ՀԷՑ-ի կորուստները նվազում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով էլեկտրաէներգիայի կորուստներն անցած տարվա համեմատ ավելի քան մեկ տոկոսով նվազել են, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսպիսով ավելի քան մեկ միլիարդ դրամի խնայողություն է ունեցել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում արտադրվել է 1 միլիարդ 923 միլիոն 500 հազար ԿՎտ/ժ էլէներգիա` անցած տարվա 1 միլիարդ 831 միլիոն 200 հազար ԿՎտ/ժ-ի դիմաց: Էլէներգիայի արտադրության եւ սպառման վերաբերյալ հրապարակված տվյալները փաստում են, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ` անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած փոփոխության արդյունքում ընկերության կառավարման արդյունավետությունն էապես աճել է:

Սակայն հարցերի հարցը, որը անցած տարվանից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, վերաբերում էր ՀԷՑ-ի կորուստներին, որոնք 2015-ի տարեսկզբին 12,3 տոկոս էին, իսկ արդեն տարվա կեսին հասել էին 13 տոկոսի: Խոսքը տարվա կտրվածքով 25-ից 30 միլիոն դոլարի կորուստի մասին էր, որը ներառվում էր սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի մեջ:

Ուստի, երբ ՀԷՑ-ի սեփականատերը փոխվեց, բոլորին ամենից շատ հետաքրքրում էր, թե արդյոք էլէներգիայի մատակարարման համակարգի կորուստները կնվազեն: Փաստորեն արդեն կարող ենք ասել, որ միջին հաշվարկով էնեգետիկ համակարգի կորուստները մոտ երկու տոկոսով նվազել են: Բայց ինչի հաշվին է տեղի ունեցել դա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ արդյունքը ստացվել է զուտ համակարգի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու շնորհիվ: Սակայն կա մի հանգամանք, որի մասին բոլորը գիտեն, մամուլը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, բայց պաշտոնապես այդ խնդրի մասին նախընտրում են լռել: Խոսքը էլէներգիայի, այսպես կոչված, «լեվի» օգտագործման մասին է:

Տարիներ շարունակ հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ իշխանավորներից եւ օլիգարխներից շատերի ձեռնարկությունները էլէներգիայի համար չնչին գումարներ են վճարում: Այլ կերպ ասած՝ բոլորին հայտնի է, որ Հայաստանում արտոնյալների խավ է ձեւավորվել, բայց, թերեւս, քչերի մտքով կանցներ, որ նրանք տարիներ շարունակ իրենց հսկայական դղյակների, գազալցակայանների, ռեստորանների եւ այլ օբյեկտների սպառած էլէներգիայի դիմաց սիմվոլիկ, չնչին գումարներ են վճարել:

ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելուց հետո առաջին փոփոխությունը վերաբերել է հենց այդ արտոնյալներին օրինական դաշտ բերելուն: Ըստ լուրերի՝ ձրի էլէներգիա օգտագործողների ցանկն այնքան երկար է եղել, ու այնպիսի անուններ են եղել, որ խնդրին լուծում տալու համար ՀԷՑ-ի նոր սեփականատեր ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանն անձամբ է Սերժ Սարգսյանից ճշտել, թե արդյոք պետք է արտոնյալներ լինեն եւ բացասական պատասխան ստանալով` հրահանգել է բոլորից սկսել գումարները գանձել: Ի դեպ, ըստ լուրերի՝ այս մոտեցումը հատկապես դուր չի եկել նախկին պաշտոնյա արտոնյալներին: Իհարկե, նրանք բոլորը բիզնեսներ ունեն եւ ֆինանսապես ապահովված են, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց դղյակները պահպանման լուրջ ծախսեր են պահանջում, եւ միայն էլէներգիայի հաշվին նրանց ամսական ծախսերը մեկից երկու միլիոն դրամով ավելացել են:

ՀԷՑ-ի գործունեության հետ կապված հաջորդ նորությունը, որ նկատելի է, վերաբերում է էլէներգիայի վճարների հավաքագրման սլաքը բնակչությունից դեպի բաժանորդների մյուս խմբերը տեղափոխելը: Մինչ այս բնակչությունից էլէներգիայի վարձավճարների հավաքագրումները կազմել են 99-ից մինչեւ հարյուր տոկոս: 35 տոկոս աղքատության պայմաններում նման ցուցանիշը, մեղմ ասած, այդքան էլ օբյեկտիվ չէ: Հասկանալի է, որ նման ցուցանիշ ունենալու համար ՀԷՑ-ի հսկիչները պարզապես մարդկանց տեռորի են ենթարկել:

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, սակայն, բնակչությունից էլէներգիայի վճարի գանձումները կազմել են արդեն 94 տոկոս: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս թիվը ՀԷՑ-ի համապատասխան աշխատակիցների թերացման մասին է վկայում, սակայն իրականում այն փաստում է, որ այս ընկերությունում սկսել են հնարավորինս քիչ մարդկանց «կաշին քերթել»:

Ի դեպ, չնայած էլէներգիայի ընդհանուր արտադրությունն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ 3,5 տոկոսով աճել է, սակայն դա տեղի է ունեցել Իրան արտահանվող էլէներգիայի ծավալների կրկնակի աճի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ը գործում է իրանական գազով, որի դիմաց վճարում է էլէներգիայով: Իսկ էլէներգիայի ներքին սպառումը փաստացի նվազել է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում էլէնեգիայի ներքին սպառումը կազմել էր 1 միլիարդ 606 մլն 400 ԿՎտ/ժ, այս տարի այդ ցուցանիշը եղել է 1 մլրդ 543 մլն ԿՎտ/ժ: Այսինքն՝ ներքին սպառման անկումը կազմել է մոտ 4 տոկոս:

Վահագն Հովակիմյան




Լրահոս