ԵԹԵ ԳՈՂԻՆ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՆ ԱՎԱԶԱԿՈՎ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ¬նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը եւ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ¬կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյան
-Տիկի՛ն Նաղդալյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու Սերժ Սարգսյանի որոշումը: Փաստորեն, ՊՆ այդ պատասխանատուներին պաշտոնանկ անելով` Ս. Սարգսյանը հաստատեց, որ եղել են լուրջ թերացումներ մեր բանակում:
-Անկեղծ ասած, հարցը ինձ չի հասցեագրված, որովհետեւ դրանք ոլորտին վերաբերող շատ մասնագիտական որոշումներ են, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով եւ դրանք որոշակի իրավասությունների շրջանակներում են: Բայց վստահ եմ, որ դրա համար կային հիմքեր, եւ այդ որոշումները հիմնավորված էին: Նման որոշումները չհիմնավորված չէին կարող լինել:
-Այս փոփոխությունները կարո՞ղ են հասնել առաջին դեմքերին` մինչեւ ՊՆ նախարար եւ, ինչու ոչ, վարչապետ:
-Ես չեմ կարող ասել, բայց որեւէ բան բացառելու չի: Եւ եթե ինչ-որ փոփոխության համար պատճառներ կամ հիմքեր կան, ուրեմն հաստատաբար նման փոփոխություններ կկատարվեն, բայց կլինեն այս ոլորտում, թե մեկ այլ ոլորտում, դա չեմ կարող ասել:
-Տիկի՛ն Նաղդալյան, իսկ արդեն արված փոփոխությունները ՀՀ ՊՆ-ում ի՞նչ կտան մեզ:
-Դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետեւ ես, ճիշտն ասած, անտեղյակ եմ այն դրդապատճառներից կամ հիմնավորումներից, որոնք այստեղ կան: Բայց, այնուամենայնիվ, մտածում եմ, որ յուրաքանչյուր փոփոխություն տրամաբանություն ունի դեպի լավն ինչ-որ մի բան փոխելու:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ բարձրաստիճան պատասխանատուների պաշտոնանկությունները ինչպե՞ս եք գնահատում:
-Ես կարծում եմ, որ լավ է, որ ինչ-որ գլուխներ թռնում են, եւ դեռ շատ գլուխներ պետք է թռնեն, բայց այդ ամենը շատ քիչ է ամբողջ պետական համակարգի էությունը փոխելու համար: Պետք է վերացնել մենաշնորհները, կաշառակերությունը, պետական լծակների օգտագործումը սեփական հարստացման համար: Պետք է դառնալ արդյունավետ կառավարվող պետական համակարգ: Դա միանգամից չի լինում, բայց այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր անել, իսկ ամենակարեւոր քայլը այն է, որ ստեղծենք ժողովրդավարություն, այսինքն՝ ժողովրդին իշխանությունը վերադարձվի: Առաջին հերթին պետք է բարձրացվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատի հարցը: Առանց այդ հավատի պատերազմներ չեն հաղթում:
-Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները կհասնե՞ն առաջին դեմքերին` վարչապետ, նախարար…
-Միայն ինչ-որ մարդկանց հասնելը քիչ է: Պետք է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր միանգամից ապացուցում են, որ նրանք արդյունավետ կառավարիչներ են: Այ, դա դեռ մենք չենք տեսել: Եթե դա լինի, կասենք` լավ է: Բայց եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու:

 

 

 

 
ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեցին ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ գիշեր արձանագրված ինտենսիվ հրետակոծության մասին, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ երկու զոհ:

«Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու բոլոր միջոցներով հրետակոծել է դիրքերն ու բնակավայրերը: Զրուցել եմ ԼՂՀ ԱԺ ղեկավարի ու ԼՂՀ կառավարության ղեկավարի հետ. ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին»- նշեց Շարմազանովը:
Այնուհետեւ հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին պատգամավորները նոր ԸՕ հետ կապված տարաբնույթ հարցեր ուղղեցին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով Հարությունյանին, ասաց, «Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին թույլատրում են միայն տեղի գրանցում ունեցող մարդկանց: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում մշտական հաշվառման փաստը հաշվի չեն առնում համապետական ընտրություններում, եւ վերջին մեկ տարում ավելի քան 6 ամիս երկրից բացակայող անձինք չեն ընդգրկվում առանձին ցուցակներում եւ չեն քվեարկում միայն դիմումների հիման վրա»:
Դավիթ Հարությունյանն ի պատասխան՝ նշեց, որ Հայաստանից բացակայող անձինք ընտրացուցակներում կներառվեն ընդհանուր հիմունքներով:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է խոսք գնում կուսակցությունների դերի բարձրացման մասին, երբ ռեյտինգային ձեւաչափով բոլոր կուսակցությունները մարզերում հավասար մրցակցության պայմաններ չեն ունենում: Նրա խոսքով մարզերից ահազանգում են, որ ընտրությունների ժամանակ օգնող անձինք փորձում են վերահսկել քաղաքացուն: Բիշարյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ԸՕ նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: «Եթե 10 կուսակցություն մասնակցի, ապա գրավոր արձանագրության մեջ կարող է լինել մինչեւ 150 թեկնածու: Դուք պատկերացրեք այդ արձանագրության ծավալը: Եթե ամեն մի թեկնածու եւ դիտորդ պահանջի իր պատճենը, ապա այս գործընթացը կարող է ձախողել աշխատանքը: Այստեղ մեզ օգնության են գալիս ժամանակակից բջջային հեռախոսները, քանի որ բաց արձանագրություններ տրամադրվում են, եւ կարող են նկարել»,- պատասխանեց նա:
Խոսելով այն դրույթի մասին, որ ընտրողն այլեւս չի ստորագրում, Հարությունյանը նշեց, որ մատնահետք թողնելով՝ ավելի կայուն քվեարկություն է լինում. «Ստորագրության ժամանակ, անգամ, կարող են խզբզել, իսկ մատնահետքը միանշանակ ավելի է ինդենտիֆիկացնում գործընթացը, սակայն եթե սարքը չի աշխատում, ապա մարդը միանշանակ պետք է թողնի ստորագրությունը»,- ընդգծեց նա:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ ուշ երեկոյան, հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 26-ին օրվա ողջ ընթացքում թշնամին շարունակել է հրետակոծել մեր դիրքերը: «Ապրիլի 26-ին օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ (ժամը 23.10-ին) հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ եւ 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված»,- նշված էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Հ.Գ. ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը, ինչը զայրացրել է մշտապես հիստերիայի մեջ ընկնող հակառակորդին:

 

 

ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԷՐ
Երեկ 63 համարի երթուղային ավտոբուսի Նոր Նորքի 9-րդ զանգվածի վերջնականգառում խառնաշփոթ էր: «Ժողովուրդ»-ի թղթակիցը, երբ վերջնականգառում վարորդներից հետաքրքրվել էր ավտոբուսում ապրիլի 25-ին տեղի ունեցած պայթյունից, նկատել էր, որ դիսպետչերական կետում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հարցաքննում էին մի շարք մարդկանց, իսկ, ահա, դրսում հավաքված տղամարդիկ հանգստացնում էին մի անձի, որը հայհոյում էր եւ նշում, թե ում են վախեցնում եւ այսպես շարունակ: Երբ վարորդներից հետաքրքրվեցինք, թե ով է դրսում հայհոյող տղամարդը, վերջիններս վախեցան որեւէ բան ասել: Ակնհայտ էր, որ 63 համարի երթուղու պատասխանատուներին եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչության աշխատակիցների հարաբերությունները այդքան էլ չէին ստացվել:

 

 

ԿՐՏՍԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարազատ որդին է, մեծահարուստ պաշտոնյաների շարքին է պատկանում: Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում մի քանի եկամուտ է հայտարարագրել: Նրա աշխատավարձն ամսական կազմել է մոտ 630 հազար դրամ: Դրանից բացի՝ նա անցած տարի 14 մլն 253 հազար դրամ եկամուտ է ստացել վարձակալության դիմաց ստացած վարձավճարի տեսքով: Պետական գույքի կառավարմամբ զբաղվող պաշտոնյան որպես եկամուտ հայտարարագրել է 40 մլն դրամի շահաբաժին, որը նա ստացել է իրեն պատկանող երկու ընկերություններից: Արման Սահակյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 151.6 մլն դրամ: Սահակյանի կնոջ՝ Սեդա Հակոբյանի տարեկան եկամուտը կազմել է 969 հազար դրամ: Մեծահարուստ պաշտոնյայի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 24.9 մլն դրամ:




Լրահոս