Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը միշտ խախտում է պայմանավորվածությունները. Դավիթ Բաբայանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Վիեննայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումն ընդհանուր առմամբ խոստումնալից է եղել, այդուհանդերձ, ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ Ադրբեջանի անկանխատեսելի բնավորությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Ադրբեջանը միշտ խախտում է պայմանավորվածությունները, և ոչինչ սահուն չի ընթանում: Եվ պետք է միշտ մտապահել, որ Բաքուն փորձելու է անել ամեն բան, որպեսզի իրավիճակը բարդանա»:

Դավիթ Բաբայանի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցային գործընթացը մտել է կոմայի մեջ, իսկ Սարգսյան-Ալիև հանդիպումը գործընթացը վերակենդանացնելու մի քայլ է, որը կարևոր է այն տեսանկյունից, որ հստակ նշվել է, որ 1994-95 թվականների հրադադարի ռեժիմին և դրանից հետո կնքված մի շարք պայմանագրերի դրույթներին անվերապահորեն հետևելը խիստ կարևոր է:

«Այսինքն՝ որևէ փորձ ռազմաքաղաքական լարվածությունը տարածաշրջանում փոխելու՝ անընդունելի է: Սա շատ կարևոր է: Ի դեպ, 94-95 թթ պայմանագրին, որպես լիիրավ կողմ, մասնակցել է նաև Արցախի Հանրապետությունը: Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ երեք կողմ կա: Հատկանշական էր նաև այն, որ ևս մեկ անգամ կարևորվել  է խաղաղության կայունության պահպանումը, ինչը նոր էջ է բացում հակամարտության կարգավորման գործընթացում: Այսինքն՝ այդ մեխանիզմների ներդրումը, մշակումը: Սրանով ֆիքսվում են զինադադարի խախտումների վայրը, տեղը, կողմերից ով է խախտել հրադադարը: Սա շատ կարևոր է, սակայն երկարատև գործընթաց է: Սա ամենաստորին օղակն է, որի վրա պետք է կառուցվի հակամարտության կարգավորման շենքը, եթե փոխաբերական իմաստով ներկայացնենք»:

Մերզրուցակցի գնահատմամբ՝ հիմա պետք է աշխատել ա՛յդ ուղղությամբ: Սա երկարատև, բազմաշերտ գործընթաց է, որին պետք է մասնակցեն բոլոր երեք կողմերը: Իհարկե, նրանց պաշտպանության, արտգործնախարարությունները և այլ գերատեսչություններ:

ArmLur.am-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե պետք է փոխզիջումների գնալ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Քաղաքական խնդիրներ բարձրացնելն անիմաստ է, քանի որ պետք է սկսենք ստորին օղակից՝ հրադադարի ռեժիմի պահպանումից, մեխանիզմների ներդրումից: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել այլ հարցերի մասին: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, բայց փոխզիջում չի նշանականում զիջում միակողմանի: Կամ այն տեսլականը, որն ունի Ադրբեջանը, փաստորեն, կապիտուլյացիա է հաղթող կողմի համար: Փոխզիջումը ցույց կտա ժամանակը, այն պետք է լինի համարժեք, չի կարող մի կողմը մյուսից ավելի մեծ զիջումների գնալ: Մեկը մյուսին ճանաչելն էլ է փոխզիջում: Բայց սա հեռավոր ապագայի խնդիր է, մինչև դա նախ պետք է ստորին օղակի խնդիրները լուծել: Մինչև այստեղ շոշափելի արդյունք չգրանցվի, անհնար է խոսել ինչ-որ այլ խնդիրների մասին»:




Լրահոս