ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆ «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԻՐ ՇՈՒՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, Հայաստանում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Տպավորություն էր ստեղծվել, որ անխտիր բոլոր շերտերը հասկացել են, թե ինչպիսի անհարիր ճոխությամբ ենք ապրել նախորդ 20 տարիներին: Բայց բավական էր` մեկ ամսվա ընթացքում հաղթահարվեր պատերազմի շոկը, որպեսզի իրերը վերադառնային իրենց բնականոն դրությանը: Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ` գաղջ մթնոլորտը կրկին վերանվաճում է իր դիրքերը` էլ ավելի մեծ սպառնալիքի վերածվելով:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հետաքրքիր տեղաշարժեր են արձանագրվում: Ցավալիորեն մեր հասարակությունը Արցախի հանդեպ հետաքրքրություն դրսեւորում է բացառապես հարցի սրացման պահերին, թեպետ ներկայիս փուլն ավելի վտանգավոր իրավիճակ է խոստանում եւ սրացման պահերին հայկական կողմի հանկարծակիի գալու իրական պատճառն է: Վերջին օրերին ադրբեջանական եւ մասամբ ռուսական վերլուծականները պնդում են, որ Հայաստանը զրկված է Ռուսաստանի աջակցությունից, եւ Սերժ Սարգսյանին ինչ-ինչ պատասխաններ տալու համար ժամանակ է տրվել մինչեւ նախագահների նոր հանդիպումը: Թերեւս նմանօրինակ լուրեր տարածվել են գրեթե բոլոր հանդիպումներից առաջ: Այդուհանդերձ, ներկայիս իրադրությունն աչքի է ընկնում զգալի առանձնահատկություններով, եթե հաշվի ենք առնում օդային սահմանի հսկողությունը փաստացիորեն ռուսներին հանձնելու իշխանության քայլերը, որոնք կարծես թե ֆորպոստացումից դեպի պոլիգոնի փոխակերպման վերջին ակորդներից են:
Միաժամանակ Իրանը վերջապես հարկադրված եղավ հրաժարվելու Հայաստանը որպես տրանզիտ գոտի օգտագործելու մտքից` նախընտրելով Ռուսաստան-Ադրբեջան երկյակի հետ համագործակցությունը: Մեր դաշնակիցը Հայաստանի հանդեպ կատարում է երկու անթաքույց վտանգավոր ու դաժան քայլ. սեփականել օդային պաշտպանության բոլոր հնարավորությունները եւ խորացնել Հայաստանի մեկուսացումը: Ժամանակին իշխանությունները բարբառում էին, թե Բաքու-Ջեյհանի փոխարեն մենք կարող ենք որպես միջնորդ ներգրավվել Իրանի ծրագրերում: Այսօր պարզ է դառնում, որ Իրանն այլեւս հոգնել է այդ մասին մեզ հուշելուց եւ հանգել է Ռուսաստանի շահագրգռվածությամբ Ադրբեջանի միջոցով եվրոպական շուկա հասնելու տարբերակին: Դեռեւս հայ-իրանական գազամուղն իր ձեռքը վերցնելով` Ռուսաստանն ապացուցել էր, որ թույլ չի տալու երկկողմ հարաբերությունների նվազագույն իսկ զարգացում առանց իր ցանկության: Ուստի հարկ է Իրանի` Ադրբեջանի օգտին կատարած ընտրության թիկունքում տեսնել նախ եւ առաջ Ռուսաստանին, որը դիտավորյալ եւ նպատակուղղված կերպով Հայաստանին արգելում է այլընտրանք ձեւավորել: Այսպիսի իրավիճակում Հայաստանը ոչ միայն դոփում է տեղում, այլեւ առավելագույնս թուլանում է: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, որտեղ ուժը ձեւավորվում է այլընտրանքների բազմազանությամբ: Քաղաքական-տնտեսական, այժմ արդեն նաեւ աշխարհագրական մեկուսացվածությամբ եւ հատկապես Ռուսաստանից ունեցած կախվածությամբ, մեր երկիրը դատապարտված է:
Եվ, ահա, նման իրադրության պայմաններում, երբ Հայաստանի շուրջ արտաքին օղակն անընդհատ սեղմվում է, երբ Ռուսաստանը հաստատակամորեն վերածվում է թե՛ մեր փոխարեն որոշում կայացնողի, թե՛ այդ որոշումն իրագործողի, Հայաստանում շարունակվում է ժանտախտային խրախճանքը: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը որեւէ դրական հետեւություն չարեց: Մասնավորապես` կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար սկսելու կառավարության «համատիեզերական» որոշումը վերջ ի վերջո հանգեց այն մտայնությանը, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, իսկ եթե նույնիսկ կան, ապա դրանք օբյեկտիվ իրականության ծնունդն են, եւ պետք է ջանք չխնայել դրանց փայփայման ուղղությամբ: Տարածքային փաստացի կորուստները իշխանության քարոզչամեքենան անամոթաբար պարտակեց 800 հեկտարի` «ամայի ու անմշակ» պիտակավորմամբ: Անչափելիորեն քննադատված կադրային քաղաքականությունը հատկապես դիվանագիտական ոլորտում, երբ դեսպաններ են կարգվում ոչ պրոֆեսիոնալներն ու լավ ծանոթ-բարեկամ ունեցողները, կարելի է ասել, աննախադեպ թափով է շարունակվում: Այլախոհությունը ճնշելու եւ վախի մթնոլորտ ստեղծելու հերթական արարն էլ ԼՂՀ ԱԺ պատգամավորի ծեծն էր:
Համադրելով երկրի ներկայիս արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակի նրբությունները` օդում մի տարօրինակ մռինջ է նկատվում: Այն, որ իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ թե չի կարողանում, այլ պարզապես համառորեն չի ցանկանում նվազագույն իսկ դրական փոփոխություն իրականացնել, այլեւս իրողություն է: Փաստ է եւ այն, որ ներկայիս խորացող ճահիճը ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինչը, կրկին դատելով իշխանության վարքագծից, որեւէ մեկին չի հուզում: Սակայն Սերժ Սարգսյանը, կարծում ենք, այնուամենայնիվ, մի եզրահանգում իր համար արել է: Ըստ էության, որքան խորանում է Հայաստանի կախումը Ռուսաստանից, այնքան արցախյան ճակատում հայկական կողմի լծակները փոխանցվում են Մոսկվային: Ելնելով հայկական էլիտայի ռուսահպատակությունից` տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստան-Ադրբեջան ներդաշնակության վճարը գանձվելու է մեզանից, մասնավորապես Ղարաբաղից: Այս համատեքստում տարածքային կորուստների, երկրի ներսում վախի մթնոլորտի խորացման եւ Ռուսաստանի կողմից կլանվելու վերջին դրվագները չեն կարող դիտվել զուտ պատահականություններ: Սերժ Սարգսյան-ՀԱԿ «փոխզսպվածությունը», Քոչարյանի մերձավորներին ասպարեզ վերադարձնելը հուշում են, որ Սարգսյանն Արցախի հարցում կատարելիք զիջումների պատասխանատվությունը միայնակ ստանձնել չի ցանկանում: Ներկա դրությամբ գրեթե ողջ քաղաքական դաշտը պատսպարված է Սերժ Սարգսյանի ամպոհվանու ներքո, եւ եթե այդպիսի հզոր կապիտալը չի օգտագործվում բարեփոխումներ անելու համար, ապա արդյո՞ք այն նախատեսված չէ Արցախի համար: Ի վերջո, չէ՞ որ 800 հա կորուստը հեշտությամբ է մարսվել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

15 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԿԿՐՃԱՏԵՆ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը եւ օտարել դրանք: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում կկրճատի 15 ավտոմեքենա եւ ավտոմեքենաների համար նախատեսված 3 սարք:

Այսպես՝ ՀՀ կառավարության վաղվա նիստին որոշում կկայացվի կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները եւ 3 միավոր սարքերը առաջիկայում ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով: Իսկ, ահա, ավտոպահեստամասերի եւ այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպված գնման ընթացակարգերը այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով կհայտարարվի չկայացած:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձան նաեւ կրճատման ենթակա ավտոմեքենաների մակնիշները՝ 2002 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Կրաուզեր», սկզբնական արժեքը 15 մլն 483 հազար դրամ, 1982 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց 500»՝ 4 մլն 656 հազար դրամ սկզբնական արժեքով, 1995 թվականի արտադրության «Մերսեդես 124»՝ 4 մլն դրամ սկզբնական արժեքով, 2003 թվականի արտադրության 6 հատ «Գազ-3110», որոնց սկզբնական արժեքը սկսվում է 3 մլն 700 հազարից մինչեւ 4 մլն 750 հազար դրամ: Ցանկի մեջ կան նաեւ «Վազ 21099», «Վազ-2115», «Գազ-3102», որոնց տարեթվերը նույնպես հին են: Կօտարվի նաեւ ավտոկցորդ, բաք, էլեկտրական բարձիչ: Հաշվի առնելով ՀՀ վարչապետի՝ մայիսի 12-ի խնայողություններ անելու եւ ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին հանձնարարականը՝ արձանագրենք, որ հենց վարչապետի ղեկավարած կառույցը կրճատում է հիմնականում ռուսական հին արտադրության ավտոմեքենաները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵԼՔԸ ՆՈՐ  ՇՈՒԿԱՆ Է
Հունիսի 1-ին եւ 2-ին Տավուշի մարզպետարանի, Իջեւանի քաղաքապետարանի, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները Իջեւան քաղաքն ազատել են փողոցային առեւտրից: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացն իրականացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ: Մարզպետը շրջել է քաղաքում, համոզվել, որ Իջեւանի շուկայի առաջ, միջպետական ճանապարհին կից, շուկայի դիմացի հատվածում, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակայքում այլեւս փողոցային առեւտուր չի կատարվում: Փողոցում առեւտուր անողները տեղափոխվել են քաղաքային շուկա: Այնտեղ տեղափոխված առեւտրականների համար սահմանվել են մատչելի վարձավճարներ: Դրանից հետո, սակայն, Իջեւանի փողոցներում առեւտուր անող շուրջ մեկ տասնյակ անձինք իրենց եւ իրենց գործընկերների անունից հանդիպում են ունեցել Իջեւանի քաղաքապետի, Տավուշի մարզպետի հետ, նրանց տեղեկացրել, որ իրենք փողոցային առեւտրով հանապազօրյա հացի հարց են լուծում, մինչդեռ Իջեւանի քաղաքային շուկայի տարածքում առեւտուր չեն կարողանում կատարել, գնորդներ չեն ունենում եւ վաստակ չունենալու դեպքում ստիպված կլինեն Հայաստանից արտագաղթել: Այդ հանդիպումների արդյունքում որոշվել է, որ փողոցային առեւտուրը առայժմ կշարունակվի մինչեւ Իջեւան քաղաքում՝ նախկին դատարանի շենքի դիմաց, կգործարկվի գյուղատնտեսական մթեքների նոր շուկա: Այստեղ առեւտուր անողները կհամախմբվեն՝ շուկայի համար սանիտարական պայմաններ, աղբահանություն ապահովելու համար: Հավելենք, որ Իջեւանում համայնքի ավագանու որոշմամբ փողոցային առեւտուր թույլատրվում է միայն պաղպաղակ, հյութեր, ծաղիկներ վաճառելու համար, նշված ապրանքներ վաճառողներից տեղական տուրք չի գանձվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՋՐԻ ԲԵՐԱԾ,  ՋՐԻ ՏԱՐԱԾ
ՀՀ հանրային ծառայությունների հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով «Երեւան ջուր» ընկերությունը սպառողներին մատակարարել է 2 միլիարդ 746,5 միլիոն դրամի խմելու ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 96 տոկոս՝ 2 միլիարդ 638,6 միլիոն դրամ: Ի դեպ, ուշագրավ է, որ բնակիչ բաժանորդների վճարումները կազմել են 98 տոկոս, իսկ բյուջետային կազմակերպությունների դեպքում վճարումների ցուցանիշը եղել է 93 տոկոս: Այսինքն՝ ստացվում է բնակիչ սպառողները, որոնց ավելի քան 35 տոկոսը ապրում է աղքատության մեջ, ավելի պարտաճանաչ է, քան բյուջետային կազմակերպությունները, կամ նույնն է, թե այն նույն պետական մարմինները, որոնց պատճառով Հայաստանի տնտեսությունը նման ծանր կացության մեջ է հայտնվել: Ի դեպ, ընդհանուր հանրապետության կտրվածքով սպառողներին մատակարարվել է 4 միլիարդ 440 մլն դրամի խմելու ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 4 միլիարդ 184 մլն դրամ:




Լրահոս