ՍՊԱՌՆԱԼԻՔ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին հայացքից Հայաստանում կյանքը սովորականի պես շարունակվում է, սակայն իրականում մարդիկ ապրում են պատերազմի սպասումով, ինչը սկսում է իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա:

Ակնհայտ է, որ թշնամին պարբերաբար հոխորտալով, շփման գծում զինված ուժերի կուտակումներ ապահովելով՝ փաստացի փորձում է Արցախը եւ Հայաստանը պահել մշտական լարվածության մեջ: Դժվար է ասել, թե պաշտոնական վիճակագրության թվերում որքանով կարտացոլվեն քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած խմորումները: Սակայն բավական է փոքր եւ միջին ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին հարցուփորձ անել, որպեսզի իրավիճակի լրջությունը հասկանալի դառնա:
Պատերազմի սպասումով պայմանավորված առկա լարվածության հետեւանքները Հայաստանի տնտեսության համար կարող են շատ ծանր լինել: Պատերազմական վիճակը երկրի բնակչությունից որոշակի վարքագիծ է պահանջում, որը ենթադրում է թշնամուն համախբված դիմագրավելու եւ հակահարված հասցնելուն ուղղված քայլեր: Սակայն այն նաեւ ակամա որոշակի վարք է պարտադրում, որը ենթադրում է միջոցների խնայողություն, նոր ներդրումների եւ ընդլայնումների հետաձգում ու այսպես շարունակ: Բացառությամբ մթերային խանութների, առեւտրի մնացած ողջ բնագավառում, սպասարկման, ծառայությունների մատուցման ոլորտում, շինարարական կազմակերպություններում եւ այսպես շարունակ, վերջին մեկ ամսում շրջանառությունը կրկնակի, երբեմն նաեւ մի քանի անգամ նվազել է: Մարդկանց մեծ մասը, հնարավոր պատերազմին պատրաստ լինելու մղումով պայմանավորված, աշխատում է քիչ գումար ծախսել: Եթե որեւէ գնում կամ խնդրի լուծում հնարավոր է հետաձգել, ապա մարդիկ հենց այդպես էլ վարվում են: Քառօրյա պատերազմից հետո նման վարքը բնական է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը շարունակում է լարվածության մեջ ապրել, իսկ թե դա որքան կտեւի, հայտնի չէ, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսումը ոչ ոք չի կարող բացառել: Փաստացի պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում բնակչության լարված եւ սպասողական վիճակը կարող է փլուզել Հայաստանի՝ առանց այդ էլ ծանր կացության մեջ գտնվող տնտեսությունը:
Թվում է, թե պատային վիճակ է ստեղծվել, քանի որ սովորական կենսակերպին վերադառնալն անհնար է, պատերազմին մշտապես պատրաստ, լարված եւ սպասողական վիճակը եւս չի կարող շարունակվել: Իրականում ստեղծված իրավիճակը ամբողջությամբ ի ցույց է դնում, թե որքանով է պետական համակարգը պատրաստ երկրի անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրները լուծել: Ով էլ ասես կարող է խաղաղ պայմաններում պետական միջոցներն աջ ու ձախ ծախսել, տարեկան 3-ից 4 հազար դրամով թոշակները բարձրացնել` միաժամանակ պետբյուջեի հաշվին միլիոնատեր դառնալով: Ավելին՝ ներկա պայմաններում ՀՀ իշխանությունները եւ հատկապես առաջին դեմքերը չեն կարող ասել, թե ի՞նչ պետք է անենք, ասեք՝ անենք: Նրանք պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում կյանքը բնականոն հուն վերադառնա, եւ մարդիկ շարունակեն նախկինի պես ներդրումներ կատարել, իրենց ընկերությունները զարգացնել, չխուսափել շինարարական աշխատանքներ սկսելուց եւ այսպես շարունակ: Այս խնդիրը օր առաջ պետք է լուծվի: Փոքր եւ միջին ձեռներեցներն առայժմ կիսաձայն են խոսում իրենց գլխին կախված վտանգի մասին, բայց ակնհայտ է, որ եթե այսպես եւս մեկ-երկու ամիս շարունակվի, ապա բազմաթիվ ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ սնանկացման եզրին կհայտնվեն:
Եթե իշխանության գլխին կանգնածները չեն գիտակցում, թե նման պայմաններում ինչպես կարելի է երկիրը բնականոն հուն վերադարձնել` միաժամանակ պատրաստ լինելով պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ապա կարող են խոստովանել իրենց անճարակությունը եւ ասպարեզից հեռանալ: Երկու տասնամյակ Հայաստանի պետական կառավարման համակարգը գտնվում է մարդկանց ձեռքին, ում համար գերագույն նպատակը հարստանալն է: Սակայն ներկա պայմաններում նրանք պետական համակարգում անելիք չունեն, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին: Ուշադրություն դարձրեք, այսօրվա իշխանավորների մեծ մասը մարդիկ են, որոնք 1991-1994 թվականներին իրենց տաքուկ անկյուններում նստած՝ զբաղված են եղել այս կամ այն ձեռնարկության գույքը ձեռք գցելով:
Հ.Գ. Ի դեպ, այս ընթացքում թշնամին եւս մշտական լարվածության մեջ է: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը, ըստ էության, միապետություն է, որի եկամուտների զգալի մասը ստացվում է նավթի ու գազի վաճառքից: Թշնամին կարող է ամիսներով եւ անգամ տարով իր երկիրը լարվածության մեջ պահել: Նման վիճակը նույնիսկ ձեռնտու է այդ երկրի միապետին, քանի որ նա այդ կերպ բոլոր տեսակի այլախոհներին ճնշելու հիմնավոր առիթ է ստանում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
Ի ՎԵՐՋՈ, ԱՆՑԿԱՑՐԻՆ
Երեկ ՀՀ ԱԺ-ում շարունակվեց նախորդ օրը մեկնարկած արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ քվեարկությամբ, ի վերջո, ընդունվեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ բանկի կառավարման հանձնելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ, սնանկ ճանաչված ընկերությունն ազատվեց չվճարած հարկային պարտավորություններին գումարված 595 միլիոն դրամի տույժ-տուգանքները վճարելուց: Հիշեցնենք, որ այս նախագիծն արդեն չորրորդ անգամ է ուղարկվում խորհրդարան: Երկու անգամ այն ետ է ուղարկվել, իսկ երրորդ անգամ դրա քվեարկությունը տապալվեց: Արդյունքում, խնդրին միջամտեց անձամբ Սերժ Սարգսյանը, եւ ՀՀԿ խմբակցության անդամներին հավաքելուց ու «ականջները քաշելուց» հետո ՀՀ կառավարությունը նախագիծը կրկին վերադարձրեց խորհրդարան՝ այս անգամ արդեն արտահերթ նիստի օրակարգում: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԺ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ըստ նրա՝ ինչու նախորդ անգամ «Հրազդան-ցեմենտի»-ի քվեարկությունը տապալվեց: «Ես չգիտեմ, բոյկոտողներից պետք է ճշտել, ես տեղեկություն չունեմ: Մանավանդ որ թե՛ նախորդ անգամ, թե՛ այս անգամ ոչ մի առարկության կամ առաջարկության տեսքով դիտողություն չկար, հիմա թե ինչն էր շարժառիթը, չեմ կարող ասել»,- պատասխանեց նախարարը:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿՆՈՋ ՆՎԵՐՆԵՐԸ
ՀՀ Վերաքաննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 2 մլն դրամ: Դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որ միջին հաշվարկով ամսական կազմել է 976 հազար դրամ: Բացի այդ՝ նա իբրեւ եկամուտ հայտարարագրել է նաեւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 5 մլն 950 հազար դրամի չափով: Առավել ուշագրավ է դատավորի կնոջ՝ Ազնիվ Գրիգորյանի հայտարարագիրը: Նա չունենալով դրամական միջոց՝ անցած 2015 թվականին 20 մլն դրամ արժեքով շինություն է ձեռք բերել, որը նա հայտարարագրել է իբրեւ նվիրատվություն: Դատավորի կինը իբրեւ եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացված վճար՝ 4 մլն 250 հազար դրամի չափով: Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ պաշտոնյաների կանանց անունով տասնյակ միլիոն դրամ արժողությամբ նվերներ ձեւակերպելու գործելաոճը շարունակում է թափ հավաքել:

 

 

ԵՐԻՆՋՆԵՐԻՆ ԿՄԱՔՍԱԶԵՐԾԵՆ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում պատրաստվում է եւս 5 միլիոն դրամ հատկացնել տոհմային երինջների ներկրման համար: Այս ծրագիրը հաստատվել է դեռեւս անցած տարի: Ըստ այդմ, նախատեսվել է պետբյուջեից հատկացնել ավելի քան 555 մլն դրամ: Սակայն, քանի որ հետագայում որոշվել է երինջների ներկրումը հետաձգել 2016 թվականի մայիս, գործարքի մաքսազերծման համար անհրաժեշտ միջոցներն այլեւս չեն հատկացվել: Այսօրվա իր որոշմամբ գործադիրը նշված հինգ միլիոն դրամը հատկացնելու է երինջների մաքսազերծման ծախսերը հոգալու համար:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԷԼ ՀԱՆԴԻՊԵՑ
Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԿԱ, ԹԵ ՉԿԱ
ԵԽԽՎ հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողները ՀՅԴ պատգամավորների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ կարեւորել են ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուսի անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, թե իրենք համազեկուցողներին տեղեկացրել են, որ, ըստ էության, հիմնական առաջարկներն ընդունվել են. «Ասացինք, որ 4+4+4 ձեւաչափով աշխատել ենք, եւ կա իսկապես հնարավորություն՝ ունենալ այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին»: Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, որ կոնսենսուս չկա, Ռուստամյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որի բովանդակությանը ծանոթ լինելով է ինքը հայտարարում լայն կոնսենսուսի հնարավորության մասին:
 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը դադարեցրել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի սահմանման աշխատանքները: Համապատասխան որոշումն ընդունվել է դեռեւս անցած շաբաթ քաղաքական կուսակցությունների ղեկավարների կողմից: Որոշման պատճառն այն է, որ ներկա պահին Թուրքիայի իշխանությունները չեն իրականացրել Եվրամիության բոլոր պահանջները, որոնք առաջադրվել են միգրացիոն համաձայնագրի շրջանակներում: Շուլցն ասել է, որ այն կվերսկսվի, երբ Թուրքիան իրականացնի բոլոր 72 պայմանները: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կհրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրից, եթե առանց վիզային ռեժիմը չսահմանվի մինչեւ հուլիսի սկիզբ:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գեւորգյանը: Կոմպոզիտորը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Թբիլիսիում: Հեղինակ է մի շարք երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, որոնց թվում են՝ «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո» օպերաները, «Սիմֆոնիան», «Սիմֆոնիետան», մանկական եւ պատանեկան պիեսների ժողովածուները:




Լրահոս