Արցախի ճանաչումը միայն քայլ առաջ կլինի. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախկին նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22 տարի առաջ մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց պայմանագիր, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին եւ հարաբերական խաղաղությանը: Այն խախտվեց Ադրբեջանի կողմից 2016 թ.-ի ապրլի 2-ին: Հեռավոր 1994 թվականին ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը:

Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

Արդեն մայիսի 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջեւ ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ մտավ 1994 թ.-ի մայիսի 12-ից: Այդ օրը Մոսկվայում հանդիպում կազմակերպվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ:

Հանդիպման ժամանակ կողմերը հաստատեցին, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը:
Բիշքեկյան արձանագրության տակ պատվիրակությունների անունից ստորագրել է նաեւ այն ժամանակ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել վեհաժողովի նախկին նախագահին:

-Պարո՛ն Շումեյկո, կհիշե՞ք` ինչպե՞ս ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը:

-Այն ժամանակ, երբ մենք հավաքվում էինք, Բիշքեկ հրավիրեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարներին, չնայած Ադրբեջանի կողմից ներկայացավ փոխնախագահը: Ես պնդեցի, որ ժամանի նաեւ Ղարաբաղից ներկայացուցիչ, քանի որ առանց երրորդ կողմի քննարկումներ անցկացնելու եւ նրանց փոխարեն որոշում կայացնելու որեւէ իմաստ չկար:

Սակայն մենք ոչ մի կերպ չէինք կարողանում համաձայնեցնել արձանագրության տեքստը: Երբ հրավիրեցինք Ղարաբաղի ներկայացուցչին, գործընթացը տեղից շարժվեց եւ կարողացանք հասնել հրադադարի: Արձանագրության ստորագրումից հետո կրակը դադարեց: Ստորագրեցին բոլոր երեք կողմերի ներկայացուցիչներն էլ:

-Այժմ հակամարտության լուծման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում: Արդյո՞ք հրադադարի նոր համաձայնագրի կարիք կա:

-Միգուցե նոր համաձայնագրի կարիք կա: Ես շատ վաղուց քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ այժմյան իրավիճակին խորությամբ ծանոթ չեմ: Կարծում եմ` ապրիլի սկզբին ստեղծված իրավիճակը Թուրքիայի կողմից պրովոկացիա էր` ուղղված Ռուսաստանին եւ Հայաստանին, քանի որ մենք դաշնակիցներ ենք:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում Ռուսաստանի պահվածքը, երբ հրապարակավ հավասարության նշան դրվեց ռազմավարական դաշնակից Հայաստանի եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ:

-Ռուսաստանն այլ կերպ չի կարող վարվել: Պետք է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի միջեւ պահպանի բարիդրացիական հարաբերություններ, չնայած որ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ են առկա: Սակայն պետք չէ վիճել ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմի հետ, այլ պետք է պահպանել խաղաղություն եւ գտնել հարցի լուծման տարբերակներ:

-Բայց արդյո՞ք այդ խաղաղությունը չի վտանգում հենց ինքը` Ռուսաստանը` յուրաքանչյուր օր Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին զինելով:

-Իհարկե, չկա ավելի անբարոյական բան, քան, առհասարակ, զենքի վաճառքը: Սակայն մեծ թվով երկրներ են զբաղվում զենքի վաճառքով: Հարցը դրանում չէ, այլ նրանում, որ զենքի վաճառքով զբաղվելը ենթադրում է երկարատեւ պայմանագրեր, որոնք չես կարող միանգամից չեղարկել:

-Բայց չէ՞ որ այդ զենքն օգտագործվում է դաշնակից Հայաստանի դեմ:

-Պետք է հասկանալ, որ ռուսական զենքն առկա է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Հարցն այն է, որ զենքն ինքն իրեն չի կրակում, կրակում են մարդիկ: Առկա է կոնֆլիկտ, եւ այդ զենքով կրակում են մարդիկ:

-Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերն այս ուղղությամբ բավարա՞ր են:

-Մինսկի խումբը պետք է փորձի գտնել փոխզիջման տարբերակներ: Ճիշտ կլինի Ղարաբաղը հիմա անկախ պետություն ճանաչել, չնայած նրա փոքր լինելուն: Իհարկե, դրա համար պետք է հանրաքվե լինի, եւ մարդիկ պետք է կարծիք արտահայտեն:

-Հայաստանում այժմ կառավարական մակարդակով քննարկվում է Արցախի ճանաչման հարցը: Ըստ Ձեզ՝ այժմ դա ճի՞շտ լուծում է:

-Իհարկե, դա միայն քայլ առաջ կլինի, քանի որ նրանք ինքնուրույն են, եւ հետագայում պետք է ինքնուրույն որոշեն` որեւէ մեկին միանան, թե ոչ: Ոչ մի պետություն չի կարող միայնակ գոյատեւել: Դիտարկենք հենց Վրաստանն ու Օսեթիան, Վրաստանն ու Աբխազիան. նրանք անկախ են:

-Ռուս շատ փորձագետներ կարծում են, որ պատերազմը Ղարաբաղում կարող է չեղարկվել միայն սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Դուք ի՞նչ կարծիք ունեք, եւ ինչո՞ւ 1995 թվականին այդ ուժերը չտեղակայվեցին սահմանին:

-Այն ժամանակ խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկար: Կարողացանք հասնել հրադադարի, եւ ոչ ոք չէր կրակում: Այժմյան իրավիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Սակայն կարծում եմ, որ Մինսկի խումբը կգտնի լուծումը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս