ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԾ ԲԱՑ, ՄԵԾ ԽՈՑ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվելու: “Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ՝ ստեղծել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով”,-նշված է հրամանագրում, ըստ որի՝ մինչեւ 2014թ. ապրիլի 20-ը ՀՀ նախագահին պետք է ներկայացվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: 
Այս առիթով “Ժողովուրդ”-ը հարցեր ուղղեց ԱԺ պատգամավորներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Պարո՛ն Ջհանգիրյան, որպես իրավաբան՝ խնդրում եմ ասել՝ արդյոք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու ու կրկին ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: 
-Ես կարեւորում եմ նախեւառաջ սահմանադրական նորմերի անշեղ կատարումը: Սա արդեն երրորդ փորձն է. մեկ անգամ ընդունել ենք եւ երկու անգամ էլ բարեփոխել ենք: Իմ տեսակետն այն է, որ առաջնային է գոյություն ունեցող Սահմանադրության կատարումը: Եվ այդպես մեծ բաց, մեծ խոց ես մեր գործող Սահմանադրության մեջ  չեմ տեսնում, որ այդպես հրատապ է դարձել սահմանադրական բարեփոխման խնդիրը: Կարեւորում եմ  սահմանադրական նորմերի կատարման եւ պահպանման խնդիրը:
-ՀՀ նախագահները կարծես սովորություն են դարձրել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելը, ամեն մեկը ցանկություն ունի այն ,հարմարեցնելե իրեն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ս. Սարգսյանը որոշեց բարեփոխումներ կատարել Սահմանադրությունում:
-Բոլոր նախագահներին դա չի վերաբերվում, առաջին նախագահի ժամանակ Սահմանադրությունն ընդունվել է, երկրորդի ժամանակ լրամշակվել կամ, չգիտեմ, բարեփոխումներ են իրականացրել: Ես կարծում եմ, որ շատ դրույթներ գուցե եւ իմաստ չուներ ավելացնել գործող Սահմանադրության մեջ, բայց ես չեմ կարող ասել, թե ինչու է ամեն իշխանություն փորձում Սահմանադրություն ընդունել կամ փոփոխել: Երեւի ուզում են պատմության մեջ մնալ որպես սահմանադրական բարեփոխումներ իրականացրած անձինք: Բայց ես՝ որպես իրավաբան, վերադառնալով այդ ամենին, կրկնում եմ՝ իմ կարծիքով՝ կարեւորը գործող Սահմանադրության նորմերի անշեղ կատարումն է, այլ ոչ թե հաճախակի Սահմանադրությունը բարեփոխելը կամ փոփոխելը:
-Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանը նման որոշում է կայացրել Մաքսային միությանը միանալու մասին վերջին հայտարարությունից հետո. այսինքն՝ ՌԴ-ում է հարցը որոշվել: Դուք նման կապ տեսնո՞ւմ եք: 
-Չէ՛, որեւէ կապ չեմ տեսնում, ուղղակի Հայաստանի անվտանգության բաղադրիչը կարեւոր է ՀՀ-ի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության հարցերը որոշելիս:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, որքանո՞վ է ներկայումս անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրությունում:  Խնդրում եմ կոնկրետ նշեքլ, թե հատկապես ինչ բարեփոխումների մասին է խոսքը:
-Առաջին օրը չէ, որ մենք դրա անհրաժեշտությունը տեսնում ենք: Մենք բազմիցս նշել ենք՝ պետք է նայենք նաեւ խրոնիկան, ժամանակային հատվածը բարեփոխումների մասով: Այդ ժամանակ կտեսնեք, որ 1995թ., 2005թ. բարեփոխումների անհրաժեշտությունը եղել է: Իսկ այժմ տարբեր է այդ բարեփոխումների անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ դա նորմալ գործընթաց է:
-Տեսակետ կա, թե այդ բարեփոխումների միակ նպատակն այն է, որ Սահմանադրությամբ ամրագրվի, որ ՀՀ-ն կարող է մի քանի փոխվարչապետ ունենալ, ու արդեն հստակ որոշված է, թե ովքեր են լինելու նրանք:
-Ես նման նպատակների մասին չգիտեմ, դրա մասին կխոսենք, երբ նախագահը նման հրամանագիր ստորագրի: Երբ որ խնդիրներն արդեն հրապարակային կդրվեն սեղանի վրա, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել:
Հ.Գ. Հանձնաժողովն այսպիսի կազմ ունի. Գագիկ Հարությունյան՝ ՀՀ ՍԴ նախագահ (հանձնաժողովի նախագահ), Դավիթ Հարությունյան՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հրայր Թովմասյան՝ ՀՀ արդարադատության նախարար, Գեորգի Կուտոյան՝ ՀՀ նախագահի օգնական, Գրիգոր Մուրադյան՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, Գեւորգ Կոստանյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, զինվորական դատախազ, Գագիկ Ղազինյան՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, Գեւորգ Դանիելյան՝ “Սահմանադրական իրավունքի կենտրոն” ՀԿ խորհրդի նախագահ, Վարդան Պողոսյան՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) “Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն” ծրագրի ղեկավար Հայաստանում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 610 համար




Լրահոս