Ի՞նչ է թաքցնում Կենտրոնական բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրները ցանկացած մեքենայության են պատրաստ, որպեսզի տնտեսության իրական վիճակը թաքցնեն, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն մինչ այս, թվում էր, թե ՀՀ կենտրոնական բանկը «թվանկարիչների» այդ շղթայից դուրս է:

Ի վերջո, ԿԲ-ի տնօրինման տակ գտնվող տվյալները հիմնականում հաստատուն թվեր են եւ վերցվում են Հայաստանի տնտեսության ֆինանսական մասը ներկայացնող կազմակերպությունների, հիմնականում բանկերի ներկայացրած հաշվետվություններից:

Սակայն, ինչպես երեւում է, ՀՀ կենտրոնական բանկը նույնպես այլեւս ի վիճակի չէ իրեն վերապահված վիճակագրական տվյալներն ամբողջությամբ եւ առանց խեղաթյուրման հրապարակել: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԿԲ-ն ամեն ամսվա վերջին հրապարակում է արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ փոխանցվող գումարների վերաբերյալ` հրապարակմանը նախորդող ամսվա պաշտոնական վիճակագրությունը: Մինչեւ այս տարվա ապրլի 30-ը ՀՀ ԿԲ-ի տրանսֆերտների վիճակագրությունը երկու մասից էր բաղկացած:

Ցանկերից մեկում ներկայացվում էին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եւ այստեղից արտերկիր փոխանցված ընդհանուր գումարների վերաբերյալ տվյալները: Մյուս ցանկում ներկայացվում էին ֆիզիկական անձանց անուննով Հայաստան եւ արտերկիր փոխանցված ոչ առեւտրային նշանակության գումարները: Այլ կերպ ասած՝ երկրորդ ցանկը հստակ արտացոլում էր, թե արտագնա աշխատանքի մեկնած կամ արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախորդ ժամանակահատվածում որքան գումար են փոխանցել Հայաստան, եւ կամ այստեղից որքան գումար են մարդիկ փոխանցել արտերկրում ապրող իրենց հարազատներին:

Սովորաբար ոչ առեւտրային փոխանցումների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ այստեղից արտերկիր ուղարկված գումարների դրական տարբերությունը, ընդհանուր տրանսֆերտներից փոքր է լինում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ֆիզիկական անձին արտերկրից ուղարկված գումարը առեւտրային նպատակներով է լինում: Իհարկե, լինում էին նաեւ դեպքեր, երբ հակառակը` ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքն էր ավելի մեծ լինում, քան ընդհանուրը: Ինչը ենթադրում էր, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից առեւտրային նպատակներով շատ գումար է արտերկիր փոխանցվել:

Եվ ահա ՀՀ ԿԲ-ն վերցրել եւ այս տարվա մարտի տրանսֆերտների վերաբերյալ վիճակագրությունից հանել է ոչ ֆիզիկական անձանց անունով ոչ առեւտրային փոխանցումների տվյալները: Բայց որպեսզի այդ հանգամանքը միանգամից նկատելի չդառնա, փոխարենը տրանսֆերտների վերաբերյալ վիճակագրություն են դրել` դրամով արտահայտված: Այլ կերպ ասած՝ նույն տվյալները մի ցանկում ներկայացված են դոլարով, մյուսում` դրամով: Իհարկե, առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե ՀՀ ԿԲ-ն ինչու է նման քայլի գնացել:

Ի վերջո, բոլորին է հայտնի, որ վերջին մեկուկես տարում տրանսֆերտների ծավալները գնալով նվազում են, եւ այս դինամիկայի փոփոխության նախադրյալներ, կարծես թե, չկան: Ստեղծված իրավիճակի պատճառն էլ Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված ծանր կացությունն է: Այսինքն՝ մեծ հաշվով ՀՀ իշխանությունները, այդ թվում նաեւ կենտրոնական բանկի ղեկավարությունը ցանկացած պահի կարող են ասել, որ դրանում իրենք մեղավորություն չունեն: Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 38 մլն 94 հազար դոլար` անցած տարվա նույն ամսվա 51 մլն 240 հազար դոլարի դիմաց:

Կասկածից վեր է, որ ԿԲ-ն նման քայլի գնացել է եւ ավելի քան տասը տարի վիճակագրական տվյալներ հրապարակելու ձեւը փոխել է՝ ինչ-որ կարեւոր հանգամանք թաքցնելու համար: Ըստ ամենայնի` ՀՀ ԿԲ-ն ոչ առեւտրային տրանսֆերտների վիճակագրությունը չհրապարակելով փորձում է թաքցնել այն փաստը, որ Հայաստանից կապիտալի հոսքը դեպի Ռուսաստան շարունակում է աճել: Բանն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունում 2014 թվականի աշնանից սկսված ճգնաժամի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը 2015-ին նախընտրեց մնալ Հայաստանում:

Սակայն այս տարվա սկզբից արտագնա աշխատանքի մեկնողները սկսել են ընտանիքներով ճանապարհ ընկնել: Նրանց մեծ մասը համոզված է, որ ի տարբերություն Հայաստանի՝ իրենք Ռուսաստանում կկարողանան գոնե այնքան գումար վաստակել, որպեսզի իրենց ընտանիքի հետ գոյատեւեն: Այսինքն՝ ՀՀ ԿԲ-ն եւս, ի վերջո, պատել է պաշտոնական վիճակագիրներին համակած իրականությունն ամեն կերպ թաքցնելու «հիվանդությունը»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս