագրային զինծառայող, կամ այլ կերպ ասած՝ լիարժեք պրոֆեսիոնալ բանակ: Միայն 50 հազար պայմանագրային զինծառայող պահելու տարեկան ծախսը կկազմի մոտ 200 միլիարդ դրամ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Այսօր այդ գումարը Հայաստանի պետբյուջեի համար մեծ գումար է, սակայն պետական միջոցների թալանը դադարեցնելու, օլիգարխներին լիարժեք հարկելու եւ հիրավի ազատ գործող տնտեսություն ունենալու դեպքում անհրաժեշտ միջոցների խնդիրը կլուծվի ինքնըստինքյան: Այնպես որ, հապաղել պետք չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս