ԱՐՄԵՆՉԻԿԻ ԱՐԱՐՔԸ` ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ, ԹԵ՞ ԹԱՍԻԲՈՎ ՔԱՅԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ համացանցում հայտնվեց ամիսներ առաջ վաստակավորի կոչում ստացած ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի (Արմեն Գոնդրաչյան) մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա Քարվաճառում օգնություն է բաժանում զինվորներին եւ երգում, հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ: Մեր հայրենակիցների մի ստվար զանգված սոցցանցերում սկսեց քննադատել նրա այդ քայլը` զինվորներին հերթ կանգնեցնելն ու ամեն մեկին տոպրակով օգնություն բաժանելը, այն տեսանկարահանելն ու համացանցում տարածելը որակելով որպես ցուցադրական եւ զինվորների համար նվաստացուցիչ երեւույթ:

Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ով ի դեպ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլից սկիզբ առած լարված իրավիճակից հետո հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով` ընդգրկելով նաեւ հանրության այն զանգվածներին, որոնք իրենց հնարավորությունների չափով ցանկություն են հայտնել օգնելու հայ զինվորներին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն զինվորի մի փոքր տոպրակ օգնություն հանձնելու գործընթացը նկարահանելն ու տարածելը տգեղ երեւույթ է. «Երբ մենք զինվորների համար անձրեւանոցներ էինք հավաքում, ՊՆ պաշտոնյաների կողմից խիստ զայրացած եւ մեղադրական ելույթներ հնչեցին. նրանք նշում էին, թե բանակը ապահովված է նման իրերով: Բայց մենք հո չէի՞նք ասում, թե դա այդպես չէ, հո չէի՞նք մեղադրում, ընդամենը փորձում էինք մեր չափով օգնել: Հիմա այդ պաշտոնյաները թող ուշադրություն դարձնեն Արմենչիկի արարքին: Չէ՞ որ մեր երախտապարտությունը հայ զինվորներին պետք է հայտնենք հարգանքով, առանց նրանց արժանապատվությանը դիպչելու»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ երբ իրենք օգնություն են տարել Արցախ, այն հանձնել են տվյալ զորամասի հրամանատարին: Նկարչուհու խոսքով` նույն կերպ կարող էր վարվել նաեւ Արմենչիկը:
Զ. Մուրադյանը նաեւ նշեց, որ որոշ քաղաքացիներ իրեն մեղադրել են զինվորներին ուղղված օգնությունը հանրայնացնելու համար եւ շեշտեց. «Ես հաշվետու եմ հանրության այն զանգվածների առաջ, որոնք օգնել են զինվորներին, այդ պատճառով էլ հրապարակում եմ որոշ տեղեկություններ»:
Պետք է նկատել նաեւ, որ համացանցում քիչ չեն Արմենչիկին պաշտպանողները: Նրանցից ոմանք տարածել են այն տեսանյութը, որտեղ Արմենչիկը երգում է զինվորների եւ կամավորականների համար` մեկնաբանելով, որ երգիչն իր դրսեւորումներին համապատասխան եւ իր «հասկացածի չափով» փորձել է օգնել զինվորներին: Երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանը, օրինակ, Զարուհի Մուրադյանի հետ ֆեյսբուքյան բանավեճում նկատել է. «Հայրենական պատերազմի օրերին էլ ռազմաճակատ էին մեկնում ամենատարբեր որակի երգիչ-երաժիշտներ, գուսաններ, աշուղներ` զինվորների ոգին բարձրացնելու համար…Հիմա այս տղան արել է իր սրտից բխածը… Մի՞թե արժե այդքան քարկոծել»:
Սրան ի պատասխան՝ Զ. Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տատիկն էլ եղել է ջազ երգչուհի եւ Հայրենական մեծ պատերազմի օրերին գնացել է ռազմաճակատ ու երգել զինվորների համար, բայց չի բարձրաձայնել այդ մասին, ոչ էլ երբեւէ անդրադարձել է իր տարած օգնությանը:
Արմենչիկին պաշտպանողների շրջանում իշխում է նաեւ մեկ այլ կարծիք, ըստ որի՝ 2010-ին երգչի` Ստեփանակերտում նախատեսված համերգի ձախողումից հետո Արցախ մեկնելու եւ զինվորներին օգնություն ցուցաբերելու նրա քայլը «թասիբի» նշան է:

 

 

 
ՈՐՔԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐԱՁԵՎ

Գրեթե կես ամսից արդեն ամառ է, ուստի ժամանակն է մտածել զգեստապահարանները թարմացնելու եւ այն թեթեւ, գունագեղ հագուստով, ինքնատիպ աքսեսուարներով հագեցնելու մասին: Ջերմաստիճանի բարձրանալուն զուգահեռ վերելք է ապրում նաեւ մեր տրամադրությունը, այնպես որ բոլորս շտապում ենք մեզ հարմար հագուստ ընտրել: Այդ հարցում, իհարկե, կարող ենք հույսը դնել միայն մեզ վրա, բայց, թերեւս նոր սեզոնի պահանջներին եւ նորաձեւության վերջին միտումներին ծանոթանալու համար արժի դիմել մասնագետի օգնությանը: «Ժողովուրդ»-ը ամառային նորաձեւության այս տարվա միտումների մասին զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:

Նա նախ անդրադարձավ սեզոնի գունային գամմային` նկատելով, որ նորաձեւ են ջերմ, բայց եւ բնական երանգները: Ոճաբանի խոսքով` մոդայիկ են առաջին հայացքից անհամատեղելի լուքեր, օրինակ` լայն, անձեւ սվիտերները, որոնք կարելի է կրել ե՛ւ որպես բլուզ` միդի կիսաշրջազգեստով, ե՛ւ որպես զգեստ` բարձրակրունկներով:
Նոր եւ հետաքրքիր թրենդներից են համարվում նաեւ լայն տաբատները. «Դրանք այնքան սիրվեցին եւ լայն տարածում գտան, որ ամբողջ աշխարհում նորաձեւ համարվող աղջիկներն այդ տաբատները դարձրին իրենց զգեստապահարանների անբաժանելի մասը: Նորաձեւության գագաթնակետին գտնվող այս թրենդը կիրառելի է ե՛ւ աշխատանքային առօրյայում, ե՛ւ տոնական առիթների ժամանակ: Նույնիսկ լուրջ երեկույթների գնալիս աղջիկների եւ կանանց զգալի մասը կրում են նման տաբատներ կամ կամբինիզոններ»,- նշեց Ա. Կոշտոյանը:
Նա, շարունակելով սեզոնի թրենդների թեման, տեղեկացրեց, որ մեծ տարածում ունի նաեւ կոմիքսային պրինտը, որը հետաքրքիր տեսք է հաղորդում թե՛ մեծերին, թե՛ փոքրերին. «Շատ ակտուալ է նաեւ fashion pin թրենդը: Ցանկացած մեկը կարող է ընտրել տարբեր մատերիալներից պատրաստված իրեն հոգեհարազատ պատկերներ եւ փակցնել առօրյա զգեստին, օրինակ` ջինսե կամ կաշվե հագուստին: Պարզապես այս հարցում չպետք է կորցնել չափի զգացումը եւ դիմել չարաշահումների»,- հավելեց ոճաբանը:
Այս սեզոնին մոդայիկ են ջինսե պարզ, հասարակ զգեստները, որոնք հետաքրքիր միքսերի արդյունքում կարելի է համադրել բոթասների հետ: Ամռանը նորաձեւ կհամարվեն նաեւ վանդակավոր, ինչպես նաեւ` կիսաթափանցիկ գործվածքները:
Ա. Կոշտոյանը խորհուրդ տվեց սեզոնին կրել ուսապարկեր եւ բախրամաներով պայուսակներ:
Իսկ, առհասարակ, նրա համոզմամբ, այս ամռանը որքան տարօրինակ հագնված լինեք, այնքան նորաձեւ անձնավորության տպավորություն կթողնեք. «Խառը ոճերի ինչ ունեք տանը, միքսեք` դասական զգեստը` սպորտային կոշիկի հետ, բարձրակրունկ դասական կոշիկը` ջինսե ճղված տաբատի ու պիջակի հետ, համադրեք ոչ համատեղելին»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԻՎԵՏԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 8-ին տեղի էր ունեցել «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մասնակից պետությունների պատվիրակությունները: wiwibloggs.com կայքը փորձել է պարզել, թե եվրատեսիլյան կարմիր գորգին հայտնված մասնակիցներից ովքեր են ամենաոճայինն ու հակառակը` ամենաանճաշակը: Քվեարկությունը դեռ շարունակվում է, իսկ որպես ամենաոճային մասնակից իր ստացած ձայների քանակով առաջատարի դերում մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն է: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին:

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳԻՆ
Օգյուստ Ռոդենի (1840 – 1917) «Հավերժական գարուն» քանդակը մայիսի 9¬ին Նյու Յորքի Sotheby՚s աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով՝ 20,4 միլիոն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը՝ վկայակոչելով բրիտանական աճուրդային տունը, փորձագետները գործը գնահատել էին առավելագույնը 12 միլիոն դոլար: Ռոդենի գլուխգործոցների համար նախկին ռեկորդը սահմանվել էր ընթացիկ տարվա փետրվարին Լոնդոնում: «Իրիսը՝ աստվածների ավետաբերը» մերկ քանդակը, որն իր ժամանակին գտնվում Էր դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում, աճուրդով վաճառվել էր 16,7 միլիոն դոլարով: Ավանդաբար մեծ պահանջարկ են վայելել Կլոդ Մոնեի ստեղծագործությունները: Նրա երեք կտավները մտել են ամենաթանկ լոտերի տասնյակ, այդ թվում՝ «Տեղատվությունը Պըտիտ Դալում» բնանկարը, որն աճուրդով վաճառվել Է 9 միլիոն դոլարով՝ առեւտրական տան կանխատեսումներից կրկնակի ավել գնով: Պաբլո Պիկասոյի «Կնոջ կիսանդրին» վաճառվել է 3,9 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ¬ը:




Լրահոս