Վերջապես հասկացա, թե ինչպես կարելի է փրկել Հայրենիքս Նազարեթի անապատացնող ասպատակություններից: Դուք գիտեք, որ շատ հերոսներ են փորձել խոցել Նազարեթին, որպեսզի ազատագրեն մեր Հայրենիքը նրա ավերիչ գործունեությունից և սին խոստումների անտակ խուրջինից, բայց՝ ապարդյուն: Մեծն Նազարեթը առայժմ անխոցելի է: Լավագույն դարբինների կռած թրերը փշրվել են նրա մարմնի վրա, նետահարների նետերից վերնաշապիկը, Եվրոպայում կարած- արդուկած կոստյումն անգամ չեն վնասվել: Ասում են, որ նման հարձակումներից հետո տրամադրությունն է միայն ընկնում, որից գեղեցիկ, անտիկ դիմագծերը այլանդակվում են, թշերը կախվում, աչքերի տակի բլթիկների վրա էլ հեմոգլոբինի անկումից անբնական սևություն է իջնում:
Նա այս իր երիցս անիծված գահին հասել էր դավադրության և խարդավանքների շնորհիվ: Գահի հանդեպ մոլուցքը նրա հիշողությունից իսպառ ջնջեց իր անցյալը, ներկան և … ապագան: Այս դավաճանությունն էր, որ նրան ամեն գիշեր ժամը 4-ի մոտերքը արթնացնում ու հանգիստ չէր տալիս: Անքնությունից պրծնելու համար նա սկսեց ատել իր բարերարին. իր դավաճանությամբ ապացուցեց դասական մի ճշմարտություն՝ վատությամբ են հատուցում հիմնականում այն մարդկանց, ումից լավություն են ստացել: Դավադրությունը տարիներ անց կրկին նրան կեղեքում էր ներսից, նա էլ դրանից պրծնելու համար մեղքի զգացումը փոխում էր հախուռն ատելությամբ:
Նազարեթը արդեն գահին նստած էր, երբ պապենական հողերը աճուրդի հանեց: Հողի վաճառքից գոյացած գումարով վունդերկինդ Դիանայի և Անգլիայում դասախոսող մի խելոք ու խորամանկ հայի միջնորդությամբ եվրոպացի մեղվաբույծ Ջոն Պրեսկոտից պաշտպանիչ, հեքիաթային սպիտակ ծաղկափոշի գնեց:
Մեղվաբույծը ծաղկափոշին ստանում էր Վատիկան – Ստրասբուրգ – Բրյուսել ոսկյա եռանկյունուց: Այն խառնելով Ստրասբուրգի կենդանաբանական այգու ժողովրդավարության և համամարդկային սկզբունքներով վարժեցրած կոկորդիլոսի ձվի դեղնուցին, հաբ էին ստանում և ցանկացած պարզամիտի դրանով կերակրում: Եվրոպայում այդ ծածկագրված դեղնավուն հաբը կոչվում էր ,կեղծիքների մայրե, “Գելափի դավադրություն”, իսկ “Ճ” կարգի երկրներում այն ոգեշնչված ավանում էին “մեկ քայլ առաջ”:
Վունդերկինդ Դիանայի և Կիլիկիայի Սիս նավահանգստում գրանցված միջնադարյան առևտրային մեկկայմանի նավի նավաստու ընտանիքում երեխա ծնվեց, որին Նվեր անվանեցին: Անվանակոչությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ Դիանան բնատուր արգանդ չուներ և չէր կարող հղիանալ: Հրաշքը կայացավ, և այդ էր պատճառը, որ նրան Նվեր կոչեցին: Մի բան ի սկզբանե պարզ էր, որ Նվերը հաստատ Աստծու դեմ երևույթ էր և Բարձրյալի պարգևը լինել չէր կարող:
Չափահաս դառնալուն պես, Դիանան որդուն ուղարկեց իր վաղեմի բարեկամ Պրեսկոտի մոտ ուսանելու: Բնական է, որ անարգանդ վունդերկինդից ծնված երեխան առանձնահատուկ պետք է լիներ: Շատ արագ Նվերը գերազանցեց իր ուսուցչին, քանզի մասնավոր դասեր էր ստանում Ֆաուստից, Սեն Ժերմենից, Մեսմերից և հեռակայում էր Կառլոս Կաստանեդայի մոտ: Վերջինից խորամանկորեն կորզելով անաշայի գաղտնիքը՝ նա այն խառնեց Պրեսկոտի ծաղկափոշուն և որակապես նոր, գերհզոր միջոց ստացավ: Նոր փոշին մարդկանց համար ցանկացած վերքի սպեղանի էր, համադարման, ինչպես ֆիզիկական,այնպես էլ հոգեկան:
Նվերը Սորբոնում կրթություն ստանալուց հետո աշխատանքի անցավ Մեծամորի ատոմակայանում: Տարեվերջին Պրեսկոտի միջնորդությամբ ստանձնեց կառավարությանը կից ալքիմիայի և ռեինկառնացիայի լաբորատորիայի վարիչի պարտականությունները: Այստեղ առաջին անգամ փորձարկում կատարեց՝ անպետք, խունացած ոսկուց երկրի կարիքների համար զուգարանի թուղթ ստանալ: Փորձը դրական արդյուք գրանցեց, սկզբից՝ երեք հոգու համար: Վարկյանների ընթացքւմ Նվերը մեկուկես տոննա ոսկին հույժ կարևոր թղթի վերածեց, որից հետո երկիրը աննախադեպ տնտեսական թռիչք ունեցավ: Մինչև օրս էլ լավագույն տնտեսագետները և կենսաբանները չեն կարղանում պարզել, թե այդ թուղթը որտեղ են օգտագործում, եթե երկրի բնակչության գերակշիռ մասը սնվելու հնարավորություն չունի:
Ասում էին նաև, թե Նվերը ատոմակայանում աշխատելիս մի պտուտակ էր գտել, որի վրա Պրեսկոտի ծաղկափոշին և Կառլոս Կաստանեդայի անաշան հպելուց հետո ստացված քսուքը մարդկանց անխոցելի էր դարձնում:
Հրաշագործ նյութին առավելագույնս ծանոթանալու համար ես շտապեցի Նվերի տուն-լաբորատորիա: Ընդարձակ նախասրահի աջ պատի տակ գլխիկոր կանգնած էր նախկին ավագ դասախոս Համոն, որը, որպես պատմաբան, դասախոսական աշխատանքի թույլտվություն պետք է ստանար անձամբ Սուրիկից: Վերջինս մտքերով այնպես էր խորասուզվել ծխախոտի քուլաների մեջ, որ նույնիսկ չէր էլ նկատել պատմիչներ Խորենացու, Եղիշեի, Կորյունի և այլոց ներկայությունը: Պատմագիտության ապագա նահապետ Սուրիկը հաստափոր իր աշխատությունը ձեռն առած անխնա զարկում էր պատմիչ Կորյունի գլխին, քանզի վերջինս զլացել էր իր գիտական աշխատությանը ծանոթանալ:
Իսկ Խորենացին աղերսագին նայում էր Գառնիկի զավակին՝ հույս փայփայելով նրա մեջ մարդկային արժեքների փշրանքներ հայտնաբերել: Պատմահայրը զուր էր նայում մի մարդու, որի աչքերը կապված էին ոսկեթել ժապավենով, սրտին էլ Նազարեթի լուսապսակ պատկերն էր կրում: Գառնիկի զավակը, աչքերը ամուր կապած՝ մի ձեռքին սուր, մյուսում կշեռք, մոլորակաձև գլուխը հառել էր Նազարեթի մոմազարդ դիմանկարին, որը, չգիտես ինչու, անհասկանալի հայացքով նայում էր նրա ձեռքի ծռված, ծակ կշեռքին: Պատմիչները չէին գիտակցում, որ եթե դեպքերը ծավալվեին Սուրիկի ծննդավայրում, իրենք ծեծով չէին պրծնի. գիշերվա քողի տակ նրանց իր տուն կհրավիրեր և Նազարեթի պարգևած զենքով պատշգամբից կգնդակահարեր:
Գառնիկի զավակի լայնափոր և լայնաթիկունք տեղակալը տեսնելով, որ պատմական գիտությունների իսկական թեկնածու Սուրիկը հաջորդ իր հաստափոր աշխատությամբ էլ Եղիշեի գլխին է զարկում, դեպքի վայրից ծածուկ գողացավ Կորյունի արյան մեջ թաթախված առաջին գիրք: Եվ իրեղեն ապացույցը թաքցրեց՝ ասելով, թե Կորյունի գլխի վնասվածքը դարերի խորքից է գալիս:
Ձախ պատին Սալվադոր Դալին պատկերել էր առաջին և երկրորդ նախագահներին՝ բոյով մեկ: Առաջին նախագահը պատկերված էր իր գլխով և գրիզլի արջի մարմնով: Երկրորդ նախագահը իր գլխով էր և տնտեսական վագրի իրանով: Ես Լոնդոնում տեսել եմ, թե Ուինսթոն Չերչիլի բրոնզաձույլ արձանի ձախ կոշիկը մարդկանց ձեռքի մշտական հպումից ինչպես է փայլում։ Անգլիացիները այդպես են իրենց երախտագիտությունը հայտնում: Սանկտ-Պետերբուրգում էլ ամեն տարի ռազմական ուսումնարանի շրջանավարտները գաղտագողի փայլեցնում են Պյոտր Առաջինի ձիու ամորձիները, որպեսզի հետագայում ռազմի դաշտում կայսեր հաջողություններից իրենց էլ բաժին հասնի:
Մենք ոչ մեկից ետ մնացող ազգ չենք, տուն-լաբորատորիայի նախասրահ մտնողներն էլ իրենց պարտքն էին համարում պարտադիր շոշափել հիմնադիր նախագահի ամորձիները: Ինձ անհասկանալի մնաց. ամորձիներին ձեռք էին տալիս, որ պատերազմի նրա հաղթանակները իրենց վերագրվե՞ն, թե՞ Չերչիլի, Պյոտր Առաջինի օրինակով էին այդպես վարվում: Գուցե սա մի ա՞յլ, անծանոթ մշակույթ էր, որը դեռ պիտի բացահայտվեր մահկանացուներիս համար:
Հավատացյալ Խաչիկը աշխույժ զրույցի էր բռնվել ակադեմիկոս Ալեքսանդրովի, Ռեզերֆորդի և Կյուրի ամուսինների հետ: Նախասրահի ձախ անկյունում տեր Թոդիկի դաղդղանից պատրաստված ճիպոտը ձեռքին՝ Գալուստ Երևելին երկու ցեղակրոն երիտասարդների ծնկի էր բերել Նազարեթի մոմավառ դիմանկարի առջև: Սրանք իրենց անթափանց հայցքները հառած առաստաղին, ափերը սեղմած կրծքերին՝ աղոթք էին մրմնջում ի բարօրություն Նազարեթի: Սափրագլուխ երիտասարդը հայերեն էր աղոթում, երկրորդ ցեղակրոնը՝ հունահայերեն: Նրանք աղոթքների արանքում իրենց ատելությունը Երևելու հանդեպ քողարկում էին հուդայական անմեղ ժպիտով: Սրանք հարմար պահի էին սպասում և աղոթքների արանքում, գաղտագողի, գրպաններում շոշափում էին ձրի քյաբաբի և գարեջրի սիրահար, նախկին քաղբանտարկյալից ստացած թունավոր դաշույնների սառը շեղբերը: Նախկին քաղաքականը պարբերաբար շողոքորդ ժպիտով Գալուստ Երևելուն հրավիրում էր քյաբաբ ուտելու: Բնական է, որ երևելին էլ խելքը հացի հետ չէր կերել, որ սրա հյուրասիրությունն ընդուներ, հետո էլ անհասկանալի հիվանդությունից իր ընկերոջ նման հանդերձյալ աշխարհում թոշակավորվեր և ընտրելու իրավունք ստանար:
Երևելու կողքին կանգնած երդվյալ ցեղակրոն “ամենահին ԱԻՄ-ականը”, որը կոմունիստական դժգույն տարիներին “անվախ” դուրս էր եկել բռնապետության դեմ և հիմնականում զբաղվել չեկիստների ականջներով, այժմ տոգորված էր Նազարեթի դիմանկարի անաղարտությամբ: Նա կորաքամակ և ամեն ինչի պատրաստ, մոտեցավ մոմավառ պատկերին ու գրպանից հանելով “Հանձնաժողով” մակագրությամբ սպիտակ սրբիչը՝ սկսեց տենդագին, աչքերն ակնոցի տակ կլորացնելով, սրբել Նազարեթի նկարի տակից հոսող արյունը: Գործն ավարտելուց հետո, Երևելու և երիտասարդ ցեղակրոնների արհամարհական և թշնամական հայցքների ներքո, նա ոտքերի մատների ծայրերի վրա շտապեց Ջրվեժի դեղատուն: Նրա գնալուց հետո նկարի տակից պատի վրա կրկին արյուն հորդաց: Արյան մեջ պարզ ընթերցվում էր. “Մարտի 1”: Երևելին “առաջին ԱԻՄ-ականի” կիսատ – պռատ գործից զայրացած՝ կրկին ճոճեց դաղդղանի ճիպոտը և ամբողջ ներքին զայրութը կոտրեց երիտասարդ ցեղակրոնների գլխին, մտքում պարբերաբար հիշելով քյաբաբի սիրահար ընկերոջ իգական ցեղին:
,Առաջին ԱԻՄ-ականըե, արդեն ճանապարհին, գրպանի ջերմությունից զգաց, թե ինչպես է անմեղ արյունով թաթախված սրբիչը վերածվում մաքսային կանաչ գոտու անցաթղթի: Նա մտովի պատկերացրեց հակերով չմաքսազերծվող ժամկետանց դեղորայքը և այդ մտքից նույնիսկ սրբիչից ձեռքերին անցած չլվացվող արյունն այլևս չանհանգստացրեց:
Խճճված մորուքով Խաչիկը, որի հետույքին դեռևս պահպանվում էր Նաիրիտի ռելսերի հետքը, յուղաներկոտ մատը ակադեմիկոս Ալեքսանդրովի գլխին դրած՝ ատոմակայանի պտուտակից էր խոսում, ձեռի հետ էլ մոլեկուլյար ֆիզիկայի տեսություն բացատրում անձամբ Ռեզերֆորդին: Ինձ տեսնելուն պես, նա Ալեքսանդրովի գլխից մատը վերցրեց ու կարգադրեց, որ լքեմ նախասրահը, այլապես սպառնալով կադրային բանկում գտնվողներին վրաս արձակել: Ես գիտեի. նրանք արդեն իսկ կատաղած էին այն բանից, որ ունենալով յոթերորդ, նույնիսկ ութերորդ դասարանի կրթություն, մնացել են ցեղակրոնների կադրային ռեզերվում: Առայսօր ո՛չ իրենց անունով փողոց են կոչել, ո՛չ էլ գեներալի կոչում ստացել, նույնիսկ մարզպետի պաշտոնների չեն ներկայացվել: Նրանց հոգեվիճակը հասկանալով, ես դուրս շտապեցի և անզգուշաբար դիպա մի գեներալ-լեյտենանտի: Սա հիշել էր Մանկավարժական ինստիտուտում հանձնած ստուգարքը և դաշնամուրի դիմաց նստած՝ նախադպրոցական երեխաների համար երգ էր երգում չարաճճի այծիկների մասին: Այս մեկը պետք է որ գոհ լիներ.իր անունով փողոց էլ ուներ, գեներալի կոչում էլ էր ստացել: Սա էլ տարիներ շարունակ սուր դաշույնով կտրել էր իրեն հաց տվող ձեռքը: Գետափին գտնվող ռանչոյից պարբերաբար եթեր էր դուրս եկել ,Հույժ գաղտնիե ծածկագրի ներքո: Նպատակը միակն էր՝ հնարավորինս արագ վարկաբեկել բարերարին, դուրս գալ նրա ստվերի տակից, ինքնուրույնություն ձեռք բերել և անցնել հողերի, շինությունների վաճառքին:
Մինչ կհասցնեի ներողություն խնդրել, գեներալին գաղտնի կապով կանչեց Թամարա թագուհու վեզիրը: Սա անմիջապես գունափոխվեց և կարմիր այտերին սպիտակ կզյակներ առաջացան։ Հավանաբար վրացին դժգոհ էր Քռի ափին նրա բացած ռեստորանի արժեքի դիմաց իրեն մատուցած ծառայությունից: Ջավախքից ներթափանցած սահմանախախտ անջատողականներին դանակահարելու և Թամարա թագուհու վեզիրին հանձնելու խոստումը ուշացրել էր:
Տուն-լաբորատորիայի բակում սևազգեստ, հերարձակ Հրանուշ, Հերմինե և Կարինե կույսերն ինձ տեղեկացրին, որ տանտերը՝ Նվերը, մահամերձ է: Նրա մեղքերին թողություն տալու համար Կիպրոսից հեծանվով անձամբ սրբազան Սարդն էր ժամանել: Ցեղակրոն կույսերն էլ եկել էին, որպեսզի սուրբ հաղորդակցությունից հետո սրբազանի աշխարհահռչակ “Բենթլի” անունը կրող ցուպին կպած Սիերա Լիոնեի ցեխը իրենց փարթամ վարսերով մաքրազերծեն: Աենայն հավանականությամբ կույսերին հրահանգավորել էր անձամբ Նազարեթը՝ ցուպը և ցուպատիպ մնացյալ արժեքները անաղարտ, անբիծ պահելու հեռահար միտումով: Համահայկական մեռելոցի օրը այդ սուրբ մասունքները ցուցադրվելու էին Էյֆելյան աշտարակից էլ բարձր աշխարհահռչակ երկաթյա խաչի հարևանությամբ, որից հետո, ի պատիվ Նազարեթի և ոգեշնչված երկաթե խաչի բարձրությունից, Արագածի ստորոտում, Մաշտոցի քարակերտ տառերի արանքում, ուրախ ու զվարթ, իրենց կյանքից չափազանց գոհ ու երջանիկ, դեռևս օտարություն չփախած հայերը միասնության և հավատարմության շուրջպար էին բռնելու: Անդրշիրիմյան ողբացող երգեհոնի ձայներ արձակող խաչից կախված, ծածանվող դացիբաոները ազդարարում էին՝ “Հայրենիքից մաքրվեք, որ հեղափոխություն չանեք”, “Գնալներդ լինի՝ գալներդ չլինի”, “Մեկ Հայաստան՝ հարյուր հայ”: Չարախոսները չգիտեին, որ այս ծախսերը Գառնիկի որդին կատարում է իր մեկ կովից կթած կաթի եկամտից: Իսկ նրա երկու հազար կովերը բուծվել էին Նվերի լաբորատորիայում: Կովերը երկհարկանի էին, ամեն հարկում ունեին երկու հազար պտուկ, ամեն պտուկը տալիս էր մոտ չորս հազար լիտր կաթ:
Ես սրբազանի հրաշագործությունների մասին շատ էի լսել, բայց այդ սուրբ մարդուն տեսնելու հնարավորություն չէի ունեցել: Հետաքրքրությունից դրդված՝ մոտեցա տուն – լաբորոտորիայի առաջին հարկի բաց պատուհանին: Ներսից էժանագին խնկի սուր հոտը խառնվել էր Նվերի նեխող մարմնի գարշահոտությանը, ինչը և հրապուրել էր ուղիղ հազար հատ թրիքի ճանճի: Սրանք ուխտադրժորեն լքել էին լեգենդար Քաջն Նազարի ավանակի հետույքի մատույցները և իջել էին տառապյալ ու բազմաչարար հոգին ավանդող, անասնաբույծ, ճարտարագետ ու ալքիմիկոս Նվերի ննջասենյակի պատուհանի գոգին: Սրրբազանի հանդեպ տածած խոր հարգանքն էր ստիպում ճանճերին, որպեսզի զսպեն իրենց ճանճային ախորժակը և մեկեն չլցվեն հոգին ավանդող Նվերի քթանցքերի մեջ:
Բակի կենտրոնում՝ պտտաձողի ու բասկետբոլի զամբյուղի միջև, դրված էր Կովկասի տնտեսական վագրի խրտվիլակը: Սրա վրա թառել էր փետուրները թեք խուզած մի ագռավ, որին խիստ նյարդայնացնում էր կտուցանցքերից ներթափանցող Նվերի փթած մարմնի նեխահոտը: Լեշակեր թռչնին հանգիստ չէր տալիս քայքայվող սպիտակուցի անկրկնելի բուրմունքը, և նրա քարաճիկը հաճույքից տենդագին կծկվում էր: Ագռավը գաղտնի հույս էր փայփայում, որ Նվերի ուղեղը ախորժելուց հետո կարող է ստանձնել լաբորատորիայի վարիչի պաշտոնը: Իր իսկ մտքից ոգևորված՝ սա արծվի նման թևերը բացեց, ծմրկտաց և կռինչ արձակելով չանչերով տեղում դոփեց:
Ճարպակալած երիտասարդ տիկինը՝ իր հաստ, թամբանման հետույքով մի կողմ քշելով ագռավին, տնքոցով ու ֆսսոցով նստեց տնտեսական վագրի խրտվիլակի վրա, կեսից ավելին հետույքի տակ առնելով վագրի մազաթափ մեջքը: Հետույքի ծանրությունից տնտեսական վագրի մեջքը ճկվեց, թաթերը երերացին: Կարճ ու հաստ պարանոցի կպչուն քրտինքը կույս Կարինեի գլխաշորով սրբելուց հետո գերանատիպ բդերին դրեց ջվալ- պայուսակը: Ագռավին խեթ – խեթ նայելով, շրջվեց կողքի՝ փակելով վերջինիս տեսադաշտը դեպի ջվալ – պայուսակի խորքերը: Երկար փնտրելուց հետո հանեց Նազարեթի նվիրած ցեղակրոնի զինանշանով դաջված ալյումինե պնակը, որպեսզի ախորժի ԱԺ-ի ճաշարանի վարիչի թփով տոլման: Մտաբերելով դիետոլոգներ Թոզի ու Դումանի խորհուրդը, կերակրամանը խնամքով դրեց խոզի ճարպով բրդուճի, սխտորով մածնի բանկայի և ցելոֆանով փաթաթած Կոնսերվատորիայի վոկալ բաժնի դիպլոմի միջև: Զայրանալով հաստամարմնի պահվածքից և կորցնելով ինքնատիրապետումը, ագռավը պոչը բարձրացրեց ու ծրտեց տնտեսական վագրի մեջքին, տիկնոջ թամբաձև քամակի ուղղությամբ: Տիկինը ջվալ-պայուսակից վճռականորեն հանեց ալյումինե պնակը, պռնկե-պռունկ տոլմա լցրեց, վրան մի կերպ տեղավորեց սխտոր-մածունը ու ֆսսոցով սկսեց ուտել: Մտաբերելով Թոզի ու Դումանի խորհուրդը՝առանց հացի կերավ, պարբերաբար պարանոցին, ճակատին դուրս տված քրտինքի սիսեռաչափ կաթիլները կույս Կարինեի գլխաշորով սրբելով: Տոլմայի տաքությունը և կծու սխտորը նրան սովորականից շատ քրտնացրին։
-Ինչ է, մեզ այդպես էլ ներս չեն թողնելու, որ հիվանդին տեսնենք, – ագռավին դիմեց տիկինը՝ զկռտալով:
-Անձամբ սրբազան Սարդն է հեծանվով Կիպրոսից ժամանել, որպեսզի Նվերի մեղքերին թողություն տա, այժմ ներսում սուրբ հաղորդություն է, – տիկնոջ գխտոցից խուսափելով, ետ- ետ գնալով, կռռաց թռչունը:
-Մեր սրբազանը իքնազոհ անձնավորություն է, օֆշորում Դե Բիրսի հետ հազար ու մի ֆինանսական գործարքներ անտեր թողնելով, շտապել է Նվերի մոտ, – դառը սխտորի և տոլմայախառն հոտը գխտալով ագռավի կտուցին, ասաց տիկինը:
– Օրթախը Կիպրոսում է, գործերին տիրություն կանի, – լավատեղյակի տեսքով կռռաց ագռավը, կրկին ետ-ետ գնալով:
– Ի՞նչ է պատահել, լեշակեր անտե՛ր, ինչո՞ւ ես ինձանից փախչում: Քեզ գիտունիկի տեղ ես դրել, մարդը փողերն անտեր է թողել: Երգիչ- կիթառահարին հեծանվի դեմը դրած՝ հետը բերել է, – պատասխանեց հաստամարմին երիտասարդ տիկինը՝ յուղոտ ցուցամատով կրծկալի տակը քորելով:
-Ցածր խոսիր, կիթառահարը ավետարանի վրա հեռուստատեսությանբ երդվել է, որ ին-քը երբեք Կիպրոսում չի եղել, նույնիսկ այդ կղզու տեղն էլ քարտեզի վրա չգիտի: Գալուստ Երևելին երիցս ճիշտ է, որ արգելում է քեզ լրագրողների հետ շփվել, – չորս կողմը նայելով, կամացուկ կռռաց ագռավը:
– Մեկը լինի իրեն չթողնի: Հիմա՛ր թռչուն, չես հասկանո՞ւմ, որ այս տարածքում որպես կանոն միայն մերոնք են լինում: Չհաշված, իհակե, այլ դարերից եկող այցելուներին և Վաչիկյանի թոշակառու հանգուցյալներին: Երեկ այստեղ հանդիպեցի Կալասին, միևնույնն է, դու պատրաստ չես շփվելու իսկական, բարձր արվեստի հետ, – սխտորոխառն գխտոցով արտաբերեց տիկինը, թամբաձև հետուքը վագրի մեջքին անհագիստ շարժելով:
-Մեկ ամիս է, ինչ այստեղ՝ նոր շահագործման հանձնած քարանձավի մեջ, ծոմապահ ճգնավոր է տնավորվել: Նա հոժարակամ սեփական արյունով և իմ նվիրած փետուրով, կանթեղի թույլ լույսի տակ անցյալի ,բացահայտումերիե առաջին հատորն է սկսել: Երեկոյան աղոթքից հետո էլ շեֆի հերոսական անցյալին է անդրադառնալու:
-Այ թռչո՛ւն, նման մարդուց ինչո՞ւ ես զգուշանում,- զորեղ կրծքավանդակին անհամապատասխան փոքր կրծքերը ցնցելով, երգեցիկ քրքջաց երիտասարդ գեր տիկինը:- Եթե շատ էիք մտածում ճգնավորի մասին, էլ կապիկություններ չանեիք, քարանձավ էիք սարքում՝ երկու կոպեկ ավել ծախսեիք՝ էլեկտրականություն քաշեիք: Մինչ մեր ճգնավորը այդ ծավալուն աշխատությունները ավարտի՝ կամ սովից կմեռնի, կամ էլ կանթեղի թույլ լույսի պատճառով աչքերը կքոռացնի: Ընդդիմությունն էլ հենց դրան է սպասում, որ մեր շեֆին շառով տա:
-Ճգնավորին տարբեր կասկածելիներ են այցելում, նրանք են վտանգավոր, ովքեր պատահաբար մեր խոսակցությունը կլսեն: Այս շախմատը քո խելքի բանը չէ, նրա մասին շատ մի մտածի, չի կուրանա:Կանթեղի ձեթը ՛՛Աննուշկա՛՛ ֆիրմայինն է:
– Այ տղա՛, ծալդ պակաս է, ձեթի Աննուշկան ո՞րն է, – զայրացած ծղրտաց հաստամարմին տիկինը՝ յուղոտ ցուցամատը քունքին դնելով:
– Ձայնդ կտրի՛ր, Զորավարն է գալիս, – կամացուկ կռռաց ագռավը՝ ձգվելով ու փետուրներն ուղղելով:
– Բարևներ ծտերին, – լայն ժպիտը շուրթերին, հաստամարմնին աչքով անելով, ասաց Զորավարը, կողքից վազող փոքրամարմին, ճաղատ աբեղայի ուղեկցությամբ դեպի քարանձավ քայլելով:
– Տեսա՞ր ոտքերս ինչպես ուսումնասիրեց, – կրծքերն ուղղելով ասաց հաստլիկը:
– Հա, տեսա, – կռռաց ագռավը, սև կտուցի տակ արհամարհական ժպտալով:
Արհեստական մութ անձավի մուտքի մոտ ծոմապահ ճգնավորը իր քարտուղարի հետ սպասում էր Զորավարին և ճաղատ աբեղային: Համայն մարդկությանը դեռևս հայտնի չէր, որ ճգնավորը որոշում էր ընդունել աշխատություններն ավարտին հասցնելուց հետո այլևս ծոմով կնքել իր մահկանացուն: Բալենիների պուրակից, ձայնասկավառակին քսվող ասեղի միալար խզխզոցին խառնված՝ ադապտերից լսելի էր Լուսիկ Քոշյանի կատարմամբ անցեալ դարի հիսունականների անմոռաց երգը` “Ալ կոշիկս, վարդ կոշիկս”։
– Սա ինչո՞ւ եկավ, – արդեն կամացուկ հարց տիկինը ագռավին:
– Երեկոյան համատեղ աղոթքի գլխավոր փորձը պետք է կատարեն, ցերեկը փորձ են անում, որպեսզի գիշերն անհավատների համար անթերի աղոթեն, – կռռաց ագռավը:
Հանկարծ քարանձավի արևմտյան կողմի հսկայական ժայռաբեկորի տակից ուժգին
սուլոցով և խուլ դղրդոցով գոլորշի բարձրացավ, ժայթքեց՝ ցնցելով Նվերի բակն ու տունը: Բակում ներկաները սարսափեցին, և անասնական խուճապ սկսվեց: Լեշակեր անգղները երկինք բարձրացան, ավանակները տեղում սկսեցին խնդռոզի տալ, կապիկները ծառից ծառ ցատկեցին՝ վայրագ ճիչեր արձակելով, և նույնիսկ կատաղի շները ամանի միջի թարմ թերմացքը թողած՝ սկսեցին ոռնալ: Այս ցնցումից լաբորատորիայի տարածքով մեկ գաղջություն տարածվեց:
-Վա՜յ, մամա ջան, երկրաշա՞րժ սկսվեց, թե՞ քարանձավի ջեռուցման հնոցը պայթեց,- ահաբեկված ծղրտաց տիկինը, առիթ տալով ագռավին ուրախ կռկռալու:- Ի՞նչ ես ուրախացել, լեշակեր անտե՛ր, դու անմիջապս կթռնես կպրծնես, բա մե՞նք: Համալսարաններից ագռավիկների անվան տակ հավաքածդ երկու տոկոսով կարող ես անհոգ մի տաքուկ երկրում ապրել ու բարգավաճել:
-Մի վախենա, իրականում երկրաշարժ կլիներ, եթե մութ անձավի գաղտնի շինարարները Ազատության հրապարակի տակից գոլորշին խողովակներով չհանեին և Նալբանդյան փողոցով այստեղ չբերեին: Պայթունավտանգ ցասման գոլոշին վարկյան առ վարկյան հաշվարկված է: Քարանձավում տեղադրված փականը բացելով, ճգնավորը չեզոքացնում է կուտակված գոլոշին, – կռռաց ագռավը՝ նյարդայնացած տիկնոջ սխտորախառն գխտոցից և ցանցառ հարցերից:
Քարանձավից դպրոցական պայուսակները ձեռքներին, դասակի հրամանատար Պազոլինիի գլխավորությամբ, ծեր ու անատամ կանանց երեք խումբ դուրս եկավ: Սրանք քարանձավում գործող Բրեդշնայդերի անվան ուսումնավարժական կենտրոնի “գործակալական մուտիլովկա” կոչվող հույժ գաղտնի դասակի կուրսանտներն էին։
-Սրան շեֆը կրկին ետ բերեց: Լինելով մեր ամենահարվածային գաղտնի թերթի խմբագիրը, ապուշը գնացել էր բերդ ու բանտախցում ցմահ դատապարտվածի հետ լուսանկարվել, – կռռաց ագռավը՝ կտուցըՊազոլինիի կողմն ուղղելով:
-Անվտանգության աշխատակիցների մորաքույրների որդո՞ւ հետ ես, – հարցրեց հաստամարմինը, կույս Կարինեի գլխաշորով փոքրիկ կրծքերի տակի սխտորաբույր քրտինքը սրբելով: – Ցմահ բանտարկվածի հետ ի՞նչ գործ ուներ խելառ անտերը: Սրան շեֆի փեսան անձամբ էր իր գդալով կերակրում։ Աստծուց կրա՞կ էր ուզում հիմարը: Մի կողմից էլ, ասենք, բանտարկվածի հետ նկարվել էր՝ հետո ի՞նչ, աշխարհը փո՞ւլ եկավ, – ձեռքի ափերով կրծկալը տակից սեղմելով, ագռավին դիմեց հաստլիկը:
-Այդ ցմահ բանտարկեալին ազատության դիմաց կարևոր ցուցմունք էին գրել տվել: Էս անուղեղի նրա բանտախցում լուսանկարվելուց հետո այլևս կարևորագույն ցուցմունքը հրապարակել հնարավոր: Իրեն էլ խայտառակեց, Նալբանդյան փողոցի մի շենք մորաքույրներին էլ իր հետ: Հաջորդ օրն էլ ընդիմադիր թերթերը այդ լուսանկարը տպեցին, ու մարդկանց մոտ հարց առաջացավ, թե այս հիմարը ինչպե՞ս է արգելված գոտի մտել, – զայրացած, կտուցի տակ կռկռաց ագռավը:
-Այդքանից հետո Պազոլինիին ո՞նց են այս կարևորագույն օղակը վստահել, – հարցրեց տիկինը՝ խուրջին-պայուսակից հանած կանաչ խնձորը խրթացնելով:
-Այս ընդոծինը անթերի խառնակիչ է, երկար տարիներ էլ անվտանգության աշխատակիցների հետ մորաքույր-հարազատական կապը նրան բավականին բան է սովորեցրել: Ցնդած պառավներին մարզելու համար երկաթյա ջղեր պետք է ունենանաս և համապատասխան գիտելիքներ, կամ էլ ամբողջապես դատարկ գլուխ, – մտազբաղ կռկռաց ագռավը, որը ժամանակ առ ժամանակ իրեն արծվի տեղ էր դնում:
-Ընդդիմությունը մեզ կերավ, չեն թողնում, որ մարդ կերածը մարսի, իսկ սրանք էլ դեռ վարժվում են, – նենգ աչքերը հաստ այտերի տակից փայլեցնելով, խնձորը չփչփացնելով՝ արտաբերեց կինը:
-Պազոլինին սրանց տանում է գործնական դասընթացների. առաջին դասակը հիմնադիր նախագահի տան մոտ է դիրքավորվելու, երկրորդ դասակը՝ Կոմիտաս հինգ հասցեում, երրորդ էլ քաղաքապետարանի ակտիվիստների հանդեպ մուտիլովկա կկիռարի, – կռռաց ագռավը, ծրտեց ու թռավ:
-Պահ, պահ, պահ, մեռածը իրեն իրոք արծվի տեղ է դրել, – բարձրաձայն ասաց հաստամարմինը, տխրությամբ հիշելով դիետոլոգներ Թոզի ու Դդումանին և խուրջին-պայուսակի անհունության մեջ նայելով: Սխտորով մածունը, ամորձիների յուղաներկը, ալյումինե պնակը, խաշած տավարի լեզուն, տոլման ու Կոնսերվատորիայի վոկալ բաժնի դիպլոմը իրար էին խառնվել: Այս ամենից անգամ Երևելին գլուխ չէր հանի:
Նստելով մոտակը բարդու վրա, ագռավը ոտքին ամրացրած պահոցից հանեց
այֆոնը.
-Երևելի՛, ես եմ, մեկին գառան խաշլամայով ուղարկի՝ էն մեր հաստաքամակին լաբորատորիայի տարածքից խաբելով հանեն: Ճգնավորի մոտ լրագրողներ են գալու աղոթքը լուսաբանելու: Սրան, որ տեսան՝ հարցեր կտան, սա էլ մի էշություն դուրս կտա, խայտառակ կանի, – կռռաց ագռավը այֆոնի մեջ:
-Հասկացա, հերիք կռկռաս: Նախկին երդվյալ կոմունիստ ռայկոմի քարտուղարին և այժմ էլ մոլագար ցեղակրոնին կուղարկեմ, կգա կլղոզի դրա ասածները, մինչև գառան խաշլաման գա։
-Լավ տարբերակ է, ես թռնեմ իմ գործերով, ագռավիկներս ինձ են սպասում: Երևելի՛, մինչև մոլագար ցեղակրոնի գալը կույս Հերմինեն բակում է, հանձնարարի, թող էս որկրամոլին տիրություն անի, ավել-պակաս չթլթլա, – կռկռաց ագռավը:
-Կույսը դրանից զզվում է, չի գնա: Դու ետ թռի, մինչև ցեղակրոն ռայկոմի նախկին քարտուղարը տեղ հասնի:
Սպասումներով լեցուն ճանճերի զվարթ բզզոցի միջից լսեցի Նվերի նվաղած ձայնը, որ խնդրում էր սրբազանին.
-Աղաչում եմ, ինձ խեղդամահ մի արեք, ես ձեզ կպատմեմ քսուքի և ինֆորմացիոն պտուտակի գաղտնիքը: Շագրենի կաշին սրանց համեմատությամբ առ ոչինչ է: Ի տարբերություն կաշվի՝ սրանք երբեք չեն փոքրանում, – խռխռոցի միջից արտաբերեց Նվերը: – Իմ գտած ինֆորմացիոն պտուտակի վրա հուշող ձեռագիր արձանագրություններ չկան, միայն հարկավոր է հնարավորինս բարձր փնովել անցյալը, և ապագադ ապահովված է, կասկածելի անցյալդ էլ՝ մոռացված: Պտուտակի վրա էլ պտտեցնելով ծաղկափոշին՝ այն քսուքի է վերածվում, որն էլ ցանկացածին անխոցելի է դարձնում:
-Եվ ի՞նչ, – դժբախտի պարանոցը թողնելով, հարցրեց սրբազանը:
-Պտուտակը կապ է անցյալի և ներկայի միջև, մուտք է դեպի նուրբ աշխարհ: Ներկայի ցանկացած այլասերություն, սպանություն, թալան և ասպատակություն կարելի ձևակերպել որպես անցյալից ստացած ժառանգություն: Պտուտակի օգնությամբ կարող եք սիրահետել ցանկացած կնոջ, ներողություն, ում որ կկամենաք: Առանց օֆշորում գրանցվելու՝ կարող եք անխոչընդոտ տիրանալ ուրիշի ունեցվածքին: Ձեր ,Բենթլիե ցուպը, առանց սրան-նրան խաբելու, կփոխարինեք ,Լոմբարդինիե-ով: Վերջապես կարող եք իրականեցնել ձեր ամենաբաղձալի երազանքը, կտիրանաք Մայր Աթոռին՝առանց վարկաբեկիչ նյութերի և կուրարայի թույնի:
-Պտուտակի տեղն ասա, հիմա՛ր: Պրեսկոտը մերոնցից է, ծաղկափոշին խոչընդոտ չէ, – ասաց ագահությունից համբերությունը կորցրած սրբազանը, Նվերի պարանոցը կրկին բռնելով:
Նվերը աչքերը հառած սրբազանի վեղարին, յուղաներկոտ մատը վեր
բարձրացրեց և մի կերպ արտաբերեց.
-Այն մեր գիտակ…..
-Չսատկես, ի՞նչ գիտակ, – գոռաց սրբազանը Նվերի անշունչ, վտիտ մարմինը ցնցելով:
Ես շտապեցի հնարավորինս արագ դուրս գալ Նվերի բակից, քանի որ կարճահասակ, փրկարարների տանիքի տակ պատսպարված ենթակաս՝ Ֆելիքս Էդմունդիչի մաուզերը մեջքից կապած,հայտարարում էր, որ լաբորատորիայի ողջ տարածքը ականապատված է: Հազարավոր մարդիկ, կենդանիներ և թռչուններ կրկին խուճապահար դուրս թափվեցին Նվերի բակուտնից: Հասկանալի է, որ այս հնարքով կարճահասակը լսող սարքեր պետք է տեղադրեր ազատված տարածքում, որպեսզի Նազարեթը սեփական ականջով տեղեկանար, թե տուն-լաբորատորիայում ինչ է կատարվում:
Հասնելով, բլրին ես սպիտակ էշս թողեցի մորենու թփին կապած, որպեսզի մետրոյով հասանեմ Մամոնայի հրապարակ: Ամենայն հավանականությամբ պտուտակը պետք էր փնտրել կառավարության շենքի նկուղում: Եթե ես գտնեի Նվերի պտուտակը և վնասազերծեի Պրեսկոտին, Նազարեթը խոցելի կդառնար:
Նազարեթի անվան կայարանում թունելախորշից դուրս եկավ և իմ դիմաց անձայն կանգնեց երկու վագոնանի գնացքը: Առաջին վագոնի ճակատին դացիբաո էր ամրացված. “Առա՛ջ, դեպի ապահով Հայաստան”:
Մեջտեղի վագոնը չկար, այն վաչկատուների ասպատակություններից ոչնչացվել էր: Առաջին վագոնը լուսապայծառ էր, լույսերի մեջ ողողված: Մարդիկ էլ տրեխների փոխարեն պարտադիր “Գուչի” ֆիրմայի կոշիկներով էին, հագներին էլ “Քրիստիան Դիոր” վերնաշապիկ էր, “Արմանի” փողկապ և “Զիլլի” կոստյում: Առաջին վագոնից մեղմիկ և հյութեղ տարածվում էր “Ջիվանշիի” և “Շանել-Ալյուռի” խառնածին եդեմական բույրը: Վագոնի առաջնամասում Պլաչիդո Դոմինգոն էր երգում: Ես հասկացա, որ Գերմանիայից ժամանած Հասմիկ Պապյանը հրաժարվել էր համերգ տալուց, հավանական է նրան տեղեկացրել էին, որ դահլիճում քյաբաբ ուտողներ են լինելու: Երգող Դոմինգոյի կողքին օլիգարխների մի մեծ խումբ անուշում էր Նազարեթի կենացը, խմելով սև մամբայի լեղի՝ խառնած հիսուն տարվա ՛՛Հեննեսիի՛՛ հետ: Օջախի վրայից իրար հրմշտելով, լավաշի մեջ էին դնում ֆուգո ձկան քյաբաբը՝ տապակած տրյուֆելի հետ: Մեծերը պատմում էին, որ այս իշխանազունների պապենական հիմնական ուտելիքը, խմելիքը, հագնելիքը դա է եղել:
Պլաչիդո Դոմինգոն էլ քյաբաբի օջախի ծխից աչքերը կկոցած, ինքնաբերաբար
շարունակում էր երգել, չհասկանալով ինչ վագոն է ընկել:
Դոմինգոյից քիչ հեռու ցեղակրոնները Արամի փողոցի բարձրահարկ շենքի նույն բնակարանը արդեն հարյուրերորդ հայրենադարձին էին վաճառում: Դաշնամուրի տակ էլ, աշխարհահռչակ տենորի դաշնակարուհու ոտքերի դիմաց
“Բելուգա”, “Կրեմլյովկա” և “Դոլգոռուկի” օղի էին լցոնում պարսկական կոյուղու սպիրտից: Հատկապես հարգի էին Թավրիզի ու Թեհրանի կոյուղիներինը, որոնք առավելագունը կարող էին կուրացնել կամ լյարդը շարքից հանել:
Քիչ ներքևում, ԿԸՀ-ից պատվավոր, վաստակավոր թոշակի անցած Մուկուզյանը՝ բաց կրկեսային շոուի առաջատար աճպարարը, մարդկությանը անհայտ մի ներկայացում էր ցուցադրում: Առաջին համարում նրա չորս օգնականները, մեղվաբույծ Պրեսկոտի գլխավորությամբ, հսկայական երկու փիղ և մեկ ընձուղտ քշելով բերեցին արենայի կենտրոն: Վերջինս ամենքի աչքի առջև իր գրպանից հանելով մեկ 5- հազարանոց թղթադրամ, մոտ կանչեց առաջին իսկ թաղային հեղինակությանը: Տալով թղթադրամը՝ կարգադրեց, որ վերջինս այն ընտրատուփի անցքից ներս գցի: Հեղինակությունը երկու թմրամոլների օգնությամբ մի կերպ թղթադրամը խցկեց քվեատուփի մեջ: Որից հետո Մուկուզյանը հնդկական փղերին ընձուղտի հետ հեշտությամբ արկղի ճեղքից ներս մտցրեց: Փղերը և ընձուղտը անհետացան թափանցիկ քվեատուփի խորխորատներում: Ապշահար հանդիսատեսը սեփական աչքերին չէր հավատում, ինպե՞ս էր հնարավոր այդ հսկա կենդանիներին մտցնել մեկ սանտիմետրանոց անցքից ներս, երբ թղթադրամը դժվարությամբ ներս ընկավ: Արենայի կենտրոնում դատարկ քվեատուփի հարևանությամբ անհետացած խոտակերների թրիքի կույտերից դեռ տաք գոլոշի էր բարձրանում: Տասնյակ շատ անկախ և չափից ավելի ինքնուրուն լրատվամիջոցներ, տեսախցիկներով զինված՝ Մուկուզյանի փեսայի գլխավորությամբ, լուսաբանում էին իրեղեն ապացույցների ներկայությունը` թրիքի կույտերը և նրանցից քուլա- քուլա բարձրացող գոլոշին: Մարդիկ անմիջապես հիշեցին Գյուլնազ տատի պայծառատես Գելափ մայրիկին, որը սրանց թրքելուց մեկ տարի առաջ արդեն իսկ կանխատեսել էր քուլա- քուլա երկինք բարձրացող տաք թրիքի գոլոշին: Ոգևորված անթերի իրագործած աճպարարությունից՝ ներկա ցեղակրոններն իրենց ատրճանակներից կրակ բացեցին. նրանց համար թարմ թրիքը կատարվածի իրեղեն ապացույցների ապացույցն էր, հեղձուձիչ գոլոշին էլ դրախտավայրի բուրմունք էր հիշեցնում: Այս թրիքի շնորհիվ նրանք հինգ տարվա անցաթուղթ էին ձեռք բերում առաջին լուսավոր վագոնի համար, որտեղ ամենուրեք պնակներ էին դրված և հնարավորություն էր ընձեռնվում առաջին վագոնում Հայաստան անունը կրող քաղցր հաստ կրեմով տորթից բաժին ունենալու: Այս էր հիմնական պատճառներից մեկը, որ խոտակերների թրիքին չհավատացողներին թշնաբար էին վերաբերվում և կարող էին օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, բորենու նման, անհավատների կոկորդները կրծել: Թափված անմեղ մարդկանց արյունը երախներից ջրաշիթով լվանալուց հետո նրանք պատրաստվում էին հաջորդ կրկեսային ներկայացմանը…
Հանդիսատեսի աչքերը թրիքի կծու գոլորշուց և հրավառության ծխից արցուքոտվել էին։ Նրանք կատարվածը երազ կհամարեին, եթե այդ կույտերը արենայի կենտրոնում մնացած չլինեին: Ոգևորված անկախ հեռուստաընկերությունները խոտակերների թողած ծավալուն ու բուրումնավետ հետքն էին լուսաբանում: Գյուլնազ տատի մայրիկ Գելափը հանրային հեռուստաստատեսությամբ պատմում էր այն կանխատեսումների մասին, որ արել մեկ ամիս առաջ: Նա ոչ միայն կենդանիներին էր անվանել, այլ նույնիսկ թրիքի գոլոշու քիմիական բաղադրությունն էր անսխալ հաշվարկել: Թրիքից բարձրացող գոլորշին հեռուստացույցից թափանցելով մարդկանց բնակարան, համատարած ազդում էր նաև ոչ ցեղակրոնների հիշողության վրա: Իսկ ովքեր հիշողության անկում չէին ունենում, անհասկանալի ներքին մղում ունեին երկրից թեկուզ ոտքով փախչելու:
Ներկայացման երկրորդ կեսում հանդիսատեսը համապատասխան հավելավճարով հինգ րոպե կարող էր շփվել իր հանգուցյալ հարազատի հետ: Պայմանը միակն էր՝ հանգուցիալը պետք է չափահաս լիներ: Գործում էին նաև որոշակի սահմանափակումներ: Օրինակ, խստիվ արգելվում էր հանգուցյալներին անդրշիրիմյան աշխարհի մասին հարցել տալը, այլոց այն աշխարհ ծանրոցներ ուղարկելը և այլն: Նախագահական և Աժ ընտրություններից երկու ամիս առաջ և հետո կիրառվում էին հիսուն տոկոսանոց զեղչեր: Այդ ժամանակահատվածում ցուցակագրված հանգուցյալները գերեզմաններից արդեն իսկ հանվում էին, և գծատեր պատգամավորները նրանց վարժեցնում էին ՛՛գազելներով՛՛ ընտրատեղամասեր տեղափոխելուն:
Ընդմիջումից հետո Մուկուզյանը խոստացավ հանդիսատեսներին հինգ րոպեով հաղորդակից դարձնել այն ողջ-առողջ հարազատների հետ, որոնք արտասահմանում էին գտնվում: Այս ներկայացումը անվճար էր: Առաջին պայմանը պարտադիր էր՝ կանչվող հարազատը պետք է ընտրական տարիքի լիներ: Հետաքրքիր էր, որ անվտանգության ծառայությունը Մուկուզյանի ներկայացումները չէր արգելում, հավանական է այն պարզ պատճառով, որ նույնիսկ մանկահասակ երեխաները գիտեին այս պետական գաղտնիքի մանրամասները:
Ես հիշեցի, որ մեկ տարի առաջ Հիլարի Քլինթոնը կոչ էր արել, որպեսզի տարածաշրջանի երկրները ընդօրինակեն Հայաստանին: Տիկինը չէր հասկացել ինչի մասին է խոսում: Պատկերացնու՞մ եք, ինչ դիակային իրարանցում կսկսվեր տարածաշրջանում՝ աշխարահռչակ Հիչկոկը նախանձից ինքնասպան կլիներ Հիլարիին անիծելով:
Կրկեսի ցանկապատի հարևանությամբ ինքնաձիգերից արձակված համազարկեր լսվեցին, սրան հաջորդեց անպատասխան սիրո մասին Արմենչիկի կլկլոցով, աղերսագին, հոգետանջ, լացակումած բայաթին: Մինչև Մուկուզյանի ֆանտաստիկ աճպարարության ավարտը կրակոցները և ջիփերի հուժկու դինամիկներից սփռվող ծանր բայաթիի կատարումը պարբերաբար կրկնվեց: Մի պահ հանգուցյալների շրջանում վախից խուճապ առաջացավ, իսկ ողջերը ապարդյուն փորձում էին նրանց հանգստացնել: Դեռևս Հայաստանը չլքածների համար կրակոցները սովորական էին դարձել, նրանք կյանքի հանդեպ անտարբեր էին: Կրակահերթերից հատկապես ահաբեկվել էին այն հանգուցյալները, ովքեր կոմունիստների օրոք էին իրենց մահկանացուն կնքել, և նրանց համար Երևանում կրակոցները ֆանտաստիկայի ժանրից էին:
Վագոնի կենտրոնում հսկայական կրեմով տորթի, մսով, ջեմով, կարտոֆիլով, թթու դրած կաղամբով կարկանդակների շուրջօրյա արտադրամաս էր գործում: Հատկապես հարգի էին Երևան, Կենտրոնական, Ոսկե պսակ, Մոլիբդենագույն, Պղնձափայլ անունները կրող կրեմով տորթերը: Սրանք վաճառվում կամ նվիրում էին միայն Նազարեթի հատուկ կարգադրությամբ: Կարկանդակներից հարգի էին մսով կամ ձկով հայտնի Սևան, Մարզային կարկանդակները, որոնք ամերիկյան հավի բդի գնով վաճառվում էին միայն ալյումինե պնակ ունեցող ցեղակրոններին: Թափառող բորենիատիպ շների, տարբեր խլուրդների համար արտադրամասի ցուցասրահում հսկայական Հայաստան տորթից վերջիններս արդեն բան չէին թողել, կեսից ավելին լափել էին: Տորթի կողքին տեղադրված ալյումինե պնակներից սրանք հանքային ջուր էին լակում, որպեսզի լափեն Հայաստան տորթի հաջորդ կեսը: Լափելու և խմելու արանքում կրեմի հաստ շերտի շուրջ խոսակցություններն ավարտվում էին սեռական բնույթի հայոյանքներով և ինքնաձիգներից արձակած կրակահերթերով:
Մետրոյի գնացքը շարժվելուն պես նստեցի երկրորդ ապահով վագոնը, որը ամբողջովին ցեխակոլոլ էր ու մութ: Հայեր հազվադեպ էին հանդիպում, նրանց քառասուն տոկոսն էլ աղբանոցներում էր ապրուստ հայթայթում: Մի մասն էլ գլուխները հանել էր վագոնից դուրս՝ սպասելով, որ Աստված երկնքից մի կտոր հաց կգցի: Շատերը երեխաներին առած թևերի տակ, հաջորդ կայարանին չսպասելով, ինքնամոռաց թռչում էին վագոնից խավարի անհունության մեջ՝ մտածելով, որ հեռավոր երկրներում կկարողանան մեծացնել իրենց երեխաներին: Աղետի գոտու բնակիչները մինչ օրս մնացել էին իրենց դարն ապրած բուդկաներում: Բուդկաների դիմաց մի խումբ ցեղակրոնների անունից հղկած բազալտի վրա փորագիր արձանագրություններ կային. ,Այս տարվանից թույլ չենք տալու, որ ձեր բնակարանների գումարը հանիրավի մեր ցածր կարգի ցեղակրոնները լափեն: Խոստանում ենք, որ բնակարան կունենաք և մեզ նման կապրեք արժանապատիվ կյանքովե: Մարդիկ ամեն տարի կարդում էին արձանագրությունը և ուրախ, երջանիկ սպասում հաջորդ տարվան, որպեսզի հաջորդ տարի կրկին կարդան և ուրախանան:
Եթե այսպես շարունակվեր, մի երկու տարուց այս ապահով վագոնում հնարավոր կլիներ հացահատիկ կամ բողկ ցանել և կերակրել մի այնպիսի նավահանգիստ -մայրաքաղաք, ինչպիսին Ֆրիթաունն էր:
Հետաքրքիրն այն էր, որ առաջին լուսապայծառ վագոնը իր թվացյալ երջանիկներով դեպի գեհեն էր սլանում, իսկ երկրորդ վագոնը կարծես թունելախորշից ցանկանում էր դուրս գալ:
Մամոնայի հրապարակում կառավարության լուսակոլոլ շենքի անկյունային երկրորդ հարկի ոսկյա պատուհանից կիթառի կախարդական հնչյունների միջից լսվում էր գերիչ և անմոռաց սոպրանոն:,Ահոե չոե…ե, ,Ահոե չոե…ե, -երգում էր թովիչ ու նրբիկ ձայնը, որը տարածվում էր անմարդաբնակ Երևանով մեկ: Լուսամուտի կողքի բաց պատշգամբում տեսնելով սրբազանի ՛՛Բենթլի՛՛ անունը կրող ցուպը՝պայծառություն իջավ վրաս, ես հասկացա, որ ատոմակայանի պտուտակը զուր եմ փնտրում նյութական աշխարհում, այն երևակայան է և գտնվում է մեր ենթագիտակցության տիրույթում: Ամեն ցանկություն իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե շատ կամենաս: Մեր նետերն էլ նրան չեն խոցում, որովհետև չենք հավատում: Հարկավոր է միայն ազատվել ոսկե եռանկյունուց բերված ծաղկափոշուց, և մենք ազգովի կպրծնենք Նազարեթից, նրա վաչկատուններից: Պտուտակի մասին խոսակցություններն էլ կանցնեն պատմության գիրկը, ընդմիշտ վերանալով մեր խոհանոցների և սրճարանների սեղաններից: Մետրոյի կայարանում էլ տարբեր մեջտեղի վագոններ կունենանք, որոնք առաջինից շատ չեն տարբերվի:
Կառավարության շենքի բաց պատուհանից, կիթառի ոսկեհնչյուն, զրնգուն նվագակցությամբ, մեղմիկ, քնած քաղաքի վրայով սահում էր թովիչ, անզուգական, անմոռանալի և գերող սիրահարված սոպրանոն: Տղամարդը երգում էր. “Ահո” չոհե, ահո” չոհ”…”: Հասնելով նախկին Անգլիական այգու խորքերը, ղողանջելով այգու լուսնի ցոլքից կապուտակ դարձած արահետներում, դիպչելով քաղաքապետարանի բաց վարդագույն պատին և այնտեղից նոր երանգ ստանալով, երգն արձագանքում էր. “Ահո” չոհ”, ահո” չոհ”…”: