ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք՝ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռը` հօգուտ պաշտպանության նախարարի տիկնոջ: Բայց այս վճիռը սպառնում է ոչ միայն «Հրապարակ» օրաթերթին, այլեւ մյուս բոլոր լրատվամիջոցներին: Ինչպե՞ս, մանրամասնենք:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Առիթը «Հրապարակ» օրաթերթի «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածն էր, որում ծաղկաքաղ անելով մամուլի հրապարակումներից՝ անդրադարձ էր կատարվել Սեյրան Օհանյանի կնոջ կողմից տարիներ առաջ վարած ավտոմեքենայի ու կատարած վրաերթի մասին, որի հետեւանքով զոհվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկ Հայրապետյանը: Այս տեղեկությունն օրաթերթը վերցրել էր Hzham.am կայքից:
Ռուզաննա Խաչատրյանը դիմել էր դատարան` պահանջելով հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, որն, ըստ նրա, պարունակում է իրեն զրպարտող տեղեկություն: Գործը նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանն էլ բավավարել էր նախարարի կնոջ հայցը:
Օրաթերթը չէր նահանջել` որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարանում: Ահա, այստեղ տեղի է ունեցել ամենավտանգավորը. ՀՀ վերաքննիչ դատարանի գործը նախագահող դատավոր Կարինե Հակոբյանը, դատավոր Ալվարդ Հունանյանն ու Արթուր Սմբատյանը իրենց կայացրած վճռով ոչ միայն հաճոյացել են ՊՆախարարի տիկնոջը, այլեւ բողոքի մերժման մեջ մի ուշագրավ եզրակացություն են կատարել՝ նշելով. «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը եւ ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով երաշխավորված պաշտպանությունից», ասել է, թե եթե լրատվամիջոցը զանգահարում է եւ որեւէ տեղեկություն է փորձում պարզել որեւէ անձից, եւ տվյալ քաղաքացին ասում է, թե նման բան չի եղել, ապա լրատվամիջոցը չպետք է հրապարակի այն, ավելին՝ այդ լրագրողը զրպարտող նյութ է հրապարակել, ինչի համար պատասխանատվության պետք է ենթակվի:
Ստացվում է, որ եթե լրագրողը, օրինակ, զանգահարում է ՀՀ ԿԱ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին եւ հետաքրքրվում՝ ճի՞շտ է, որ Դուք բնապահպանության նախարար աշխատած տարիներին կաշառք եք վերցրել գործարարներից մեկից` հանքի լիցենզիա ստանալու հարցում օգնելու համար, բնականաբար, Արամ Հարությունյանը կպատասխանի` ոչ: Ավելին` կասի՝ դա անհեթեթություն է: Եթե շարժվենք դատավորներ Կարինե Հակոբյանի, Ալվարդ Հունանյանի ու Արթուր Սմբատյանի տրամաբանությամբ, ուրեմն մենք պետք է ի գիտություն ընդունենք պաշտոնյայի ասածը եւ չհրապարակենք տեղեկությունը` թեկուզ ամենալայն ճշտումներից հետո: Բայց չէ՞ որ ՀՀ-ում չկա գեթ մեկ քաղաքացի, որը կասկածներ ունենա, որ Արամ Հարությունյանը ունակ է նման քայլի գնալու:
Երկրորդ օրինակը` դեռեւս այս տարվա մարտի 19-ին հրապարակել էինք ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի տեսանյութը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, սակայն անգամ տեսանյութի առկայության դեպքում ոստիկանապետն ասում է, թե չի ծեծել, իսկ, ահա, իրավապահ համակարգը նրա ջրաղացին ջուր լցնելով եւ հղում կատարելով փորձաքննության եզրակացությանն՝ ասում է, թե հրապարակված տեսանյութում չի երեւում, թե ով ինչ է անում: Հիմա ի՞նչ, չհրապարակեի՞նք, ոստիկանապետը դա էլ էր հերքում:
Եւ հիմա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանը, դատավոր Ալվարդ Հունանյանը, Արթուր Սմբատյանը իրենց եզրահանգմամբ փորձում են լրատվամիջոցի գործունեությունը գրաքննելու նոր նախադեպ ստեղծել:
Իհարկե, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն դեռեւս չեն ստացել պատասխան` արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ընդունել է վարույթ, թե՞ մերժել է բողոքը:
Նկատենք, որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը այս բողոքը մերժի, ապա, ըստ էության, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Հակոբյանի, Սմբատյանի, Հունանյանի մերժման մեջ նշված եզրահանգումները կհամարվեն ուժի մեջ մտած եւ կարող են ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ նախադեպ դառնալ: Այս վճռով դատարանները փորձում են չորրորդ իշխանությանը զրկել ազատ արտահայտվելու իրավունքից, իսկ եթե լրագրողները չենթարկվեն կանոններին, ապա պետք է թողնեն իրենց բանը ու գործը եւ ընկնեն դատարանները` արդարությունն ապացուցելու համար: Կամ իրականացնեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի ողջ վարչության գործառույթ:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը սույն եզրահանգումն իրականացրած դատավորներից Ալվարդ Հունանյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք դատավորը կարող է նշել մի միջազգային հեղինակավոր ատյան, որը կիսում է իրենց եզրահանգումը, եւ արդյո՞ք այս եզրահանգումը գործը նախագահողների անձնական միտքն է: Հնարավո՞ր է` պարզապես նրանց հուշել են` լռեցնել լրատվամիջոցներին: Դատավոր Հունանյանը պատասխանեց. «Դատավորը որեւէ իրավունք չունի դատական ակտում նշված որեւէ մտքի վերաբերյալ մեկնաբանություն անել: Ով ստանում է դատական ակտը, թող ինքն էլ մեկնաբանություն անի»:
Այսպիսով՝ դատավորները վճիռ են կայացնում, խախտում խոսքի ազատության սկզբունքը եւ պարփակվում դատական իշխանության անձեռնմխելիության տիրույթում: Իսկ լրագրողները դեռ պետք է շարունակեն կռիվ տալ կոռումպացված իշխանության դեմ` օրեցօր փոքրացող լիազորություններով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԹՈՂ ԳՆԱ, ՀՈՂ ՊԱՀԻ
ԼՂՀ Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրերս լրատվամիջոցների հետ զրույցում խոսել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին` ասելով. «Ես կոչ եմ անում իշխանություններին, որպես նախկին հրամանատար, որպես պատերազմի բովով անցած մարդ, որպես նախկին պատգամավոր, որպես պարզապես մտահոգ քաղաքացի, սթափվել, որ Լիսկայի՝ Ղարաբաղում երեւալը ոչ թե լինի մանդատ՝ հետագայում նորից չարագործություններ գործելու, այլ հայ ժողովրդի առջեւ մեղա գա եւ վերջ դնի չարակամություններին: Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն պետք է գա եւ Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի եւ նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար: Այս ամենը Սերժ Սարգսյանը պետք է գնահատի, եթե ուզում է նախագահ մնալ»:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից փորձեց հասկանալ, թե ի՞նչ փախուստի մասին է խոսում Վահան Բադասյանը. «Չգիտեմ, նա շանտաժոր է, նա եթե ինձ է ասում, որ ես դիրքերից փախել եմ: Չգիտեմ, ասեմ ձեզ, նա շանտաժորի մեկն է, քանի որ ես ինքս դիրքերից փախնող մարդ չեմ, եւ երբեւիցե նման բան չի եղել: Թե՛ մինչեւ 1994 թիվը, թե՛ մինչեւ այս պատերազմի ժամանակ: Բայց նրա շանտաժները, թե խի էր հասցեագրված ինձ, չհասկացա»:
Հարցին, թե Վահան Բադասյանը կոնկրետ ասել է, որ. «Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն, պետք է գա եւ Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի եւ նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար»:
Ե՞րբ փախաք, ի՞նչ դիրքեր եք կորցրել. «Տո, թող ինքը գնա, ինչի է ուրիշին հրահրում, եթե այդ կորցրած հողերը իր համար թանկ են, թող ինքը գնար, որպես արցախցի՝ 5 մարդ հավաքեր, գնար, Արցախում ինչ-որ տեղ հերթապահություն աներ ու հետո նոր խոսեր»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Իսկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում ընդհանրապես կրակոցներ չեն արձակվել:

 

 
ԴԻՐՔԵՐԸ ՀԵՏ ԿԲԵՐԵ՞ՆՔ
Եթե մեր գերագույն հրամանատարի գլխավորությամբ հրահանգ լինի, մեր ցանկացած խնդիր չի մնա անլուծելի, բայց ինքը շեշտեց` մեր մի զինվորն արժի ամբողջ Ադրբեջանը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ կորցրած տարածքներին, նման գնահատական է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: «Այդ տարածքները կորցրած մի համարեք: Ցանկացած ժամանակ բացահայտ չեն ասում` երբ են վերցնելու: Հանրապետության նախագահը հո չի՞ ասի` թաքուն վերցնելու ենք: Կգա, մեզ կհասնի էդ եղածը: Մենք էս պատերազմում հաղթած վիճակում ենք` ի շնորհիվ մեր զոհված զինվորների: Մի օր կքնեք, կհելնեք, կտեսնեք՝ էդ դիրքը մեր մոտա»,- հավելել է պատգամավորը:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազության, պաշտպանության նախարարության եւ Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:

 

 

ՏԵՂՈՒՄ ԽԵՂԴԵԼ ԵՆ
«Մերոնք կարողացել են հենց տեղում խեղդել հարձակվողին: 800 հեկտարը մի գյուղի կեսի չափ է, կարելի է ասել՝ մսի գնով թուրքերը առաջ գնացին»,- երեկ ասել է Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ խորհուրդ տալով տարածքների կորստի մեջ մեղավորներ չփնտրել. «Հնարավոր է հետ վերցնել: Որ ասենք՝ ինչ-որ լուրջ դերակատարություն ունի, չէի ասի. մի քանի բարձունք է: Թալիշի ինչ-որ հատվածն իրենց հսկողության տակ է», – մանրամասնել է Գասպարյանը:




Լրահոս