Սերժ Սարգսյանի ուղերձը` կոռումպացված պաշտոնյաներին. ամեն ինչ մնում է նախկինի պես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վերջին` ինքնաթիռային հարցազրույցից հանրության ուշադրությունը հիմնականում սեւեռվեց Արցախի վերաբերյալ հայտարարությունների վրա, ինչը բնական էր, սակայն պակաս ուշագրավ եւ մտահոգիչ չէին նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ մեկնաբանությունները:

Այսպես՝ լրագրողը Սերժ Սարգսյանին հարցրեց. «Քառօրյա պատերազմը բավական բուռն քննարկումներ առաջացրեց հասարակության շրջանում` կապված պետական եւ, ընդհանրապես, մեր հանրային օրգանիզմի կենսագործունեության հետ: Եվ այդ հարցադրումների մի մասն առնչվում էր պետության կենսագործունեությանը. արդյո՞ք մենք ճիշտ ենք բաշխում պետական միջոցները, արդյո՞ք պետք չէ ավելի իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, արդյո՞ք պետք չէ ավելի ռացիոնալ մոտենալ բյուջետային այն միջոցներին, որոնք առանց այդ էլ սուղ են: Եվ, հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ պատերազմը դեռեւս ավարտված չէ, բնականաբար, խնդիր է առաջանում վերաիմաստավորել մեր ամբողջ կենսառիթմը: Բնականաբար, հանրության շրջանում որոշակի պահանջներ են ձեւավորվում այս ամեն ինչի հետ կապված»: Եվ, ահա, լրագրողի այս մտահոգություններին Սերժ Սարգսյանի տված պատասխանը հօդս է ցնդեցնում բոլոր այն լավատեսների հույսերը, որ քառօրյա պատերազմը իշխանություններին միգուցե խելքի բերի եւ ստիպի հրաժարվել իրենց հակապետական գործելաոճից: Ստորեւ ներկայացնեք պատասխանն ամբողջությամբ.

«Անկախ ապրիլյան իրադարձություններից, իհարկե, անհրաժեշտ է: Ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Իհարկե, պետք է դա անել: Մեզանից յուրաքանչյուրը, լինի դա գործադիր օղակը, օրենսդիր օղակը, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին: Եվ մեկ անգամ չէ, որ մենք դրա մասին խոսել ենք: Մեզ պարտադիր չէր, որ այդ չորս օրերը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու, եւ խոսել եմ փոփոխությունների մասին: Բայց մինչ խոսելը, երբ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում էր փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր: Եվ անկախ նրանից ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան:

Հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որեւէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնելու: Ինչպես տեսնում եք՝ փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից էլ՝ ռազմական գործողություններ. արդյո՞ք դրանք համատեղելի են, միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության համար կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»:

Պատասխանի առաջին նախադասությունը բավարար է արձանագրելու համար, որ այս անգամ էլ ժողովրդական ասացվածքը ճիշտ դուրս եկավ՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: «Անկախ ապրիլյան իրադարձություններից» արտահայտությամբ Սերժ Սարգսյանը փաստում է, որ իշխանությունների համար ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, եւ իրենք շարունակելու են նախկին գործելաոճը: Իսկ այդ գործելաոճի էությունը Հայաստանի հասարակությանը վաղուց է հայտնի. պետական լծակներն օգտագործելով՝ հարստանալ, անկախ այն բանից, թե դրա արդյունքում Հայաստանն ինչպիսի վնասներ կկրի, որքան կտուժի բանակի նյութատեխնիկական մատակարարումը եւ տարեկան քանի ՀՀ քաղաքացի կարտագաղթի երկրից:

Պատասխանի շարունակությունում էլ թվում է, թե Սերժ Սարգսյանը բարեփոխումների անհրաժեշտության մասին է խոսում, սակայն առավել կարեւոր է, որ նա հատկապես իշխանական շրջանակներին հստակ ուղերձ է հղում. ամեն ինչ մնում է նախկինի պես: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին վերջին բոցաշունչ հայտարարություններից խուճապի մի մատնվեք:
Իհարկե, դեռեւս մայիսի 4-ին հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանական համակարգի գործելաոճը չի պատրաստվում փոխել: Մասնավորապես, պետական պաշտոնով հարստացած, պետության միջոցներով միլիարդատեր դարձած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ նա, ըստ հանդիպմանը մասնակցող կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի, ասել էր. «Մենք չենք կարող 37 թիվը դարձնել մեր երկիրը: Խառնվել են սաղ իրար… Գոնե եթե լուրջ վստահ լինեինք, որ լուրջ ժամկետով հրադադար է, կարող էինք ամեն մի պուճուր թերություն քանդեինք»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դեռեւս մայիսի սկզբին արձանագրել է, որ ինքը չի պատրաստվում Հայաստանի իշխանական համակարգի գործելաոճը փոխել եւ դա պատճառաբանում է պատերազմի վերսկսման` մշտական վտանգով: Այնինչ` իրականում հակառակը պետք է լիներ: Եթե մարդը ուղնուծուծով կոռումպացված չէ, ապա կհասկանա, որ պետական միջոցները գողացող պաշտոնյաներն ուղղակի սպանում են հանրապետության իմունային համակարգը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս