Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նոր ընտրական օրենսգիրքը. կողմ քվեարկեց 102, դեմ` 17, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նշենք, որ նախագծում միայն խմբագրական փոփոխություններ էին արվել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց՝ եթե ապագայում, այնուամենայնիվ, լինի կոնսենսուս, ինչպե՞ս է իշխող Հանրապետականը պատկերացնում դրա իրագործումը: «Մինչեւ հիմա խոսք էր գնում այն մասին, որ եթե այդ կոնսենսուսը ձեռք բերվի, դրան կհետեւի արտահերթ նիստ կամ նստաշրջան, որով այդ փոփոխությունները կմտցվեն ընտրական օրենսգրքի մեջ: Հիմա ակնհայտ է, որ այս արտահերթ նիստում հնարավոր չի լինի, զուտ ժամանակային առումով, այդ հարցը լուծել եւ հասնել գործընթացի ավարտին»:
«Իսկապես, ինչքան լայն կոնսենսուս, այդքան ավելի լավ, այդքան ավելի վստահելի կլինի ընտրական օրենսգիրքը: Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաեւ արտահերթ նստաշրջան», – ի պատասխան՝ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Իշխանությունները դեմ չեն տեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, բայց եթե դա չլինի պետության պատասխանատվությամբ ու ֆինանսական միջոցներով: Այդուհանդերձ, կոնսենսուսի դեպքում պատրաստ են ընդառաջել ու քննարկել ներկայացված հինգերորդ՝ Վրաստանի օրինակով ցուցակների մաքրման պահանջը:
Նիստում քննարկվեց նաեւ «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող անձանց համար լրացուցիչ աշխատանքային իրավունքների երաշխիք սահմանելու անհրաժեշտությամբ:
Հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էր, որը ներկայացնելով հարցը՝ նշեց, որ ապրիլի 1-ից հետո առաջնագիծ մեկնած կամավորականների աշխատանքային իրավունքների լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է աշխատանքային օրենսգրքով սահմանել լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Նա նշեց, սակայն, որ աշխատաժամանակում չի ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում է պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման եւ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը: Այսինքն՝ նախատեսվում է մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում պահպանել կամավորականների աշխատանքն ու վարձատրությունը:
Հիմնական զեկուցողին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ նախ նշելով, որ գաղափարը լավն է, բայց իր մոտ տպավորություն է, որ խոսքը վերաբերելու է պետական հիմնարկներին կամ առնվազն մեծ հիմնարկներին: Ասատրյանի խոսքով՝ այս լուծումը դեռեւս չի կարող համարվել խնդրի համակարգային համապարփակ լուծում, սակայն այդ հարցերը քննարկման փուլում են, եւ առաջիկայում կկայացվեն համապատասխան որոշումներ կառավարության կողմից: Նախարարի խոսքով՝ այս խնդիրն առաջացավ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ, երբ մի շարք գործատուներ աշխատանքից ազատել էին կամավորականներին, եւ առաջարկվող այս լուծումը վերաբերում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական հիմնարկներին:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկեց այս նախագիծը, որն անցավ 106 կողմ ձայնով: Նախագծին դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չկային:
Ապա խորհրդարանը քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողը տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանն էր:
Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը:
«Ամբողջ աշխարհում իրականացվում է անալոգային հեռարձակում եւ գործող ռադիո անալոգային հեռարձակման համակարգն ապահովում է ներկա պահանջները` ռադիոալիքների քանակի զանազանության եւ որակի առումներով: Խոսքը հեռուստատեսայինի մասին չէ, այլ ռադիոհեռարձակման մասին»,- մանրամասնեց նա: Նախագիծն անմիջապես դրվեց քվեարկության եւ անցավ 102 կողմ, ոչ մի դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս հարցերի քննարկումներից հետո խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Արդեն մի քանի տարի է, ինչ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ահազանգում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումներով: Եւ չնայած սրան՝ 2013, 2014 եւ 2015 թվականներին բնապահպանության նախարարությունը տեսչական ստուգումներ չի իրականացրել:
Տեղեկացնենք, որ 2012 թվականից ի վեր Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը տարբեր ժամանակներում դիմել է պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ եւ պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ՝ խախտումները վեր հանելու եւ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս նախաձեռնության երկարատեւ պայքարի շնորհիվ, ի վերջո, անցած տարվա հունիսի 14-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Թեղուտի հանքավայրում իրականացվել են տեսչական ստուգումներ: Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ իրականացնելու պահանջով բնապահպանության նախարարություն դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այս թեմային նա նույնիսկ անդրադարձել է իր տարեկան զեկույցներում:
Այսպես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի տարեկան զեկույցում նույնպես անդրադարձ կա «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ իրականացնելու հարցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 եւ 2015 թվականների ցանկերում: Սակայն այդ տարիներին տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Մինչդեռ ընդգծենք՝ բազմաթիվ բնապահպաններ ահազանգել են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետեւանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվել: Ի պատասխան բնապահպանների ահազանգի` ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից համապատասխան ցուցում է տրվել ընկերությանը. միջոցներ են ձեռնարկվել հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությունով համալրելու եւ հետագայում նման վթարային արտահոսքերը շրջակա միջավայր բացառելու ուղղությամբ: Սակայն ստուգումներ այդպես էլ չեն իրականացվել: Ի դեպ, նախորդ տարի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տվել է համապատասխան հանձնարարական «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգում անցկացնելու վերաբերյալ, ինչը հնարավոր չի եղել իրականացնել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի որոշումն ընդունելուց հետո, որի համաձայն ստուգումները կասեցվել են: Այնուամենայնիվ, ԲՆ-ն հաշվի առնելով ահազանգերը՝ իր լիազորությունների շրջանակներում կարող էր «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ իրականացնել եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՐԿՈՒՏԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ
Մայիսի 23-ին եւ 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղացած կարկուտը եւ քամին մեծ վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվող Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կարկուտի վնասը ավելի մեծ է եղել մայիսի 23-ին, այն ուղեկցվել է ուժգին քամիով: Դրա հետեւանքով պոկվել են էլեկտրական լարեր, ընկել հենասյուներ: Գյուղապետն ասաց, որ վնասված էլեկտրական ցանցը վերականգնվել է: Ս. Սաղոյանը հայտնեց, որ կարկտահարությունից վնասվել են Չինարիի խաղողի այգիները: Նկատի ունենալով ադրբեջանական զինուժի կողմից Չինարիի գնդակոծությունները՝ նա ասաց. «Թուրքի կողմից երկաթե կարկուտը մի կողմից, կարկուտն էլ՝ մյուս»: Գյուղապետը թերահավատ է, որ պետության կողմից կփոխհատուցվի կարկտահարության պատճառած վնասները՝ հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 23-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից Չինարիի խաղողի այգիներից ակնկալվող բերքի 30-40 տոկոսը ոչնչացավ, սակայն փոխհատուցում չեղավ: Տավուշ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանից էլ տեղեկացանք, որ մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, քամու ուղեկցությամբ 20-25 րոպե տեղացող կարկուտից գյուղի շուրջ 20 հեկտար խաղողի բերքը 800-100 տոկոսով վնասվել է: Կարկտահարությունից Տավուշի 12 ջերմոցները ծածկող ցելոֆանները պատռվել են, դրանցում առկա բերքը՝ ոչնչացել: Իսկ սահմանամերձ Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանն ասաց, որ մայիսի 24-ին ուժեղ քամու ուղեկցությամբ տեղի ունեցած կարկտահարությունը 20-60 տոկոսով վնաս է հասցրել գյուղի 300 հեկտար աշնանացանին, նաեւ կարտոֆիլի եւ լոբու ցանքերին: Գյուղապետը, ով մասնագիտությամբ գյուղատնտես է, ավտոմեքենայով շրջել է դաշտերում, համոզվել, որ բնական տարերքի պատճառած վնասը մեծ է: Արծվաբերդի գյուղապետարանը վնասները հաշվարկող հանձնաժողով է ձեւավորել, որը ճշտում է կարկտահարության հասցրած վնասների չափը: Վ. Ուզունյանը հայտնեց, որ աշնանացան ցորենի հասկն արդեն դուրս էր եկել, սակայն բացված հասկերը կարկտից ջարդվել են: Նա ասաց, որ մայիսի 24-ին կարկտահարությունից տուժել են նաեւ Բերդի տարածաշրջանի Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր համայնքները: Վ. Ուզումյանը եւս չի հավատում, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին պետական փոխհատուցում կհատկացվի: Նա ասաց, որ Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան: Գյուղապետի խոսքերով՝ իրենց համայնքը կարող է նման կայանի համար պահանջվող 4 միլիոն դրամը հատկացնել, սակայն տարածաշրջանում լոկատոր չկա, իսկ առանց դրա հակակարկտային կայանը չի կարող գործել: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ առաջիկայում՝ եղանակի կայունանալուց հետո, մարզպետարանի աշխատակիցները կմեկնեն այդ համայնքներ՝ ճշտելու վնասի չափերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ