Մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի երկու տասնյակ գյուղերում տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով հարյուրավոր գյուղացիներ խոշոր չափի վնասներ են կրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կարկուտից վնասված գյուղերում տեղադրված են եղել նաեւ հակակարկտային կայաններ, որոնք, սակայն, չեն կրակել:
Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի խոսքերով՝ իրենց գյուղի հակակարկտային կայանը կրակել է միայն կարկուտից հետո: Ըստ նրա՝ գյուղացիները շիվարած են եւ չգիտեն իրենց հետագա անելիքը: «Գյուղի մեծ մասը վնաս է կրել՝ 400 հեկտարից ավել: Հիմնականում վնասվել են պտղատու այգիները՝ ծիրանենին, կեռասենին, խաղողի շիվերը: Մեր գյուղը 100 տոկոսով է վնաս կրել: Օրինակ՝ ցոգոլի վրա մոտ 10 անգամ կարկուտի խփած տեղեր կան: Մինչեւ անգամ ճյուղերն էլ կոտրվել են կարկուտից»,- մեծ ափսոսանքով ներկայացրեց գյուղապետ Մկրտչյանը:
Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նաեւ, որ գյուղում կան հակակարկտային կայաններ, որոնք այդ օրը՝ մայիսի 18-ին, կրակել են միայն կարկուտից հետո: Իսկ, ահա, Շենավանի հարեւան Բերքաշատ գյուղի բնակիչները երեկ պետք է կեռաս հավաքեին Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով: Նրանք դրա դիմաց նույնիսկ կեռաս արտահանողներից գումար էին վերցրել: Սակայն մայիսի 18-ին տեղացած կարկուտի հետեւանքով նրանք կորցրին իրենց եկամտի աղբյուրը. ողջ բերքը փչացել է: Վերցրած գումարներն էլ հետ են վերադարձրել:
Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղում կարկուտի հետեւանքով վնասվել է 170 հա հողատարածք, հիմնականում՝ խաղողի շիվերը, պտղատու այգիները՝ ծիրանենին, կեռասենին: «Այնպես է խաղողի այգիներում ավերածություններ արել, որ մնացել են միայն երկաթե ամրալարերը: Մեր գյուղում տեղադրված է 9 հատ հակակարկտային կայան, բայց դրանցից եւ ոչ մեկը այդ օրը չկրակեց:
Ասում են, որ կապի պատճառով չեն կրակել: Կարկուտից հետո միայն կրակեցին: Արդյունքում գյուղի բնակիչ կա, ով 10-20 տոննա կեռաս ուներ վաճառելու, բայց կարկուտից հետո հազիվ 1 տոննա հավաքի, այն էլ՝ վնասված, որը վաճառքի պիտանի չէ»,- տեղեկացրեց պարոն Չվչյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ բերքաշատցիների մեծ մասը կեռասի դիմաց նախապես գումար է վերցրել, բայց չկարողանալով բերքը հավաքել՝ գումարները հետ են վերադարձրել:
«Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ նաեւ, որ կարկուտի հասցրած վնասները հաշվարկելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Սակայն փոխհատուցման մասին դեռեւս ոչ ոք չի շտապում հայտարարություն անել: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, անդրադառնալով գյուղացիների կրած վնասներին, հայտարարեց, որ դեռ հայտնի չէ, թե որքան է կազմել կարկուտի հասցրած վնասների չափը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ փոխհատուցման հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, մարզպետը պատասխանեց. «Կարկուտը երեկ (մայիսի 18-ին Ս. Հ.) է տեղացել, դեռ պետք է խորհրդակցություն անենք, հասկանանք, թե որքան է վնաս հասցրել: Այս ամենը դեռ պետք է ամփոփվի, ապա՝ պարզ կդառնան հետագա անելիքները»: Իսկ հակակարկտային կայանների չկրակելու հետ կապված էլ՝ մարզպետը հայտարարեց, որ խնդիրը կապի հետ է եղել:
Թե, ի վերջո, ինչու չեն գործել հակակարկտային կայանները՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանից, ով ասաց. «Երեկվա գործընթացը հզոր էր եւ հիմնական հարվածը հասցրել է Արմավիրի մարզին: Այնտեղ 15-17 համայնքներում դիտվել է կարկուտ, բայց էական վնաս հասցրել է որոշ համայնքներին: Մեր կայանները աշխատել են, եթե չաշխատեին, ապա կարկուտը մյուս գյուղերին էլ վնաս կհասցներ: Հարցը նրանում է, որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Օրանժ Արմենիա»-ի (ներկայիս՝ «Յուքոմ») ցանցում լուրջ խնդիր է եղել՝ ֆորս-մաժորային պայմաններից ելնելով: Մենք այդ մասին պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից: Այդ է պատճառը, որ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»:
Մասնագետի պատմելով՝ տեսնելով, որ իրավիճակը ավելի է բարդանում, խնդիրը փորձել են կարգավորել ձեռքով՝ մեխանիկական տարբերակով: «Մարդիկ մեքենաներով դուրս են եկել, որպեսզի ձեռքով, մեխանիկական ճանապարհով միացնեն կայանները: Եւ բավականին օգտակար աշխատանք է տարվել: Խնդիրը կապված է եղել «Օրանժի» հետ եւ ոչ միայն: Եւ ընդհանրապես հանրապետությունում կապի համակարգում ֆորս-մաժորային պայմաններ են եղել: Մենք հիմնականում հեռակապով, հաղորդագրություններով ենք կառավարում հակակարկտային կայանները: Մեզ հաջողվել է ամբողջ համակարգը գործի դնել, բնականաբար, մի քիչ ուշացումով է ստացվել, բայց դա ֆորս-մաժորային պայմաններից է»,- արդարացավ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենը:
Զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ «ՅՈՒՔՈՄ»-ի տեխնիկական խնդիրների մասով ինքը պատասխանատվություն չի կրում. «Ընկերությունից կտրամադրեն մեզ տեղեկանք, որի մեջ գուցե եւ գրեն պատճառները: Պայմանավորվածությունը կա տեղեկանք տալու, որովհետեւ իրականում եղել է նման խնդիր»: Իսկ թե գյուղացիների կրած վնասների համար ով է պատասխան տալու, այդպես էլ մնում է անհայտ: Միթե այս դեպքում «Օրանժ- Արմենիա» ընկերությունը՝ «Յուքոմ»-ը, բավարարվելու է ընդամենը տեղեկանք տրամադրելով եւ օգտագործելով «ֆորս-մաժորային իրավիճակ» արտահայոտությունը՝ խուսափելու համար պատասխանատվություն կրելուց: Լ. Վարդանյանի խոսքերով՝ բոլոր պայմանագրերում, աշխատանքներում նախատեսվում է, որ ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում ոչ մի տուգանք, տույժ չի կիրառվում:
Թեեւ հայտնի է այս պատմության գլխավոր մեղավորը, բայց, չգիտես ինչու, ոչ մի պետական կառույց չի շտապում նրան պատասխանատվության ենթարկելու մասին անգամ խոսել: Ի դեպ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Յուքոմ» ընկերության հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Եվ վերջում՝ այնպիսի տպավարություն է, որ ՀՀ գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների միակ գործը վնասներ հաշվելն է: Իսկ թե ինչու է կարկուտը այդքան վնաս պատճառում, ինչու կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում, լռում են: Թեպետ գյուղնախարարությունը նշել է, թե վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են հասցվող վնասի չափերը, բայց իրականում պատկերը նույնն է մնացել: Ի դեպ, 2015 թվականի տվյալներով՝ Արմավիրի մարզում կա 183 հակակարկտային կայան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ