Անկումը դեպի տնտեսական անդունդ շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները, որոնք մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն են կազմում, ինչպես այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, մարտին եւս շարունակել են նվազել:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին արտերկրից փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան ուղարկված եւ այստեղից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 94 հազար դոլար: Անցած տարվա մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 51 միլիոն 240 հազար դոլար: Այսինքն՝ մեկ ամսվա կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է մոտ 26 տոկոս:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, տրանսֆերտների ծավալների անկումը սկսվել է 2014 թվականի դեկտեմբերից եւ այն անշեղորեն շարունակվում է մինչ օրս: Նվազման դինամիկան առավել պատկերացնելու համար նշենք, որ 2014-ի մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 766 հազար դոլար, անցած տարվա 51 մլն 240 հազար եւ այս տարվա 38 մլն 94 հազար դոլարների դիմաց:

Այս տարվա առաջին եռամսյակի ընդհանուր արդյունքներով տրանսֆերտները կազմել են 92 միլիոն 629 հազար դոլար, անցած 2015 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 106 մլն 803 հազար դոլար: Նկատենք, որ 2014 թվականի առաջին եռամսյակում, երբ տրանսֆերտների նվազման գործընթացը չէր սկսվել, եւ իրադարձությունների նման ընթացք ոչ էլ նշմարվում էր, տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 217 միլիոն 340 հազար դոլար:
Տեղեկացնենք, որ տրանսֆերտները Հայաստանի տնտեսության համար նույնն են, թե հիվանդի համար արհեստական սնուցումը: Սակայն հիվանդն արհեստական սնուցմամբ կազդուրվում է, քանի որ բժիշկները զուգահեռ նրան բուժում են: Ի վերջո, երբ հիվանդի արհեստական սնուցումը անջատում են, նրա օրգանիզմը սկսում է ինքնուրույն գործել: Երբ հնարավոր չի լինում հիվանդի ինքնուրույն նյութափոխանակությունը վերականգնել, նա պարզապես մահանում է:

Այս սկզբունքը գործում է նաեւ տնտեսության դեպքում: Փաստորեն 2000-ական թվականների սկզբից սկսած արտերկրից Հայաստան փոխանցված գումարները տարեցտարի աճել են մինչեւ 2014 թվականի հոկտեմբերը: Այդպիսով մեր տնտեսությունը «արհեստական սնուցում» է ստացել, եւ եթե ՀՀ իշխանությունների ուշքումիտքը պետական միջոցները թալանելը չլիներ, ապա այսօր արդեն միայն այդ ներարկումների հաշվին Հայաստանի տնտեսությունը վաղուց արդեն դինամիկ զարգացման ուղին բռնած կլիներ: Բայց իրականությունն այն է, որ տրանսֆերտների աստիճանական նվազման պայմաններում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է տնտեսությունն աստիճանաբար մահանում:

Ի դեպ, Հայաստանի տնտեսության արհեստական սնուցման մյուս օղակը պղնձի խտանյութի արտադրությունն է: Վերջին երկու տարիներին պղնձի խտանյութի արտահանման ծավալները անընդհատ աճում են: Օրինակ՝ 2015-ի առաջին եռամսյակում 2014-ի նույն շրջանի համեմատ պղնձի խտանյութի արդյունահանման եւ արտահանման ծավալներն աճել էին ավելի քան 50 տոկոսով, այս տարի անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է ավելի քան 30 տոկոսով: Սակայն պղնձի խտանյութի արդյունահանման արդյունքում ստացվող գումարները շատ չնչին են աճել: Բանն այն է, որ 2014-ի դեկտեմբերից պղնձի միջազգային գները շարունակաբար նվազում են: Այն ժամանակ պղձի մեկ տոննայի արժեքը 6 հազար 500-ից 70 հազար դոլար էր, այժմ այն 5 հազար դոլարի սահմաններում է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արդյունահանվել է 92 հազար 900 տոննա պղնձի խտանյութ: 2014 թվականի վերջի` մինչ պղնձի միջազգային գների նվազման եւ ներարժեքի գումարային տարբերությունը կազմում է մոտ 140 մլն դոլար: Ստացվում է, որ այսքան գումարը Հայաստանը կորցրել է մեկ եռամսյակի կտրվածքով` միայն միջազգային գների անկման արդյունքում պղնձի խտանյութը նախկինից ավելի էժան վաճառելու պատճառով:

Փաստորեն, վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի ֆինանսական մուտքերը հիմնականում երկու ճանապարհով էին ստացվում` տրանսֆերտներ եւ պղնձի խտանյութի արդյունահանում: Երկու դեպքում էլ անկում ունենք: Եթե առաջինի անկումը հանգեցնում է զուտ տնտեսության կազմալուծմանը, ապա պղնձի խտանյութի էժանացման արդյունքում հանքերը ստիպված են ավելացնել արդյունահանման ծավալները, որպեսզի իրենց գործունեությունը ֆինանսածածկվի, կամ այլ կերպ ասած՝ վնասներ չկրեն: Արդյունքում ընդերքը դատարկվում է, սակայն պետության տնտեսությունում շատ չնչին գումարներ են գալիս: Ստեղծված իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ հանքերը ստիպված են շարունակել էժան գնով պղնձի հանքանյութը արդյունահանել, քանի որ հակառակ դեպքում աղետը հանքերի եւ ողջ Հայաստանի տնտեսության համար կլինի անխուսափելի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս