ԻՆՉՈՒ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսումն է: Կոռուպիցիոն ամենատարբեր մեխանիզմներով գործող Հայաստանի պետական հիմնարկներում պետբյուջեի միջոցները մսխվում են յուրովի: Օրինակ՝ շատ է արծարծվում հարցը, թե գիտության ոլորտի ներկայացուցիչների վարձատրությունը ցածր է: Սա իսկապես լուրջ խնդիր է: Բայց պարզվում է, որ նույնիսկ այնտեղ ամեն ինչ նորմալ չէ:

Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ը փոքրիկ հետաքննություն իրականացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների թվաքանակի շուրջ եւ բավականին ուշագրավ իրողություն բացահայտեց: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Երեւանի Գ. Լուսավորիչ 15 հասցեում տեղակայված տնտեսագիտության ինստիտուտում, երկու հարկը միասին վերցրած, ամեն օր աշխատանքի է հաճախում մոտ 35 աշխատակից: Նրանք ունեն մշտական աշխատասենյակներ (տես՝ մեր կողմից կազմված աշխատասենյակների քարտեզ-լուսանկարը): Դժվար թե այդ ինստիտուտում լինեն աշխատակիցներ, որոնք իրենց տանն են գործունեություն ծավալում՝ հեռակա կարգով:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը հարցում արեց՝ պարզելու, թե պաշտոնապես, այսպես ասած, գրանցված քանի՞ աշխատակից ունի ինստիտուտը: Կադրերի բաժնի վարիչ Ռ. Կարապետյանը մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացեց, որ. «Ինստիտուտն ունի 63 աշխատող, եւ նրանց միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ»: Ստացվում է, որ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի 28 աշխատակիցներ կա՛մ գրանցված չեն, կա՛մ աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձ են ստանում: Մենք փորձեցինք նաեւ ՀՀ պետեկամուտների կոմիտեից պարզել, թե քանի աշխատողի հարկ է վճարում նշված ինստիտուտը, սակայն շաբաթներ շարունակ ՊԵԿ-ը ձգձգեց մեր հարցի պատասխանը: Հավանաբար թաքցնելու բան կար:
Սակայն «Ժողովուրդ»-ն իր աղբյուրների միջոցով կարողացավ ձեռք բերել գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների եկամտային հարկի եւ սոցիալական վճարների ամսական հաշվարկը, որը միանգամայն այլ պատկեր է ուրվագծում: Եւ այսպես՝ համաձայն ինստիտուտից «թաքուն» ձեռք բերված փաստաթղթի՝ 2016 թվականի հունվարին գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը 71 աշխատակիցների համար վճարել է մոտ 9 մլն դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ միջինը մոտ 118 հազար դրամ աշխատավարձ են ստացել ինստիտուտի բոլոր 63 աշխատակիցները: Փետրվարին աշխատակիցների թիվը 81-ն է եղել, իսկ մարտին ինստիտուտը արդեն 80 աշխատակիցների համար է աշխատավարձ վճարել՝ մոտ 10 մլն 800 հազար դրամի չափով:
Եթե փորձենք վերջին՝ մարտի տվյալով հաշվարկ իրականացնել, այսպիսի իրավիճակ կձեւավորվի. ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, որը փաստացի ունի 35 կամ առավելագույնը 40 աշխատակից, մարտին հարկային մարմնին ներկայացրել է 80 աշխատակիցներին վճարված աշխատավարձի ցանկ՝ իր եկամտային հարկով ու սոցիալական վճարներով: Այսինքն՝ աշխատակիցների ուղիղ կեսի՝ 40 հոգու գումարը անհասկանալի է, թե որտեղ է կորել: Խոսքը մոտ 5 մլն դրամի մասին է: Իսկ եթե հաշվարկը կառուցենք ԳԱԱ՝ մեզ տրամադրած տվյալների հիման վրա, այսինքն՝ հավատանք, որ իսկապես ինստիտուտում կա 63 աշխատակից, ստացվում է, որ 17 հոգու աշխատավարձ է հօդս ցնդել: Ինչպե՞ս է ստացվել, թերեւս դժվար չէ կռահել՝ լավ իմանալով մեր երկրում առկա բարքերը եւ պետական բյուջեի միջոցների նկատմամբ պետական հիմնարկների ղեկավարների վերաբերմունքը: Պետբյուջեի գումարներից «գրպանելը» ընկալվում է «պետությանը հասնում ա» ձեւակերպմամբ «վաստակած» գումար:
Ինչպես մի առիթով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հո կոռուպցիան պոզով-պոչով չի լինում:
Նշենք, որ այս ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներից մեկը բավականին վեհ է. «ներառում է մասնավորապես հետեւյալ թեմաները` հակաճգնաժամային միջոցառումներն աշխարհում եւ Հայաստանում, հարկման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում, ձեռնարկատիրության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, հարկային բեռի գնահատման հիմնահարցերը եւ հավասարաչափ բաշխման խնդիրները ՀՀ-ում, ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի բարելավման հիմնախնդիրները` հակաճգնաժամային արդյունավետ մեխանիզմների մշակման համատեքստում»: Թե ինչ առաջընթաց ունենք այս ոլորտում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու է հայտնի. Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով գահավիժում է անդունդը, սակայն այս ինստիտուտին պետությունը շարունակում է լուրջ ֆինանսական միջոցներ տրամադրել, որոնք էլ, փաստորեն, ամբողջությամբ նպատակին չեն ծառայում:
Հիշեցնենք, որ ինստիտուտի տնօրենը՝ Վլադիմիր Հարությունյանը, եղել է «Նաիրիտ» գործարանի,ՀԷՑ-ի ֆինանսական գծով տնօրենը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ հարկային մարմնում ու շատ լավ է տիրապետում ֆինանսների տեղաշարժի արվեստին այնպես, որ գրպանի հոսքը չդադարի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՀԷՑ-Ը ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵ՞Ր Է ԱՐԵԼ

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի բնակչուհի Լիաննա Գենջոյանը, ով բողոքում է, որ կոմունալ վարձավճարը, հատկապես փետրվար, մարտ ամիսների էլեկտրաէներգիայի վարձը, անտրամաբանական թվերի է հասնում: Լ. Գենջոյանի պնդմամբ՝ էներգիայի ծախսը ավելի շատ է, քան իրականում սպառում է:

«Ես տեւական ժամանակ այստեղ՝ Հայաստանում չեմ ապրել: Այս տարվա փետրվարի 13-ին եմ Հայաստան վերադարձել, իսկ մինչ այդ մեր տանը ոչ ոք չի ապրել: Մայրս էր մահացել, եկանք… Փետրվարի վերջին էլեկտրիկն ասաց, որ պետք է սպառած էլէներգիայի վարձը վճարեմ, որը կազմել էր 30 հազար դրամ: Ես վճարեցի, բայց կարծում էի, որ դա փետրվար եւ մարտ ամիսների սպառած էլէներգիայի չափն է»,- ներկայացրեց Լիաննան: Սակայն օրեր անց բնակչուհին պարզել է, որ սպառած էլէներգիայի վճարած 30 հազար դրամը վերաբերում է միայն փետրվար ամսին: Իսկ, ահա, հաջորդ ամսվա վերջին պարզվեց, որ մարտին նույնպես նույն քանակությամբ էլէներգիա է սպառել:
«Այս հարցով ես նույնիսկ զանգ եմ տվել Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ ծառայություն, սակայն օրերով հեռախոսի չեն պատասխանել: Այնուհետեւ գնացի «Հայաստան էլեկտրական ցանցերի» տեղամասային բաժանմունք, բացատրություն պահանջեցի: Բայց վերջինս շատ կոպիտ տոնով գոռաց՝ տիկի՛ն, դո՛ւրս եկեք, մենք Ձեզ հետ խոսելու բան չունենք»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը: Ապա ավելացրեց, որ իր հարեւանները նույնպես պնդում են, որ իրենց սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարների չափը անտրամաբանական թվերի է հասնում:
«Ես ձեզ համար մի օրինակ բերեմ. մեր տան հարեւանությամբ մի խանութ է աշխատում, որտեղ կա երեք սառնարան: Դրանք ողջ օրը միացված են էլեկտրականությանը: Բայց տվյալ խանութի տնօրենը յուրաքանչյուր ամսվա վերջին վճարում է 400 ԿՎ, իսկ ես միայնակ բնակիչ եմ, բայց վճարել եմ 640 ԿՎ: Երդվում եմ, որ իմ տանը ո՛չ հեռուստացույց է միացած, ո՛չ լվացքի մեքենա եւ ո՛չ էլ արդուկ: Տանը մի համակարգիչ է միացված եւ մի էլեկտրալամպ: Բայց ով լսում է, զարմանում է, թե ինչպես կարող է այսքան շատ գրվել»,- զայրացած նկատեց Լիաննան: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ էլեկտրական ցանցերի տեղամասային տեսուչի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:
Իսկ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ կուսումնասիրեն խնդիրը եւ առաջիկայում մանրամասներ կներկայացնեն: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ կպարզի, թե ՀԷՑ-ը լուծե՞լ է բնակչի կողմից բարձրաձայնված խնդիրը, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ՋՈՒՆԳԼԻՆ» ՀԱՆԵԼ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ապրիլի 13-ից ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ Սարգիս Ղուկասյանի` կեղծ ԱՄՆ դոլարների գործով դատավարությունը: Այս քրեական գործով հերթական դատական նիստը նշանակված է մայիսի 4-ին: Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 29-ի կեսօրին Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում գործով չպարզված հանգամանքներում, չպարզված անձանցից իրացնելու նպատակով ձեռք է բերել լազերային եւ հարթ տպարանային տպագրման եղանակով պատրաստված 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնցից մեկն իրացրել է Բագրատաշեն գյուղում գտնվող մսի վաճառքի կետում, երկուսը` խանութում, մեկը` Պտղավան գյուղի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում, իսկ մնացած թղթադրամները պահել իր գրպանում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքում, անձնական խուզարկության ժամանակ: Այս քրեական գործով որպես իրեղեն ապացույցներ դատարան են ներկայացվել կեղծ թղթադրամները եւ գնված «Արարատ» կոնյակի շիշը: Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ իրացնելը): Սույն հոդվածը նախատեսում 3-7 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ս. Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ: Այս քրեական գործով 2015թ. նոյեմբերի վերջին ձերբակալվել էին նաեւ Սարգիս Ղուկասյանի քեռին՝ «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը, եւ Սիրիայի քաղաքացի Մուհակ Արաբանին: Սակայն «Ջունգլը» եւ Արաբանին չկան քրեական գործում: Եթե նրանք էլ քրեական գործով ներգրավված լինեին, ապա մեղադրանք կառաջադրվեր կազմակերպված խմբի կողմից կեղծ 100 դոլարանոցներ իրացնելու հոդվածով, որն էլ բնականաբար ավելի խիստ պատիժ է ենթադրում: Հավելենք, որ 2014թ. հուլիսի 15-ին Երեւանի Նոր Նորք թաղամասում ծեծի հետեւանքով մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը եւ նրա քրոջ որդի Սարգիս Ղուկասյանն ամիսներ անց ազատ են արձակվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս