Ուղիղ չորս տարի առաջ այս օրը ողջ հայ ազգը փոթորկվեց, երբ հրապարակվեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Ամիսներ շարունակ (եթե ոչ տարիներ) տեւած գաղտնի բանակցություններից հետո ի վերջո հանրությանը հասու դարձած այդ փաստաթղթերի բովանդակությունը սառը ցնցուղ էր բոլոր այն մարդկանց համար, որոնք կարծում էին, թե նժդեհյան գաղափարախոսության հետեւորդ համարվող ՀՀԿ ղեկավարն ավելի ազգայնական է, քան Ռոբերտ Քոչարյանը: Հայ-թուրքական արձանագրությունները եկան ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը «ռեալ պոլիտիկի» կողմնակից է` զերծ էմոցիոնալ բարդույթներից: Ցեղասպանության հարցի քննարկմամբ զբաղվող միջկառավարական հանձնաժողով ստեղծելու համաձայնությունը հենց այդպիսի մոտեցմամբ բացատրող Սերժ Սարգսյանը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երաշխավոր նշում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին` հրապարակավ հայտարարելով, թե եթե թուրքերը մեզ խաբեն, ապա դա կնշանակի, որ նրանք խաբում են ԱՄՆ-ին: Թե ինչի հանգեցրեց նման տրիվիալ մտածողությունը, վաղուց արդեն հայտնի է: Այդ տխրահռչակ արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, ինչպես եւ սպասելի էր, թուրքերը որեւէ քայլ չարեցին, սակայն անգամ չվավերացված վիճակում՝ Թուրքիայի սահմանների անխախտելիությունը եւ Ցեղասպանության հարցով զբաղվող միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն իր մեջ պարունակող փաստաթուղթը, որի տակ առկա է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրությունը, նշանակալի գործիք է թուրքերի ձեռքին: «Գործընթացի ցանկացած ելքի դեպքում մենք այդ գործընթացից դուրս ենք գալու ավելի ուժեղացած»,-չգիտես ինչու՝ համոզված պնդում էր Սերժ Սարգսյանը: Անցած չորս տարիները, սակայն, ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս գործընթացից Հայաստանը ոչ միայն ուժեղացած դուրս չեկավ, այլեւ կանգնեց նորանոր խնդիրների առջեւ: Հենց միայն Հայաստան-սփյուռք հարաբերություններում առաջացած խզումն արդեն իսկ այնպիսի լուրջ հարված էր մեր ազգային միասնականությանը, որ եթե անգամ այլ վնասներ չլինեին էլ, դա արդեն բավական էր: Սակայն, ինչպես տեսանք, տխրահռչակ արձանագրությունները նաեւ տորպեդահարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, ինչի արդյունքում թուրքական իշխանությունները էլ ավելի լկտի դարձան իրենց հայտարարություններում, իսկ Հայաստանի` մանեւրելու հնարավորություններն էլ ավելի նվազեցին: Եվ այսօր` արձանագրությունների հրապարակումից 4 տարի անց եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկուկես տարի առաջ, ակնհայտ է, որ, ինչպես եւ մնացած բոլոր ասպարեզներում, այս հարցում եւս Սերժ Սարգսյանը տանուլ է տվել Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերը:
ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ