Արցախյան 4-օրյա պատերազմն իսկապես շատ բան փոխեց մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում: Ամեն օր առավոտյան ՀՀ քաղաքացիները սկսում են հարցով՝ թե ի՞նչ կա սահմանից, զոհեր չունե՞նք: Իսկ գլոբալ իմաստով ամենահաճախ տրվող հարցն այն է, թե ի՞նչ է լինելու:
Փորձենք հասկանալ
Ռազմական գործողությունների հենց առաջին օրից ռազմական ու քաղաքական շատ գործիչներ, լրատվամիջոցներ պնդում էին, որ քանի դեռ մենք հուժկու հակահարված ու հակահարձակում չենք սկսել Ադրբեջանի նկատմամբ, նոր տարածքներ չենք նվաճել, նրանք չեն դադարի արկակոծել ու հրթիռակոծել հայկական սահմանները՝ խախտելով իրենց առաջարկով Մոսկվայում ապրիլի 5-ին կնքված հրադադարի պայմանագիրը: Արցախը այսքան ժամանակ դեռ հապաղում էր՝ որդեգրելով բացառապես պասիվ պաշտպանվողական դիրքորոշում, որի գերնպատակն էր՝ թույլ չտալ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Բայց Ադրբեջանը շարունակում էր ռմբահարել խաղաղ բնակավայրերը՝ չլսելով հայկական կողմի զգուշացումները՝ խաղաղ բնակիչների գնդակոծումը դադարեցնելու մասին:
Եւ, ահա, արդեն երեք գիշեր է՝ պաշտոնական Արցախը փոխել է տակտիկան եւ առավել հուժկու հակահարված է տալիս Ադրբեջանին: Բայց քանի որ մեր հակառակորդն իր հրետանին տեղակայել է բնակավայրերի մեջ՝ մարդկային վահան սարքելով, ուստի հայկական կողմը ստիպված է լինում արկեր ուղարկել ադրբեջանական բնակավայր, որպեսզի ոչնչացնի Արցախի «գլխին թափվող» պայթուցիկների ակունքը: Ի պատիվ հայկական հրթիռանետների, որոնք բացառիկ ունակություններ են դրսեւորում ռազմի դաշտում՝ դիպուկ կրակոցներ արձակելով, ադրբեջանական գերթանկարժեք ռազմատեխնիկան ամենօրյա ռեժիմով ոչնչանում է: Իհարկե, մենք էլ ենք ունենում կորուստներ, բայց համեմատության մեջ նրանց կորուստներն ավելի մեծ են:
Ադրբեջանցիներին տարհանում են
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին մի քանի տասնյակ զոհերի ու վիրավորների մասին, ահազանգում էին, որ սահմանի երկայնքում տեղակայված բնակիչները տարհանվել են, գյուղերը դարձել են անմարդաբնակ, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Է. Ռամազոտիի համերգին զվարճացել է: Ադրբեջանում անասելի դժգոհություն է հասունացել Իլհամ Ալիեւի վարչակարգի դեմ, քանի որ նա տարիներ շարունակ կերակրել է իր հասարակությանը խոստումներով, թե երբ ցանկանանք, մեր հզոր զենքերով Ղարաբաղը ժամերի ընթացքում հետ կվերցնենք, բայց փաստացի չկարողացավ: 4 օրյա պատերազմի ընթացքում նրանք ընդամենը մի քանի հարյուր մետր առաջ եկան, սակայն հայ դիրքապահներն այս օրերին հերթով նաեւ այդ դիրքերն են վերականգնում:
Դրսի արձագանքը
Ու պատահական չէր, որ երեկ անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանը կրակի հետ է խաղում, քանի որ Ադրբեջանն ու Իլհամ Ալիեւը հզորանում են: Ըստ նրա՝ Ռուսաստանը բացահայտ չի աջակցում Հայաստանին:
Այս հայտարարությամբ Էրդողանը նախ ադրբեջանական հասարակությանը փորձեց «ոգեշնչել», թե ամեն ինչ դեռ առջեւում է՝ միաժամանակ սադրելով ՌԴ-ին ինչ-որ կոնկրետ բան խոսել հակամարտության մասին: Բայց ՌԴ-ից այդպես էլ ցանկալի արձագանքը չեղավ աջակցելու կամ չաջակցելու վերաբերյալ:
Բացի այդ՝ Ադրբեջանը երեկ ողջ օրվա ընթացքում միջազգային բոլոր կառույցներին էր դիմում՝ բողոքելով հայկական զինուժի գործողություններից: ԱՄՆ պետդեպարտամենտը, ՌԴ ԱԳՆ-ն երեկ հրապարակավ մտահոգվեցին՝ փաստելով, թե խնդիրը պետք է լուծել ոչ ռազմական ճանապարհով: Եւ Ադրբեջանի արտգործնախարարությունից երեկ արդեն հնչեցին կարծիքներ, թե կիսում են ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ՌԴ ԱԳՆ մտահոգությունները: Ասել է, թե նրանք էլ կամաց-կամաց հասկանում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Դեռ վաղ է ասել՝ հաղթել ենք
Արդեն այսօրվա դրությամբ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը պարտվել է: Բայց խոսել մեր հաղթանակի մասին, դեռ վաղ է: Երկրի ներսում, հայոց բանակում դեռ բազում հրատապ բարեփոխումներ անելու անհրաժեշտություն կա: Մեկ ամսվա ընթացքում տված 100-ից ավել զոհերը մեզ սթափվելու հրամայական ներկայացրին՝ ստիպելով նայել կողքերը եւ հասկանալ, որ Հայաստանում չկա գրեթե մեկ բնագավառ, որտեղ տապալում չունենանք: Եվ եթե հիմա իշխող ուժերը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ու չմոռանանք նաեւ՝ ՀՅԴ-ի, ձեռնամուխ չլինեն երկրի ներսում առկա անարդարության մթնոլորտի, տնտեսական ողբալի վիճակի փոփոխությանը, առկա դժգոհության ալիքը անասելի թափ կհավաքի:
Եվս մեկ շանս ՀՀԿ-ին
Տեղեկացնենք, որ հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե քննարկել են նաեւ արտաքին քաղաքական հարցերը, եւ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին նախ որոշ հանձնարարականներ է տվել, ապա ասել է, որ արցախյան բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է: Ըստ նրա՝ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է 3 պայման՝ վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի:
Իհարկե, թվարկվածները կարեւոր գործոններ են, սակայն կյանքը ցույց տվեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես հավասարության նշան է դնում մեր ու Ադրբեջանի միջեւ: Ու քանի դեռ այս մթնոլորտն է, եւ հաշվի չեն առնվում ռազմական դաշտում անգամ պահպանվող ջենտլմենտական պայմանավորվածությունները, ուստի մենք պետք է ռազմական ակտիվությամբ առաջ գնանք, իսկապես նոր տարածքներ գրավենք, որպեսզի ոչ միայն Ադրբեջանը, Մինսկի խումբը, այլեւ ողջ աշխարհը սկսի մեզ հետ խոսել խնդրողի, այլ ոչ թե պարտադրողի դիրքերից: Սա իսկապես յուրօրինակ շանս է՝ տրված Սերժ Սարգսյանին: Թիկունքում միասնականություն ունենալու գաղափարը ընդունում ու դրա համար իրենցից կախվածն անում է հասարակության մեծամասնությունը, ուստի վստահ կարելի է ասել, որ մենք կարո՛ղ ենք հասնել հաղթանակի, երկարատեւ հրադադարի պայմանագրի կնքման, մնում է իրապես ցանկանալ: Ադրբեջանին գերսպառազինությունը չօգնեց, եւ չպետք է բաց թողնել այս պատմական շանսը, քանի որ ամեն օր կարող է նոր իրավիճակ առաջացնել:
Թագուհի Թովմասյան