«Ժողովուրդ»-ը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ, շարունակում է ներկայացնել պատմություններ, որոնք վկայում են այն մասին, որ մեր ազգը Թուրքիայի կատարած մեծ ոճրագործությունից հետո կարողացել է ապրել ու արարել: Մենք զրուցել ենք մշակույթի ոլորտի գործիչների հետ, որոնք կիսվել են իրենց նախնիների փրկության մասին պատմություններով:
Ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող Աղասի Իսպիրյանի հորական պապի ընտանիքը` Իսպիրյանները, օրինակ, Մադաթյանների, Հակոբյանների, Հայրապետյանների հետ գաղթել են Մուշից եւ բնակություն հաստատել Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում (այն կոչել են գաղթականների գյուղ):
«Գաղթի ճանապարհին մերոնց տեղափոխող սայլի անիվը ջարդվել է, եւ պապիս հորաքրոջ աղջիկը, որը եղել է 14-15 տարեկան, ընկել է սայլից ու գլուխը վնասել: Այդ հետքն ուղեկցեց նրան իր ողջ կյանքի ընթացքում. մենք նրան թաղեցինք հենց այդ սպիով»,-հիշեց Աղասին:
Երգչի պապի ընտանիքը հետագայում ընդլայնվել է: Արդեն Արեւելյան Հայաստանում լույս աշխարհ են եկել նրա քույր-եղբայրները, եւ Իսպիրյանների տոհմն աստիճանաբար բարգավաճել է: Ի դեպ, Աղասին կրում է հենց իր պապի անունը: Իսկ ավագ Աղասի Իսպիրյանը 200-ից ավել հայրենասիրական, ազգագրական, ֆիդայական երգերի խոսքերի հեղինակ է` «Լեռան լանջին», «Ես մշեցի ջահել տղա» եւ այլն:
Օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի մորական տատիկի ընտանիքն էլ Եղեռնի օրերին գաղթել է Կեսարիայից. մի մասը գնացել է դեպի Բեյրութ, մյուս մասը` Բուլղարիա, ապա` Ռումինիա, մեկ այլ մասն էլ` Արեւելյան Հայաստան: Երգչուհու մոր տատիկի հոր` Ավետիս Դեմիրճյանի ընտանիքը բնակություն է հաստատել Ռումինիայում: Նրա դուստրը` Վիկտորյա Դեմիրճյանը, հետագայում ամուսնացել է հայտնի նկարիչ, գորգագործ Երվանդ Սարյանի հետ, ով Ռումինիայում հիմնել է գորգի սեփական արտադրությունը, նույնիսկ առիթ է ունեցել այդ երկրի թագավորի ձիու թամբի համար իր ձեռքերով գորգ գործել: Այդ մարդը, ցավոք, երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է, եւ նրա դուստրը` երգչուհու տատը, մորը խնդրել է վերադառնալ հայրենիք: Այդպիսով` 1948-ին նրանք տեղափոխվել են Հայաստան:
Օպերային երգչուհին հիշում է Ռումինիայից հայրենադարձված իր տատիկին եւ նրա մորը` նշելով, որ հենց վերջիններիցս է իրեն փոխանցվել արվեստի նկատմամբ հատուկ հետաքրքրությունը. «Տատիկիս մայրը շատ էր սիրում օպերաներ գնալ, նրա եւ դստեր համար դա իսկական արարողություն էր. տատս, օրինակ, օպերա գնալուց 7 օր առաջ հատուկ պատրաստվում էր. ուշադրություն էր դարձնում իր հանդերձանքին, հագնում էր իր ձեռնոցը, վերցնում հովհարն ու թագուհու պես գնում թատրոն»,-ծիծաղելով նշեց նա:
Ուշագրավ է նաեւ Մ. Մկրտչյանի մոր հորական պապի ընտանիքի պատմությունը: Նրանք Եղեռնի ժամանակ գաղթել են Խոյից: Այդ ընտանիքից երգչուհու մոր պապիկի հայրը` Սարգիս Սարգսյանը, ով եղել է բավական կիրթ եւ գրագետ մարդ, հողեր է ունեցել Գառնի գյուղում եւ այնտեղ հիմնադրել է առաջին հայկական դպրոցը, որը կոչվել է «Սարգսանց դպրոց»:
Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքների պատմությունները բազմազան են, նրանք իրենց գոյության կռիվը տարել են յուրովի, սակայն այդ բոլոր հայորդիներին միավորում է գենետիկ կոդի հզոր ուժն ու ձգտումը դեպի հայրենի հողը:
ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց ժամանակակիցները փորձել են պատկերացնել Եղեռնը ապրած հայ երեւելիների զգացածը եւ 100 տարվա հեռավորությունից պատասխանել նրանց անպատասխան մնացած նամակներին: Պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 22-ին, հենց այդպես էլ կոչվում է`«Պատասխան՝ 100 տարի անց»:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի նախաձեռնությամբ մշակված համալիր ծրագիրն ամփոփող գիրքը, որը բաղկացած է 10 մասից, ներառում է նշանավոր մարդկանց նամակները, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով եւ ուղարկվել հայ եւ օտարազգի մշակութային, քաղաքական, տնտեսական հայտնի ժամանակակից գործիչների եւ դրանց պատասխանները. «Գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանից եւ այլ արխիվներից վերցված 100 նամակներից եւ վկայություններից ընտրել ենք 10-ը` հետեւյալ չափանիշներով. տվյալ երեւելի անձը պետք է խորհրդանշեր նկարագրվող ժամանակը (ցեղասպանության տարիները), նա պետք է հանրությանը հայտնի լիներ, եւ նրա նամակը պետք է աչքի ընկներ իր հուզականությամբ ու ցեղասպանության հետ կապված փաստերի առկայությամբ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Ընտրվել են, օրինակ, Կոմիտասի, Սիամանթոյի, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սեւակի, Դանիել Վարուժանի, Գարեգին Խաժակի, Արմին Վեգների, եւ այլոց անպատասխան նամակները: Նրանցից ոմանք այդ նամակներն իրենց հարազատներին ուղարկել են աքսորավայրերից, սակայն մինչ դրանք տեղ են հասել, վերջիններիս արդեն սպանդի են ենթարկել:
Մեր ազգի ճակատագրի համար իրենց անձնուրաց գործունեությամբ աչքի ընկած այս նվիրյալների նամակներին հայ ժամանակակից նշանավոր դեմքերից պատասխանել են, օրինակ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը: Ուշագրավ է, որ արձագանք է ստացվել նաեւ թուրք գործարար Օսման Կավալայից, ով պատասխանել է Գարեգին Խաժակի նամակին, թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուից, ով իր հերթին պատասխանել է Կոմիտասի նամակին: Արձագանքներ են ստացվել, օրինակ, անգլիացի ֆոտոլրագրող Ռասսել Փոլլարդից, ամերիկացի կոմպոզիտոր, երգիչ Դանիել Դեքերից եւ այլ նշանավոր անձանցից:
«Ընդհանուր առմամբ` մոտ 30 պատասխան-նամակ ենք ստացել: Ասեմ, որ դրանց զգալի մասը բավական հուզիչ է, այնքան ազդեցիկ, որ կարելի է դրանց հիման վրա նույնիսկ բեմադրություն իրականացնել: Ինձ շատ է տպավորել, օրինակ, եղեռնազոհ մտավորական Սմբատ Բյուրատի` կնոջն ուղղված նամակի պատասխանը` շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանից: Նա, փաստորեն, պատկերացրել է իրեն Բյուրատի կնոջ դերում եւ նրա փոխարեն շարադրել իր մտորումները»,-ասաց Կ. Վարդանյանը:
Պատկերագիրքը ներառում է նաեւ կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր ու արխիվային լուսանկարներ: Դրանում ընդգրկված են մեկ տասնյակից ավել հեղինակների աշխատանքներ, թեմատիկ հոդվածներ եւ մտորումներ:
Նշենք, որ «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի հեղինակն ու համակարգողը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակցուհի Հասմիկ Հախվերդյանն է, իսկ համանուն գրքի խմբագիրը` Կարո Վարդանյանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ