Վիրավոր զինծառայողները տեղափոխման կարիք չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ տեղի մասնագետների ուղեկցությամբ բժիշկներն այսօր այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների առողջական վիճակը տեղում գնահատելու համար: Նրանք մեկառմեկ ծանոթացել են վնասվածքաբանության և վերակենդանացման բաժանմունքում բուժվող բոլոր վիրավորների առողջական վիճակին, զննել են բժշկական փաստաթղթերը, ռենտգեն-հետազոտության արդյունքները:

«Մեր այցելած երկու բժշկական հաստատությունում էլ հայ կոլեգաների միջամտությունը կատարված է բարձր մակարդակով: Չկա մի քայլ, մի կետ, որը հնարավոր էր ավելի լավ անել, քան արել են տեղի մեր գործընկերները»,- լրագրողների հետ զրույցում նշել է պրոֆեսոր Շվարցը:

«Մենք հնարավարություն ունեցանք ստանալ բժշկական  աշխատանքի հստակ պատկեր: Մինչև հիմա կատարված բոլոր բուժական միջամտությունները շատ օպտիմալ են եղել: Ես ինքս, որպես մասնագետ, վիրավորների բուժումն այլ կերպ չէի կազմակերպի, քան արված է այստեղ: Ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, ապա այն անհատական է, և ես լավատես եմ այդ առումով»,- ասել է  Յաշկեն` ընդգծելով, որ իրենք պատրաստ են և կանեն տղաների համար լավագույնը` լավ արդյունքներ ստանալու համար:

Պրոֆեսորները նշել են, որ այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ դեռևս տեղում շարունակվեն վերականգնողական աշխատանքները: Գերմանացի մասնագետերին նաև հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը:

«Ներկա պահին առավել արդյունավետ է տարբեր երկրների մասնագետների այցերի ապահովումը, քանի որ դեռևս վիրավորներին տեղափոխելու կարիք չկա: Մենք անելու ենք առավելագույնը, և արդյունավետությունը պետք է լինի հիմնաքարը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ այս պահին շարունակվում են բուժական-վերականգնողական աշխատանքները, անգամ դեպքեր կան, երբ դեռ պայքար է տարվում կյանքի համար: Նախարարը հայտնել է նաև, որ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները ևս պատրաստակամություն են հայտնել իրականացնելու ստորին վերջույթի վերականգնման և պրոթեզավորման կարիք ունեցող երկու վիրավորի բուժօգնությունը:

Արմեն Մուրադյանն ընդգծել է նաև, որ առաջիկայում նորից կժամանեն մասնագիտական այլ խմբեր, որոնք կքննարկեն տուժածների վիրավորվածությանն աստիճանը, նրանց բուժման եղանակները, ժամանակակից ախտորոշման ճշգրտությունը, վերականգնողական բուժման ամբողջ ընթացքը, ժամկետներն ու արդյունավետությունը:

Շրջայցին մասնակցում էր նաև հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Զորի Բալայանը, ում գնահատմամբ` երբ գերմանացին անգլերենով ասում է. «շատ լավ արդյունք է, ապրեք» մենք պետք է հանգիստ լինենք: Եվ սա նշանակում է, որ մեր մասնագետները կարող են անել այնպես, որ մեր երեխաները ոտքի կանգնեն:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունում զինծառայողների ծնողների, Գերմանիայում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի մասնագետներն այցելել են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն,  վաղը այցելելու են ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում են ստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժած այլ վիրավորները:




Լրահոս