ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր դասավանդելու: Երեք շաբաթ ամեն օր դասեր է տվել արդեն իսկ փորձառու պարողներին ու կրկին վերադարձել Հայաստան` իր հետ բերելով նոր գաղափարներ: 
-Ի՞նչ նոր գաղափարներ եք բերել մեր հայ պարողների համար:
-Ծրագիրն անընդհատ նորոգվում է, փոփոխվում է, գնում առաջ: Այն, ինչ ես մեկ տարի առաջ մտածել էի, այդ ամենին ավելանում են նոր մտահղացումներ ու ծրագրեր: Վաշինգտոնում ես գործնական հանդիպումներ եմ ունեցել, ուզում էի, որ մեր հայկական բալետային խումբը նույնպես կարողանա ելույթ ունենալ ԱՄՆ-ում: Խոսեցինք հնարավոր համագործակցության մասին: Հիմա պետք է մտածել՝ որտեղից դրամահավաք անել, որ կարողանանք մասնակցել: 
-Չե՞ք դիմել պետությանը:
-Պետությունն անգամ չի կարողանում հասցնել հովանավորել մեր տարեկան ներկայացումը: Պետության վրա հույս դնել չենք կարող: Դրսում էլ է այդպես, բալետային խմբերը պետությունից ոչինչ չեն ստանում, իրենք մշակում են իրենց մեխանիզմը, որի միջոցով խմբի համար դրամ են հայթայթում: Հիմա մենք էլ պետք է ունենանք մեր մեթոդները, որ կարողանանք դրսից խորեոգրաֆ հրավիրել, մեր երիտասարդ պարողներին ուղարկենք դուրս՝ վերապատրաստման: Իսկ պետությունից նման աջակցություն չենք կարող սպասել, տարվա ընթացքում հազիվ մի ներկայացման գումար են տալիս: Հասկանալի է, որ դրանով չենք կարող նոր նախագծեր իրագործել: Իսկ ժամանակը չի կանգնում, աշխարհը շատ արագ տեմպերով զարգանում է, բայց  մենք դեռ մեր հինը չենք կարողանում հասցնել: Հինը պետք է անցնենք, որ կարողանանք նորությունները բերել: 
-Շա՞տ տարիներ են բաց թողնված հայկական բալետի կյանքից:
-Շատ-շատ՝ մոտ 20 տարի՝ սովետական շրջանից մինչ այս վերջին տարիները: Ոչ թե դանդաղ է զարգացել, այլ կանգնած է եղել, ոչ մի բան չի արվել: Ռուսական այն դպրոցը, որ մենք ունեինք, եղածն էլ է քանդվել: Հիմա փորձում ենք դասականը լավագույն ձեւով ներկայացնել, բայց երեկվա դասականն ու այսօրվանը իրարից տարբեր են, ինչպես երեկվա ինտերնետն ու այսօրվանը: Հիմա ամեն ինչ շատ արագ է արվում, այդ տեմպին ու ռիթմին մենք սովոր չենք: Անցած տարի մենք բավական հետաքրքիր փորձեր արեցինք, կարծում եմ՝ եթե մենք կարողանանք մեր ֆինանսական հարցերը լուծել, մեծ քայլերով առաջ կգնանք:
-Կարծես թե ինչ-որ բան արվում է` Օպերայի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերանորոգվեց, ակուստիկան փոխվեց:
-Վերանորոգումն արվեց, ինչը շատ երկար տեւեց, մենք էլ այդ ընթացքում համարյա դադարի մեջ էինք, բեմ չունեինք: Ու երբ վերադարձանք, մեր ներկայացումները սկսեցինք ադապտացնել նոր բեմի համար: Այսօր բեմի, լույսի, հատակի հետ կապված խնդիրներ չկան, բայց պարողների համար մեծ հաշվով բան չփոխվեց, աշխատավարձը չբարձրացավ: Մենք ունենք լավ պարողներ, բայց նրանց էլ ոգեւորել է պետք, ստիմուլ չկա՝ քրտնաջան աշխատելու: Ու փորձը ցույց տվեց՝ երբ մենք դրսի հետ մի քանի նախագիծ արեցինք ու պարողներին նորմալ վճարեցինք, իրենք մեծ հաճույքով մինչեւ վերջ՝ անգամ իրենց ժամից էլ ավել, աշխատում էին:
Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ կերպ միջամտել պարողների աշխատավարձերի բարձրացման հարցում, երկու անգամ արդեն շատ քիչ բարձրացում եղել է: Պարողը պետք է նորմալ վարձատրվի, որ չմտածի այլ տեղեր վազելու մասին:
-Ինչքա՞ն են ստանում պարողները:
-65-70 հազարից մինչեւ 150 հազար դրամ, դա էլ ամենաշատ աշխատող պարողը: Գոնե եթե նրանց աշխատավարձերը լինեին 250-300 հազար, հավատացե՛ք, նրանք շատ ոգեւորված կանեին իրենց աշխատանքը: Պարողները ֆիզիկապես ահավոր հոգնում են, նրանք շատ էմոցիոնալ են, ջղային: 
-Կարելի՞ է ասել, որ մեր պարողների որակը վատ չէ:
-Ինչ խոսք, լավ կորիզ, հումք ունենք, ուղղակի զարգացնել է պետք: Իսկ գիտե՞ք՝ ինչպես պետք է զարգացնել. նոր խորեոգրաֆներ հրավիրել, նոր բեմադրություններ անել, ըստ դրա ե՛ւ պարողներն են աճում, ե՛ւ հանդիսատեսը: Ես կուզենայի, որ տարեկան 3-4 նոր ներկայացում բեմադրվեր. ե՛ւ մեր պարողներն ավելի շատ նոր բաներ կսովորեին, ե՛ւ հանդիսատեսը  կզարգանար: Այսօր մենք շատ զբաղված ենք մատերիալ աշխարհով, իսկ արվեստը, որ հոգու սնունդ է, չենք փորձում զարգացնել: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 600 համար




Լրահոս