Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի ժամանակ.
«Մայիսի 12-ին հանձնարարական էի տվել Էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել էի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ: Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:
Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ և թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու:
Հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցերը պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցերը երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: