«ՀԷՑ»-ը ուղղում է հաշվիչների ժամային գրաֆիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններին համապատասխան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, շենքից շենք անցնելով, ուղղում են էլեկտրոնային հաշվիչների ժամային գրաֆիկները:

Հաշվիչների ժամային գրաֆիկներն ուղղելու աշխատանքները սկսվել են դեռևս անցած տարվա նոյեմբերից և մինչև այս տարվա հուլիսի 1-ը նախատեսվում է ավարտել 360 հազար էլեկտրոնային հաշվիչների ուղղման գործընթացը: Ի դեպ, 110 հազար էլեկտրոնային հաշվիչ արդեն իսկ ստուգվել է:

«Կատարված է աշխատանքների շուրջ 35 տոկոսը: Քանի որ մենք ծրագրավորիչների հետ կապված խնդիրներ ունեինք, քիչ էին (ընդամենը 80 հատ ծրագրավորիչ կար), պատվիրվեց ևս 150-ը:

Ամբողջ համակարգում կատարվում են ժամային գրաֆիկների ուղղումները, զուգահեռ իրականացվում է նաև սեղմակաշարերի կափարիչների տեղադրումն ու կնքումը», – նշում է«ՀԷՑ»-ի իրացման տնօրենի տեղակալ Մուրադ Հովսեփյանը:

Նկատենք, որ «ՀԷՑ» աշխատակիցների կողմից իրականցված ստուգումների արդյունքում, երբ հաշվիչների մոտ խնդիրներ են լինում, դրանք ուղարկվում են` լաբորատոր պայմաններում ստուգվելու համար: Կամ էլ փոխվում են մեկ ուրիշով:

Այն տեղերում, որտեղ աշխատանքներն արդեն ավարտվել են, ՀԷՑ-ի աշխատակիցները մեկ անգամ ևս այցելում են համոզվելու` արդյոք ժամային գրաֆիկի նոր խախտումներ հաշվիչներում  չկան: Տեղեկացնենք, որ աշխատանքները կատարելուց հետո հոլոգրաֆիկ կնիքով փակվում է հաշվիչների սեղմակաշարը եւ մուտք է գործում համակարգիչ:

Ինչն էլ շարունակական գործընթաց է: Սեղմակաշարերի կափարիչների տեղադրումն ու կնքման գործընթացը հնարավոր է ավարտել հուլիսի 1-ից էլ շուտ, վստահեցնում են պատասխանատուները:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգը Հայաստանում շահագործման հանձնեց արտադրական հզորությունների սերիա:

Ինովացիոն սարքավորումները ոչ միայն թույլ են տալիս կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, այլ նաև ապահովել տեղեկատվության`հաշվառքի սարքերից հավաքագրման ավտոմատացում, էապես բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառման չափումների ճշգրտությունը և առավելապես բացառել էլեկտրաէներգիայի գողության և կորուստների հնարավորությունները տեխնիկական անկատարության պատճառով: Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ АСКУЭ համակարգը հնարավորություն է տալիս տան, թաղամասերի, քաղաքի, բնակավայրի մակարդակով էներգառեսուրսների սպառման հաշվառումն իրականացնել միասնական կարգավարական և ֆինանսական կենտրոններից:

Նոր ձեռնարկությունների գործարկումը հակաճգնաժամային ծրագրի առաջին քայլն է, որի մասին դեռ 2015թ.-ի սեպտեմբերին հայտարարել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր ՍամվելԿարապետյանը: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ, որոնց նպատակը բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումն է, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության ամրապնդումը:

Այնպես որ ծրագրի ներդրումից հետո հաշվիչների հետ կապված վերը նշված խնդիրներն արդեն անցյալում կմնան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս