ԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆՔ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին խոսելիս նկատեց, որ  մեր պատմության մեջ կան  երեւույթներ, որոնք  լավ  կամ վատ, շահավետ կամ  ոչ շահավետ սկզբունքներից դուրս են. իրադարձություններ են,  որոնք մեր ներքին կամքից կախված չեն:
-Դրանք պատմական որոշակի իրադարձություններ են, որոնք իրենց զարգացման ալգորիթմն ու տրամաբանությունն ունեն: Այդ ենթատեքստում էլ մեր երկիրը շարունակում է շարժվել: Այս ամենը հետաքրքիր է նրանով, որ սա լուրջ թեստ է, ես հասկանում եմ, որ մեր երկիրը չունի դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն, ազգային շահ հասկացությունը: Այն, որ զենք տվողը նաեւ հաց ու ջուրը կուզենա տա, դա բնական է: Այլ խնդիր է, որ Ռուսաստանը բավական կոպիտ, չոր քաղաքականություն է վարում: Նա չի էլ թաքցնում, դե, ասում է, երկումիլիոնանոց բան եք: Պուտինն ասում է, որ ՀՀ-ում ավելի քիչ հայ կա, քան ՌԴ-ում: Դա մեր խնդիրն է, փոքր երկրի մեծ դիվանագիտության բացակայության խնդիրն է եւ, վերջիվերջո, ազգային շահի գիտակցման խնդիրն է: Այդ ամեն ինչը ժամանակի ընթացքում կշտկվի, բայց մենք պետք է հասկանանք` ում ձեռքն ենք այս 25 տարին, ովքեր են էս տղերքը, ուր են տանում, ինչի վրա թքած ունեն: Բնական է, որ Ռուսաստանը մեծ երկիր է ու ճնշում է փոքր խնդիր ունեցող պետություններին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է քաղաքականություն էլ չունենանք:
-Մի՞թե Հայաստանը որեւէ կերպ կարող է դիմադրել գերտերություններին:
-Եթե պատմության կտրվածքով նայենք, փոքր երկրները շահել են ոչ այն պատճառով, որ ուժը ուժի դեմ են հանել, այլ այն պատճառով, որ ունեին հստակ ազգային ծրագիր եւ ձեւավորված դիվանագիտություն: Իսկ արտաքին գործերի նախարարությունն էլ ոչ թե փաստեր արձանագրողն է եղել, այլ զբաղվել է երկրի արտաքին գործերով:
-Իսկ մեր ԱԳՆ-ն, ըստ Ձեզ, չի՞ կարողանում դա անել:  
-Մեր երկրում ոչ մի ոլորտում որեւէ զբաղմունք չկա: Միակ բանը, որ կարող էին անել, ինչի վրա դուխները կտրում է, տաքսու ու երթուղայինի նստելավարձի բարձրացումն է: Իրոք, ուրիշ ոչ մի ոլորտի վրա սրանք չեն կարող ազդել: Քաղաքական ռեսուրս չունենք, կառավարական ռեսուրսն ընդհանրապես սպառված է, դիվանագիտական ռեսուրս գոյություն չունի: Եվրոպան բացեիբաց ասում է` դուք թյուրիմացություն եք, այն, ինչով նկարագրվում է պետությունը, դուք չունեք:
-Իսկ դեպի Եվրոպա գնալով, կարծում եք, կշահեի՞նք:
-Կշահեինք, որովհետեւ քաղաքակրթությունը հենց այնտեղ է: Ամբողջ աշխարհում խնդիր կա օրենք պաշտպանելու, բայց եվրոպական տրադիցիաները` այն ամենը, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, սոցիալական խնդիրներին, առողջապահության, կրթության ու շատ այլ ոլորտների, կիրթ Եվրոպան գնում է այն ուղղությամբ, որ բոլոր այդ ծառայությունները անվճար լինեն իր քաղաքացիների համար, ինչպես Գերմանիայում ու Կանադայում է: Մեր պարագայում մենք հրաժարվեցինք այդ ամեն ինչից, որովհետեւ ընտրեցինք «կարդաշությունը» ռուսների, բելառուսների, ղազախների…
-Կարո՞ղ է այս ամենը հայաթափությանը նպաստող հատուկ ծրագիր լինել:
-Ինչպե՞ս կարող է սա ծրագիր չլինել, քաղաքականության մեջ առանց ծրագրի ոչինչ չի լինում: Այս փակ փսփսոցներն ակնհայտ ցույց տվեցին, որ կա ինֆորմացիա, որից մենք զրկված ենք:
-Բայց երկիրը դատարկելուց այդ մարդկանց շահը ո՞րն է, չէ՞ որ, ի վերջո, հենց նրանք են այստեղ ամբողջ բիզնեսի տերը, եթե երկրում մարդ չմնաց, նրանք էլ կսննկանան:
-Ձեզ թվում է` էստեղի՞ց են ուտում: Վաղուց իրենք իրենց ամբողջ բիզնեսը տեղափոխել են դուրս: Եվրոպաներում, Ռուսաստաններում դրած կազինոներ, հիպերմարկերտներ ունեն, այդ մենք ենք այստեղ էշի ականջում քնած, երթուղայինի 150 դրամի դարդը քաշում, իսկ նրանք նստած ծիծաղում են, ասում են` էս ինչե՞ր են անում, քաղաքապետարանի դիմաց ցույց են անում, որ ի՞նչ:
-Կարծում եք` իշխանությունները չե՞ն ճնշվում այս իրավիճակից:
-Ժողովուրդն է ճնշվում, ոչ իշխանությունները: Սրանք ճնշված չեն, սրանք գործ են անում, պայմանավորվում են, իսկ ժողովուրդն ո՞վ է ընդհանրապես, ո՞վ է հորինել այդ պատրանքը: Դուք չե՞ք տեսնում` այս վերջին իրադարձությունները ոնց են զարգանում: Սրանք որտեղ որ տեսնում են ժողովրդական դրսեւորումներ, միանգամից ոստիկաններ են հայտնվում: Դե թող մտնեն քաղաքակիրթ երկխոսության մեջ, չէ՞ որ քո ժողովուրդն է, ապուշություններ չեն ուզում: Իսկ գիտե՞ք` ինչու երկխոսություն չի լինում, որովհետեւ չի նախատեսվում:
-Հետո էլ ասում են` ժողովրդավարական պետություն ենք:
-Ո՞վ է ասում:
-ՀՀ Սահմանադրության  մեջ է գրված:
-Գիտե՞ք` դրա մեջ ինչքան լավ բաներ կան գրված, որ երբեք այս երկրում չեն եղել ու չեն էլ լինի:
-Եթե այսպես շարունակվի, ի՞նչ կլինի մեր վերջը:
-Մենք մի անգամ տեսել ենք երկրի փլուզում, երբ Սովետն ավարտվեց, կլինի մոտավորապես նույն բանը` մի քիչ փոքր մասշտաբներով: Կարծում եմ` մենք այդ ճանապարհով ենք շարժվում, որովհետեւ զարգացման առումով որեւէ միտում որեւէ ոլորտում չեմ տեսնում: Էնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարական եւ իշխանական ինստիտուտներն աշխատում են հստակ, տրամաբանված` երկիրը տանելով կործանման: Ու դա ակնհայտ է, քաղաքականության գիտակ կամ փիլիսոփա պետք չէ լինել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս