ԴԵՍՊԱՆԸ ԵՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով հայաստանյան ՀԿ-ների կողմից ԵՄ տրամադրած դրամաշնորհների յուրացմանը, ասաց. «Իհարկե, տխուր փաստ է, սակայն եկեք ճիշտը խոսենք, այս բոլոր դեպքերը, որոնք հայտնվել են եւ հայտնվելու են հայաստանյան իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բացահայտվել են ԵՄ պաշտոնյաների կողմից»:

-Պարո՛ն Սվիտալսկի, մարտի 23-ին պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ են հափշտակվել, ինչի արդյունքում կան կալանավորված անձինք: Հաշվի առնելով կատարվածը՝ կասե՞ք, թե ԵՄ-ն ինչ մեխանիզմներով է ստուգում՝ արդյո՞ք տրամադրված գումարը նպատակային են օգտագործում:
-Որոշ անհատների կողմից ԵՄ դրամաշնորհների յուրացման փաստը, իհարկե, տխուր զարգացում է, սակայն եկեք ճիշտը խոսենք, այս բոլոր դեպքերը, որոնք հայտնվել են եւ հայտնվելու են հայաստանյան իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բացահայտվել են ԵՄ պաշտոնյաների կողմից: Սա ցույց է տալիս, որ մեր աուդիտը եւ վերահսկման մեխանիզմը լավ են աշխատում, եւ մենք կարող ենք հայտնաբերել խախտումների նման դեպքեր: Մենք շատ գոհ ենք, որ հայաստանյան իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձնում բացահայտված այս դեպքերին, քանի որ հավատացած ենք՝ նման դեպքերի պարագայում լուրջ վերաբերմունքն ամենաճիշտն է: Ամենուր, ցանկացած հասարակության մեջ էլ կան մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով, միգուցե ագահության, փորձում են յուրացնել գումարներ, սակայն այս դեպքերի առնչությամբ մենք չպետք է կազմենք միայն ընդհանրական եզրակացություն: Եկեք՝ սա ընդունենք որպես դաս այն մյուս դիմորդների համար, ովքեր չեն հետապնդում անկեղծ եւ ազնիվ նպատակներ: Լիահույս ենք, որ այս երկու դեպքերը ավարտին կհասցվեն, եւ դրանք չեն ազդի մեր համագործակցության վրա:
-Արդյո՞ք այս դեպքերը չեն հանգեցնի ԵՄ-ից հայաստանյան ՀԿ-ներին տրամադրվող գումարների կրճատմանը:
-Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արդիականացնել երկիրը եւ օգնել հայաստանցիներին ունենալ բարելավված կենսապայմաններ: Նման դեպքերը, որոնք մեր գործունեության փոքր մասն են կազմում, իհարկե, ինչ-որ չափով ստվեր են գցում մեր համագործակցության վրա, սակայն դրանք միանշանակ չեն փոխի մեր ընդհանուր ռազմավարությունը: Մենք տարեկան ծախսում ենք ավելի քան 20 մլն եվրո քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական կազմակերպությունների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրերի վրա, դա մեր ռազմավարության մի մասն է, եւ մենք այն շարունակելու ենք: Մեր քաղաքականության եւ համագործակցության վրա կարող է ազդել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր վիճակը: Մենք պետք է հիշենք՝ ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, որտեղ կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով ԵՄ-ն որոշեց դադարեցնել բյուջետային աջակցությունը, սակայն Հայաստանի իշխանությունների լուրջ վերաբերմունքի առկայության պարագայում հուսամ՝ կխուսափենք Մոլդովայի սցենարից:
-Կատարվածում ԵՄ աշխատակիցների մեղքը չեք տեսնո՞ւմ: Ի վերջո, խոսքը մոտ 65 միլիոն դրամ հափշտակության մասին է:
-Դատարանը կորոշի մեղավորներին եւ պատասխանատուներին: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ընթացակարգերն ապացուցեցին իրենց արդյունավետությունը: Այս դեպքերը բացահայտած պատվիրակության պաշտոնյաները ցուցաբերեցին բավարար զգոնություն, մենք կարողացանք անցնել խրթին եւ երկարատեւ գործընթաց՝ ներառյալ ԵՄ խարդախությունների դեմ պայքարի բաժնի ընթացակարգերը եւ հայաստանյան իշխանությունների ուշադրությունը հրավիրեցինք այս դեպքերին: Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Կարող եմ ասել, որ մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացը արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված եւ վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում: Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը:
-Իսկ Հայաստանում ումի՞ց է ԵՄ-ն խորհուրդ վերցնում նախքան որեւէ դրամաշնորհ տրամադրելը:
-Մեր ընթացակարգը շատ հստակ է. այն սկսվում է հայտադիմումների ներկայացման մրցույթով, որին հետեւում է հայտադիմումների մանրազնին ուսումնասիրությունը, այնուհետեւ գնահատումը, որն իրենից ներկայացնում է բավականին թափանցիկ ընթացակարգ: Մեզ համար ամեն ինչ տեսանելի եւ թափանցիկ է, չկա եւ չի կարող լինել որեւէ գաղտնիք: Շահերի բախումից խուսափելու համար հստակ են նաեւ մեր կանոնները: Անցկացնում ենք ստուգումներ, ընդ որում, ոչ միայն ընթացակարգի սկզբում, այլեւ գնահատումից, հաղթող ընտրելուց հետո, ինչպես նաեւ ընդհուպ պայմանագիրը ստորագրելուց առաջ: Վերջերս նմանօրինակ դեպք եղավ, երբ լրացուցիչ ստուգումների արդյունքում պայմանագիր չստորագրվեց հաղթող կազմակերպության հետ: Բայց ինչպես արդեն նշեցի, երբեմն նույնիսկ լավ մարդիկ տարբեր պատճառներով դիմում են վատ քայլերի: Սա կյանք է, մենք չենք կարող կանխել նման դեպքերը բոլոր երկրներում: Նման դեպքեր պատահում են համարյա բոլոր երկրներում, Հայաստանը բացառություն չէ, բայց լավն այն է, որ ԵՄ-ն երկար տարիների ընթացքում մշակել է նման դեպքերը վերլուծելու ընթացակարգ, քանի որ բացահայտված դեպքերը մի քանի տարի առաջ տրված դրամաշնորհներ էին, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացել ենք հետեւել, տեսնել, որ ինչ-որ բան այն չէ: Մինչ պաշտոնական գործընթացը սկսելը, մենք փորձում ենք մեր շահառուների հետ պարզաբանել երեւան եկած խախտումները եւ խնդիրները, երբեմն մեր կասկածները չեն հիմնավորվում, երբեմն ականատես ենք լինում, որ խախտումները վատ մտադրության արդյունք չեն հանդիսանում, բայց երբ մենք տեսնում ենք, որ որեւէ մեկը խուսափում է մեզ հետ հաղորդակցվելուց կամ անհրաժեշտ բացատրություն տալուց, ստիպված սկսում ենք ֆորմալ ընթացակարգ, որը նման դեպքերում ավարտվում է հայկական իշխանություններին ուղղված՝ գործը դատարան հանձնելու խնդրանքով: Ամեն դեպքում այս դեպքերը չեն ազդի Հայաստանում մեր ընդհանուր ռազմավարության վրա: Ավելի ու ավելի ՀԿ-ներ են դիմում մեր դրամաշնորհային ծրագրերին: Հենց վերջերս ենք սկսել հատկապես սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում գործող ՀԿ-ների աջակցությանն ուղղված բազմամիլիոնանոց խոշոր ծրագիր:
-Երբ միջազգային կառույցները գումարներ են տրամադրում այս կամ այն գերատեսչությանը կամ կազմակերպություններին, Հայաստանում սովորաբար ընդունված է նրանց ասել «գրանտակեր», արդյո՞ք եվրոպական երկրներում եւս նման արտահայտության հետ առնչվել եք:
-Ես չգիտեմ՝ նման արտահայտություն կա, թե ոչ, սակայն ուզում եմ նշել, որ ցանկանում ենք ընդլայնել ԵՄ-ի հետ համագործակցող ՀԿ-ների ցանկը: Այդ իսկ պատճառով ՀԿ-ների մասով ծրագրի շրջանակներում պնդում ենք ենթադրամաշնորհների տրամադրման գաղափարի ներդրումը: Այսինքն՝ ՀԿ-ներին տրամադրվող մեծ գումարները նաեւ պետք է բաշխվեն այլ ՀԿ-ների միջեւ, հատկապես մարզերում: Մեր քաղաքականությունն է այժմ գնալ դեպի մարզեր եւ աջակցել այնտեղի ՀԿ-ներին: Սակայն հայաստանցիները պետք է ինչ-որ կերպ գտնեն նաեւ ՀԿ-ների գործունեության ներքին ֆինանսավորման աղբյուրներ: ՀԿ-ների մասին նոր օրենքը կարող է լինել շրջադարձային, քանի որ այն հնարավորություն կտա ՀԿ-ներին ստանալ գումար ծառայությունների դիմաց: Շատ կարեւոր է նաեւ դիտարկել այլ երկրների փորձը: Եթե ՀԿ-ները կարողանան հիմնվել ներքին ֆինանսավորման վրա, այն ոչ միայն կնպաստի քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացմանը, այլեւ ՀԿ-ներին ավելի քիչ կախյալ կդարձնի միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից: Այդ հարցի առնչությամբ կան շատ այլ լուծումներ, օրինակ՝ կան երկրներ, որտեղ քաղաքացիները կարող են հարկերից մեկ-երկու տոկոս հատկացնել ՀԿ-ներին: Լեհաստանում հատկացնում են մեկ տոկոս, Լիտվայում՝ երկու, ես ինքս ամեն տարի այդպես եմ անում, եւ ես կարող եմ հազարավոր ՀԿ-ների անուններ տալ, որոնք իրավասու են ստանալու այդ գումարը: Դրամաշնորհներից այս կախյալ վիճակը, հուսով եմ, կփոխվի, սակայն շատ բան կախված է Հայաստանի կառավարության քաղաքականությունից. եթե նրանք ընդունեն համապատասխան օրենք, ապա միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում փոքրաքանակ խոշոր ՀԿ-ների այս մենաշնորհը կվերանա:
-Իսկ, հնարավո՞ր է յուրացված գումարները հետ վերադարձնել:
-Դա կախված է դատարանից եւ կայացված վճռից: Մենք պետք է հիմնվենք դատարանի վճիռների վրա, կորուստները վերականգնելու այլ ճանապարհ մենք պարզապես չունենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 
ԿԴԻՄԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
«Ժողովուրդ»-ը 2015 թվականին անդրադարձել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից մի շարք քաղաքացիների գույքը հափշտակելու դեպքին: Պարզվում է, որ Սպարտակ Դանիելյանը պաշտոնյայի որդի է:
Գրել էինք, որ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել էին իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Տարբեր վայրերում փակցված հայտարարություններից գնորդները տեղեկացել են վաճառքի հանված ապրանքի մասին, զանգահարել` ցանկություն հայտնելով գնել այն: Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է: Երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ու երբ քաղաքացիների հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ այս ամենի հետեւում կանգնած է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպատակ Դանիելյանը: Ավելին՝ հայտնի էր դարձել որ նա շուրջ 40 քաղաքացուց խարդախությամբ տարբեր իրեր էր հափշտակել, որից 20-ը անջատվել եւ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Երեւան քաղաքի բնակիչ Սուսաննա Առաքելյանը եւս հայտնեց, որ ինքը Սպարտակ Դանիելյանի գործողություններից տուժածներից մեկն է. «Ես բնակարան ունեի Մաշտոցի պողոտայի վրա, եւ վաճառել էին այն: Ինձ մի օր զանգահարեց Արմեն անունով մի տղա եւ հայտնեց, որ բրոկեր է եւ զբաղվում է բնակարանների առք ու վաճառքով: Դե, ես էլ բնակարանս վաճառել էի, ցանկանում էի նոր բնակարան գնել: Արմենը, որը ինձ ներկայացել էր բրոկեր, ասաց, որ Օրբելու վրա տուն ունի եւ այն վաճառում է: Այնքան անկեղծ ու գրագետ տղա էր, որ ոչ ոք իրենից երբեք վատ բան չէր սպասի: Ինձ համոզել էր այնպես, որ որոշեցի, բնակարանիս գումարի 45 հազար դոլարը տվեցի իրեն: Ինչ ասեմ, խաբեց ու անհետացավ` թողնելով մեզ առանց տուն: Ես մի կերպ եմ կարողացել իր ընտանիքից իմ բնակարանի գումարը խնդրել, եւ ընդամենը 5000 դոլարն են հետ վերադարձրել, իսկ 40 հազար դոլարը այդպես էլ չեմ կարողանում վերադարձնել»:
Ըստ տիկին Սուսաննայի՝ Արմեն անունով իրեն ներկայացած երիտասարդը իրականում Սպարտակ Դանիելյանն էր, իսկ, ահա, Օրբելու վրա գտնվող բնակարանն էլ միանգամայն այլ մարդու էր պատկանում, որն այն վաճառքի էր հանել:
Ի դեպ, նշենք, որ Սպարտակ Դանիելյանի գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիները պատրաստվում են դիմել ՀՀ արդարադատության նախարարին, քանի որ տեղեկություններ կան, որ Սպարտակ Դանիելյանը ՔԿՀ-ում արտոնյալ կարգավիճակում է գտնվում, ինչի արդյունքում կարողանում է մի շարք մարդկանց թալանել:
Հավելենք, որ Սպարտակ Դանիելյանը այնքան էլ պատահական մարդ չէ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինիս հայրը՝ Արսեն Դանիելյանը, աշխատում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում որպես տեսչական հսկողության բաժնի պետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս