ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՃԵՑՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ՝ ՍՈՎԱԾ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին գնալով ավելանում են հացահատիկի ցանքատարածքները, եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ է ապացուցվում, որ գյուղացիական տնտեսությունում հացահատիկը հիմնականում աճեցնում են անձնական սպառման կամ այլ կերպ ասած՝ սոված չմնալու համար եւ ոչ թե արտադրական նպատակներով:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած «Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից» վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ 2015 թ-ին մեր հանրապետությունում աճեցված հացահատիկի միայն 30,8 տոկոսն է վաճառվել: Ի դեպ, նախորդ 2014 թվականին Հայաստանում գյուղացիները վաճառած են եղել իրենց աճեցրած հացահատիկի բերքի 34,8 տոկոսը:
Մյուս կողմից 2015-ին հացահատիկի ցանքատարածքները 2014-ի համեմատ զգալի աճել են: 188 հազար 695 հեկտարից դրանք դարձել են 201 հազար 254 հեկտար: Այսինքն՝ ցանքատարածքներն աճել են, բերքի ծավալները` նույնպես, բայց վաճառքի տեսակարար կշիռը նվազել է: Նշենք, որ անցած տարի Հայաստանում հացահատիկի բերքի ծավալը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 637 հազար 920 տոննա: Չնայած պաշտոնապես չի ներկայացվում, բայց հայտնի է, որ Հայաստանում տեղական արտադրության հացահատիկի վաճառքի ծավալների անկումը պայմանավորված է 2015-ի աշնանից Ռուսաստանից էժան ցորեն եւ ալյուր ներկրելու փաստով: Ալրաղացների համար անցած տարի ավելի ձեռնտու է եղել Ռուսաստանից էժան ցորեն ներկրել, քան թե այն տեղական արտադրողից գնել, քանի որ տեղացի արտադրողը չի կարող իր ցորենը նույնքան էժան վաճառել, որքան ռուսական ֆերմաները, որոնք հազարավոր տոննաներով բերք են ստանում եւ իրացման խնդիր ունեն:
Իսկ ինչու են Հայաստանում տարեցտարի ավելանում հացահատիկի ցանքատարածքները: Առաջին հայացքից վերը բերված հարցը կարող է տարօրինակ հնչել, քանի որ թյուր կարծիք կարող է լինել, թե որքան շատ հացահատիկ ցանեն, այնքան ավելի լավ, որովհետեւ քիչ կներկրենք: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության պայմաններում գյուղացին չի կարող արտադրական նպատակներով հացահատիկի աճեցմամբ զբաղվել: Այլ կերպ ասած՝ Հայաստանում հացահատիկի բերքը այնքան բարձր չէ, որպեսզի մարդիկ ցորեն կամ գարի ցանելով՝ իրենց ապրուստի խնդիրը հոգան: Իրականությունն այն է, որ հացահատիկի ցանքատարածքները ավելացան արտագնա աշխատանքի մեկնողների թվի եւ արտագաղթի աճին զուգահեռ: Այսինքն՝ գյուղացին իր հողում աշնանացան կամ գարնանացան հացահատիկ է ցանում եւ մեկնում «խոպան»: Եթե ոռոգման հնարավորություն կա, ապա տանը մնացած կանայք, իսկ երբեմն նաեւ հարեւաններն են ջրում եւ տեր կանգնում հացահատիկի դաշտին: Եթե հարեւանն է խնամում, ապա նա իր «ծառայության» դիմաց բերքի մի մասը վերցնում է իրեն, իսկ մնացածը տալիս «խոպանից» վերադարձած հարեւանին կամ նրա ընտանիքի անդամներին:
Այլ կերպ ասած՝ հացահատիկի ցանքատարածքների ավելանալու գործընթացը, ոչ թե դրական նշան է, այլ ուղղակի համեմատական կապի մեջ է արտագաղթի հետ: Հանրահայտ փաստ է, որ, օրինակ, Արարատյան դաշտավայրում ցանքատարածքը հացահատիկով զբաղեցնելը, մեղմ ասած, «անխղճություն» է: Արարատյան դաշտավայրի հողերը խելամիտ մշակելու դեպքում գյուղացին բանջարաբոստանային կուլտուրաներից կարող է տարվա կտրվածքով մինչեւ երեք անգամ բերք ստանալ: Սակայն աճեցրած բերքը իրացնել չկարողանալու, սպառողների գնողունակության ցածր մակարդակի պատճառով գյուղացիներից շատերը հոգնում են հող մշակելուց եւ նախընտրում են գնալ ՌԴ եւ շինարարությունում բանվորություն անելով՝ իրենց ընտանիքի ապրուստը վաստակել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ին Արմավիրի մարզում հացահատիկի ցանքատարածքները կազմել են 6 հազար 204 հեկտար, իսկ Արարատի մարզում՝ 7 հազար 83 հեկտար:
Ամենեւին էլ պատահական չէ, որ հացահատիկի ամենաշատ ցանքատարածքները առկա են աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկու մարզերում` Շիրակում եւ Գեղարքունիքում: Նշված մարզերում հացահատիկի ցանքատարածքները գրեթե նույնքան են` 47 հազար հեկտարից մի փոքր պակաս:
Հայաստանը մշտապես եղել է հացահատիկ ներկրող երկիր: Իսկ հացահատիկի ցանքատարածքների ավելացումն ուղղակի փաստում է, որ մեր գյուղացիական տնտեսությունները գտնվում են շարունակական քայքայման եւ աղքատացման անվերջանալի թվացող շրջափուլում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԳՈՒՄԱՐՍ ԹՈՂ ԳԱՂՏՆԻ ՄՆԱ
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից ճշտել, թե այդ կառույցը եւ ղեկավարը որքա՞ն գումար են փոխանցել Արցախին օգնելու համար բացված հաշվեհամարներին: Կոմիտեից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացված ռազմական գործողությունների հետեւանքով ԼՂՀ-ին պատճառված վնասները վերացնելու համար իրենց աշխատակիցները եւ ղեկավարությունը առաջին իսկ օրից աջակցություն են ցուցաբերել: Ավելին՝ հավաստիացրին, թե ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը եւս իր ընտանիքի հետ այդ գործում ներդրում է ունեցել: Սակայն հրաժարվեցին հայտնել, թե այդ աջակցությունը գումարային արտահայտությամբ որքան է կազմել: Ի դեպ, հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը եւ նրա գլխավորած ՀՀ ՔԿ ղեկավար կազմն այն արտոնյալ պաշտոնյաներից են, որոնց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը չեն հրապարակվում: Մինչդեռ ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ քննչական կոմիտեի՝ որպես օրենքով ստեղծված պետական մարմնի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ նրա տեղակալները համարվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ու հանրությունը նրանց ունեցվածքի մասին իմանալու իրավունք ունի:

 

 

ՎԱԽԵՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻՑ
ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ 2015 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն՝ կալանքի, հարցաքննության ընթացքում կասկածյալների նկատմամբ ոստիկանության բռնությունները Հայաստանում շարունակում են մնալ կարեւոր խնդիր: «Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ բռնության ենթարկված անձանցից շատերը չեն տեղեկացրել դեպքերի մասին, քանի որ վախեցել են հաշվեհարդարից»,- գրված է զեկույցում: Իրավապաշտպանների հաշվետվությունների համաձայն՝ 2014 թվականին Երեւանի ոստիկանության կողմից կալանավորված անձանց 39.4 տոկոսը առաջին 8 ամիսներին ունեցել է մարմնական վնասվածքներ: Իհարկե, ոստիկանությունը պնդել է, թե իբր վնասվածքները եղել են նախքան ձերբակալությունը:

 

 

ԾԱԿ ԳՐՊԱՆՈՎ
Ինչպես հայտնի է՝ անցած կիրակի Հրազդանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որոնց արդյունքում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել: Այս ընտրությունների ընթացքում Դանիելյանի կողմից կիրառված ընտրակեղծիքը ընտրակաշառքի բաժանումն էր: Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ուսումնասիրելիս բացահայտեցինք, որ նա իր ունեցվածքի մի մասն առնվազն թաքցնում է՝ խախտելով ՀՀ մի շարք օրենքներ: Պարզվում է՝ նա 2015-ի վերջին գումար չի ունեցել: Սա այն դեպքում, որ 2014 թվականի տարեվերջին հայտարարագրել է 15 մլն 350 հազար դրամի դրամական միջոց: Դանիելյանի միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը, որը ամսական կազմել է 400 հազար դրամ: Ի դեպ, քաղաքապետի կինը՝ Զարիկ Գեւորգյանը, ընդհանրապես ոչինչ չի հայտարարագրել, ունեզուրկ է:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ
«ՌԴ համոզված է, որ ԼՂՀ հակամարտության կողմերին անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել եւ վերսկսել բանակցային գործընթացը»,- երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հավելելով,- համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն, խաղաղ կարգավորման հասնելուն», – ասել է նա:

 

 

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ` երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթը»: Մասնակիցները ուղեւորվել են ՀՀ ԱԳՆ, ապա ՌԴ դեսպանատուն, որտեղ հանձնել են Լավրովի համար պատրաստված խորհրդանշական նվեր` «ռուսի արյունոտ սապոգ» եւ մոլոտովյան կոկտեյլ` զգուշացնելով, որ հայկական կողմին տարածքային զիջումների պարտադրանքի ցանկացած փորձ ձախողվելու է եւ արժանանալու է մոլոտովյան կոկտեյլների նետման հենց նույն ՌԴ դեսպանատան ուղղությամբ:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է
Երեկ երեկոյան ՀՀ է ժամանել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը` «Ավրորա» մրցանակաբաշխությանը եւ Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշությունը կկայանա ապրիլի 24-ին, Երեւանում։

 

 

ՍԻՑԻԼԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ
Սիցիլիայի նահանգային խորհրդարանն ապրիլի 20-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Ընդունված բանաձեւում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային եւ Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին եւ տարածելու պատմական փաստերի իմացությունը:
 

ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով գոնե իր պաշտոնավարման ավարտին ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել ցեղասպանություն բառը: Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն նախագահ, 2009թ. նախագահ ընտրվելուց մեկ տարի անց Դուք ստացաք Խաղաղության Նոբելյան մրցանակ: Ընդունելով մրցանակը՝ Ձեր ելույթում հայտարարեցիք, որ դրան արժանացաք համաշխարհային հարթակում Ձեր աշխատանքի սկզբում, այլ ոչ թե վերջում: Ապրիլի 24-ին ողջ աշխարհը նշում է 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ոչնչացման 101-րդ տարելիցը: Այդ մասին ապացույցներ չեն պահանջվում: Եվ ես գիտեմ, որ Դուք ծանոթ եք այդ դաժանություններին, քանի որ համոզմունքով խոսում էիք այդ մասին, երբ Սենատի անդամ էիք: Պարո՛ն նախագահ, նրանց եւ նրանց սերունդների համար ցեղասպանություն բառը սուրբ է, քանի որ այն նշանակում է, որ աշխարհը չի մոռացել եւ չի մոռանա նրանց: Ցեղասպանությունը ժխտելը կրկնակի սպանություն է»:

 

 

ՉԻ ԳԱ
ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: Այս մասին երեկ հայտնել է ՄԱԿ¬ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից եւ գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ` ավելի հրատապ գործերի պատճառով նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,- տեղեկացրել է Հալաջյանը:




Լրահոս