«ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՄԵՐ ԸՆՏՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ (սկիզբը՝ նախորդ համարում) համոզմամբ՝ սերիալները լավ բան են, դրանք պետք է լինեն: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին, թե որքանով են դրանք դաստիարակում հասարակությանը, պատասխանեց. «Այդ դաստիարակությունը կոմունիստական մտածելակերպ է, պետությանը սերիալով ու կինոյով չեն դաստիարակում, այդ դեպքում «Крестный отец», «Человек со шрамом»… ինչպես նաեւ Շեքսպիրի ոչ մի ներկայացում չպետք է նայեք, որովհետեւ մորթում, քանդում, թափում են: Շեքսպիրը չունի մի գործ, որտեղ վերջում բոլոր հերոսներն իրար չսպանեն»:
-Բայց Շեքսպիրը գեղարվեստորեն է դա անում:
-Դե մերոնք էլ մի քիչ անգեղարվեստորեն են  անում, ժամանակի ընթացքում կկրթվեն: Դե մի բան պետք է անես, որ պահանջարկ ունենաս: Նույնն էլ թատրոնն է. կա՛մ պետք է լավ լացացնես, կա՛մ ծիծաղեցնես: Դա պետք է արվեստով անել, օրինակ` Վարդան Աճեմյանը կարողանում էր դա այնպես անել, որ հաճելի ու ընկալելի էր ե՛ւ բանվորի, ե՛ւ ինտելիգենտի, ե՛ւ երիտասարդի, ե՛ւ մեծահասակի համար: Դա էլ ուրիշ խնդիր է, դրա համար էլ պետք է հանճար ծնվել: Սոս Սարգսյանը մի առիթով ասաց, որ եթե Մաշտոցի փողոցի մի ծայրից մյուս ծայրն այդքան խանութի փոխարեն այդքան թատրոն լիներ, երկրին մեծ օգուտ կլիներ, ես նրա հետ համաձայն եմ:
-Բայց երկիրն անգամ իր ունեցած թատրոններին չի կարողանում պատշաճ կարգով ֆինանսավորել:
-Ճիշտ ինֆորմացիա չէ: Սա այն պետությունն է, որ կարողանում է այս փոքր երկրում պահել պետական 26 թատրոն: Ես ինքս անընդհատ զարմանում եմ. ոչ մի երկրում այսքան պետական թատրոն չկա, դե հիմա այդքանն է կարողանում ֆինանսավորել: Թատրոնը թանկ հաճույք է, ու երբ պետությունը տալիս է այդ սուբսիդիան, մեծ լավություն է անում իր ժողովրդին: Եթե ժողովուրդը տոմսի համար պետք է վճարեր 10.000-20.000, վճարում է 1000-2000 դրամ, որովհետեւ պետությունը հոգում է ծախսերի մի մասը:
-Հիշում եմ, մի ժամանակ Սունդուկյան թատրոնում խռովություններ կային, դերասանները հաճախ էին միմյանց մասին բացասական բաներ խոսում:
-Եթե թատրոնում խռովություն, նեղացածություն չլինի, էլ ի՞նչ թատրոն: Թատրոնը նման բաներով է հետաքրքիր: Կոլեկտիվի ներսում միշտ այդպես է, եթե դերասանն իր արվեստով չի ձգում, խոսակցություններով է ուզում ձգել, առաջ գնալ: Բոլոր ասպարեզներում էլ այդպես է: Հետո հայտնի բան կա, ասում են. «Շնորհքո՛վ մարդիկ, զգո՛ւյշ եղեք, անշնորհքներն այնքան շատ են, ձեր գլուխը կուտեն»: Նրանք, ովքեր այդ տաղանդը չունեն, ավելի պրկերես են: Հիշենք Սալյերիի ու Մոցարտի հայտնի պատմությունը: Վարդան Աճեմյանն ասում էր՝ դերասանությունը շտանգա չէ, որ մեկը 200 կգ է բարձրացնում, մյուսը՝ 100 կգ: Կամ մեկն ասում է՝ ես մյուսից լավ խաղացի: Դե հիմա արի՛ ու հասկացիր, կռիվները հենց այդտեղից էլ սկսվում են: Դրա համար պետք է լինել թատրոնը հասկացող լավ քննադատ, որոնցից մեկը, օրինակ, Լեւոն Մութաֆյանն է, նա կարողանում է ճիշտ գնահատական տալ: Ժամանակին կային լավ քննադատներ, որ ճիշտ ձեւով վերլուծում ու գնահատական էին տալիս:  
Երբ մենք Լոնդոնում խաղացինք «Ջոն արքա», լուրջ քննադատություն եղավ, իմ մասին գրել էին՝ շատ մեծ դերասան է, խաղաց Ջոն արքա, դերասան, որն իրավունք ունի խաղալ Լիր արքա: Դա ամեն կոչումից ու պարգեւից բարձր բան է, որ մի գրականագետ քեզ նման գնահատական է տալիս:      
Բեմում, հասարակության մեջ, մարդկային բոլոր փոխհարաբերություններում այսօր մի բան է պակասում` հույսը, հավատը դեպի ապագան: Մարդիկ ոչ մի բանի հույս չունեն, իսկ դա վատ է: Հայրենասիրությունն էլ գնալով դառնում է զրո: Վախենամ, որ այսօր պատերազմ սկսվի, ոչ ոք չգնա: Սրանում էլ ենք մենք մեղավոր, եկե՛ք կառավարությանը հանգիստ թողնենք: Մենք ենք ընտրել, որ իրենք մեզ ղեկավարեն: Մենք արժանի ենք մեր ընտրած կառավարությանը:
-Բայց արդյո՞ք մենք ենք ընտրել, պարո՛ն Մարության:
-Այո՛, բա մարդիկ ձայները հաշվել, ասել են՝ այս մարդը հավաքել է այսքան ձայն: Տարիներ առաջ ԱՄՆ-ում էի, մի հայի հարցրի՝ դուք ձեր նախագահին` Քլինթոնին, սիրո՞ւմ եք: Ասաց. «Քլինթոնի մարը նեդեմ, կնիգ է, ինչ է, որ սիրեմ, անոր ընտրած ենք, որ մեր հարցերով զբաղվի»: Ինքը պետք է զբաղվի մեր հարցերով, եթե չի զբաղվում, մի՛ ընտրիր: Իսկ դուք գնում ու նորից ընտրում եք: Ես էլ ձեզ հետ, ինչքան ընտրեմ, հայի վիճակն անընդհատ սա է լինելու: Երբ մեր ժողովուրդը հասկանա՝ ինչ է ժողովրդավարությունը, մենք կդառնանք ավելի լավ պետություն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս