Այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական կյանքում պետք է սերնդափոխություն տեղի ունենա, եւ վաղուց արդեն իրենց սպառած քաղաքական գործիչները, հիմնականում խոսքը իշխանական դեմքերի մասին է, պետք է ասպարեզից հեռանան, վաղուց ձեւավորված հանրային պահանջ է:
Հարկ է նշել, որ իշխանական գործիչների սերնդափոխություն ասվածը չի կարելի շփոթել կոռումպացված պաշտոնյաներին` հատկապես նախարարներին եւ պատգամավորներին, իրենց զավակներով փոխարինելու հետ: Հայաստանի իշխանությունները նման տարբերակին ոչ միայն դեմ չեն, այլ նաեւ սկսել են գործուն քայլեր կատարել՝ նման փոփոխություն իրագործելու համար: Սակայն նման տեղափոխությունները Հայաստանում որակական ոչ մի փոփոխության չեն հանգեցնի, պետությունը նախկինի պես կշարունակի քայքայվել, մարդիկ էլ տասնյակ հազարներով կշարունակեն Հայաստանից արտագաղթել:
Երբ խոսքը քաղաքական դաշտում սերնդափոխության մասին է, դա առաջին հերթին ենթադրում է իշխանափոխություն, որի իրականացնողները չեն լինի ընդդիմադիր դաշտի հին խաղացողները: Ի դեպ, ընդդիմադիր դաշտի հներին փոփոխությունների հնարավորությունից տարանջատելը չի նշանակում նրանց արհեստական դաշտից դուրս նետել: Պարզապես այլեւս ակնհայտ է, որ նրանք ի վիճակի չեն փոփոխություններ բերել` իշխանափոխություն իրականացնել, առաջին հերթին այն պարզ պատճառով, որ իշխանությունների հետ չափից ավել շատ են կապված: Այլ կերպ ասած՝ սերնդափոխությունն իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ շրջափուլերից է:
Նոր գործիչներից կազմված ընդդիմադիր քաղաքական թիմերը թերեւս կարող են ձեւավորվել, եթե Հայաստանի անկումը դադարեցնել ցանկացող երիտասարդները սկսեն անդամագրվել ընդդիմադիր կուսակցություններին եւ իրենց ներկայությամբ որակապես փոխեն նախ ընդդիմադիր քաղաքական դաշտը, այնուհետեւ հասնեն իշխանափոխության: Թերեւս շատ քչերի մտքով կանցնի, որ դեռեւս մեկ-երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները գործուն քայլեր են կատարել երիտասարդության մուտքը «ֆիլտրելու» համար:
Ինչպես հայտնի է՝ փոփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող են դառնալ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 25 տարին լրացած անձինք, իսկ երկքաղաքացիները նման իրավունք չունեն: Նույնը վերաբերվում է նաեւ կառավարության անդամներին` վարչապետին եւ նախարարներին: Այս մոտեցման պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե քանի որ մենք գրեթե բոլոր երկրներում համայնք ունենք, նման սահմանափակումը պետական անվտանգության հարց է:
Մենք սովոր ենք, որ ՀՀ իրավապահները եւ հատկապես ԱԱԾ-ն ողջ օրը զբաղվում են ընդդիմության ներկայացուցիչներին գաղտնալսելով եւ նրանց ամեն մի տեղաշարժը վերահսկելով: Բայց պետությանը լրտես պաշտոնյաներից հեռու պահելը հենց ԱԱԾ-ի գործն է: Ինչպես կարելի է ավելի քան ութ միլիոնանոց սփյուռքի մեր հայրենակիցների առջեւ դուռը փակել, ինչ է, թե մենք վստահ չենք, որ մեր ԱԱԾ-ն չի թերանա եւ կկարողանա կանխել լրտես գործիչների մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ: Ավելին՝ եթե որեւէ երկրի հատուկ ծառայություն ցանկանա նման խնդիր լուծել, ապա ինչն է նրա գործակալին խանգարում դառնալ միայն ՀՀ քաղաքացի: Այլ կերպ ասած՝ երկրորդ քաղաքացիությամբ սահմանված արգելքը ոչ մի վտանգ էլ չի չեզոքացնում:
Պարզվում է՝ վերջին 10 տարիներին հատկապես արտերկրում կրթություն ստացած երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում երկքաղաքացիները: Իրենց բնագավառում արդեն կայացած մասնագետներից շատերը երկրորդ քաղաքացիություն են ստացել արտերկրում ազատ աշխատելու, առանց վիզայի եվրոպական կամ այլ երկրներ գնալ-գալու համար: Սակայն ՀՀ իշխանությունները գրչի մեկ հարվածով կադրային այդ բազան կտրեցին եւ դեն նետեցին:
Համաձայնեք, որ իր ոլորտում կայացած ոչ մի մասնագետ չի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ՝ ի սկզբանե իր համար քաղաքական առաջընթացը բացառելով: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները փաստացի թույլ չեն տվել, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունների կադրային բազան երկքաղաքացիների հաշվին ընդլայնվի: Ավելին՝ լուրջ կասկածներ կան, որ նման մոտեցումը հենց այնպես` ապագայում իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգները կանխելու մղումով չի ծվնել, այլ արտերկրում կայացած եւ Հայաստանի քաղաքական կյանքում ներգրավվել ցանկացող կոնկրետ անձանց ճանապարհը փակելու համար է արվել:
Այս մոտեցմամբ ստացվում է, որ հայկական հին եւ նոր սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանում միայն որպես փողի քսակ ենք դիտարկում` նրանց համար բացառելով Հայաստանում քաղաքական կարիերա անելու հնարավորությունը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ