ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԴԵՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պարտավորված են լինելու Հայաստանի 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առաջադրել առնվազն հինգ թեկնածու, որոնցից երկուսը պետք է լինեն կանայք: Ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներից մանդատ կստանան միայն նրանք, որոնց քաղաքական ուժերը կհաղթահարեն ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը` կուսակցությունների դեպքում 5 տոկոս, դաշինքների` 7:

Ընտրատարածքները ձեւավորվելու են մարզ-ընտրատարածք սկզբունքով: Տասը մարզերից միայն Վայոց Ձորն առանձին ընտրատարածք չի կազմի եւ միացված կլինի Սյունիքին: Մնացած չորս ընտրատարածքները ձեւավորվելու են Երեւանում` երկու կամ երեք վարչական շրջանների ամբողջական միավորմամբ:
Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների մեծ մասը դեմ է ԱԺ համամասնական ընտրակարգի այս նոր ձեւաչափին: Մինչդեռ, կնկատենք, որ իշխանությունների կողմից իրենց ընտրակեղծարարներին վերահսկելու եւ խոստացված «քվեները» ստանալու հարցում ԱԺ ընտրությունների համակարգը որեւէ կապ չունի: Ընտրակեղծարարների վերահսկման տարբերակ մշակելը րոպեների հարց է: Իրականում համամասնական եւ մեծամասնական համակարգերի միջոցով մինչ օրս իշխանությունները լուծել են մանդատների բաշխման խնդիրը եւ այժմ էլ ցանկանում են նույնն անել:
Նախկին համակարգի պայմաններում, իշխանական կուսակցությունների համամասնական մանդատները բաժին էին հասնում իշխանությունների այսպես կոչված քաղաքական դեմքերին, որոնք սովորաբար տեղ էին զբաղեցնում համամասնական ցուցակի միջին հորիզոնականներում: Ցուցակի առաջին քսան տեղերը` մեկ-երկու բացառությամբ, զբաղեցնում էին կառավարության անդամները եւ ընտրություններից հետո նրանք մանդատներից հրաժարվում էին: Օլիգարխ կամ կրիմինալ թեկնածուները տեղ էին զբաղեցնում իշխանությունների համամասնական ցուցակի վերջնամասերում:
Այսպես իշխանությունները լուծել են ներքին «մրցակցության» կամ «ներկուսակցական արդարության» հարցը: Օլիգարխ եւ կրիմինալ թեկնածուները հստակ գիտակցել են, որ պատգամավոր կդառնան, եթե իրենց ընտրատարածքներում «հաղթեն»: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար օլիգարխ կամ կրիմինալ թեկնածուները պետք է «հավաքեին» 15-ից 20 հազար քվե: Սովորաբար իշխանական կուսակցության քվեն կազմել է տվյալ ընտրատարածքի օլիգարխ կամ կրիմինալ թեկնածուի ստացած ձայների առնվազն կեսը: Նախորդ ընտրություններում վերը բերված մոտեցումը աշխատել է, կարելի է ասել, անխափան ձեւով, եւ հենց դրա շնորհիվ են իշխանությունները տարիներ շարունակ կարողացել 30-ից 40 մանդատ ունենալ համամասնական ընտրակարգով` 30-ից 40 մանդատ էլ մեծամասնականով: Նոր ըտրակարգով եւս մանդատների ներիշխանական «արդար» բաշխման խնդիրը հստակ լուծվում է: Ընտրատարածքի իշխանական 5 կամ 10 թեկնածուները փաստացի կապացուցեն, թե ով որքան ձայն է «բերել»: Առավել ժրաջանները մանդատ կստանան, անկախ նրանից, թե ցուցակի որ հորիզոնականում են, իսկ մյուսները կսպասեն իրենց հերթին:
Պարզ համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունները կազմակերպելու դեպքում իշխանության թեկնածուների մի մասն, օրինակ համամասնական ցուցակի 50-րդ կամ 60-րդ համարից հետո գտնվողները, կարող էին իմիջայլոց «աշխատել», քանի որ կասկածներ կունենային, որ իրենց «պլանը» գերակատարելու դեպքում էլ դժվար թե մանդատ ստանան:
Միամտություն կլինի կարծել, որ պարզ համամասնական ընտրակարգի դեպքում իշխանափոխություն իրականացնելը կհեշտանա: Նախորդ ԱԺ ընտրություններում արմատական ընդդիմությունը համամասնական ընտրակարգով ստացել է 5-ից 7 տոկոս քվե: Պարզ համամասնական ընտրակարգի դեպքում ընդդիմության մանդատների թիվը միգուցե կավելանա, բայց դա շատ քիչ կլինի իշխանափոխություն իրականացնելու համար: Ընտրությունների ելքը որոշվում է տեղամասերում: Եթե ընդդիմությունը կարողնա քվեարկության ընթացքը վերահսկել, ապա արդյունքի կհասնի: Իսկ եթե այդ խնդիրն ընդդիմությունը լուծում է, ապա այլեւս էական չի լինում, թե ինչ ընտրական համակարգ է գործում: Հակառակը պնդողներն առնվազն մոլորության մեջ են գցում Հայաստանի հանրությանը, եթե չասենք, որ դիտավորյալ սուտ են խոսում:
Այնուամենայնիվ, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցություններն ինչու են դեմ համամասնական ընտրակարգի նոր տարբերակին: Բանն այն է, որ այդ մոդելով, ԱԺ ընտրություններից հետո այդ կուսակցությունների ներսում ազդեցության վերաբաշխում կարող է տեղի ունենալ: Այդ կուսակցությունները միապետական կառավարում ունեն, այսինքն բոլոր որոշումները միանձնյա կայացնում է կուսակցության նախագահը, նա է որոշում, ով պետք է իրենց ցուցակի անցողիկ տեղում լինի, ով ոչ: Նոր համակարգի դեպքում կարող է այնպես ստացվի, որ Աժ ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն դառնա ընտրված: Ավելին, նա փաստացի կապացուցի, որ իր կուսակցության ղեկավարներից շատերից ավելի մեծ հեղինակություն ունի: Այլ կերպ ասած, նոր համակարգով Աժ առաջին ընտրություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների ներսում կարող են լուրջ վերադասավորումների հանգեցնել, ինչն էլ կարող է ճակատագրական լինել դրանցից շատերի ղեկավար կազմի կամ ողջ քաղաքական ուժի համար: Այսինքն՝ համամասնական նոր համակարգին դեմ խոսողներին, իրականում մտահոգում է այն հանգամանքը, որ այդպիսով իրենց «իշխանությունը» կերերա, ու առանձին կուսակիցներ մարտահրավեր նետելու հնարավորություն կստանան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՊԱՐԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը կրկին վերադառնալու է Արագածոտնի մարզ: Ինչպես հայտնի է՝ Լյովա Խաչատրյանը մինչեւ 2012 թվականը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել հենց Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքից: Սակայն 2012 թվականին նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններից յուրաքանչյուրը Հայաստանի 13 ընտրատարածքներից ամեն մեկը պետք է առաջադրի առնվազն հինգ պատգամավորության թեկնածու: Ուստի արդեն իսկ հայտնի է, որ ԲՀԿ-ի թեկնածուներից մեկը լինելու է հենց Լյովա Խաչատրյանը: Երբ «Ժողովուրդ»-ը Լյովա Խաչատրյանից փորձեց մեկնաբանություն ստանալ իր սիրելի Ապարան «վերադառնալու» առնչությամբ, ի պատասխան՝ նա ասաց. «Կոնկրետ Ապարան հասկացողություն չկա, կա Արագածոտնի մարզ հասկացողություն, որի մեջ մտնում է նաեւ Ապարանը: Ես առաջադրվելու եմ, նման հասկացողություն չկա: Կա կոնկրետ ընտրատարածք, որտեղ առաջադրվում են՝ համաձայն ընտրական նոր օրենսգրքի»:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 20-ին լրանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, արդեն տասն ամսից ավել է՝ անմիջական կատարողը կալանավորված է, նրա հետ եւս երեք անձինք են կալանավորված, սակայն այդպես էլ գործը դեռ չի ուղարկվել դատարան: Այս գործով կալանավորված են Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Իսկ, ահա, Հենրիկ Ավագյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ի քննիչները օրերս կրկին հարցաքննել են Հենրիկ Ավագյանին, եւ նա նորից պնդել է, որ Արա Բուդաղյանն այս դեպքի հետ որեւէ կապ չունի եւ չի էլ ունեցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Ավագյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալին լրացուցիչ են հարցաքննել, եւ նա կրկնել է նախորդ ցուցմունքները:

 

 

ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: ՀՀ ԱԱԾ-ն միջնորդել է նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓԱՐԻԶՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 19-ին կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի եւ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
ՀՀ ՊՆ տեղեկացմամբ` մայիսի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ԼՂՀ ՊՊՆ-ն իր հերթին հաղորդում է, որ մայիսի լույս 17-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով: Մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

 

 

ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ապացուցում է, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլում համարում են, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Անկասկած, մեր արտաքին գործերի նախարարն անհրաժեշտ գնահատականներ է տվել: Մենք հուսով ենք, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան այն առումով, որ դա թույլ կտա շարունակել առավել կայուն շրջանը»:

 

 

ԿՈՒՍԱԿՑԱՓՈԽԱԿԱՆ
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ հայտարարությունների ժամին հայտարարել է, որ իր համախոհների հետ համատեղ ձեւավորում են ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խումբ: Այսպիսով` Բաբայանը հավակնում է առանձնահատուկ տեղ զբաղեցնել Հայաստանի քաղաքական դաշտում` որպես կուսակցափոխության հարցում չգերազանցված գործիչ:

 

 

ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ գործող նախագահ եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արձագանքելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ բանակցային փակուղուց դուրս գալու համար. «Ես ոգեւորված եմ այն վերահաստատված հանձնառությամբ, որ երկու նախագահներն են արտահայտել հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես նաեւ նրանց՝ հունիսին նոր բանակցություններ անցկացնելու պատրաստակամությամբ»,- ասել է նա:




Լրահոս