ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՏՎԵՑ ՔԱՄՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը: Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ` «մերկանալ»: Թեեւ այդ շենքը երեսապատման կարիք ամենեւին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար: Եւ, ահա, երեկ Երեւանում մոլեգնած ուժգին քամին պոկեց եւ ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը` բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները:
Նշենք, որ ինչպես ՔԿ շենքի շինարարությունն ու կահավորումը, այնպես էլ երեսապատումը իրականացրել է «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն, որը կապվում է Կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ: Պաշտոնական փաստաթղթերով, իհարկե, այդ ընկերությունը կապ չունի Հովսեփյանների հետ: Սակայն լուրեր կան, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է Հովսեփյանների ընտանիքին, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ:

 

 

 

Նոր Սահմանադրությունը դեռ չի հասցրել ամբողջությամբ ուժի մեջ մտնել, բայց ՀՀ իշխանություններն արդեն իսկ խախտում են այն: Բանն այն է, որ Սահմանադրության 210 հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունիսի 1-ից: ԸՕ նախագիծը, ինչպես հայտնի է, մայիսի 17-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Սովորաբար օրենսգրքերն ընդունվում են 3 ընթերցմամբ: Նախատեսվում է, որ մայիսի 25-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ԸՕ-ն կընդունվի 3-րդ ընթերցմամբ: Բայց նույնիսկ դա չի փրկում իրավիճակը: Բանն այն է, որ եթե անգամ նույն օրը ԸՕ-ն վազելով հասցնեն նախագահի նստավայր, եւ Սերժ Սարգսյանն այն ստորագրի, ու հաջորդ իսկ օրը այդ փաստաթուղթը հրապարակվի, ապա միեւնույն է՝ Սահմանադրության պահանջը չի կատարվում: «Իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակման պահից ոչ շուտ, քան տասներորդ օրը: Այսինքն՝ ամենաարագ հաշվարկներով անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը հինգ օրով խախտում են:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները եւ արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ: Դեռեւս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել: Իսկ քրեական գործի առիթը եղել էր տեսախցիկների արձանագրած ոչ բոլոր խախտումներին ընթացք տալու բացահայտված փաստերը: ՀՔԾ-ում քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են ճանապարհային ոստիկանությանը: Սակայն ՃՈ-ում խախտումների մի մասին ընթացք չի տրվել: Այժմ ՀՔԾ քննիչները պիտի պատժեն բոլոր կողմերին, որպեսզի դաս լինի, եւ հանկարծ տուգանքները «տակով չանեն»:

 

 

 
Պանամական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո թիրախավորվեց ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Հասկանալի է, որ թիրախում կարող էին հայտնվել հայաստանյան էլիտայից շատ շատերը, քանի որ, իրականում, տարբեր օֆշորներում հաշիվներ ունեն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Այդ դեպքում ինչո՞ւ հենց Մ. Պողոսյանը: Թերեւս նրան իշխանության ներսում թուլացնելու խնդիր կար դրված, քանի որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի վստահելին, սիրելին եւ անձեռնմխելին: Ու հենց իշխանական շատ խողովակներ էին ջանում թեժացնել Միհրան Պողոսյանի շուրջ բարձրացված աղմուկը, եւ ներսում էլ որոշվեց ԴԱՀԿ ազդեցությունը էապես մեծացրած եւ Հայաստանի ամենահզոր ուժային կառույցներից մեկը դարձրած Պողոսյանի ակտիվությունը կասեցնել: Ինքը՝ Պողոսյանը, սկզբում լռում էր, բայց հետո հրապարակեց փաստաթղթեր՝ ըստ որոնց շվեյցարական այն բանկում, որը նշված էր պանամական փաստաթղթերում, ինքը երբեք հաշիվ չի ունեցել: Եւ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մ. Պողոսյանի դիրքերն այդքան էլ չեն թուլացել:

 

 

 
ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ
Երբ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե հրահանգել է ՀՀ ԱԳՆ-ին՝ ԼՂՀ հետ փոխօգնության պայմանագիր մշակել, դա պաշտոնական քարոզչության կողմից ներկայացվեց որպես ԼՂՀ անկախությունը ճանաչելու հիմք կամ առաջին քայլ: Մինչդեռ այդ հայտարարության հաջորդ օրն արդեն որոշ փորձագետներ նշեցին, որ նման բան առհասարակ հնարավոր չէ, քանի որ իրավական տեսանկյունից «նոնսենս» է փոխգործակցության պայմանագրի կնքումը մի սուբյեկտի հետ, որի ինքնիշխանությունն ու անկախությունը պայմանագիրը կնքողի՝ Հայաստանի կողմից ճանաչված չէ: Ասել է, թե Հայաստանը նախ պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, ապա միայն կնքեր ռազմական փոխօգնության պայմանագիր:
Բացի այն, որ այս պնդումներին ի պատասխան՝ որեւէ պաշտոնական հակափաստարկ չներկայացվեց, հաջորդող օրերին այդ պայմանագրի մասին պաշտոնական մակարդակով խոսակցություններն առհասարակ դադարեցին: Փոխօգնության պայմանագրին միայն մեկ անգամ բարձր մակարդակով անդրադարձ եղավ՝ շուրջ մեկ ամիս առաջ Աժ-ում հարցուպատասխանի ընթացքում, երբ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հնչեցրած հարցին՝ ԱԳ նախարար Էդուարդ Նլբանդյանն ասաց, որ պայմանագիրը մշակվում է, եւ կյանքի կկոչվի «հարմար պահի»: Սրա հետ կապված ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, թե նման պայմանագիր մշակելու համար «միջին դիվանագետին անհրաժեշտ է 12 ժամ, եւ եթե այդ պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, ապա դա խոսում է այն մասին, որ Հայաստանին ուղղակի թույլ չեն տալիս նման բան անել»:
Նախօրեին էլ Արցախում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ իշխող քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները տարբեր պատասխաններ տվեցին: ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ավելի զգուշավոր պատասխան տվեց՝ նշելով, թե այդ գործընթացը մոտենում է ավարտին: Ընդ որում, երկուսն էլ կարեւորեցին անհրաժեշտ քաղաքական իրավիճակի առկայությունը: Ասել է, թե այս պայմանագիրը կարող է առհասարակ մնալ արտգործնախարարության գզրոցներում եւ այնտեղից դուրս բերվել միայն լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է մնում Սերժ Սարգսյանի խոսքի կշիռը, ի վերջո, եթե Արցախի ճանաչման դեպքում նա հստակ ասել էր, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված որեւէ նման պայման չէր առաջադրվել: Եվ ուրեմն՝ Ս. Սարգսյանի սիրած շախմատի լեզվով ասած՝ գործում է «ձեռք ես տվել, պետք է խաղաս» սկզբունքը, որի խախտման դեպքում ՀՀ շուրջ անլուրջ խաղացողի տպավորություն կստեղծվի՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով:




Լրահոս