Երեկ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը վերջապես հայտարարեց իր նոր կուսակցության ստեղծման մասին: «Համախմբում» անվամբ նորաստեղծ կուսակցության նպատակների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանի հետ:
-Պարո՛ն Բոզոյան, ինչո՞ւ որոշվեց հենց այս լարված փուլում հայտարարել նորաստեղծ կուսակցության մասին:
-Այս ամենը նախատեսվում էր ավելի շուտ իրականացնել, պարզապես հաշվի առնելով Ձեր նշած գործոնը՝ մենք որոշում կայացրեցինք որոշ ժամանակ հետաձգել այդ պրոցեսը: Եւ երբ քիչ թե շատ լիցքաթափվեց այս վիճակը, մենք որոշեցինք այժմ հայտարարություն անել:
-Արդյո՞ք պատրաստվում եք այլ նորաստեղծ քաղաքական ուժերի հետ համագործակցել, օրինակ` Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժի, Արա Աբրահամյանի…
-Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում այլ քաղաքական շրջանակների հետ համախմբումը ոչ միայն անխուսափելի է, այլ նաեւ խիստ անհրաժեշտ, որը բխում է հասարակության շահերից: Մենք բաց ենք բոլորի համար, ոչ միայն Էդմոն Մարուքյանի, Արա Աբրահամյանի, այլ նաեւ բոլոր կուսակցությունների, ովքեր որ պատրաստ կլինեն հասկանալ, որ առանց մեծ կոնսոլիդացիայի, առանց մեծ համախմբման երկրում ոչ մի փոփոխութություն հնարավոր չէ:
-Որպես կուսակցություն, ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը, որն այլ կուսակցություններ ի զորու չեն իրագործել:
-Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում պետք են փոփոխություններ. տնտեսական կյանքը կանգնած է, սոցիալական կյանքը խայտառակ իրավիճակի մեջ է, անվտանգության պրոբլեմը խոցելի վիճակում է, գրեթե կանգնած ենք պատերազմի շեմին: Մարդկանց մեջ կա հիասթափություն, ապագայի հանդեպ խորը անորոշություն: Ունենալով անվստահություն իշխանության հանդեպ, հասարակությունը չունի վստահություն այլ շրջանակների նկատմամբ: Մեր նպատակն է, որ մենք կարողանանք քաղաքական դաշտում ձեւավորել իր ուժերին համարժեք, կոնսոլիդացված այնպիսի մի բեւեռ, որը կկարողանա ստիպել իշխանությանը գնալ փոփոխությունների: Եթե այդպիսի ուժ չձեւավորվի, իշխանությունը երբեք բարեփոխումների չի գնա: Վերջին տարիների կյանքը ցույց տվեց, որ իշխանությունը շարժվում է այնպես, ինչպես խորհրդային միության ռայկոմի քարտուղարները: Եթե երկրում մարդիկ թալանում են օրը ցերեկով, ապա դրա արդյունքում բանակը չի կարողանալու ունենալ այն համապատասխան զենք-զինամթերքը, հագուստեղենը եւ այն ոգին, որով կարելի է դիմակայել ադրբեջանական բանակին:
-Ձեր կուսակցությունը ինչպիսի՞ հարաբերություններ կարող է ունենալ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ:
-Մենք պնդում ենք, որ թշնամիներ չունենք այս երկրում: Համոզված ենք, որ նույնիսկ սեփական ապարատում, ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության մեջ մարդիկ անկեղծորեն ուզում են փոփոխություններ, չեն ուզում, որ այսպիսի իրավիճակ լինի, բայց հանգամանքների բերումով, հասկանալի է, որ որոշակի կաշկանդվածություն ունեն: Դրա համար մենք չենք համարում, որ այս իշխանությանը պետք է ոչնչացնել, քանդել ցանկացած գնով: Բայց մենք միաժամանակ հասկանում ենք, որ այդ կուսակցությունը ունակ չէ ինքնառեֆորմացիայի:
-Պարո՛ն Բոզոյան, ժամանակին Գագիկ Ծառուկյանը թողեց քաղաքականությունն ու կուսակցությունը, չե՞ք վախենում, որ Վ. Օսկանյանն էլ մի օր նույն կերպ կարող է վարվել:
-Մենք կուսակցությունում այնպիսի հատուկ համակարգ ենք ստեղծել, որ այն չընկալվի մեկ անձի կուսակցություն: Սա նույնպես էականորեն տարբերվելու է այլ կուսակցություններից: Այս կուսակցությունը լինելու է կուսակցություն, որտեղ թիմային որոշումներ է կայացվելու, եւ բոլոր խնդիրները կոլեգիալ որոշման արդյունքում են հաստատվելու: Քաղաքական դաշտում մոտավորապես այդպիսին է ՀՅԴ-ն, մնացած կուսակցությունները հիմնականում սպասարկում են լիդերների շահերը: Եթե իշխող կուսակցությունն էլ դադարի մեկ անձի շահերը սպասարկել, ե՛ւ ինքը կշահի, ե՛ւ հասարակությունը:
ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԻԼՅՈՒԶԻԱ ՉՈՒՆԵԻՆՔ, ՈՐ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԼԻՆԵՐ
Երեկ Ազգային ժողովում շարունակվեցին ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Պատգամավորները հանդես եկան ելույթներով` իրենց վերջնական գնահատականը հնչեցնելով նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ երեկ քննարկման մեկնարկից քիչ անց նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում պատգամավորները ծափահարություններով ողջունեցին:
Այնուհետեւ ելույթով հանդես եկած ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն հայտարարեց, որ մեր հաջողությունների արգելակման հիմնական պատճառը անկատար ընտրական համակարգն է «Ընտրությունից ընտրություն հասարակությունը պառակտվում է, ու ականատեսն ենք լինում լարված իրավիճակի: Հատկապես հիմա, երբ ղարաբաղյան ճակատում լարված է, առավել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է ապահովել ազգային միասնություն»:
Պատգամավորը դժգոհեց, որ իշխանությունը միայն մի քանի առանցքային հարցերում է ընդառաջ գնացել ընդդիմությանը, իսկ առաջարկված լուծումներն էլ կարելի է համարել թերի. «Ընտրացուցակների մաքրումը մնացել է քաղաքական ուժերի վրա, որը արդար մոտեցում չէ: Տպավորություն է, որ իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց: Պետք է հասարակական, քաղաքական կամք դրսեւորել ու անցկացնել արդար ընտրություններ, չվերցնել ընտրակաշառք»:
Ի զարմանս բոլորի՝ երեկ ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով Աժ քննարկումներին մշտապես աչքի է ընկնում իր պասիվությամբ: Նա նշեց, որ ցանկանում է ընտրական գործընթացին առնչվող հարցերը կարգավորել երեք հարթության վրա՝ ընտրությունների մեխանիկան, կազմակերպչական հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված համամասնական ընտրակարգի կանոնակարգումն ու ԱԺ համակարգի էության սահմանումը:
«Ո՞րն էր մղիչ ուժը, որ մենք գնում ենք ԸՕ փոփոխության: Երկու տասնամյակ ընտրությունները կեղծվել են՝ ընտրակաշառք բաժանելով, կառուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակաների փոխարեն քվեարկելով: Այս բոլորը հաշվի առնելով՝ ուզում ենք այս օրենքով այդ ամենը կարգավորել»,- ասաց նա:
Ի պատասխան` Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Օսկանյանին հիշեցրեց, որ նա իր պաշտոնավարման տարիներին որեւէ անգամ չի բարձրաձայնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Իսկ եթե, այնուամենայնիվ, նախկին արտգործնախարարը ճիշտ է, ապա այստեղից կարելի է հետեւություն անել, որ Օսկանյանը ոչ լեգալ է նշանակվել ԱԳ նախարար:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ-ի նախաձեռնած 4+4+4 ձեւաչափին՝ ասելով. «Մենք որեւէ իլյուզիա չունեինք, որ կոնսենսուս կլիներ: Փոխզիջումը, միմյանց տեսակետ լսելը դարձել են կարմիր գրքում գրելու ձեւակերպումներ: Կոնսենսուսի մասին խոսողների նպատակը աղմուկն էր ու իմիտացիան՝ որպես սուրճի հետ պարտադիր աքսեսուար, որ սոցիալական ցանցերում որոշ ռադիկալ աղանդավորական ստատուսագիրներ իրենց չմեղադրեին կոնսենսուսի չգնալու համար: Մինչդեռ մեր մասնակցությունը իմիտացիոն չի եղել: Մեր առաջարկների գերակշիռ հատվածը չի ընդունվել»:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՆՄՈՒՇՆԵՐ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
Արաբկիրի հարկային տեսչության խոշոր հարկատուների սրահում հաշվետվությունների նմուշները վաճառվում են՝ 1 էջը՝ 50 դրամով, իսկ 2 էջը՝ 100 դրամով: Սակայն գնորդներին ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե այս առեւտուրը որքանով է օրինական: Հարցին ի պատասխան՝ ՊԵԿ տեղեկատվության բաժնից փոխանցեցին, որ Կոմիտասի 35 հասցեում գործող խոշոր հարկ վճարողների եւ Արաբկիրի հարկային տեսչությունների հարկ վճարողների սպասարկման սրահում հաշվետվությունների ձեւաթղթերի վաճառք չի իրականացվել, չի իրականացվում եւ, բնականաբար, չի էլ կարող իրականացվել: «Ավելին՝ խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից սպասարկվող բոլոր կազմակերպությունները հարկային մարմին իրենց հաշվետվությունները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ Արաբկիրի ՀՏ կողմից սպասարկվող հարկ վճարողների` ավելի քան 92 տոկոսը էլեկտրոնային եղանակով է ներկայացնում հաշվետվությունները: Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների բոլոր ձեւերը զետեղված են ՀՀ ՊԵԿ ինտերնետային կայքում, եւ բոլոր հաշվետվությունների ավելի քան 90 տոկոսը հարկային մարմիններ է ներկայացվում էլեկտրոնային եղանակով»,-պատասխանեցին ՊԵԿ-ից: Սակայն նշեցին, որ եթե գործունեությունը եկամուտ ստանալու նպատակ է հետապնդում, եւ իրականացվում է առանց համապատասխան պետական գրանցման, այն է՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, ենթակա է պատասխանատվության: Հուսանք՝ ՊԵԿ նոր ղեկավարը կգտնի ձեւաթուղթ վաճառողներին եւ կենթարկի պատասխանատվության:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը անցած տարի բուռն առեւտրային գործունեություն է ծավալել: Նախարարի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 50 հազար դոլարով վաճառել է բնակարան, այնուհետեւ 37 մլն դրամով (ավելի քան 77 հազար դոլար) մեկ այլ բնակարան է գնել: 10 հազար դոլարով վաճառել է «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենան: Նա անցած տարի ունեցել է 8 մլն 350 հազար դրամ եւ 23 հազար դոլար: Որպես եկամուտ նախարարը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է մոտ 710 հազար դրամ: 60 հազար դոլար էլ նա հայտարարագրել է իբրեւ գույքի վաճառքից ստացված եկամուտ, 22 մլն էլ որպես փոխառություն է ստացել: Նախարարի կնոջ՝ Նաիրա Առաքելյանի դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 2 մլն 100 հազար դրամ եւ 2800 դոլար:
ԿԱՐԵՎՈՐԸ ԲԵՐՔ ԼԻՆԻ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում աճեցված բանջարանոցային մշակաբույսերի բերքի ավելի քան 80 տոկոսը գյուղացիները վաճառել են: Ի դեպ, վաճառված բերքի 42,5 տոկոսը վերամշակվել է: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում աճեցված բանջարանոցային մշակաբույսերի բերքը կազմել է 956 հազար 348 տոննա: