Գուցե լա՞վ է, որ Նժդեհի քանդակը նմանեցնում են Պետրոս Առաջինին. հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 3-րդ շենքին հարակից այգում մայիսի 25-ին տեղադրել են հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Այն տեղակայվել է Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում: Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: Քանդակը նոր էր տեղադրվել, իսկ համացանցում արդեն բուռն քննարկումների ալիք բարձրացավ: Համազասպ Բաբաջանյանի արձանից հետո «թիրախում» հայտնվեց Նժդեհի քանդակը, որի վերաբերյալ քննադատութուններն, ի դեպ, հնչել են դեռեւս տարիներ առաջ (արվեստագետներից ոմանք եղել էին արվեստանոցում եւ տեսել էին էսքիզային տարբերակը), իսկ այժմ դրանք նոր թափ ստացան: Երեւանցիները սոցցանցերում կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում մայրաքաղաքում տեղադրվող արձանները զուրկ են գեղարվեստական արժեքից եւ ստեղծագործ մտքից: «Վախենում ենք այն արձանից, որ վաղն է գալու»,- գրում են օգտատերերը: Կոնկրետ Նժդեհի քանդակը նրանք նմանեցնում են Պետրոս Առաջինին: Հնչող քննադատությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանի հետ:

e93e75ed-bfd2-41d0-a57a-ca50fd71210b

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք Նժդեհի բնութագրական ո՞ր գծերն եք ցանկացել արտացոլել արձանը կերտելիս:

-Մի քանի տարի առաջ հեռուստածրագրերից մեկի եթերում հարցում անցկացվեց, թե ով է ամենամեծ հայը: Հարցվածների մեծ մասը տվեց Գարեգին Նժդեհի անունը: Մենք ճարտարապետների հետ որոշել էինք, որ սա պետք է լինի մոնումենտալ արձան, կոթող: Գարեգին Նժդեհը հանճարեղ զորավար է, ռազմագետ, պետական եւ քաղաքական գործիչ եւ վերջապես 20-րդ դարի առաջին կեսի խոշորագույն իմաստագետներից մեկը, մեծ մտքի տեր փիլիսոփա, ազգային գաղափարախոս: Նա լեգենդար կերպար է: Կարծում եմ` շատ համահունչ կոմպոզիցիա է ստացվել:

-Սակայն շատերը դժգոհում են, ասում են` մինչեւ չմոտենաս, չես կռահի, թե դա ում արձանն է:

-Ամեն մարդ իր կարծիքն ունի: Թող չստացվի, թե ես ինձ գովում եմ, բայց մարդիկ մոտենում, լավ խոսքեր էին ասում ինձ, հավանում էին արձանը, զգում դրա հզորությունը: Իհարկե, կա մարդ, որ ասում է` ինչու պետք է մոտենամ, որ տառերը կարդամ (նկատի ունի պատվանդանին տեղ գտած նժդեհյան խոսքերը-հեղ.), կա մարդ, որ ասում է` ինչու Նժդեհը ձիու վրա չէ: Հանրությունից ոչ բոլորին է հարկավոր լսել: Մեծամասնությունը հավանություն է տվել գործին:

-Կարծիքներ կան նաեւ, որ Ձեր քանդակած Նժդեհը նման է Պետրոս Առաջինին: Դուք ի՞նչ կասեք:

-Վերցրեք, նայեք Պետրոս Առաջինի արձանների լուսանկարները եւ կտեսնեք, որ այս արձանի եւ դրանց միջեւ ֆորմայի նմանություն չի կարող լինել: Բայց ես կարող եմ ասել` գուցե լավ է, որ այդպես են ասում: Ուրեմն ստացվել է հեռատես, հզոր կամքի տեր մարդու կերպար ստանալ:

-Նժդեհը կոլորիտային անձնավորություն է եղել: Գուցե նրան բնորոշ հատուկ մի դետա՞լ ներառեիք քանդակում:

-Ես ունեմ իմ կարծիքը, ես արվեստագետ եմ, քանդակագործ: Չէ՞ որ դեռեւս 2011 թվականից մինչեւ հիմա աշխատում եմ այս թեմայի վրա: Նժդեհի մասին ինչքան նյութեր կան, ուսումնասիրել եմ, ինչքան ֆոտոներ կան, նայել եմ: Լեգենդար մարդու, հերոսի, անմահ մտավորականի արձան եմ կերտել: Այսօր ես կարող եմ ասել, որ ինչ պետք էր, ես արել եմ:

Նշենք, որ ավելի վաղ քննադատություններ էին հնչել Նժդեհի արձանի տեղադրման վայրի վերաբերյալ: Ըստ ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանի` ճիշտ չէ, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ նույն Նժդեհի արձանը կանգնեցվում է Հանրապետության փողոցի կից այգում: Լ. Թոքմաջյանը դեռեւս 2014-ին նշել էր նաեւ, որ Նժդեհին այդպիսին չէր պատկերացնում. «Իրեն շարժման մեջ էի պատկերացնում, ընդվզող, հողի համար կռվող, իսկ այս քանդակում նա հանգիստ է»,- ասել էր նա` հավելելով, որ խնդրել է Գ. Ստեփանյանին մի փոքր շարժում մտցնել քանդակի մեջ:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն էր տվել հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրելու մասին որոշմանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս