ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մի շարք հաստատություններում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ չեն իրականացվել անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան զեկույցում:

Ըստ ՄԻՊ-ի՝ ՍԱՊԾ-ն երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող մի շարք հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաեւ մանկական ճամբարներում սննդի անվտանգության ապահովման հետ կապված բավարար քայլեր չի ձեռնարկել:
Թեեւ ՍԱՊԾ-ն իրականացնում է սննդամթերքի որակի եւ անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ զբաղվում է հումքային բազայի զարգացմամբ, այնուամենայնիվ, անցած տարվա ընթացքում ՀՀ մարզերում եւ Երեւանում գրանցվել է թվով 7 սննդային թունավորման դեպք: Սննդի թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 եւ 9 մանկապարտեզներում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչների մոտ, Ավան-Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում եւ Արարատի մարզի Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի դպրոցների աշակերտների մոտ:
Բացի այս, սննդից թունավորման դեպքեր են արձանագրվել նաեւ Արմավիրի մարզի Ալաշկերտ եւ Արմավիր քաղաքների թիվ 1 եւ 11 մանկապարտեզներում: Ընդհանուր առմամբ, թունավորվել էր 25 երեխա, ինչի արդյունքում Ալաշկերտ եւ Արմավիր քաղաքների թիվ 1, 6, 9 եւ 11 մանկապարտեզների տնօրենները ենթարկվել էին վարչական պատասխանատվության:
«Ժողովուրդ»-ը Արմավիրի մարզի թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանից տեղեկացավ, որ վերջինս 80 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկվել: «Սննդի թունավորման դեպքերը արձանագրվեցին այն ժամանակ, երբ ես նոր էի մանկապարտեզի տնօրեն նշանակվել: Բայց մինչեւ հիմա թունավորման դեպքերի ստույգ պատճառը չեմ կարող ասել. առաջին անգամ է, որ այստեղ նման դեպք է գրանցվել: Ինձ համար մինչեւ հիմա դա հանելուկ է մնացել, որովհետեւ մանկապարտեզի մաքրությունը նորմալ է, սննդակարգը, ճաշացանկը, խոհանոցը, ամեն ինչը կարգին վիճակում է: Այն մութ ու ցուրտ տարիներին մենք օջախի վրա էինք երեխաների համար ճաշ եփում, բայց սննդային թունավորման դեպք չենք ունեցել»,- ներկայացրեց մանկապարտեզի տնօրենը: Նշենք, որ այս մանկապարտեզում սննդից թունավորվել էր 3 երեխա:
Ի դեպ, ըստ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի՝ անցած տարի գրանցված սննդային թունավորումները գերազանցել են 2012-2014 թվականների թունավորումների քանակը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող մի շարք հաստատություններում իրականացվել է 306 ստուգում, 126 դիտարկում եւ մշտադիտարկում: Թե իրականացված ստուգումների եւ դիտարկումների արդյունքում ինչ խախտումներ են հայտնաբերվել, որ հաստատություններում եւ ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց վերացման եւ հետագայում կանխման ուղղությամբ, ՍԱՊԾ-ի կողմից այդպես էլ չի բարձրաձայնվել: Ի դեպ, ՄԻՊ-ը իր տարեկան զեկույցում առաջարկել է, որ ՍԱՊԾ-ն իրականացնի վերահսկողություն նաեւ այն մատակարարների գործունեության նկատմամբ, որոնք սննդամթերք են մատակարարում նշված հաստատություններին: Չէ որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհրաժեշտ է սննդամթերքի ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթների ժամանակ հաշվի առնել սննդի շղթայի օպերատորների՝ ՍԱՊԾ-ում գրանցված լինելու հանգամանքը:
Սրան զուգահեռ, նշենք նաեւ, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թվականի հունիս 6-ի հրամանի համաձայն՝ սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել սննդի օրաբաժին, որը մշակելիս պետք է հաշվի առնվեն սովորողների տարիքին համապատասխան սննդի կալորիականության պահանջը, կերակրատեսակների սննդային եւ էներգետիկ արժեքը, վիտամինների եւ միկրոտարրերի օրվա պահանջը, ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Եւ չնայած այս պահանջներին` ՄԻՊ-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել այն մասին, որ դպրոցներում շարունակվում է այն սննդամթերքի վաճառքը, որը չի համապատասխանում առողջապահության նախարարի որոշմամբ սահմանված պահանջներին:
Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ-ի տարեկան զեկույցին, հայտարարեց, որ ՍԱՊԾ-ն իր մշտական հսկողության տակ է պահում սննդամթերի անվտանգության ոլորտը, մասնավորապես՝ նախակրթական եւ կրթական հաստատությունները: «Ասել, որ ՍԱՊԾ-ն միջոցներ չի ձեռնարկում, ես ճիշտ չեմ համարում: Մենք ՄԻՊ-ին տրամադրել ենք տվյալներ, մասնավորեցրել ենք դեպքերը, թե որ մարզում քանի ստուգում կամ դիտարկում ենք իրականացրել, հանրակրթական կամ նախակրթական հաստատություններում ինչ թերացումներ ենք արձանագրել»,- տեղեկացրեց Դանիելյանը: Մասնագետի խոսքերով՝ խախտումները հիմնականում սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելու հետ են կապված՝ վերանորոգման կարիք ունեցող շենքեր, սննդի կառույցների անհամապատասխանություն, սանհանգույցներում ոչ բավարար պայմաններ, ինչպես նաեւ խոհանոցներում մշտական տաք եւ սառը ջրի բացակայություն: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ իրավախախտում հայտնաբերելու դեպքում ՍԱՊԾ-ի կողմից տրվում են հանձնարարականներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս