Ապրիլի 28-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մահացավ ծննդկան, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի, 38-ամյա Նաիրա Մուսայելյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած ծննդկանի հարազատները եւս չեն կարողանում հասկանալ կատարվածի պատճառը, սակայն կսպասեն՝ հասկանալու, թե ինչ կպարզեն իրավապահները:
Եվ այսպես՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելին՝ ըստ կոմիտեի` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն. Մուսայելյանը, որը ապրիլի 25-ին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է: Նախնական տվյալներով՝ ծննդկանի մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած ծննդկանի հարազատներից մեկը հայտնեց, որ դեռեւս իրենք էլ չգիտեն, թե ինչ է եղել, եւ ինչի հետեւանքով է Նաիրա Մուսայելյանը մահացել. «Մենք հիմա այն վիճակում չենք գտնվում, իրավապահները զբաղվում են, տեսնենք՝ ինչ կլինի»:
Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ մահացել է 38-ամյա ծննդկանը, պատկանում Է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավայի Արկադիկին:
Փորձաքննությունն ու պատգամավորի ԲԿ-ն
Դատելով մինչ օրս իրավապահների կողմից տարբեր բժշկական կենտրոններում մայրական մահացության եւ տարբեր նմանօրինակ դեպքերի քննության ընթացքից՝ պետք է նկատել, որ, ըստ էության, որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին՝ մինչ այս արձանագրված դեպքերը ցույց են տվել, որ բժիշկներին պատասխանատվության են ենթարկում այն դեպքում, երբ մահացածների հարազատները, մոռանալով կորստի ցավը եւ չտրվելով տարբեր շահագրգռությունների, պայքարում են անպատասխանատու մասնագետների դեմ: Սակայն սա էլ չի փրկում իրավիճակը: Փորձը ցույց է տվել, որ իրավապահների կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները մշտապես բժիշկներին ջրից չոր են դուրս բերում, իսկ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելուց հետո համապատասխան մասնագետները կաշկանդված են լինում որեւէ հիվանդանոցում աշխատող բժշկի գործողությունները սխալ կամ ճիշտ համարելով:
Իսկ ի՞նչն է խանգարում նրանց ազատ արտահայտվելուն: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում բժշկական կենտրոններ են բացում այդ ոլորտից միանգամայն անտեղյակ մարդիկ: Օրինակ՝ 1994թ. Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ավարտած, Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ աշխատած, «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ Արկադի Համբարձումյանը, ունենալով փող, որոշել է մի հատ էլ «հիվանդանոցի բիզնես դնել»:
Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ. «Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում»:
Իսկ արդյո՞ք օրենքով սահմանված կարգով ՀՀ առողջապահության նախարարությունը այդքան համարձակություն ունի ստուգում իրականացնելու ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող հիվանդանոցում, արդյո՞ք այնտեղի բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստում եւ, առհասարակ, ունեն համապատասխան գիտելիք՝ մարդկանց հիվանդությունն ախտորոշելու եւ ճիշտ բուժում տալու համար: Ի դեպ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրահանգով ծննդկանի մահվան դեպքի առթիվ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի տեղի ունեցածը, կտա մասնագիտական եզրակացությունը: Ինչպես միշտ:
Այս պատմության մեջ ուշագրավ է նաեւ այն, որ մահացած ծննդկանի հարազատները իրավապաներին չեն դիմել: Դեպքի մասին իրավապահներին ահազանգել են ԲԿ-ի աշխատակիցները:
Իսկ թե ինչ ցույց կտան ՀՀ քննչական կոմիտեի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, դժվար չէ կանխատեսել` հաշվի առնելով, թե ում է պատկանում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶՐՈՒՑԵԼՈՒ ԱՊՐԱՆՔ ՉԷ
Ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում թիվ 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի պատճառների շուրջ շարունակվում են մի շարք վարկածները առաջ քաշվել: Մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու պետք է Ռուբեն Բալյանը հարազատներից վրդովված լինելով՝ ցանկանար պայթեցնել իրեն կամ ավտոբուսում գտնվող անձանց: Անհասկանալի է մնում նաեւ, թե ինչպես է վերջինիս պայուսակում գտնվող տրոտիլ տեսակի զինամթերքը պայթել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում նախնական վարկած կա, որ զինամթերքը պայթել է պատահական:
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների եւ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա Ռուբեն Բալյանը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել: Վերջինս դեպքի օրը եղել էր ուսապարկով, ինչի մեջ էլ, ըստ ամենայնի, եղել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը:
Պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի:
Ու մինչ իրավապահները հայտարարում են, որ Ռուբեն Բալյանը խնդիրներ է ունեցել հարազատների հետ եւ ցանկացել պայթեցնել նրանց, Ռուբենի մայրը՝ Կլարա Բալյանը, վստահեցնում է, որ որդին երբեք չէր կարող որեւէ մեկին պայթեցնել կամ, առհասարակ, երբեք չի ասել, որ ցանկանում է պայթեցնել իր մորը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, երբ իրավապահները խուզարկություն են կատարել Ռուբեն Բալյանի տանը, հայտնաբերել եւ առգրավել են դեղնաշագանակագույն պայթյունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (ՒՌՑՌսՖ), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ:
Նշենք, որ այս օրերին իրավապահները փորձում են հասկանալ, թե որտեղից եւ ինչ ճանապարհով է Ռուբեն Բալյանը հայտնաբերել վերոնշյալ պայթյունավտանգ նյութերը: Արդյո՞ք նա այդ նյութերը ձեռք է բերել գիտությունների ազգային ակադեմիայում աշխատելու տարիներին, թե այլ ճանապարհով, փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ա. Կարախանյանից: Սակայն մեզ հետ զրույցում նա չցանկացավ խոսել 30 տարի առաջ իրենց մոտ աշխատած Ռուբեն Բալյանի մասին. «Ես ցանկություն չունեմ զրուցել մի մարդու մասին, ով դուրս է եկել երկրաբանության ինստիտուտից 1986 թվականին: Զրուցելու ապրանք չէ: Եթե Դուք ուզում եք զրուցել երկրաբանության ինստիտուտի մասին, ապա մենք շատ ավելի դրական կերպարներ ունենք, որոնց մասին կարելի է զրուցել, այլ ոչ թե մեկը, ով 30 տարի է` այստեղ չի աշխատում»:
Հավելենք, որ պայթյունից տուժած երթուղայինի վարորդ Սուրեն Ստեփանյանը մինչ օրս չի գնում աշխատանքի. վերջինս ականջի հետ կապված խնդիր ունի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶՈՐՔԵՐԸ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆ
ԼՂ ՊՆ տեղեկացմամբ` չնայած մայիսի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայց եւ այնպես առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների», – ասված է հաղորդագրությունում:
ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԿԱ՞
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը եւ կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ասել է, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ: «Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- ասել է Բաբայանը:
ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ին՝ երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում, վնասվել էին նրա գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել:
ՄԵՀՐԻԲԱՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ հետ նախօրեին այցելել է հայկական զինված ուժերի հետ շփման գծում գտնվող ադրբեջանական Թերթերի (Թարթառի), Բարդայի եւ Աղդամի շրջաններ: APA լրատվական գործակալության փոխանցմամբ. «Ադրբեջանի նախագահը ապրիլյան իրադարձությունների համար կրկին մեղադրել է հայկական կողմին եւ վստահեցրել, թե ադրբեջանական բանակը «արժանի հակահարված է տվել հայկական սադրանքին»: Ուշագրավ է, որ այս անգամ Ալիեւը չի խոսել «ազատագրված տարածքների» մասին:
ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Ռուսաստանի հետ պատերազմ չեն ուզում, սակայն Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է լինեն վճռական, խելացի եւ ուժեղ։ «Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում, չենք ցանկանում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի եւ սառը պատերազմի մեջ», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` նշելով, որ ՆԱՏՕ-ն նաեւ մտադիր է ուժեղացնել իր ռազմական բազաները Արեւելյան Եվրոպայում, այդ թվում` Սեւ ծովում։