Առնետներ, գարշահոտություն, կոյուղու բացակայություն, քանդվող շենք. Վանաձորի ուսանողական 14 շենքի այս պայմաններում արդեն 12 տարի գոյատեւում է քիմգործարանի տնակներից տեղահանված 70 ընտանիք:
Չորսհարկանի հանրակացարանի բնակիչների բազում խնդիրների կողքին ավելացել են նորերը՝ կոյուղին չի աշխատում, լոգարանում էլ մշտապես առատ «տեղումներ» են լինում: Ինչպես բնակիչներն են ասում, այստեղ մուտք են գործում անձրեւանոցներով, հիգիենայի մասին էլ խոսք անգամ լինել չի կարող: Բնակիչների ամենօրյա անցանկալի հյուրերն առնետներն են, որոնք իրենց երբեք սպասեցնել չեն տալիս: Շենքում բնակվող երեխաները փաստում են, որ կատուները, ճիշտ է, շենքում շատ են, բայց «կռիսների հախից չեն կարող գալ»:
«Առաջին հարկի լոգախցիկներից մեկը չի գործում շուրջ 12 տարի, նույն հարկի միակ սանհանգույցն էլ մեկ ամսից ավելի է` խցանված է,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանրակացարանի առաջին հարկի բնակչուհի Արմինե Գրիգորյանը՝ անելանելի վիճակից դուրս գալու համար առաջարկելով լուծման ուղիներ,-թող գան, մաքրեն, մենք փողը հավաքենք, տանք, ապրում ենք կռիսների հետ, խոզի պես: Սանհանգույցի խցանումն անտանելի ա դարձել արդեն, երբ չենք հետեւում, այդ ամբողջ կեղտը հոսելով գալիս ա միջանցքները, դույլերով հավաքում ենք, թափում դրսում, մենք էլ մարդ ենք, էլ չենք դիմանում: Չեն հետեւում, ասում են՝ դուք եք արել, մա՛րդ բերեք, թող բացի»:
Երկրորդ հարկը ոչնչով չի տարբերվում առաջինից, միայն այստեղ բնակիչներն իրենց սանհանգույցն անվանում են «բացօթյա»: Խցանումներն այստեղ էլ անպակաս են, հնարավորության դեպքում բնակիչներն իրենք են գլուխ հանում թե՛ կոյուղուց, թե՛ խցանված լոգարաններից: «Ես կին եմ, որպես ի՞նչ պիտի գնամ, սանհանգույցը բացեմ, էդ հոտից արդեն խեղդվում ենք, բայց մեր էրեխեքի համար ենք անում, երեխաներ են, ո՞նց ասենք՝ սանհանգույցից մի՛ օգտվեք: Մեկը պահակ է կանգնում, որ օգտվեն բացօթյա զուգարանից, էլ չեմ ասում՝ կռիսները վխտում են, 3-րդ հարկից էլ ջուրը թափվում է մեր գլխին»,-պատմեց երկրորդ հարկի բնակչուհի Նաիրա Համբարյանը:
«Հասարակ մի բան, լվացք ենք անում, ջուրը որտե՞ղ թափենք, թափում ենք զուգարան, լցվում ա 2-րդ հարկ, գալիս են վրներս կռիվ: Ի՞նչ անենք հիմա մենք»,-հուսահատված բողոքեցին երրորդ հարկի բնակիչները:
Խնդրին լավատեղյակ է հանրակացարանի վերահսկիչ Իլյոնա Վարդումյանը, որն անձամբ դիմել է քաղաքապետարան, գրավոր պատասխանը չի ուշացել, պարզապես կոյուղին դեռ մնում է խցանված. «Բանվորի կարիք լինելու դեպքում ես դիմում եմ քաղաքապետարան կամ թաղապետարան, մի ամիս հետո են ապահովում, թե 2 ամիս հետո, չգիտեմ, ես իմ գործն անում եմ, տեղյակ եմ պահում ամեն դեպքի առիթով: Հիմա էլ ասել եմ, որ վիճակը խայտառակ ա, զանգել եմ, գրավոր էլ եմ ներկայացրել: Թաղապետն ասաց՝ կգանք, կտեսնենք՝ ինչ ենք անում»:
Հանրակացարանի վերահսկիչը նշեց, որ նման իրավիճակի համար մեղավոր են նաեւ բնակիչները: Դրա ապացույցը դիտահորից հայտնաբերված տարբեր տեսակի առարկաներն են՝ պատառաքաղներ, գդալներ, հեռախոսներ. «Պետք է զգույշ լինել»:
Հարցը լուծում կստանա, թե ոչ` հայտնի չէ: Բնակիչները հույս ունեն, որ մի օր գուցե բարերարի կամ լավ երազ թվացող իրականության շնորհիվ կթողնեն մղձավանջ հիշեցնող այս շենքն իր բազում մեծ ու փոքր խնդիրներով:
Լոռի