ՋՐԱՉԱՓԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԻՄԱՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդենիս քաղաքի խմելու ջուրը սպառողներին հասնում է ինքնահոս եղանակով, սակայն “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն բնակիչներին պարտադրում է ջրաչափեր տեղադրել, ինչին նրանք դեմ են: Ջրաչափեր տեղադրելուն դեմ են նաեւ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցները: Նրանց կարծիքով՝ Վարդենիսում ջրաչափերի տեղադրումը կարող է արդարացված լինել միայն բազմաբնակարան շենքերում: 
Բայց հետաքրքիրն այն է, որ ընկերությունը բնակիչներին է պարտադրում ջրաչափ տեղադրել: “Բա մարդն ինչո՞վ տեղադրի, ո՛չ համապատասխան տեխնիկա ունի, ո՛չ էլ գումար: Գումար է պետք դա տեղադրելու համար: Իրենց հաշվարկներով էլ ամսական ամեն ընտանիք 10-18 հազար դրամ պիտի վճարվի: Իսկ եթե չենք վճարում, դա կուտակվում է որպես պարտք: Շատերը հրաժարվում են այդ պարտքը տալ, բայց ի՞նչ իմանաս, թե հետո դատարանի միջոցով չեն գանձի: Արդեն երեք ամիս է՝ մարդկանցից ամեն ամսվա համար պահանջում են վճարել 10 հազար դրամ: Որտեղի՞ց են իրենք այդ խորանարդները գրում, նույնիսկ այդ մասին մեզ չեն տեղեկացնում, իրազեկում: Իսկ նախկինում ջրի համար վճարել ենք 2000 դրամ”,-“Ժողովուրդ”-ին դժգոհեցին մի խումբ վարդենիսցիներ: 
Նրանց խոսքով՝ ընկերությունը նույնիսկ խողովակները հիմնովին փոխելու մասին չի մտածում, իսկ դրանք փտած են ու հին: Վարդենիսցիները վստահ են՝ ջրաչափ դրվելու դեպքում խողովակները կպայթեն, իսկ ջուրն էլ կլցվի մարդկանց տները: 
Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյանի խոսքով՝ “Հայջրմուղկոյուղի” ընկերությունը Վարդենիսում ոչ մի ներդրում չի արել, նույնիսկ համապատասխան տեխնիկա ու սարքավորումներ չունի՝ վթարները ժամանակին վերացնելու կամ կանխելու համար: ,Վարդենիսում ջրաչափերի տեղադրումը կարող է արդարացված լինել միայն բազմաբնակարան շենքերում, որոնք հիմնականում գտնվում են Բանավան թաղամասում: Իսկ ահա Բանդեր թաղամասում եւ մյուս թաղամասերի առանձնատներում ջրաչափերի տեղադրումը կարող է վերածվել արտակարգ իրավիճակի, քանի որ այդ դեպքում մատակարարվող ջուրը հոսելով հեռանալու ելք չի ունենա եւ կողողի նոր տնամերձեր ու թաղամասեր”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում պնդեց Ստեփանյանը:
Իսկ առայժմ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն այնտեղ, որտեղ ջրաչափ չկա, ջրի հաշվարկը կատարում է խողովակի տրամագծով կամ անձի թվով` մեկ անձի համար հաշվարկելով 5 խորանարդ մետր ջուր: Ստեփանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում խոստովանեց, որ բնակիչներն այս տարբերակով ավելի շատ են գումար վճարում: “Մեր պայքարը հենց դրա դեմ է”,-նշեց նա` տեղեկացնելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ Վարդենիսի քաղաքապետարանը բանակցություններ է վարում “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի հետ: 
Վարդենիսի բնակարանների եւ տնամերձ հողամասերի ջրածածկման հիմնական պատճառը ստորգետնյա ջրերն ու կոյուղու կեղտաջրերն են, որոնք կոյուղագծերի բացակայության պատճառով հոսում են բաց եղանակով ու վերգետնյա խցանումներով: Այս խնդիրը վերջին տարիներին բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում, Գեղարքունիքի մարզպետարանում, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ում, սակայն մինչ օրս դեռ միջոցներ չեն գտնվել թաղամասի ջրահեռացումն իրականացնելու համար:
Այս տարվա մարտին հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ Գեղարքունիք կատարած պաշտոնական այցի ժամանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, ՀՀ ԿԱ ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի մասնակցությամբ: Քննարկման ընթացքում նշվել է, որ  դրենաժ կառուցելու միջոցով նախ պետք է հեռացնել ստորերկրյա ջրերը, ապա նոր կառուցվող կոյուղագծի միջոցով կոյուղու ընդհանուր ցանց ուղղել կեղտաջրերը: Վարդենիսի քաղաքապետը նշել է, որ պետք է կառուցել 2.2 կիլոմետր դրենաժ եւ 2.5 կիլոմետր կոյուղագիծ, որով եւ հարցը լուծում կստանա: Սակայն ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն էլ իր հերթին նշել է, որ Վարդենիսի ջրամատակարարման եւ ջրահեռացման անմխիթար վիճակը չի կարող բարելավվել այնքան ժամանակ, մինչեւ սպառողներն իրենց բնակարաններում չտեղադրեն ջրաչափեր եւ կանոնավոր վճարումներ չկատարեն: Եվ նա առաջարկել է գործը սկսել ջրաչափերը տեղադրելուց: 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարծիքով՝ Վարդենիսում պետք է տեղադրվեն ջրաչափեր. ,Որպեսզի քաղաքն անցնի “Հայջրմուղկոյուղուե սպասարկման ոլորտ, որպեսզի ընկերությունը կարողանա ներդրումային ծրագրեր իրականացնել, հակառակ դեպքում քաղաքը դուրս կմնա ներդրումային ծրագրերից”:
Ի դեպ, բնակիչներից տեղեկացանք, որ ընկերությունը ջրաչափն անվճար է տրամադրում, իսկ տեղադրման աշխատանքները պետք է քաղաքացիներն անեն իրենց հաշվին:
Վարդենիսցիները շարունակում են պնդել, որ ջրաչափ տեղադրելն անիմաստ է, իսկ ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը հակառակն է համոզում.”Պարտադիր պետք է տեղադրվեն ջրաչափերը: Ամբողջ հանրապետությունում, բացի Վարդենիս քաղաքից, բոլորը ջրաչափ ունեն: Իսկ բնակիչները պետք է վճարեն: Քանի որ գումարները չվճարելու դեպքում այն կգանձվի դատական կարգով: Դա ուղղակի մենք պարտավոր ենք անել: Իսկ ինչ վերաբերում է խողովակների պայթելուն, ապա սառեցման գոտին պետք է պահվի, պահպանվի, ջրաչափը նորմալ տեղադրվի, ձմռան ամիսներին տաք բաներով փակվի, իսկ ամռանը նորից բացվի, ինչպես անում է ողջ հանրապետությունը: Այս դեպքում խողովակները չեն պայթի”:
Այսպիսով՝ ստացվում է, որ “Հայջրմուղկոյուղի”-ն ցանկանում է գանձել իրեն հասանելիք գումարը` առանց դրա համար իր կողմից անհրաժեշտ ներդրումներ անելու եւ քաղաքացիներին մատուցվող ջրամատակարարման ծառայության բարելավման: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 617 համար




Լրահոս