ԵՐԲ ՄՈԼԱԳԱՐՆԵՐԸ ԵՐԿԻՐ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս շաբաթ Հայաստան ժամանած ԵԽԽՎ-ում «Պահպանողականներ» խմբակցության անդամ, Բուլղարիայի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Վալերի Սիմյոնովը (լուսանկարում) եւ կուսակցության երեք պատգամավորները նախօրեին այցելել էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները Բուլղարիայի պատվիրակներին պաշտոնապես ներառել են իրենց հայտնի սեւ ցուցակում: Այսինքն՝ Վալերի Սիմյոնովը համալրեց ԵԽԽՎ այն պատգամավորների շարքը, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք համարձակվել են այցելել Արցախ:
Ի դեպ, եթե Հայաստանի դիվանագիտությունը էֆեկտիվ գործեր, ապա Ադրբեջանի սեւ ցուցակը արդեն պետք է վերջ չունենար:

 

 

 
Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԽ անդամներից բացի՝ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, այլեւս դադարելու են պետբյուջեի հաշվին բիզնես կարգով ճամփորդել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 29-ին կնքված պայմանագրով սփյուռքի նախարարությունը 1 միլիոն 296 հազար դրամ է վճարել Երեւան-Բեյրութ-Դուբայ-Երեւան ուղղությամբ բիզնես կարգի մեկ ավիատոմսի համար: Տեղեկացնենք, որ բիզնես կարգը սովորական` էկոնոմ կարգի տոմսից կրկնակի թանկ է: Տոմսը գնվել է Հրանուշ Հակոբյանի՝ փետրվարի 13-ից 14-ը Բեյրութ կատարած աշխատանքային այցի համար: Մի խոսքով՝ գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա ասում է՝ թողե՛ք, ոչխարը սարն անցավ: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ մինչ այս իրենց ոչ ոք չի արգելել բիզնես կարգով թռչել. «Մեզ իրավունք էր տված օգտվել բիզնես կարգից: Ապրիլի 1,2 չկար, ոչ մեկը չէր վախենում, խնայողության մասին խոսք չէր գնում»,- ասել է նախարարը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին` նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին: Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, եւ մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»: Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը եւ անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել եւ ուղարկել գեներալին: Մեր տեղեկություններով՝ դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլին հարկեր եւ տուրքերի գծով պետբյուջեի մուտքերն անցած տարվա նույն ամսի համեմատ շուրջ 6 միլիարդ դրամով ավել են եղել եւ կազմել են 97 միլիարդ դրամ: Այս հանգամանքը ներկայացվում է իբրեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության փոփոխության փաստով պայմանավորված դրական երեւույթ: Սակայն առանձին հարկատեսակների գծով մուտքերի ուսումնասիրությունը վկայում է, որ հարկերի ավելացման գործում եթե անգամ ՊԵԿ ղեկավարությանը փոփոխության հանգամանքը դերակատարություն ունեցել է, ապա միեւնույն է՝ ձեւական բնույթ է կրում եւ երկարաժամկետ կտրվածքով, հարկային մուտքերը լավագույն դեպքում անցած տարվա չափ կլինեն: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ չնայած մեկ ամսվա կտրվածքով պետբյուջեի մուտքերը 6 միլիարդով աճել են, բայց չորս ամիսների կտրվածքով անցած եւ այս տարի հավաքագրված հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 4 միլիարդ 677 միլիոնով:

 

 

 
ԵՐՐՈՐԴԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՆ Է
Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է, որը մեր ազգային տոնացույցի ամենակարեւոր տոներից մեկն է: Անժխտելի է, որ եթե չլիներ 1918թ. hազարավոր հայորդիների արյան գնով ձեռք բերված եւ թեկուզ երկու տարի գոյատեւած Առաջին Հանրապետությունը, մենք չէինք ունենա մեր ներկայիս անկախ պետությունը:
Առաջին Հանրապետության նշանակության մասին շատ է խոսվել, յուրաքանչյուր տարի հատկապես մայիսյան եռատոների շրջանակներում միշտ էլ պաթետիկ ելույթների եւ հայտարարությունների պակաս չի եղել: Սակայն այս տարի իրավիճակն այլ է. անցած 22 տարիներից ի վեր այս անգամ մենք մայիսի 28-ը նշում ենք բոլորովին նոր իրողությունում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջ բերած նոր մարտահրավերների եւ հրատապ լուծում պահանջող թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների նոր բեռան ներքո:
Հայտնի խոսք կա՝ պատմությունը ետ նայելով՝ առաջը տեսնելու հնարավորություն է տալիս: Այս իմաստով անցած տարիներին որքանով է մեզ հաջողվել խորությամբ նայել հետ՝ դեպի պատմական անցյալ, որպեսզի կարողանանք առավել հստակ տեսնել մեր ապագան: Այս հարցի պատասխանը, ցավոք, առանձնապես լավատեսական չէ, քանի որ անգամ ոչ շատ խորքային հայացքով էլ տեսանելի են այն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնք գրեթե անփոփոխ են անցած հարյուր տարիներին:
Հայաստանն այսօր էլ, ինչպես հարյուր տարի առաջ, կանգնած է Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բախման կետում՝ Թուրքիայի թշնամական հայացքի ներքո, որին հենց 1918թ. մայիսի 28-ին միացավ նաեւ վերջինիս կրկնօրինակը՝ Ադրբեջանը: Եվ հայկական Երրորդ Հանրապետության ստեղծման եւ գոյության անցած քսանհինգ տարիներին մենք այդպես էլ չկարողացանք զերծ մնալ այն նույն սխալներից, աշխարհաքաղաքական այն նույն «փոցխերից», որոնց վրա կանգնելով արդեն իսկ կրել էինք այդքան ցավալի կորուստներ:
Այդ ամենն առավել ակնառու դարձավ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, որի ընթացքում եւս, ինչպես Սարդարապատի ճակատամարտում, քաղաքական կենտրոնների գծած սցենարը ձախողվեց բացառապես օրհասական պահին մեր ժողովրդի պանծալի զավակների, մեր հերոս երիտասարդների գործած սխրանքների արդյունքում:
Եվ այսօր էլ, ինչպես 98 տարի առաջ, Հայաստանի՝ արդեն Երրորդ Հանրապետության հզորացման համար առաջնային խնդիրը մեր ներքին կենսակերպն ու կենսառիթմը առկա մարտահրավերներին համարժեք դարձնելն է, մեր հերոսներին արժանի իշխանություն ունենալն ու դրան հակասող որեւէ երեւույթի, որեւէ քայլի կամ որոշման հետ չհամակերպվելն է:




Լրահոս