ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՏՐՈՒՄ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, բավականին վտանգավոր հայտարարություններ արեց: Նրա բացատրություններից պարզ դարձավ, որ Հայաստանը պատերազմից դուրս է եկել զգալի կորուստներով:

Նախ եւ առաջ հարկ է արձանագրել, որ հայկական կողմը 1994թ. զինադադարից հետո առաջին անգամ տարածքներ է կորցրել: Այս մասին, ինչպես հիշում ենք, բարձրաձայնեց Ժիրայր Սէֆիլյանը, որին իշխանության սպասարկուները շտապեցին դավաճան հռչակել՝ առանց մտածելու, որ երկու օր անց Սերժ Սարգսյանն է կրկնելու նույն միտքը՝ կորսված տարածքների էլ ավելի մեծ թիվ նշելով: Քառօրյա պատերազմի վերջին օրը դեսպանների առաջ խոսելով 2-3 հարյուր մետրերի մասին՝ մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն արդեն կորուստները չափում է հեկտարներով: Եվ ամենազարմանալին այն է, որ իշխանության ներկայացուցիչները տարածքային կորուստների մասին խոսում են այնքան հեշտությամբ ու անհոգությամբ, կարծես խոսքը վերաբերում է Հայկի ու Բելի ճակատամարտին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անգամ ավելի հեռուն գնաց՝ կորսված տարածքներն անվանելով «ամայի ու անմշակ»: Հետաքրքիր է՝ որքա՞ն ամայի ու անմշակ հողեր կան սահմանից այս կողմ, որոնք կարող ենք առատաձեռնորեն հանձնել ադրբեջանցիներին:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի ցանկացած հակասական հայտարարություն ՀՀԿ-ականները պաշտպանում են մեծագույն եռանդով: Երբ Սարգսյանը խոսել էր «80-ականների զենքի» մասին, ՀՀԿ-ականներն այնքան էին շփոթվել, որ նույնիսկ հայտարարվեց, թե մեզ խաբել ու թանկ գնով վաճառել են 80-ականների զենք (Համլետ Հարությունյան, ՀՀԿ): Այս անգամ կրկին նույն իրավիճակը ստեղծվեց՝ ներառելով նույնիսկ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակին, որը միացավ «ոչ ռազմավարական» դիրքերի մասին մեկնաբանություններ անողների շարանին: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «ոչ ռազմավարական» տարածք արտահայտությունը: Գուցե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի «աշխարհացունց» ելույթ էլ նվիրի այս թեմային ու հանձնարարի ՊՆ-ին, որ վերջինս ներկայացնի բոլոր «ոչ ռազմավարական» տարածքների ցանկը, որոնք առաջին իսկ առիթի դեպքում կհանձնենք Ադրբեջանին գոնե առանց զոհերի: Թե չէ, ի՞նչ է ստացվում, ամեն անգամ 100 մայրեր պիտի սեւազգեստ դառնան, որից հետո իշխանության բոլոր օղակները կորսված տարածքները հռչակեն «ոչ-ռազմավարական, ամայի ու անպիտա՞ն»:
Այդուհանդերձ, եթե մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, չենք կարող անտեսել ինքնին կորուստի փաստը: Նախորդ տարիների ընթացքում ձեւավորվել էր այն մտայնությունը, որ Հայաստանի որեւէ ղեկավար գլխից ձեռք չի քաշել, որ համարձակվի զիջումների գնալ Արցախի հարցում: Այդ կարծիքի հիմքում 1998թ. պալատական հեղաշրջումն էր: Ըստ էության, փոխզիջումների կողմնակից Տեր-Պետրոսյանը կամովին հեռացել էր իշխանությունից, իսկ նրան փոխարինել ու արդեն 18 տարի կառավարում են փոխզիջումների դեմ հանդես եկած Քոչարյանն ու Սարգսյանը: Ստեղծվել էր մոտեցում, որ եթե առաջին դեմքը պատրաստ է զիջումների, նա իշխանության մնալ չի կարող: Սակայն կատարվեց ամենամտահոգիչը. Սերժ Սարգսյանի նախագահության 8-րդ տարին չլրացած` Արցախը զրկվեց 800 հա տարածքից: Ինչպիսի փաստարկներ կամ հանգամանքներ էլ որ լինեն, տարածքային կորուստների պատասխանատվությունն ի պաշտոնե Սերժ Սարգսյանի վրա է, ինչից նա փորձեց խույս տալ՝ նվազեցնելով կորսված տարածքների նշանակությունը եւ նույն հանձնարարականն իջեցնելով իր ենթականերին:
Որքան էլ Ադրբեջանին չհաջողվեց իրականացնել իր ծրագրի առավելագույնը, նա, այնուամենայնիվ, հասավ որոշակի հաջողությունների, որոնք վստահաբար օգտագործելու է առաջիկայում: Իսկ, ահա, Հայաստանում իշխանությունը, հաղթահարելով քառօրյա պատերազմի անակնկալը, չընդունեց իր պատասխանատվությունը: Ամենացավալին, սակայն, այն է, որ հասարակությունը հեշտությամբ ու անվրդով մարսեց տարածքային կորուստների մասին լուրը: Ինչպես տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանն էլ չկորցրեց իշխանությունը: Տպավորություն է, որ զոհ ենք դարձել մի փորձարկման, որով ժողովուրդը ընտելանում է տարածքային կորուստների փաստին: Այսօր 800 հեկտար է, վաղը կլինի 80 հազար եւ այսպես շարունակ…

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավել գյուղերի բնակիչներ խոշոր չափի վնասներ են կրել: «Ժողովուրդ»-ը իր նախորդ հրապարակումներում գրել էր, որ կարկտահարված գյուղերում եղել են հակակարկտային կայաններ, որոնք «Յուքոմ»-ի կապի խափանման պատճառով չեն կրակել: Այս խնդրի շուրջ զրուցեցինք «Յուքոմ»-ի մարքետինգի եւ կոմունիկացիայի տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, ԱԻՆ-ից տեղեկացանք, որ մայիսի 18-ին «Յուքոմ»-ի պատճառով հակակարկտային կայանները չեն կրակել. կապ չի եղել: «Յուքոմ»-ը կփոխհատուցի՞ գյուղացիներին:
-Մենք ունենք գործընկեր, որը ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն է, որի հետ ունենք տարրական համագործակցության բիզնես պայմանագիր: Եւ որեւիցե առանձնահատուկ պայմանագիր, թե ինչի համար են իրենք օգտագործում մեր կապը, մենք չունենք: Մենք իրենց հետ որպես հաճախորդ ունենք կապի տրամադրման պայմանագիր: Թե ինչն են իրենք իրականացնում մեր կապի միջոցով, մեզ հետ կապ չունի: Այսինքն՝ մեր ու իրենց հարաբերությունները այնպիսին են, ինչպես ցանկացած այլ գրասենյակի հետ՝ ուղղակի կապ ենք տրամադրում: Բայց իրենց իսկ խնդրանքով մենք այսօր (երեկ-Ս.Հ.) հանդիպում ենք ունեցել եւ առաջիկայում որոշակի տեխնիկական խորհրդատվություն կտրամադրենք, թե էլ ինչ կարող են իրենք անել նման դեպքերում:
-Ամեն դեպքում, այդ օրը «Յուքոմ» ընկերության կապի խափանման պատճառով հակակարկտային կայանները չեն կրակել:
-Այո, այդ օրը ունեցել ենք միայն հաղորդագրություններ ուղղարկելու հետ կապված որոշակի խնդիրներ ե՛ւ եղանակային պայմաններից ելնելով, ե՛ւ մեր ներքին տեխնիկական աշխատանքներն իրականացնելու արդյունքում: Պատճառները տարբեր են, եւ դրանք ռեգուլյար բնույթ կրող գործողություններ են: Ի դեպ, եթե չեմ սխալվում՝ քսան օր առաջ իրենցից խնդրանք ստացանք, որ եթե նույնիսկ խնդիրներ լինեն վճարման, չվճարման եւ ցանկացած տիպի, որից ընկերությունը կանջատի կապը, վճարման վրա ուշադրություն չդարձնենք: Նաեւ նշել էին, որ այս ժամանակահատվածում շատ կարեւոր է իրենց համար, որ կապը չանջատվի:
-Եվ չնայած դրան՝ կապը, փաստորեն, խափանվեց, ինչի արդյունքում հարյուրավոր գյուղացիներ են տուժել, նրանց ողջ բերքը փչացել է՝ հասցնելով միլիոնավոր դրամների վնաս: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է փոխհատուցելու նրանց կրած վնասները:
-Ես հասկանում եմ, դա շատ վատ խնդիր է, դրա համար մենք հիդրոմետ ծառայությանը մեր տեխնիկական աջակցությունն ենք առաջարկել. խորհուրդ կտանք, թե ինչով կարելի է այդ համակարգը փոփոխել, հեռախոսի երկրորդ գիծ ունենալ, ինտերնետի միջոցով դա իրականացնել: Եթե խնդիրն այն է, որ միայն մի հաղորդագրությունից է կախված հակակարտային կայանի կրակելը, դա այդքան էլ լավ չէ:
-Գյուղացիներին օգնելու հարցով «Յուքոմ»-ը առաջիկայում չի՞ պատրաստվում քննարկում անցկացնել:
-Այս պահին քննարկում չի եղել: Քննարկում միանշանակ տեղի է ունենալու, բայց ոչ ավելի, քան ԱԻՆ-ին խորհրդատվություն տալու մասով:
-Իսկ գյուղացիներին փոխհատուցելու կապակցությա՞մբ…
-Մենք կապ չունենք գյուղացիների հետ: Դուք պատկերացրեք, որ հազարավոր ընկերություններ կան, որոնք կապի հետ կապված տարբեր տեսակի գործողություններ են ծավալում: Եթե մենք նախապես, հատուկ համաձայնում ենք ապահովել ինչ-որ մի ծառայություն, մենք դա ապահովում ենք:
Հ.Գ. Հուսանք, որ այսքանից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ի վերջո, հարկ կհամարի այս խնդրին ուշադրություն դարձնել: Չէ որ ԱԻՆ-ի գործը միայն հրդեհ հանգցնելը կամ էլ մարդկանց ինքնասպանությունից փրկելը չէ: Գուցե՞ Երիցյանը ծառայողական քննություն անցկացնի՝ պարզելու, թե իրականում ում թերի աշխատանքի պատճառով են հարյուրավոր գյուղացիներ վնասներ կրել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՀՐԿԻԶՈՂՆԵՐՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ, 1969թ. ծնված Շուշան Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի՝ Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ Բեկ» խանութի վաճառողուհիներ, պարբերաբար տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից՝ գումար: Շուշան Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս: Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հրկիզման եղանակով հրդեհել են խանութի սննդամթերքի բաժինը, որի հետեւանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916 դրամի, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550 դրամի նյութական վնաս: Շուշան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շ. Խաչատրյանին` 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մարտի 29-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Շ. Խաչատրյանին եւ Լ. Գրիգորյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածներում եւ դատապարտել համապատասխանաբար 5 եւ 2 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Դատավորը վճռել է Շ. Խաչատրյանից հօգուտ գործով տուժող անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի բռնագանձել 7 միլիոն 500 հազար, Լուսինե Գրիգորյանից՝ 2 միլիոն 500 հազար դրամ, նրանցից համապարտության կարգով բռնագանձել 28 միլիոն դրամ, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին վերապահել քաղաքացիական հայցի իրավունք: Նախօրեին տեղեկացանք, որ Շուշան Խաչատրյանը եւ Լուսինե Գրիգորյանը բողոքարկել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ խնդրելով բեկանել այն եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Քրեական գործերով վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունն ընթացքի մեջ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս