«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարքը հայտնիների հետ` բացահայտելով նրանց էության առանձնահատկությունը, միայն իրենց բնորոշ հատկանիշները: Ձեզ արդեն ծանոթ դեմքերը կերեւան նոր ռակուրսից: Նրանք կբացեն իրենց սրտերը, կկիսվեն իրենց մտահոգություններով: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
-Հասմի՛կ, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ապրել…
-Եթե հարցին թեթեւ մոտեցում ցուցաբերեմ, ապա` ինչ-որ ծովափնյա երկրում: Իմ ողջ գիտակցական կյանքում ես հասկացել եմ, որ ինձ ձգում են ծովային երկրները, որտեղ մարդիկ շատ առողջ են, կանայք հրաշալի մաշկ ունեն, կյանքն էլ շատ ավելի ուրախ է: Այդ մարդիկ ինչ-որ ներքին ազատություն ունեն, որը մենք չունենք: Իսկ, առհասարակ, ես հակված եմ կարծելու, որ յուրաքանչյուրս գալիս ենք աշխարհ ինչ-որ փոքրիկ առաքելությամբ: Եթե ես Հայաստանում եմ ծնվել, ուրեմն այդպես է պետք:
-Ձեզ կարող է ոգեշնչել անգամ…
-Մի հայացք, անգամ մի ձայն, օրինակ` անձրեւինը: Ինձ կարող է ոգեշնչել նույնիսկ հիշողությունը:
-Պետք չէ սպասել, որ Դուք…
-Կհարվածեմ ինչ-որ մեկի մեջքից: Կյանքը ցույց է տալիս, որ մարդն ընդունակ է ամեն ինչի: Բայց ուղեղի համապատասխան աշխատանքն է, որ կառավարում է լուսավորը զարգացնելու եւ խավարը ոչնչացնելու միտումը:
-Տղամարդը երբեք չպետք է…
-Չպետք է մոռանա, որ ինքն է կնոջն ուժեղացնողը եւ լավատեսություն հաղորդողը, ապրելու ցանկություն պարգեւողը: Տղամարդը երբեք չպետք է մոռանա, որ կինն իր արտացոլանքն է. ինչպիսին ինքն է, այնպիսի կին էլ կտեսնի իր կողքին:
-Այդպես էլ չսովորեցիք…
-Արժանի կերպով կոպիտ պատասխան տալ, տեղին պատասխան …
-Մինչեւ հիմա վախենում եք…
-Մենակ մնալ մթության մեջ: Պետք է անպայման մի լույս վառված լինի:
-Միշտ ասում են, թե Դուք…
-Չափից դուրս անկեղծ եմ անգամ այնպիսի մարդկանց հետ, որոնք դրան արժանի չեն: Չնայած տարիների ընթացքում ես համեմատաբար փոխվել եմ, բայց ընկերներս միշտ ասում են ինձ այդ մասին:
-Ձեզ Ձեր մասնագիտության մեջ ամենաշատը նյարդայնացնում է…
-Այն, որ հաճախ անշնորհակալ աշխատանք ենք անում: Դա ես ասում եմ` ելնելով իմ ազգակիցների ճնշող մասի երաժշտական ճաշակից եւ մենթալիտետից: Վերջերս հասկացել եմ, որ որակյալ երաժշտությունը մեր երկրում չի գնահատվում: Ռաբիսը եւ պրիմիտիվ երաժշտությունը, կլկլոցը այնպես են գրավել եթերն ու բեմական հարթակները, որ մենք դարձել ենք անշնորհակալ աշխատանք կատարողներ:
-Ձեր կյանքի ամենաանսպասելի հանդիպումը:
-Այդ անսպասելի, միեւնույն ժամանակ սպասված հանդիպումը եղել է իմ ամուսնու` Շանթի հետ: Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ իմ կյանքը կապել ամերիկյան քաղաքում ծնված եւ մեծացած տղամարդու հետ, որն ունի մյուսներից 180 աստիճանով տարբեր մտածելակերպ. դա շատ իմաստներով վախենալու հանգամանք էր: Բայց ես միշտ համոզված եմ եղել, որ իմ կյանքում լինելու է անսպասելի այդ շրջադարձը:
-Երբեք չեք համաձայնի ժամանակ անցկացնել…
-Թուրքիայի որեւէ մասում, օրինակ` Անթալիայում: Վստահ եմ, որ շատ կան հայեր, որոնք գնում են այնտեղ հանգստանալու, բայց ես ժամանակ չեմ անցկացնի այդ երկրի որեւէ կետում:
-Կյանքը հազիվ էլ բավականացնի, որպեսզի…
-Կարողանամ զգալ այն, ինչ ուզում եմ զգալ, ի կատար ածեմ իմ փոքրիկ երազանքները, ապագայում ըմբոշխնեմ իմ ամեն վայրկյանը երեխայիս կամ երեխաներիս հետ:
-Ամեն դեպքում, փորձում եք կյանքից վերցնել…
-Լուսավորը եւ իմաստունը:
ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱԽԱՆՈՒԹՆ Է ՓԱԿՎՈ՞ՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայ ընթերցասերների եւ գրողների շրջանում առկա է մտահոգություն` կապված քաղաքի հայտնի գրախանութներից մեկի` «Բյուրոկրատ»-ի հետ, որին, պետք է նկատել, հաջողվել է վեց տարիների ընթացքում վերածվել նաեւ մշակութային միջավայրի: Խոսակցություններ են պտտվում, թե հերթական գրախանութը կանգնած է փակման եզրին: Բանն այն է, որ «Բյուրոկրատ»-ը վերջին շրջանում աչքի է ընկնում աննախադեպ զեղչերով, որոնք հասնում են նույնիսկ 50 տոկոսի, եւ բացի այդ` գրախանութի տնօրինությունը իրենց մոտ ներկայացված հայ հեղինակներին խնդրել է հետ վերցնել գրքերը:
Մենք կապ հաստատեցինք «Բյուրոկրատ»-ի տնօրեն Շուշան Արզաքանյանի հետ, ով տեղեկացրեց, որ գրախանութը չի փակվում, այն վերանորոգման մեջ է. «Մեր գրախանութը տեղակայված է իմ երկու սենյականոց բնակարանում: Հարեւանի բնակարանից դեպի մեզ հոսող ջրերի խնդիր կար, որի հետեւանքով կարող էին տուժել գրքերը, դա ենք լուծում: Բացի այդ` մտադիր ենք սրճարանի հատվածն ավելի ակտիվացնել` դիմելով վերափոխումների: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ հեղինակների` հետ վերադարձված գրքերին, տիկին Արզաքանյանի խոսքով` քանի որ իրենք պահեստային տնտեսություն չունեն, այդ գրքերը դնելու տեղ պարզապես չկա. «Վերանորոգումից հետո դրանք բոլորը, թերեւս բացի չվաճառվող գրքերից, հետ ենք վերցնելու»,-նշեց տնօրենը:
Անդրադառնալով ընթերցասերների անհանգստությանը՝ գրախանութի տնօրենը շեշտեց, որ ամենից մտահոգվածն իրենք են. «Հասկանո՞ւմ եք` այդ ընթերցասերները չեն գալիս գիրք գնելու, մեզ համար շատ դժվար է գրախանութը պահելը: Ապրիլի 1-ից գրախանութ մարդ չի մտնում: Ամիս ու կես առաջ որոշեցինք գնային նոր քաղաքականություն մշակել. գրքերի ամբողջ ֆոնդի համար 50 տոկոս զեղչ արեցինք` դրանց գները հասցնելով ինքնարժեքին, երբեմն էլ` իջեցնելով նույնիսկ դրանից: Ասացինք` թող մենք տուժենք, բայց գրքերը վաճառվեն: Մեռանք հայտարարություններ անելով. ո՛չ մի փոփոխություն, ո՛չ մի արձագանք: Այնպես որ ես գրախանութը փակելու բարոյական բոլոր իրավունքներն ունեմ»,-մեկնաբանեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ
Օպերային արվեստում ոչ պաշտոնապես օպերային «Օսկար» անվանվող, հեղինակավոր Միջազգային օպերային մրցույթի «Լավագույն երիտասարդ երգչուհի» կոչմանն արժանացել է Մարիինյան թատրոնի սոպրանո, Լիտվայի քաղաքացի, 35-ամյա Հասմիկ Գրիգորյանը: Իր հոբելյանը երգչուհին նշել էր մայիսի 12-ին, եւ այս մրցանակն իսկական նվեր էր նրա համար: TACC-ի փոխանցմամբ` մրցույթի 2016 թ. գլխավոր մրցանակակիրներ են դարձել իտալացի սոպրանո Մարիելլա Դեվիան եւ ԱՄՆ-ն ներկայացնող քնարական տենոր Գրեգորի Կունդեն: 32-ամյա ֆրանսիացի Ստանիսլաս դե Բարբերյակն էլ հաղթել է «Լավագույն երիտասարդ երգիչ» անվանակարգում: Ընդհանուր հաշվով մրցանակներ են շնորհվել ավելի քան 20 անվանակարգերում: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Լոնդոնի «Սավոյ» թատրոնում:
ԽՆԴՐԱԳԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ եւ սեփականատեր Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պատրաստ է քննարկել change.org կայքում տեղադրված խնդրագիրը, որը կոչ է անում վերանայել Ստոկհոլմում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ` EBU-ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ: EBU-ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը, սակայն, քիչ հավանական է համարել, որ արդյունքները կվերանայվեն։
Խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 200 հազար օգտատեր: Ի դեպ, որպես դիմումի հեղինակ նշված է Երեւանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանի անունը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ստոկհոլմում, մայիսի 14-ին: Քվեարկության արդյունքներով հաղթել է ուկրաինացի երգչուհի Ջամալան:
ԲՈՒՔԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Է
Հարավկորեացի գրող Հան Կանգը դարձել է 2016 թվականին միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր: BBC News¬ի փոխանցմամբ` նա այդ պարգեւին արժանացել է «Բուսակերուհին» նոր վեպի համար: Վեպն անգլերեն է թարգմանել Դեբորա Սմիթը: 50 հազար ֆունտ¬ստեռլինգի չափով մրցանակը կբաժանվի հեղինակի եւ թարգմանչուհու միջեւ:
Ժյուրիի նախագահ Բոյդ Տոնկինի խոսքով՝ «Բուսակերուհին» ինքնատիպ վեպ է, որը խորը տպավորություն է թողնում:
Նշենք, որ մրցանակի հավակնորդներից էին թուրք գրող Օրհան Փամուկը, իտալուհի Էլենա Ֆերանտեն, անգոլացի Ժոզե Էդուարդու Ագուալուզան, չինացի Յան Լյանկեն եւ ավստրիացի հեղինակ Ռոբերտ Սիտալերը: