Վաղը կլրանա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, եւ հայ ժողովուրդը կրկին կսգա իր դարավոր ողբերգությունը, նորից կհնչեն ազգային միասնության ու համախմբման մասին դատարկ ճառերը, իսկ հաջորդ օրը յուրաքանչյուրը կվերադառնա իր ամենօրյա գործին այնպես, ինչպես առնվազն նախորդ 25 տարիներին: Այնինչ՝ Ցեղասպանությունը՝ իր ողջ հրեշավոր էությամբ հանդերձ, կարող էր վերածվել իսկապես ազգային-պետական առաջնահերթությունները ձեւակերպող եւ նպատակների իրագործման լրջագույն խթանի: Փոխարենը մենք դեռ զուգահեռներ ենք անցկացնում հրեաների Հոլոքոստի հետ եւ շարունակաբար տրտնջում, որ աշխարհն առաջնորդվում է երկակի ստանդարտներով:
Հրեաները նախընտրում են պնդել, որ Հոլոքոստի իրականացման նացիստական շարժառիթը եղել է մաքուր գաղափարական բնույթի: Ըստ նրանց` գերմանական նացիստները, վարակված լինելով հրեական դավադրության մասին պատրանքներով, հստակորեն մշակված սպանդի ճանապարհով տեսան իրենց դիմադրության կազմակերպման միակ եղանակը: Այդօրինակ պնդումների շարքում է եւ այն, որ Հոլոքոստից առաջ ոչ մի երկիր պետական իշխանության ամբողջ ծավալով չի սանձազերծել կոտորածների ալիք, այսինքն` մի ողջ պետական համակարգ չի նպատակաուղղվել ազգային կամ էթնիկ կոնկրետ խմբի ոչնչացմանը: Առավել հետաքրքիր է, որ գաղափարական շղարշով պատելով իրենց ողբերգությունը` հրեաները նույնպիսի որակներով օժտեցին ցեղասպանության անմիջական հետեւանքով ստեղծված իրենց պետության հիմնադրույթները:
2000-ամյա հայրենազրկությունից հետո մոխիրների վրա հրեաները իրենց համար պետություն ստեղծեցին մի բարդագույն տարածաշրջանում: ԱՄՆ-ի աջակցության նշանակությունը չթերագնահատելով հանդերձ` պետք է փաստել, որ հրեաների ազգային ինքնության առանցքը դարձած ցեղասպանությունը վերածվեց ոչ թե ամեն տարի սգալու, սեւ հագնելու ու ճակատագրից բողոքելու նվիրական ծեսի, այլ հառնեց իբրեւ խարիսխ պետականության համար: Իսրայելի կերտմամբ հրեաները ներքուստ ընդունեցին, որ առանց պետականության իրենք ապահովագրված չեն նոր ցեղասպանությունից, իսկ վերջինից խուսափելու բացառիկ երաշխիքը ուժեղ պետություն ունենալն է: Ուշադրություն է պետք դարձնել նաեւ այն հանգամանքին, որ Հոլոքոստի արդյունքում աշխարհով մեկ ցրիվ եկած ազգը հավաքվեց իր հայրենիքի մի փոքր հատվածում, ամեն տարի աղյուսն աղյուսի վրա դնելով` կառուցեց ամուր պետություն, որի հետ հարկադրված հաշվի նստեցին հարեւան թշնամական երկրները: Արձանագրելի է, որ Իսրայելին հաջողվեց ձերբազատվել զոհի կարծրատիպից` փոխարկելով սգավորի հոգեբանությունը պետականությունը գերապատվողի էությանը:
Եթե հրեաների ցեղասպանությունը հանգեցրեց նրանց համար նոր հայրենիքի ծնունդին, ապա Մեծ եղեռնի հետեւանքը եղավ բացառապես հայրենազրկումը: Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր հստակ քաղաքական որոշմամբ` վերջինիս իրականացումը դնելով ամբողջ պետական մեքենայի վրա: Երիտթուրքական կառավարության շահախնդրությունը պարզ էր: Բալկանյան պատերազմներում աղճատվելով` Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտում անխուսափելիորեն զրկվելու էր նաեւ արեւելյան տիրապետությունից: Տեսնելով դրության անելանելիությունը` թուրքական կառավարությունը հարկադրված էր գնալու հայ էթնիկ տարրը ոչնչացնելու ճանապարհով:
Սակայն այդ պարզ հաշվարկը չնկատեց ժամանակի հայ քաղաքական էլիտան: Լինելով Օսմանյան իշխանության բաղկացուցիչ մասը` հայ քաղաքական ընտրանին անհողդողդ էր իրավիճակին, կարծես թե պատերազմը մեկ այլ գալակտիկայում էր: Ավելին` այն հսկայական դերակատարությունը, որ ուներ հայությունը Թուրքիայի քաղաքա-տնտեսական ոլորաններում, չօգտագործվեց պատշաճ կերպով: Թուրքիայի կառավարության հայ առանցքային ներկայացուցիչները պատերազմի սկզբում շտապեցին դեպի ռուսական ազդեցության գոտի` ներգրավվելով «կամավորական շարժում» կոչվածում: Շեշտելի է, որ հայ քաղաքական միտքը նախընտրեց ջանքեր թափել ոչ թե թուրքերի հետ անմիջական հարաբերությունները հարթելու ուղղությամբ, այլ ներքաշվեց Ռուսաստանի ենթակայությամբ ռազմական գործողությունների վտանգավոր ձեռնարկման մեջ առանց գործընթացի նկատմամբ ազդեցության նվազագույն իսկ լծակի:
Այդօրինակ անհեռատես ու անպատասխանատու կեցվածքի անմիջական հետեւանքը դարձած Մեծ եղեռնը մասամբ նաեւ դրա արդյունքում չդարձավ հայ ժողովրդին սեփական հայրենիքի թեկուզ եւ մի փոքր մասում ամրապնդվելու գրավական: 20-րդ դարի վերջում հաջողացնելով պետություն հիմնադրել` մեր հոգեբանության մեջ դրոշմված մնաց կորսված հայրենիքի ու Ցեղասպանության ողբերգական էությունը: Մինչեւ օրս Արաքսն անցնողների պակաս չի զգացվում, սակայն այս դեպքում ամենացավալին այդ մտայնության` պետական գաղափարախոսության վերածվելն է: Առանց բավարար ներուժի պահանջատիրությունը դարձնելով պետական քաղաքականություն` այսօր վնաս է հասցվում գերազանցապես ազգային հոգեբանությանը: Անիի, Կարսի, Ադանայի անհասանելի ուրվականներով ինքներս մեզ խաբելով` այսօր մոռանում ենք Վանաձորի, Բերդի, Մեղրիի գոյության մասին: Եթե առաջինը, Վ. Սիրադեղյանի դիպուկ բնորոշմամբ, խնամք չի պահանջում, ապա երկրորդը ամենօրյա ջանքի ու նվիրումի կարիք ունի: Ահա այստեղ է, որ դրսեւորվում է պետական հայդատական գաղափարախոսության սնանկությունը: Անհնար է «հասնել Սասուն եւ մտնել Վան», եթե թիկունքում ունես ավերված Գյումրի ու Հրազդան:
Արդ, եթե հրեաներն իրենց ազգային մեծագույն ողբերգությանը հաղորդեցին պետականության ամրապնդման մոտիվացիան, ապա մեր դեպքում մի քանիսի ֆինանսական բարգավաճման անհագուրդ ախորժակի պատճառով Ցեղասպանության իրական բնույթը լճացրինք սաղմնային` էմոցիոնալ մակարդակում: Ուստի ցեղասպանվածի բարդույթի հաղթահարումն այսօր կենսական նշանակություն ունի: Սահմանին կանգնած մեր զինվորներն իրենց անձնազոհ հերոսությամբ ազդարարեցին այդ կարեւոր գործի մեկնարկը, եւ այժմ հերթը անձամբ Սերժ Սարգսյանինն է, որը պարտավոր է օր առաջ գլխիվայր շրջել պետական քաղաքականության վեկտորը: Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցն այս անգամ նշվում է աննախադեպ իրավիճակում, եւ հարկավոր է այն դարձնել պատշաճ մեկնակետ հրատապություն պահանջող փոփոխությունների համար:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Երեկ Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը, որի քննարկման թեման էր Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը:
Համաժողովին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ-ն իրանական կողմին առաջարկել է ապրանքատեսակների ցանկ, որպեսզի դրանց վրա իջեցված մաքսադրույք սահմանվի: «Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի՝ առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական եւ եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների եւ իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների եւ Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես: Ավելին՝ նախարարը հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա եւ բարեհաջող գործում է:
ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համոզմամբ՝ ժամանակն է համատեղ ձեռնարկներ անելու, արտադրանք ստեղծելու, ծառայություն մատուցելու եւ երրորդ շուկաներ դուրս գալու, հատկապես՝ ԵՏՄ եւ Եվրոպա: «Շուկաներ, որտեղ Հայաստանն ունի բավական բարենպաստ կարգավիճակ: Մեքենաշինություն, հաստոցաշինություն, սննդի վերամշակում, ոսկերչություն, էլեկտրոնիկա, սրանք այն ոլորտներն են, որտեղ իրանցիները ձեռքբերում ունեն եւ ՀՀ-ում օգտագործելով մեր ինտելեկտուալ արտադրական պոտենցիալը՝ հնարավոր է համատեղ ձեռնարկություն հիմնել»,- լրացրեց Ա. Ղազարյանը:
Ի դեպ, համաժողովին ներկա էր նաեւ հայ-իրանական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը, ով մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ իրանցի գործարարները համագործակցելու պատրաստակամություն ունեն: Նրա խոսքերով՝ իրանցի գործարարները մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ աշխատել եւ այդպես դուրս գալ ռուսական շուկա:
«Ուղղակի որոշ հարցեր կան, որոնք դեռ լուծված չեն: Հստակության կարիք ունեն: Օրինակ՝ եթե ես իմ կիսաֆաբրիկատ ապրանքներն ուղարկում եմ Հայաստան, որտեղ ամբողջական փաթեթավորվում է եւ ուղարկվում է ՌԴ՝ վաճառքի, հարց է, թե ինչպես պետք է վաճառքի դեպքում ստանամ իմ գումարները: Սա դեռ չի հստակեցվել»,- նկատեց պարոն Ահարոնյանը:
Հ. Գ. Առիթից օգտվելով՝ «Ժողովուրդ»-ը հայ-իրանական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Լ. Ահարոնյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք իրանահայ գործարար Սերժիկ Մոսեսյանին պատկանող «Ալիշան» պահածոների գործարանի փակվելու մասին: Հարցին ի պատասխան՝ Ահարոնյանն ասաց. «Սեփականատիրոջը ճանաչում եմ, բայց գործարանի փակվելու մասին նոր եմ լսում: Տխրեցի, որովհետեւ այդ մարդը Հայաստանը սիրում էր, Իրանում ամեն բան թող արավ ու եկավ այստեղ… ցավալի է»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ