ԵՄ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԵՐՊՈՎ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել օտարերկրյա քաղաքական գործիչների դիրքորոշումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների իրականացման դրդապատճառների եւ հետեւանքների վերաբերյալ:

Նախորդ համարում «Ժողովուրդ»-ը զրուցել էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցի շարունակությունը:
-Պրն. Սվիտալսկի, վերջին օրերին մենք անընդմեջ զոհեր ենք ունենում, երեկ եւս մեկն ունեցանք: Փաստորեն, Ադրբեջանը հետեւողականորեն ցույց է տալիս, որ մտադիր չէ պահպանել ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ի՞նչ կասեք այսքանից հետո:
-Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ նույնիսկ այս շարունակական կրակոցների պարագայում կգա այն պահը, երբ մենք կհասնենք կարգավորման եւ կկարողանանք ապահովել արդյունավետ երաշխիքներ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխալու համար: Մենք չենք ցանկանում ատելություն, զայրույթ պարունակող հայտարարություններ, մեղադրանքներ: Ատելությունը ջանքերի կարիք չունի, իսկ խաղաղություն, հաշտեցում, հարգանք ու հանդուրժողականություն հաստատելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել: Այն, ինչ ցանկանում ենք երկու կողմերից, միասնականության ցուցաբերումն է խաղաղության հաստատման գործընթացում: Հայերը ցուցաբերեցին ազգային միասնականություն այս դժվար փորձության ժամանակ, բոլոր քաղաքական կուսակցությունները միավորվեցին, կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ, երբ հայ առաջնորդները աշխատում են խաղաղության հաստատման ուղղությամբ:
-Ձեր կարծիքով՝ որն է Ռուսաստանի եւ Թուրքիայի դերը այս կոնֆլիկտում:
-Երկու երկրներն էլ հատուկ կապեր ունեն տարածաշրջանի հետ: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանի սահմանապահները կանգնած են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի կապը քաղաքական եւ մշակութային է: Եվ այս կապերը, ակնհայտորեն, դերակատարություն ունեն իրավիճակի կարգավորման հարցում: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկն է, եւ կարող ենք տեսնել, որ մեծ ջանքեր է գործադրում դիվանագիտական լուծում գտնելու հարցում: Թուրքիան նույնպես պետք է լրջորեն պատասխանատվություն ստանձնի խաղաղության աջակցման հարցում: Այն Մինսկի խմբի անդամ է, եւ հատկանշականն այն էր, որ վերջերս Վիեննայում կայացած Մինսկի խմբի հանդիպման ընթացքում Թուրքիան աջակցեց երեք համանախագահող երկրների առաջարկած հայտարարությանը:
-Պրն. Սվիտալսկի, հատկապես վերջին զարգացումներից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ կա, սակայն փոքր չէ նաեւ ԵՄ-ից դժգոհությունը այն համատեքստում, որ ԵՄ-ն մշտապես ագրեսոր Ադրբեջանին դիտարկում է ժողովրդավարության հետ, այո, խնդիրներ ունեցող, բայց այդուհանդերձ, անհամեմատ ավելի ազատ եւ դեմոկրատ Հայաստանի հետ նույն հարթությունում: Չեք կարծո՞ւմ, որ անհրաժեշտ է վերանայել այդ մոտեցումը:
-Այս հակամարտության առնչությամբ ԵՄ-ի նկատմամբ ցանկացած քննադատություն անարդար է, որովհետեւ, ինչպես ասացի, ԵՄ հավատարիմ կերպով աջակցում է Մինսկի խմբի ջանքերին, եւ սա մի բան է, որից Հայաստանի կառավարությունը եւ հայ պաշտոնյաները գոհ են:
Մենք շատ ներդրումներ ենք կատարում վստահության կառուցմանն ուղղված նախաձեռնություններում՝ փորձելով ֆինանսապես աջակցել երկու երկրների քաղաքացիական կապի հաստատմանը, ընդ որում, ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի: Հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղության հաստատման համար: Անդրադառնալով տարբեր երկրների նկատմամբ մոտեցմանը՝ ԵՄ-ն որոշ ժամանակ առաջ որդեգրել է այլ մոտեցում. մեր վերաբերմունքը մեր գործընկերների նկատմամբ ձեւավորվում է՝ հաշվի առնելով արժանիքների վրա հիմնված յուրաքանչյուր անհատական դեպք: Մենք ունենում ենք անկեղծ երկխոսություն: Եթե հետադարձ հայացք գցեք եւ տեսնեք, թե ԵՄ-ն ինչպես է գնահատում երկու երկրների՝ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտի վիճակը, տարբերություն կնկատեք: Հենց հիմա կարող եմ անմիջապես հիշատակել, թե՛ նախկին, թե՛ այժմյան գերագույն հանձնակատարների հայտարարությունները՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, քաղբանտարկյալների հետ: Համեմատեք Հայաստանում տիրող իրավիճակի հետ, տարբերություն կտեսնեք: Ես հասկանում եմ, որ հակամարտությունների ժամանակ գլուխ է բարձրացնում հուզականության, հիասթափության զգացումը, որը երբեմն արդարացված է, երբեմն ոչ, սակայն մենք պետք է վերահսկենք մեր հույզերը, փորձենք գտնել լուծում, որովհետեւ այս հակամարտությունը չլուծված թողնելը, անգամ այն ժամանակ, երբ կրակոցներ չեն հնչում, կնշանակի, որ յուրաքանչյուր նոր սրացում կարող է ավելի աղետալի լինել: Հարցի խաղաղ կարգավորումը կարող է շահեկան լինել տարածաշրջանի եւ Հայաստանի համար: Դա կլինի նոր փուլ Հայաստանի զարգացման մեջ՝ տնտեսություն, սոցալական զարգացում եւ այլն:
-Դուք բազմիցս նշել եք ԵՄ նեդրումների մասին, որոնք կատարվում են ի նպաստ հաշտեցման գործընթացին: Մանրամասնորեն կներկայացնե՞ք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
-ԵՄ-ն տարիների ընթացքում գումար է տրամադրել երկու երկրների քաղահասարակության ներկայացուցիչների միջեւ կապեր հաստատելու համար: Շատ դժվար է կարգավորել կապերը, սակայն մենք նվիրված ենք եւ պատրաստ ենք աջակցելու նման նախաձեռնություններին: Մենք հույս ունենք, որ կգա ժամանակ, երբ այս կապերը կդառնան շատ կարեւոր: ԵՄ-ն հավատում է, որ նման կապերը անհրաժեշտ են հանդուրժողակության, հարգանքի մթնոլորտ ձեւավորելու համար: Մենք պետք է խուսափենք նախապաշարմունքից, ատելությունից, իսկ մասնավորապես երիտասարդ սերունդը պետք է նայի դեպի ապագա եւ մյուս կողմին հասկանալու հնարավորություն ունենա: Սրանով է ԵՄ-ն նպաստում վստահության ձեւավորմանը եւ հաշտեցման գործընթացին:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 
ՓԱԿԵԼ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ Արարատի մարզի Նորաշեն, Քաղցրաշեն, Այգեզարդ գյուղերի խաղողագործները դարձյալ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք պահանջում էին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջամտի, եւ իրենց վճարվեն անցած տարի մթերված խաղողի գումարները:

Բանն այն է, որ դեռեւս անցած տարի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին վերոնշյալ գյուղերի խաղողագործները էժան գներով մեծ քանակությամբ խաղող էին հանձնել վերամշակող գործարաններին: Սակայն մինչ օրս վերամշակող գործարանների սեփականատերերը չեն վճարել մթերած բերքի դիմաց:
«Ինչո՞ւ պետք է գյուղացին դաշտ գնալու փոխարեն գա ու կառավարության շենքի մոտ բողոքի: Թող գյուղնախարար Սերգո Կարապետյանը դուրս գա, ես իր հետ խոսեմ: Մաքուր, սպիտակ սառոչկեն հագնում, ման է գալիս, թող սապոկ հագնի, գա դաշտ ու տեսնի՝ ինչ ենք անում: Գարուն ա, բայց փող չունենք, սալյարկա առնենք, դաշտ վարենք, ցանքս անենք: Ոչ մի կուշտ մարդ սովածի ղադրը չգիտի: Վարչապետը պետք է գյուղնախարարին լարի գյուղ»,- զայրացած հայտարարեց քաղցրաշենցի խաղողագործներից մեկը:
Բողոքող գյուղացիները պահանջում էին անհապաղ փակել գյուղատնտեսության նախարարությունը: «Գյուղնախարարը նստել ու եզրակացություն է անում: Գյուղատնտեսությունից բան չեն հասկանում: Մթերման ժամանակ գյուղնախարարը «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանին ասում էր՝ Ավետ մթերի, լավ ա լինելու: Իսկ հիմա Ավետին թողել են մենակ: Արոտավայրերով պտտվելու փոխարեն թող գա Արարատի մարզ: Նստում է 100 հազար դոլարանոց մեքենան ու պտտվում, քո արած գործն ի՞նչ ա, որ դու նման մեքենա ես նստում»,- վրդովվեցին խաղողագործները:
Ի վերջո, կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց բողոքող խաղողագործներից մի քանիսի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ մթերող ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը, ում պատկանող տարածքում է «Վինար» ընկերությունը գինի, կոնյակ արտադրում:
Հ.Գ. Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը Քաղցրաշենի բնակիչներից տեղեկացավ, որ վարչապետի հետ հանդիպումը դրական արդյունք է ունեցել, եւ «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը բնակիչների մի մասին բաժանել է պարտք գումարը: Քաղցրաշենի բնակիչները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը յուրաքանչյուրին տվել է 150-200 հազար դրամ, որով էլ նրանք մարել են հողի եւ ջրի հարկերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
2 ՏԱՐԻ` ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջանի բնակիչ Նավասարդ Աբգարյանն իր «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայով դարանակալել է «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Դիլիջանի մասնաճյուղի դիմաց` Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդուն՝ Արտավազդին, սպանելու դիտավորությամբ: Երբ վերջինս մոտեցել է, Աբգարյանը «Նագան» ատրճանակից կրակել է Ա. Թամրազյանի որովայնին եւ ավտոմեքենայով դիմել փախուստի: Ն. Աբգարյանը եւ Ա. Թամրազյանը նախկինում ընկերներ են եղել, սակայն հետո նրանց միջեւ անհաշտ հարաբերություններ են ձեւավորվել: Արտավազդ Թամրազյանի եղբայրը՝ Արագածը, լսելով, որ Ն. Աբգարյանը կրակել է Արտավազդի վրա, «Բայկալ» տեսակի հրացանից 4 անգամ կրակել է Աբգարյանի ավտոմեքենայի ետեւից, կրակոցներից 3-ը դիպել են ավտոմեքենայի հետեւի ապակուն, մեկը՝ ետեւի ձախ դռան եռանկյունաձեւ ապակուն: Աբգարյանը իջել է ավտոմեքենայից, գնացել ճանապարհի երթեւեկելի մաս: Արագած Թամրազյանը իր «Տոյոտա Լեքսուս» ավտոմեքենայով հետապնդել է Ն. Աբգարյանին, ավտոմեքենայի ղեկին նստած դիրքից 2 անգամ կրակել է այդ պահին փողոցով ընթացող Համլետ Բադալյանի «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի աջ կողմում թաքնվող Ն. Աբգարյանի ուղղությամբ, կրակոցներից մեկը դիպել է վերջինիս, մյուսը՝ «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի տանիքին: Ն. Աբգարյանը, ով Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին էր, ստացած վնասվածքներից նույն օրը՝ կեսգիշերին, մահացել է Դիլիջանի բժշկական կենտրոնում: Իսկ Արտավազդ Թամրազյանը ստացած վնասվածքներից մահացել է Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում: 2013թ. դեկտեմբերի 28-ին Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Քանի որ նա հանցագործությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, առաջադրված հոդվածը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 105 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 1-ին մասով: «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի տեր Համլետ Բադալյանը դիմել է դատարան՝ հայտնելով, որ Ա. Թամրազյանի հարազատները հատուցել են նրա կողմից իր ավտոմեքենային հասցված նյութական վնասը, եւ խնդրել է Ա. Թամրազյանին քրեական պատասխանատվության չենթարկել: 2016թ. մարտի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է նշված պատճառով 185 հոդվածի 1-ին մասով Ա. Թամրազյանի վերաբերյալ քրեական գործը կարճել: Վերջինս միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանը բավարարել է միջնորդությունը: Ա. Թամրազյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել նրա խնամքին անչափահաս 2 երեխաների առկայությունը, 3-րդ խմբի հաշմանդամ լինելը: Արդյունքում Զոյա Զաքինյանը վճռել է 105 հոդվածի 1-ին մասով 37-ամյա Ա. Թամրազյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման, պատժի սկիզբը հաշվել նրա կալանքի օրից՝ 2015թ. օգոստոսի 25-ից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս