Հովիկ Աբրահամյանն ի վերջո չդիմացավ. «խաչակրաց արշավանք» կոռուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարելի է հայտարարել, որ Հովիկ Աբրահամյանը երկու տարի որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարելուց հետո, ի վերջո, չդիմացավ եւ ինքն էլ հայտարարեց կոռուպցիայի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու մասին:
Այո՛, այո՛, ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանն աշխարհացունց ելույթ ունեցավ: Նա նախ հայտարարեց, որ պատրաստվում է կրճատել պետական ապարատի ծախսերը: «Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»,- ազդարարեց վարչապետը:

Ծախսերի կրճատումն արտահայտվելու է նաեւ պետական ծառայողների թվակազմի կրճատումով. «Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Սակայն «ամենացնցողը» Հովիկ Աբրահամյանի խոսքի այն հատվածն է, որը վերաբերում է կոռուպցիային. «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով:

Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում… Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Միանգամից նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքար ծավալելը էկզոտիկայի շարքից է: Ճիշտ այնպես, ինչպես նրա նախորդի: Օրինակ՝ երբ ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության գրեթե բոլոր նիստերից առաջ մինի դասախոսություններ էր կարդում ներկա պաշտոնյաների համար, այդ թվում նաեւ կոռուպցիայի դեմ անողոք պայքարելու թեմայով, այդ տեսարաններին հանրությունն արդեն ընտելացել էր:

«Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին»,- սա էլ Աբրահամյանի նախորդի` Տիգրան Սարգսյանի դեռեւս 2009-ի դեկտեմբերին հնչեցրած ելույթից է:

Բայց Սերժ Սարգսյանն էլ գեղեցիկ ելույթներից հետ չի մնացել: Նա առնվազն տարին մեկ անգամ հայտարարում է կոռուպցիայի դեմ անողոք պայքար սկսելու մասին: Օրինակ՝ այս տարի փետրվարի 12-ին ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանին ներկայացնելիս նա ասել էր. «Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երեւույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը»: Նույն օրը նախագահականում հնչեցրած իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը.

«Տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների եւ վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Հայաստանը պաշտոնյաների սիրուն խոսքերի, խոստումների, բոլոր տեսակի արատավոր երեւույթների դեմ անողոք պայքարելու մասին հայտարարությունների պակասություն երբեք չի ունեցել: Ավելին՝ մեկը մյուսից ճոռոմ եւ երկարաշունչ է եղել, բայց դրանից երկրում ոչինչ չի փոխվել: Մոտ 40 պաշտոնյաներ, այդ թվում նաեւ ելույթ ունեցողների ընտանիքները շարունակում են տնօրինել Հայաստանը` մեջ-մեջ անելով պետության ստեղծած բարիքները:

Բայց ողջ խնդիրն այն է, որ ներկա իրողության մեջ կոսմետիկ ձեւափոխություններով հանրությանն այլեւս չես խաբի, եւ ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ինչքան շուտ իրենք իրենց առաջնորդի` Սերժ Սարգսյանի հետ իշխանությունից հեռանան եւ թույլ տան, որ Հայաստանը զարգանա, այնքան լավ կլինի երկրի եւ իրենց համար: Այդ դեպքում իրենց թալանածի մի մասը գուցե կկարողանան որպես գործարարներ տնօրինել: Թե չէ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված օդի տատանումների են նմանվում նման ելույթները, որոնց 1 տոկոսն անգամ կյանքի չի կոչվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս