Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդով փուլ-փուլ զիջումների մեկնարկը տրվեց. Սարգսյան-Ալիև հանդիպման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում  մոտ երկու ժամ տեւած հանդիպումը եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք, ապա կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանի պատրաստակամության վերահաստատում տարածքային զիջումների մասին եւ պատերազմի չեզոքացման ձգտում գրեթե բոլոր կողմերից: Բայց ճիշտ նույն ժամին՝00:50-ի սահմաններում, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը գնդակահարվեց ադրբեջանցիների կողմից Արցախի սահմանին:

Հրադադարի անշեղորեն պահպանում

Հիմա փորձենք իրադարձությունները շարադրել հերթականությամբ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ այսպիսի հայտարարություն տարածեցին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները մայիսի 16-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Նախագահները վերահաստատել են հանձնառությունը…»:

Այնուհետեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Հավանաբար, հաշվի առնելով երկու կողմերի միջեւ լարված վիճակը, ստիպված կլինենք դրան հասնել փուլային ճանապարհով: Եվ կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցումն արդեն կա: Դրանք ձեւավորվել են ռուսական միջնորդությամբ, որն աջակցվեց ֆրանսիացի եւ ամերիկացի մեր գործընկերների կողմից… Պայմանավորվել ենք նաեւ այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձեւակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում»:

Հիշեցնենք, որ մադրիդյան սկզբունքների վրա 2011-ին կազմված Կազանի պայմանավորվածությամբ նախատեսվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Այդ փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից՝ զիջելով իր տեղը խաղաղապահ ուժերին: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Թերեւս հենց սրա շուրջ է փուլային պայմանավորվածությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ «Վիեննայում կայացած հանդիպումը լավ պայմաններ է ստեղծում ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների սկզբի համար: Այդ բանակցությունները որքան հնարավոր է՝ շուտ պետք է սկսվեն: Ինչպես նաեւ պետք է շոշափելի լինեն այն արդյունքները, որոնց սպասում է տարածաշրջանի բնակչությունն ու միջազգային հանրությունը»: Սակայն Իլհամ Ալիեւը շարունակում է լռել:

Հայտնի դարձավ նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկեց ԼՂՀ կարգավորման ընթացքը:

Սարքերի տեղադրում սահմանին

Իսկ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ հենց ինքնաթիռի մեջ, գիշերը լրագրողներին հարցազրույց տվեց: Խոսելով բանակցային մանրամասների մասին՝ նա ասաց. «Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը եւ ինքը անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել լուծումների: Բայց լավ հասկանում եք եւ նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը՝ հետեւյալը, որ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ այդպիսի հավաստիացումներ եղել են բազմիցս, բայց իրականությունն այլ է»:
Երբ խոսվել է, որ ճիշտ կլինի որոշ ժամանակ հետո էլի հանդիպել, հայկական կողմը կառուցողական առաջարկություն է արել՝ մոնիտորինգը հաստատել մինչ հաջորդ հանդիպումը, որը կարող է դիտվել կողմերի կողմից կառուցողական մոտեցում:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ պետք է տեղադրվեն մոնիտորինգի սարքերը, որպեսզի ֆիքսեն, թե ով է առաջինը խախտում հրադադարի ռեժիմը, Սերժ Սարգսյանը այսպիսի միտք է հայտնել. «Պետք է ասեմ, որ խնդրողի վիճակում չէինք մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում: Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը մոնիտորինգի համակարգ ձեւավորելու: Այնպես որ, եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին: Երկրորդ՝ որեւէ նախապայման չի եղել մոնիտորինգի հաստատման: Չգիտեմ՝ այդ որ ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրս բերման մասին, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որը այդպիսի բան չհայտատարեց այնտեղ»:

Սարգսյանն ասել է նաեւ, որ մի նպատակ կա, «որպեսզի մեր պրոբլեմները լուծենք խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով: Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները եւ խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանը: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն: Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան մինչ այսօր»: Իհարկե, հետաքննող սարքերի տեղադրման հարցը կարեւոր է, բայց այդպես էլ անհայտ մնաց ամեն օր ունեցած մեր զոհերի հարցը ինչ ֆորմատով է Սարգսյանը բարձրացրել:

Ալիեւը խոստովանել է

Նա ներկաներին հիշեցրել է, որ 20 հանդիպում է ունեցել Ալիեւի հետ, բազմաթիվ բաների մասին պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը վերադառնալով Բաքու՝ բոլորովին այլ հայտարարություններ է արել: ՀՀԿ առաջնորդը խոստովանել է.«Մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապահով: Ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կարուստներ չունենանք… Միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, դա այն է, երբ դու պարտադրված ես: Պետք է քո հողն ու հայրենիքը պաշտպանես»:

Բանախոսը պատմեց, որ Ադրբեջանի նախագահը նայելով համանախագահներին եւ իրեն՝ ասել է, որ իրենք են նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Թե ինչ է պատասխանել նրան Սարգսյանը, չմանրամասնեց լրագրողներին՝ թողնելով գործի դնել մեր պատկերացումները:

Ժողովրդին դիմելու պահը չկա

Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր խոսքը չի ասում ՀՀ քաղաքացիներին՝ սահմանափակվելով միայն օտարերկրյա կամ հայաստանյան յուրային լրատվամիջոցների հետ նախապես պայմանավորված հարցերի շրջանակներում խոսելու ֆորմատով: Պարզվում է՝ ՀՀԿ առաջնորդը դեռ դրա անհրաժեշտությունը չի տեսնում: «Ես կարծում եմ, որ այս օրերին մեր ժողովուրդն իմ խոսքի պակասը չի զգացել: Ուղիղ ժողովրդին չեմ դիմել, բայց կարծում եմ, որ այդ պահը դեռեւս չի եկել… Իմ ասածը չի նշանակում, որ 4-օրյա պատերազմը մի շարքային բան էր, ոչ: Իրականության մեջ վերջին 22 տարիներին ամենալուրջ իրադարաձություններ էին… Ես գիտեմ մեր ժողովրդի համբերության չափը, ես շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին, եւ երբ որ նա կարիք ունենա, որպեսզի ես անմիջականերոն դիմեմ, խոսեմ, խնդրեմ կամ համոզեմ, անպայման դա անելու եմ: Եվ այսօրվա մեր հանդիպումն էլ մաս է կազմում մեր ժողովրդի հետ երկխոսության»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ ԶՈՒ-ն իր առջեւ դրված խնդիրը կատարել է. «Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում: Այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը: Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին»: Նա նաեւ քննադատեց բոլոր այն մարդկանց, ովքեր «ամբոխահաճո հայտարարություններ» են արել, թե եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ: «Դա ասում են մարդիկ, որոնք կյանքում վառոտի հոտ չեն զգացել, դա ասում են մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից, կամ ասում են մարդիկ, ովքեր ինչ-որ տեղ վառոտի հոտ զգացել են, բայց երբեք դրանից հետո նրանք հաղթական զեկույցներ չեն տվել: Իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երեւալ մեծ հայրենասերներ եւ հավերժ պատերազմի կոչեր են անում. մեզ հավերժ պատերազմներ պետք չեն»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք, որ տարածքների զիջման անթույլատրելիության մասին հիմնականում խոսել են ազատամարտիկները, այդ թվում Ժիրայր Սէֆիլյանը եւ Արցախից հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Թե նրանցից ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ վառոտի հոտ չզգացած ասելով, դժվար է կռահել: Ամեն դեպքում արցախյան նախորդ եւ այսօրվա 4-օրյա մարտերում Վիտալի Բալասանյանի ունեցած դերակատարությունն անասելի մեծ է:

Կենացի մակարդակով

Ինչեւէ, շարունակելով Սարգսյանի խոսքերը՝ մեջբերենք կենաց հիշեցնող մի պարբերություն եւս. «Եթե ուզում ես անպայման ասեմ` մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումն այս է` մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են, եւ տա Աստված, որ մշտապես կատարեն եւ կատարելու են»:
Նկատենք, որ միեւնույն ժամանակ Սարգսյանը խոստովանեց, որ մենք իսկապես տարածքներ ենք հանձնել. «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաեւ գնահատական, եթե դու ինչ-որ բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի՞, մարտավարական նշանակություն ունի՞… թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ` եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը՝ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա:

Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են: Բայց մի համեմատություն եմ ուզում անել, ութ հարյուր հեկտար տարածք եւ ամեն մի հեկտարի համար մեկ զոհ կամ երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց եթե նույնիսկ կես զոհ, մեկ վիրավոր, կրկին շատ է: Տեսեք՝ այդ տարածքի համար ինչքան զոհ պետք է տային»:

Սերժ Սարգսյանը նախատեց նաեւ Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ գծողներին եւ ուղիներ ցույց տվողներին. «Ես այդպիսի մարդկանց առաջարկում են իրենք գնան, վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան: Հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու. ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները. նրանք իրենց խնդիրը դեռեւս մինչեւ վերջ չեն կատարել, իրենք պետք են նույնիսկ կատարելուց հետո»:

Դանդաղ մտածելով

Լրագրողներից մեկի խնդրանքով Ս. Սարգսյանն անդրադարձավ նաեւ մեր երկրում առկա մթնոլորտին, վատնումների թեմային ու կոռուպցիային՝ հայտարարելով. «Պարտադիր չէր, որպեսզի այս 4 օրը լիներ, որ մենք խոսեինք փոփոխությունների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու, եւ խոսել եմ այդ փոփոխությունների մասին… Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որեւէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի: Ինչպես տեսնում եք՝ փոփոխություններ տնտեսության, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից՝ ռազմական գործողություններ… Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանքով նայել դրանց դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»:

«Ժողովուրդ» օրաթերթ, 18.05.16թ.

Թամարա Միքայելյան




Լրահոս