ԻՆՉԻ ՎՐԱ ԵՔ ՀՐՃՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդուարդ Նալբանդյանի ասուլիսից հետո իշխանական գործիչները եւ մերձիշխանական լրատվամիջոցները երեկ ցնծության չհիմնավորված այնպիսի մի ալիք էին բարձրացրել, որ թվում էր, թե հաղթել ենք նաեւ բանակցային սեղանի շուրջ: Նկատենք, որ ԼՂՀ խնդրի վերաբերյալ Լավրովը երեկ բառացի հայտարարեց. «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն գործի 94թ. զինադադարի մասին պայմանագիրը, որը հանդիսանում է անժամկետ փստաթուղթ, եւ այն բոլոր կողմերը պետք է հարգեն։ Ռուսաստանն իր ազգային հատկանիշներով եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կանի ամեն ինչ՝ կողմերին աջակցելու համար: Այս փուլում առանց նախապայմանների հրադադարի պայմանները պահպանելուց բացի՝ մենք կարեւոր ենք համարում ուշադրության արժանացնել վստահության միջոցների եւ անվտանգության ապահովման միջոցների ու միջադեպերը քննելու առարկայական կիրառումը՝ ըստ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»:
Իշխանական գործիչները ՌԴ նախարարի խոսքերի առաջին մասը դրոշակ դարձրած ցնծում էին: Սակայն իրականում Լավրովը իր խոսքի երկրորդ մասում փաստեց, որ բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը, քանի որ 2011-ին հենց դրա շուրջ են բանակցությունները ընթացել: Ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի մեղքով տապալվեց, դրա համար ՀՀ-ում փորձ է արվում ներկայացնել իբրեւ ապացույց, որ փաստաթուղթը մեզ է ձեռնտու: Գուցե խոստովանե՞ք, որ Ադրբեջանն ավելին է ցանկացել ստանալ:
Տեղեկացնենք, որ Կազանյան փաստաթղթով նախատեսվում է ազատագրված շրջաններից առնվազն 5-ը հանձնել Ադրբեջանին: Այդ փաստաթղթով նախատեսված է շփման գծում խաղաղապահներ տեղակայել` հայկական զորքերը հետ քաշելով: Ով եւ ինչպես է երաշխավորելու, որ օտարներն իրենց կյանքի գնով Արցախի եւ Հայաստանի բնակչության անվտանգությունը կապահովեն: Պարոնա՛յք իշխանավորներ, գուցե դադարե՞ք կեղծ հաղթանակներ կերտելուց եւ հանրությանը հնարավորություն տաք փոխել եւ հզորացնել Հայաստանը: Անգամ մեկ թիզ հողի հանձնման մասին մտածելն այսօրվա իրավիճակում ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

 

 

 

ՀՀ իշխանությունները մտադիր են ընտրությունների ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգի մեջ ներառել նաեւ մատնահետքեր վերցնելու գործիքը: Այս նորամուծությունը եթե կյանքի կոչվի, ապա կարող է հետաքրքիր զարգացումների առիթ դառնալ: Բանն այն է, որ առաջին իսկ համապետական ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների, հետեւաբար նաեւ իրավապահների տրամադրության տակ կարող է հայտնվել Հայաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնության մատնահետքերը: Դրանից հետո հանցագործությունների բացահայտման գործը բավական կհեշտանա: Այս փաստը ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ ընտրակեղծարարության գործում ՀՀ իշխանությունների ամենամեծ հենարանը հենց քրեական տարրերն են: Այսինքն՝ մատնահետքերի համակարգը ներդնելուց հետո Հայաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչների կախվածությունն իշխանություններից կդառնա լիարժեք:

 

 

 
Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը եւ մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»: Իրականում, պարզվում է, ՔԿ-ն ընդամենը փորձել է շահարկել դատական դեպարտամենտի աշխատակիցների տեխնիկական սխալը: Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջեր են կցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ պնդելով, որ Մուրադյանն իրականում չի կալանավորվել:

 

 

 
ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան զեկույցից պարզվում է, որ Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում: ՎՊ-ն պարզել է, որ, ասենք, 3 հազար դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ-ն) ներկրված դեղը պետական կարիքների համար գնվել է 5 հազար դրամով, կամ, ասենք, 120 դրամով ներկրված մեկ այլ դեղը գնվել է 350 դրամով եւ այսպես շարունակ: Այս երեւույթը ՀՀ առողջապահության նախարարությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոչ մի ընկերություն չի համաձայնի առանց շահույթի դեղեր մատակարարել: Բայց խնդիրն այն է, որ շահույթ ասվածը չի նշանակում 100 կամ 200 տոկոսի շահույթ: Եթե գնման գործընթացներում մրցակցություն ապահովեն, ապա հաստատ էժան գնով առաջարկներ եւս կլինեն: Բայց մեր իրականությունն այն է, որ եթե դեղ ներկրող որեւէ փոքր ընկերություն համարձակվի պետպատվերի մրցույթներին մասնակցել, ապա այնպիսի պատմության մեջ կընկնի, որ այլեւս խելքի չի գա:

 

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները ի նշան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի ընթացքում ներկայացված ոչ հայանպաստ առաջարկների դեմ բողոքի Ազատության հրապարակից փորձել էին շարժվել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ցուցարարներից թվաքանակով ավելի շատ ոստիկանության աշխատակիցները փակել էին նրանց ճանապարհը` թույլ չտալով առաջ շաժվել: Տեղի էր ունեցել քաշքշուկ, եւ ոստիկանները, հերթական անգամ դրսեւորելով վերջին տարիներին սովորական դարձած բռնությունները, սկսել էին բերման ենթարկել ցուցարարներին: Օրվա ավարտին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել երթի 42 մասնակից: Որպես ոստիկանական նման գործողությունների արդարացում` ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե երթը իրազեկված չի եղել:
Եթե ցուցարարների դեպքում նման պատճառաբանությունը գոնե ֆորմալ առումով կարելի է քննարկելի համարել, թեեւ խոսքը ինքնաբուխ հավաքի մասին էր, որի իրավունքը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, ապա այդ երթը՝ անգամ չիրազեկված եւ ապօրինի, լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը որեւէ կերպ դժվար է ընդունելի համարել: Տեղեկացնենք, որ երեկ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին, առցանց ուղիղ հեռարձակմամբ երթի ընթացքը լուսաբանելիս Բաղրամյան պողոտայից ուժի գործադրմամբ դուրս բերվեցին 1in.am-ի 2 օպերատորները: Թե որն էր ոստիկանության կողմից նման պահվածքի իրական պատճառը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դրանում առկա էր նաեւ քաղաքական բաղադրիչ` ՌԴ արտգործնախարարի գլխավորած բարձրաստիճան ռուսական պատվիրակությանը ցույց տալու, որ ՀՀ իշխանությունները շարունակում են գերլոյալ մնալ ՌԴ իշխանությունների հանդեպ եւ հնարավոր բոլոր միջոցներով ճնշել ոչ միայն հակառուսական տրամադրություններ սերմանող քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներին, այլեւ հակառուսական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցներին:
Նկատենք, որ ՀՀ իշխանություններն առաջին անգամը չէ, որ հենց Բաղրամյան պողոտայում հակառուսական տրամադրությունների ճնշման հարցում դիմում են նման մեթոդների` խոչընդոտելով նաեւ լրատվամիջոցների գործունեությունը: Դրա նախորդ օրինակը անցած տարվա հունիսի 23-ին էր, երբ ռուսական ընկերության դեմ «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերը ճնշելիս ոստիկանները բռնություններ գործադրեցին նաեւ 13 լրագրողի նկատմամբ` վնասելով նրանց տեխնիկան, մի մասին բերման ենթարկելով: Դրանից հետո սեփական դեմքը փրկելու նպատակով իշխանությունները ստիպված եղան քրգործ հարուցել, սակայն ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանը բարեհաջող կերպով այդ գործը մինչեւ օրս` դեպքից 10 ամիս անց, «քնեցրել» է: Հատկապես ղարաբաղյան կարգավորման այս լարված փուլում կատարվածն ազատ խոսքի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություն է, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի:




Լրահոս