Հայոզ լեզվի անաղարտության ու հայապահպանության անհրաժեշտության մասին մեր երկրում ելույթների ու խորհուրդների պակաս երբեւէ չի զգացվել: Սակայն գործնականում որեւէ քայլ չի իրականացվում հայոց լեզուն պահպանելու համար:
Հեռուստաեթերի՝ անգամ լրատվական ու տեղեկատվական թողարկումները փողոցային լեզվապաշարով են համեմված, սերիալները «չորեքթաթ» հայերենով են հեռարձակվում, Ազգային ժողովում պատգամավորները խոսում են հայհոյանքի ժանրով, իսկ առանձին վերցրած մի քանի պատգամավորներ, ինչպիսին Սեյրան Սարոյանն է, արդեն անցել է բոլոր չափանիշներից դուրս բառապաշարի՝ իր ընդդիմախոսների մասին արտահայտվելիս ասելով «ք… են կերել»:
Բայց պարզվում է՝ մեր երկրում գոյություն ունի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչություն, որը, համաձայն կանոնադրության, «իրականացնում է օրենքով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով ՀՀ անունից»:
Տեսչության ուղղակի պարտականությունն է ««Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը. ՀՀ պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը»:
Տեսչությունը նաեւ վերահսկում է`
– պետական կառավարման եւ ՏԻՄ կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.
– պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.
– կրթական համակարգում դասավանդման եւ դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը…» եւ այլն:
Ինչո՞վ է զբաղվում ՀՀ պետբյուջեից հսկայական միջոցներ վատնող Լեզվի պետական տեսչությունը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է խնդիրն այն մասին, որ լրատվամիջոցներում, սերիալներում ժարգոնային բառապաշար է օգտագործվում: Դուք, որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ քայլեր եք արել այս ուղղությամբ:
-Մենք ուսումնասիրել ենք, լրատվամիջոնցերին տեղեկացրել եւ քննարկել ենք իրենց հետ: Բավականին լուրջ փոփոխություններ կան, առիթի դեպքում կարող ենք ասել: Բայց այդ փոփոխությունները չպետք է բավարարի: Կտրուկ փոփոխություններ են պետք:
Անգամ կարծում ենք, որ օրենսդրական փոփոխություն պետք է կատարվի, որը թույլ կտա տուգանքների մեծ չափեր սահմանել այն դեպքում, երբ զգուշացումը չի գործում: Հաջորդ զգուշացումները չգործելու դեպքում, երբ ուսումնասիրությունների հիման վրա ականջալուր չեն լինում այն, ինչ տվյալ պարագայում հիմնավորվել է մեր կողմից:
-Եղե՞լ են դեպքեր, երբ տուգանվողները չեն համաձայնել առաջադրված «մեղադրանքի» հետ:
-Գիտեք, ասում են, որ մենք անում ենք այդ փոփոխությունները, այդ ամենն իրականացնում ենք, բայց իրականացնում են այն չափով, ինչ չափով որ հարմար են գտնում: Այստեղ պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որը հնարավորություն կտա՝ որպեսզի մեր առաջարկությունները լիովին, ամբողջությամբ իրագործվեն: Դրանից ելնելով՝ մենք առաջարկում ենք կոնկրետ օրենսդրական փոփոխություններ կատարվեն, եւ վարչական իրավախախտումների օրենսգրքում եւս փոփոխությունը հնարավորություն կտա տուգանքներ սահմանել:
-Որքա՞ն տուգանք պետք է սահմանեք, որ իրավիճակը փոխվի:
-Մոտավարոպես 300-400 հազար դրամի սահմաններում: Դա ինչ-որ չափով կարող է գործել եւ իր ազդեցությունն ունենալ:
-Մեր պատգամավորները ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ այլ ամբիոններից կոպիտ արտահայտություններ են թույլ տալիս…
– Ցավոք, մինչեւ հիմա օրենսդրությունն այդ ամենին չի անդրադառնում: Մենք մտածում ենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո, որում նաեւ առնչություն ունեն ԱԺ պատգամավորները, պետք է որոշակի փոփոխություններ անել, որպեսզի, երբ նրանց լեզուն մաքուր եւ անաղարտ չէ, որոշակի ազդեցության ուղղիչ միջոցներ լինեն:
-Ե՞րբ պետք է մտածեք:
-Սահմանադրական փոփոխություններից բխող մենք օրենսդրական փոփոխություններ ենք կատարելու եւ այդ մասին արդեն մտածում ենք:
-Դավիթ Մուրադյանը մի առիթով ասել էր, որ մեր լեզուն «չորեքթաթ հայերեն» է դարձել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մեր լեզուն կա, գոյություն ունի: Լեզուն հրաշալի ինքնազարգացող մարմին է, միջոց է, հնարավորություն է: Լեզուն զարգանում է, ուղղակի պետք է լեզվին օգնել:
Արփինե Թովմասյան
Քնար Մանուկյան